ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի ապագան. տիեզերական տերություն և սեփական ծովային նավատորմ

Հայաստանի ապագան. տիեզերական տերություն  և սեփական ծովային նավատորմ
25.11.2014 | 00:15

Աշունը ոչ միայն հարուստ է իրադարձություններով` Հայաստանի համար նշանակալի, այլև գերհարուստ է։ Անգամ եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեր երկրի միանալու վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, այդուհանդերձ, մենք պետք է խոստովանեինք, որ 2014-ի աշունը կարծես հսկայական «շեմ» եղավ արդի քաղաքակրթության ուղիով Հայաստանի հետագա առաջընթացի համար։ Դա թե՛ ուրախացնում է, թե՛ միաժամանակ, տագնապալի երկյուղներ է ներշնչում։ Ինչո՞ւ։ Նախ, 1913 թվականին ստորագրվեցին մեր ազգի համար ծայրաստիճան կարևոր փաստաթղթեր Արևմտյան Հայաստանի մի շարք շրջանների ինքնավարացման մասին, և ապագան շատ գունեղ էր թվում, հեռանկարային։ Բայց Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը ձեռքերի ազատություն տվեց հայ ազգի թշնամիներին։ Երկրորդ, 1991 թ. մեր ազգային անկախության վերականգնումից հետո մեկ անգամ չէ, որ մենք լավ հնարավորություններ, հրապուրիչ առաջարկություններ և նույնիսկ ռազմավարական նախագծեր ենք ստացել։ Սակայն հաճախ կա՛մ մեր գործընկերներն են ինչ-ինչ աշխարհաքաղաքական դրդապատճառներով «մոռացել» իրենց խոստումներն ու առաջարկությունները, կա՛մ էլ մեր իշխանությունները պատրաստ չեն եղել տարածաշրջանի կտրուկ ու բախտորոշ ռազմավարական քայլերին։
ՈՒշադրություններս սևեռենք երկու գործոնի վրա, որոնց մասին կյանքը Հայաստանի հանրությանը հիշեցրեց հենց նոյեմբերին։ Եվ այսպես, առաջին գործոն. «Ռոսկոսմոս» գործակալությունը նախապատրաստել և համաձայնեցման համար նախարարների կաբինետ է ուղարկել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ասպարեզում համագործակցության մասին» Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրի տեքստը։ «Ռոսկոսմոսի» քաջատեղյակ աղբյուրի հավաստմամբ, համաձայնագիրը պատրաստվել է ՌԴ-ի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ։ Բովանդակությամբ փաստաթուղթը հիմնականում համապատասխանում է ՌԴ-ի ու Բելառուսի միջև 2010 թ. և ՌԴ-ի ու Ղազախստանի միջև 2008 թ. ստորագրված համանման համաձայնագրերին։ «Համաձայնագիրը շրջանակային բնույթի է, տեքստը նախապես համաձայնեցվել է հայկական կողմի հետ,- ասում է «Ռոսկոսմոսը» ներկայացնող զրուցակիցը։- Նրանում մատնանշված են համագործակցության պլանավորվող բնագավառները. դրանք են` տիեզերական տարածության հետազոտությունը, տիեզերքից Երկրի հեռահետազոտությունը (ԵՀՀ), տնտեսության մեջ տիեզերական գործունեության արդյունքների օգտագործումը, արբանյակային նավագնացության ոլորտի համագործակցությունը, տիեզերական ապարատների ստեղծման գիտական և կոնստրուկտորական աշխատանքները, արձակման ծառայություններն ու տիեզերական միջավայրի պաշտպանությունը, որը նախատեսում է տիեզերական աղբի հսկողություն»։
«Ռոսկոսմոսը» նշում է, որ համագործակցության ուղղությունների ընտրությունը տրամաբանորեն բխում է տիեզերական ուղղվածությամբ նախագծերի բովանդակությունից, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրացնում են սկսած 21-րդ դարի սկզբից։ 2009 թ. ռուս մասնագետների մասնակցությամբ շահագործման հանձնվեց տիեզերական մոնիթորինգի երևանյան կենտրոնը` ռուսական ԵՀՀ ապարատներից ստացված (գլխավորապես տեղագրության և քարտեզագրության խնդիրների լուծման նպատակով) տիեզերական լուսանկարների ընդունման և մշակման համար։ Այնուհետև, «Ռոսկոսմոսի» մասնակցությամբ արդիականացվեց Բյուրականի աստղադիտարանը (1,4 հազ. մետր բարձրության վրա)։ Աստղադիտակների նորոգման համար Ռուսաստանը ներդրել է մոտ երկու միլիոն եվրո, և հիմա դրանք շահագործվում են տիեզերական աղբի հսկողության ծրագրով։ Վերջին տարիներին քննարկվել է նաև Հայաստանի առաջին ազգային հեռահաղորդման արբանյակի ստեղծման հարցը. նախագծի նախնական քննարկումները տեղի են ունեցել Ժելեզնոգորսկում։ Հայաստանը ծրագրում է մասնակցել նաև ԱՊՀ տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտի ստեղծմանը. նման կառույցի ստեղծման մասին խոսվել էր ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների` ընթացիկ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդակցությունում։
«Եկող տարի Հայաստանը կմտնի Մաքսային միություն, ինչը նախատեսում է ստանդարտների ու տեխնոլոգիաների միատեսակություն,- ասում է Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ Անդրեյ Իոնինը։- Համապատասխանաբար, Հայաստանին պետք կլինի իր մոտ ստեղծել նՀԸ-թխԿծԸհհ համակարգի ենթակառուցվածք, և այդ գործում մենք կօգնենք նրան։ Տեխնոլոգիական կապերի հաստատումն էլ հենց միութենական հարաբերությունների հաստատման ամենաարդյունավետ ձևն է, որովհետև արդի աշխարհում տեխնոլոգիական կապերն ավելի ամուր են շաղկապում, քան մշակութային ու քաղաքական կապերը։ Որովհետև տեխնոլոգիաներն են ընկած տնտեսության հիմքում»։ «Ռոսկոսմոսի» ներկայացուցչի ասելով, «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցվել է արդարադատության նախարարությունում և ԱԳՆ-ում, դրա ստորագրումը կարող է տեղի ունենալ 2015-ի սկզբներին։
Իսկ հիմա երկրորդ գործոնը. Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալի Նուրզադը Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի մի հատուկ ծրագրով նախատեսվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատել հարևան բոլոր երկրների հետ։ Հետևաբար, նաև Հայաստանի ու... Արցախի հետ։ Կապրենք` կտեսնենք։ Ինչպես նշել է Ալի Նուրզադը, երկրի հեռանկարային զարգացման ծրագրերի համաձայն, առաջիկա 10 տարում իրանական երկաթուղիների ընդհանուր երկարությունը պետք է մեծանա մոտավորապես 10 հազար կիլոմետրով, և դա կնպաստի տարածաշրջանում բեռնափոխադրումների ծավալի էական մեծացմանը։ Մատնանշելով երկու երկրների վաղեմի ու բարիդրացիական հարաբերությունները, Ալի Նուրզադն ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը միմյանց հետ համագործակցում են ամենատարբեր բնագավառներում, ընդհանուր շատ բան ունեն, և բոլոր հիմքերը կան հուսալու հաջող համագործակցություն նաև երկաթուղային տրանսպորտի ասպարեզում։ Ալի Նուրզադի ասելով, ներկայումս Իրանում շահագործման մեջ գտնվող երկաթուղիների երկարությունը ավելի քան 10 հազար կմ է, և Իրանի կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում երկաթուղային տրանսպորտի զարգացմանը։ Երկրի ընդհանուր տրանսպորտային փոխադրումներում երկաթուղային տրանսպորտի բաժինը ծրագրվում է մեծացնել չորս անգամ, և դրա համար անհրաժեշտ են մոտ 10 մլրդ եվրո ներդրումներ։ Ինչպես ընդգծել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալը, երկաթուղային տրանսպորտի բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու նրանց միջև տարանցիկ փոխադրումների ընդլայնմանը։
Արթուր Առաքելյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական պատվիրակության Իրան կատարած այցի նպատակն է նախապատրաստվել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության հաստատմանը, և հույս է հայտնել, որ իրանական կողմը իր տարածքով երկաթգիծը կհասցնի մինչև Հայաստանի սահման և դրանով իսկ պայմաններ կստեղծի երկու երկրների երկաթուղային ցանցերի միացման համար։ Նրա խոսքով, հայկական կողմն արդեն անհրաժեշտ հետազոտություններն անցկացրել է։ Այսպես, նա պետք է կառուցի մոտ 300 կմ երկաթուղի մինչև Իրանի սահմանը, կառուցի մոտ 100 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ ու կամուրջներ։ Հարկ է նշել, որ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալն ու նրան ուղեկցող տրանսպորտային ճյուղի ղեկավարները Իրան են այցելել Իրանի և Հայաստանի երկաթուղային ցանցերի միացման մասին համաձայնագրի ստորագրման առնչությամբ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարության ղեկավարության հետ բանակցելու համար։ Այսպիսով, ընդամենը մի ինչ-որ 300 կմ երկաթուղի` և մեր երկիրը իրանական երկաթուղու ցանցի և ենթակառուցվածքի միջոցով կճեղքի ցամաքային շրջափակումն ու դուրս կգա Հարավային Ասիա` Պարսից ծոցի ափերը, որը և դուրս կբերի Հնդկական օվկիանոս։ Անգամ մարդու շունչ է կտրվում այն մտքից, թե ինչ կստանանք մենք դրանից։ Օրինակ, Հայաստանը կկարողանա ստեղծել իր առևտրական նավատորմը. համոզված եմ, Իրանն ուրախությամբ վարձակալության կտա իր մի ամբողջ շարք նավահանգիստների նավամատույցները։ Ասացեք, մեզնից որևէ մեկը երբևէ մտքով անցկացրե՞լ է, թե մենք կարող ենք ծովային նավատորմ ունենալ, այն դեպքում, երբ մինչ օրս զրկված ենք անգամ դեպի ծով ելքի հնարավորությունից։ Սակայն Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը և շահագործումը ազգային դրոշի ներքո գործող նավագնացության զարգացման հեռանկար է բացում։ Եվ այն էլ` բացարձակապես անկախ Թուրքիայի «բարյացակամությունից»` իր Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։
Իսկ «Ռոսկոսմոսի» խոստացածի մասին առհասարակ խոսակցությունն առանձնահատուկ է։ Տիեզերական ապարատների ստեղծման աշխատանքները, արձակման ծառայությունները նշանակում են, որ ռուսները Հայաստանը տանելու են տիեզերական տերությունների ակումբ։ Հավատացեք, աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք նման հնարավորություն ու հեռանկար ունեն։ Իսկ մեր առաջին ազգային հեռահաղորդման արբանյակի ստեղծումն ու արձակումը կնշանակի, որ Հայաստանը, առնվազն, հավասարվելու է աշխարհի մի ամբողջ շարք երկրների, օրինակ, նույն Իրանին, որն արդեն վերջին հինգ տարիներին իր ազգային տիեզերական արբանյակներն է արձակում։
«Մի ասա «հոպ», քանի դեռ չես թռել»` սովորեցնում է ժողովրդական իմաստախոսությունը։ Եվ Աստված չանի, որ թվարկված ծրագրերի իրականացմանը խանգարեն ինչ-որ արտակարգ հանգամանքներ, էլ չենք խոսում Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի համագործակցության խորացման նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նախանձոտ վերաբերմունքի մասին։ Եվ, վերջապես, լավ է, որ Արևմուտքին չհաջողվեց մեր երկիրը հրապուրելով գցել այն թակարդը, որի անունն է «ԵՄ հետ ասոցիացիա». այդ դեպքում Արևմուտքի ճնշմամբ և Իրանի ու Ռուսաստանի դեմ Արևմուտքի «պատժամիջոցային քաղաքականության» շրջանակներում, Հայաստանը հնարավորություն չէր ունենա ո՛չ մուտք գործելու տիեզերական տերությունների համաշխարհային ակումբ, ո՛չ օգտվելու Իրանի երկաթուղային ցանցից և ենթակառուցվածքից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ