ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սովորում են։ Միշտ։ Օրական 18 ժամ»

«Սովորում են։ Միշտ։  Օրական 18 ժամ»
02.12.2014 | 00:10

Շանհայի` սկսած փոքր և վերջացրած ոչ մեծ քաղաքներ հիշեցնող, փաստորեն, բոլոր բնակելի համակառույցներում պարտադիր կարգով կան մանկական խաղահրապարակներ` ատրակցիոններով ու վարժասարքերով, հատուկ կահավորված խաղասենյակներ, բարեկարգ բակեր։ Սակայն, ինչը և ապշեցուցիչ է, այստեղ, ըստ էության, խաղացող երեխաներ չկան։ Անգամ հանգստյան օրերին չկան ո՛չ կրտսեր, ո՛չ ավագ դասարանների դպրոցականներ, էլ չեմ խոսում անգործ թափառող կամ պատերի տակ հավաքված դեռահասների մասին. նման բան չես տեսնի։ Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ չեն խաղում», պատասխանում են` «Սովորում են։ Միշտ։ Օրական 18 ժամ»։ Զարմացա և այնքան էլ, ճիշտն ասած, չհավատացի։ Չէ՞ որ Չինաստանում մի առանձնակի հոգածությամբ են վերաբերվում երեխաներին. այստեղ հաճախ կարելի է տեսնել, որ տատիկը շալակած տանում է իր 5-6 տարեկան թոռանը, երեխաներին էլ «փոքր կայսրեր» են անվանում, իսկ վաղեմի ժամանակներից ամենաահավոր անեծքը համարվել է «անպտուղ» լինելը։ Սակայն ինձ համար ամեն ինչ վերջնականորեն պարզվեց, երբ թոռս սկսեց դպրոց գնալ։ Փոքրիկ չինացիները, իրոք, մի գլուխ սովորում են. դպրոցի վեց ժամից հետո մի քանի ժամ էլ կրկնուսույցի հետ, հիմնականում անգլերենի դասեր են առնում, ոչ մի մուլտ կամ համակարգչային խաղ, ոչ մի վազվզոց բակում։ Եվ դա բացառություն չէ, այլ կանոն։ Կարելի է կարծել, թե չինական դպրոցները բավարար գիտելիքներ չեն տալիս, ուստի և պահանջվում է այսպիսի կոշտ լրացուցիչ ռեժիմ։ Բայց այդպես չէ։ Թեև կրթության համակարգը Չինաստանում առանձնահատկություններ ունի, այն վաղուց արդեն ճանաչված է որպես լավագույններից մեկը, իսկ Շանհայի դպրոցները բազմիցս համարվել են լավագույններն աշխարհում։
Պետք է նկատել, որ ընդամենը մի քանի տասնամյակում Չինաստանը կրթության աննախադեպ հրաշք է կերտել աշխարհում. հանրակրթության վրա ծախսելով այդ նպատակով աշխարհում կատարվող ծախսերի մոտ 2 %-ը, այն լուծել է ամբողջ երկրագնդի բնակչության մեկ հինգերորդ մասը կազմող բնակչության իննամյա պարտադիր կրթության խնդիրը։ Դեռ 1986 թ. պարտադիր կրթության վերաբերյալ ՉԺՀ-ի օրենքը պարտադիր տարրական ուսուցում հաստատեց երկրի շրջանների մեծ մասում, իսկ խոշոր քաղաքներում մտցվեց առաջին աստիճանի պարտադիր իննամյա միջնակարգ կրթություն։ Ներկայումս անգրագիտության մակարդակը 5 %-ից էլ ցածր է։ Հետաքրքիր է, որ մինչև 1949 թ. Չինաստանի բնակչության 80 %-ը անգրագետ էր։
Կրթության համակարգը Չինաստանում ներառում է տարրական և միջնակարգ դպրոցը, ինչպես նաև բարձր աստիճանի միջնակարգ կրթությունը (ընդհանուր առմամբ 12 տարի) և բարձրագույն կրթությունը։ Չինական դպրոցական կրթության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ այն լրիվ` մանկապարտեզից մինչև բուհ, վճարովի է։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չինական ընտանիքներում կրթության ծախսերը կազմում են ընտանեկան բյուջեի մեկ երրորդը։ Միայն 2007 թվականին առավել աղքատ գյուղական շրջաններն ազատվեցին տարրական կրթության վճարներից։ Բացի պետականներից, կան նաև ոչ պետական կրթական հաստատություններ, որոնք ստեղծվել են հասարակական կազմակերպությունների, գիտական միավորումների, ձեռնարկությունների միջոցներով, ինչպես նաև բնակչության անդամավճարներով կազմակերպված դպրոցներ և բուհեր։ Ընդ որում, պետությունը դրանց իրական արտոնություններ է տալիս և խթանում դրանց ստեղծումը։ Օրինակ, դպրոցներ բացած ձեռնարկությունները անժամկետ ազատվում են եկամտային և այլ հարկերից, արտոնություններ կան տարածքներ, փոխադրամիջոցներ, հողամասեր վարձակալելիս։ Վերջերս զանգվածաբար բացվում են նաև միջազգային դպրոցներ։ Այդտեղ, բացի օտարերկրացիներից, սովորում են նաև ոչ քիչ թվով չին երեխաներ, բայց գները բավական բարձր են։ Այսպես, Շանհայում գործում է ավելի քան 20 նման դպրոց` սկսած ՉԺՀ-ի խոշորագույն Ֆուդանի համալսարանին առընթեր դպրոցից և վերջացրած բրիտանական, ֆրանսիական, գերմանական և այլ կրթօջախներով (ռուսական, բացի հյուպատոսարանին առընթեր մի փոքր դպրոցից, ի դեպ չկա)։ Իսկ վերջերս Շանհայում բացվեց մեծ համբավ վայելող Wellington International School-ի մասնաճյուղ։ Թեև գներն այնտեղ առասպելական են` մինչև 260000 յուան (մոտ 43000 դոլար), լուրջ մրցույթից հետո այնտեղ 300 աշակերտ ընդունվեց։
Իսկ հիմա անցնենք չինական կրթության առանձնահատկությանը։ Թեև չինական ավանդույթին բնորոշ է կրթության մեծագույն արժևորումը, Չինաստանում կրթության համակարգը դասվում է իրատեսականի և գլխավորը` ընտրովիության շարքը։ Այստեղ կրթության ամբողջ համակարգը նպատակամիտված է առավելագույն արդյունքին և լավագույնների ընտրությանը։ Տարրական դպրոց է ընդունվում 6-ամյա երեխաների շուրջ 90 %-ը, այնուհետև նրանց 73 %-ն անցնում է առաջին աստիճանի միջնակարգ դպրոց, և դրանց շրջանավարտների միայն 44 %-ն է ուսումը շարունակում երրորդ փուլում։ Բարձր աստիճանների հասնելու հավանականությունը միջին չինացու համար, ըստ էության, մեծ չէ. այդ հնարավորությունն իրացնում են, որպես կանոն, առանձնապես օժտված երեխաները։ Բավական է ասել, որ աշակերտները պետք է սերտեն մի քանի հազար հիերոգլիֆ (դպրոցն ավարտելիս տիրապետեն 6 հազար, բուհ ընդունվելիս` 8 հազար, իսկ այն ավարտելիս` առնվազն 10 հազար հիերոգլիֆի)։ ՈՒսումը Չինաստանում քննությունների շարան է։ Ընդունվելիս 6-ամյա փոքրիկներն իրենց առաջին քննությունն են հանձնում թեստի ձևով, իսկ յոթերորդ դասարանից հետո աշակերտները շատ լուրջ քննություններ են հանձնում, ու շատերի համար դրանք բարձր աստիճանի միջնակարգ կրթություն ստանալու և բուհ ընդունվելու ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ են դառնում։ Քննությունը չհանձնածներն առանց այլևայլության մաղվում են։ Բուհ ընդունվելու համար Չինաստանում գործում է միասնական պետական քննության համակարգ, այն հանձնում են ամբողջ երկրում։ Իսկ համալսարան ընդունվելն իսկական տոն է. չէ՞ որ առանձին համալսարաններում մեկ տեղին մինչև 200-300 մարդ է հավակնում։ Այնպես որ, արդեն առաջին դասարանցիների համար ինձ մեծ զարմանք պատճառած լրացուցիչ պարապմունքները միանգամայն հիմնավորված են նման կոշտ մրցակցության պայմաններում։ Բայց պետք է նկատել, որ օժտված երիտասարդները, որպես կանոն, տարբեր արտոնություններից են օգտվում կրթական «սանդուղքով» բարձրանալիս. նրանց պետական կրթաթոշակ է տրվում, զանազան սուբսիդիաներ։ ՈՒսումնական ծանրաբեռնվածությունը դպրոցում շատ մեծ է. 8-12 երեխա ուսումնասիրում է հիմնական առարկաները` չինարեն և օտար լեզուներ, մաթեմատիկա, որոնք կան ամեն օրվա դասացուցակում, այնուհետև մինչև ժամը 14.00-ն կարող են հանգստանալ, ճաշել, ապա շարունակել դասերը։ Օրվա երկրորդ կեսին աշակերտները երկրորդական դասերն են անցնում` երգեցողություն, աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նկարչություն։ Իսկ ինչ վերաբերում է կարգապահությանը, ապա այն շատ խիստ է. բավական է առանց հարգելի պատճառի 12 ժամ բացակայես` հեռացված ես։
Ահա այսպիսի ամենևին էլ ոչ ուրախալի պատկեր։ Ինչպե՞ս են այս ամենին դիմանում երեխաները։ Պետք է ասել` ոչ միշտ է հեշտ։ Այսպես, օրերս Շանհայում մի տխուր, բայց հատկանշական պատմություն եղավ. 12-ամյա մի տղա դասերը սովորած չի լինում, և ուսուցիչը նրան տուն է ուղարկում և զանգահարում ծնողներին։ Բայց տղան թաքնվում է սուպերմարկետում, որտեղ էլ քնում է և ուտում ցուցանմուշները։ Կիսաքաղց ծույլիկին գտնում են միայն վեց օր անց։ Լինում են նաև ավելի ցավալի դեպքեր։
Սակայն հուսալ, թե չինացի աշակերտների կյանքը մի օր կհեշտանա, չարժե։ Այսպիսին են ժամանակակից Չինաստանի կյանքի ոչ միայն կոշտ կանոնները (աշխատատեղերին հավակնում են հազարավոր մասնագետներ և հաղթում է նա, ով ավելի լավ կրթություն է ստացել), այլև մարդկանց հոգեկերտվածքը, նպատակադրությունը. Չինաստանում հաջողությունը` կարիերային, դրամական, դիրքային, ոչ միայն կենսական «հավատամք» է, այլև կեցության գլխավոր նպատակը։ Հասկանալի է, որ անձնական հաջողությունը հարաբերակցվում է երկրի հաջողության, հայրենասիրության հետ, և դա, ըստ ամենայնի, արմատացվում է։ Այսպես, այստեղ տարածված է այն պնդումը, թե «Չինական դպրոցը «առյուծներ» է պատրաստում արևմտյան համալսարանների համար», իսկ երկրի հաջողությունը հարաբերակցվում է, ի վերջո, մարդկության հաջողության հետ։ Եվ այս առումով շատ հատկանշական է «Sina Weibo»-ում (չինական Թվիթեր) չինացի մի դպրոցականի հեղինակած էսսեի լուսանկարի հրապարակումը։ Թարգմանաբար մեջբերենք նրա լրիվ տեքստը, և խորհուրդ ենք տալիս չալարել ու կարդալ մինչև վերջ։ Այն ձեզ շատ բան կպատմի Չինաստանի մասին, նրա բնակիչների, իր և աշխարհի վերաբերմամբ նրա հայացքների և, ամենայն հավանականությամբ, այդ երկրի հեռանկարների մասին։
Եվ այսպես. «Ժամանակը շատ արագ է թռչում։ Շուտով կիսամյակը կմոտենա ավարտին, կսկսվեն քննությունները, ես սկսել եմ պատրաստվել և խիստ նյարդայնանում եմ թեստերի հանձնման պատճառով, պիտի սկսեմ ավելի լարված աշխատել, որովհետև, եթե համառորեն չաշխատեմ և նյութը լավ չիմանամ, ապա իմ գնահատականները չեն բարձրանա, և ինձ ծնողներս կնախատեն, եթե ծնողներս ինձ նախատեն, ապա ես կկորցնեմ ինքնավստահությունս, եթե կորցնեմ ինքնավստահությունս, ապա չեմ կարողանա ավարտել ուսումս, եթե չավարտեմ ուսումս, ապա չեմ կարողանա ավարտել համալսարանը, եթե չկարողանամ ավարտել համալսարանը, ապա չեմ կարողանա լավ աշխատանք գտնել, եթե լավ աշխատանք չգտնեմ, ապա ի վիճակի չեմ լինի փող վաստակել, եթե ի վիճակի չլինեմ փող վաստակել, ապա չեմ կարողանա հարկերը վճարել, եթե հարկերը չվճարեմ, ապա երկրի համար դժվար կլինի աշխատավարձ վճարել ուսուցիչներին, եթե անհնար լինի վճարել ուսուցիչներին, ապա նրանք իրենց չեն նվիրի դասավանդմանը, եթե նրանք չդասավանդեն, ապա դա կհարվածի մեր երկրի ապագային, եթե դա հարվածի մեր երկրի ապագային, ապա Չինաստանի համար դժվար կլինի առաջադիմել, և չին ազգը կվերածվի բարբարոսական ազգի, եթե չին ազգը վերածվի բարբարոսական ազգի, ապա ԱՄՆ-ը կսկսի կասկածի ենթարկել, թե մեր ազգը հզոր մահաբեր զենք ունի, եթե ԱՄՆ-ը սկսի կասկածի ենթարկել, թե մեր երկիրը հզոր մահաբեր զենք ունի, ապա ԱՄՆ-ը պատերազմ կսկսի Չինաստանի դեմ, և կսանձազերծվի երրորդ համաշխարհային պատերազմը, եթե սանձազերծվի երրորդ համաշխարհային պատերազմը և երկուսի` ԱՄՆ-ի ու Չինաստանի ուժերը չհերիքեն, ապա նրանք կսկսեն միջուկային զենք գործադրել, եթե նրանք սկսեն միջուկային զենք գործադրել, ապա մեծ ավերածություն կպատճառեն շրջակա միջավայրին, եթե շրջական միջավայրին ավերածություն պատճառվի, ապա դա հսկայական բացվածք կառաջացնի մթնոլորտում, եթե մթնոլորտում հսկայական բացվածք առաջանա, ապա համընդհանուր տաքացումը կարագանա և երկու բևեռների սառցասարերը կսկսեն հալվել, եթե սառցասարերը հալվեն, ապա ջրի մակարդակը Երկրի վրա կբարձրանա, եթե ջրի մակարդակը Երկրի վրա բարձրանա, ապա ամբողջ մարդկային ցեղը ջրասույզ կլինի և կմեռնի։ Քանի որ դա վերաբերում է ամբողջ մարդկային ցեղի գոյատևմանն ու անվտանգությանը, ուրեմն ես պետք է մնացած մի քանի օրը ծախսեմ անցած նյութի կրկնության վրա, որպեսզի լավ հանձնեմ թեստը և դրանով իսկ կանխեմ ողբերգությունը»։
Երեխաները սովորաբար անմիջական են, իսկ նրանց մեկնաբանությունները հաղորդում են հասարակությանը հուզող մտքերն ու հոգսերը։ Այս աշակերտի մտքերը, որին խիստ անհանգստացնում է այն հանգամանքը, որ իր վարքագիծը կարող է անդրադառնալ ամբողջ մարդկության ապագայի վրա, թվում է, արտացոլում են չինացիների գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Իսկ չինական դպրոցը, ակներևաբար, կարևորագույն փուլ է այդ ճանապարհին։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ