Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Դեռ Նապոլեոնն է ժամանակին խոսել Արևելքի վիշապի մասին

Դեռ Նապոլեոնն է  ժամանակին խոսել  Արևելքի վիշապի մասին
10.10.2014 | 00:08

Աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր չեն հոգնում զարմանալուց. «Այդ ինչպե՞ս եղավ, որ Չինաստանը տնտեսապես հետամնաց, կիսաքաղց երկրից, փաստորեն, կայծակնային արագությամբ արդյունաբերական տնտեսության վերածվեց»։ Ավելին, նա «վիթխարածավալ ֆաբրիկայից», որի արդյունավետությունն ապահովված էր զանգվածային և էժան աշխատուժով (թեև նախնադարյան տեխնոլոգիաներով), անշեղորեն ընթանում է դեպի ժամանակակից գիտատար արտադրություն՝ որակյալ մասնագետներով, և, համապատասխանաբար, դեպի կրթված միջին խավ։ Սակայն շատերը գլխի չեն էլ ընկնում, որ Չինաստանը բնավ էլ միշտ չէ, որ «հետամնաց» է եղել։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ դեռ Նապոլեոնն է ժամանակին խոսել Արևելքի վիշապի մասին, իսկ տնտեսապես ամենազարգացած եվրոպական երկիրը՝ Անգլիան, միջոցներ ու մարդկանց չէր խնայում Չինաստանի հետ առևտրական կապեր հաստատելու համար։ Չենք գնա անցյալի խորքերը՝ հիշելու, որ Չինաստանը հողագործության մեջ արորի հայտնագործման հայրենիքն է, որ սկսած նոր քարի դարից (նեոլիթ) չինացիների նախնիներին հայտնի են եղել բրուտագործական շրջանը (դուրգը), անիվը, խառատային և ջուլհակային հաստոցները, որ մեր թվարկությունից հազարամյակ առաջ չինացիները ծանոթ էին երկաթի մշակմանը և դեռ շատ հնում բարձր կատարելության էր հասել պղնձի, գունավոր մետաղների հանքաքարի ձուլման տեխնոլոգիան, ստանում էին, օրինակ, բրոնզի համաձուլվածքներ, որ խեցեղենի և ճենապակու թրծման վառարաններ էին կառուցում, որոնցում կարողանում էին ստանալ Ցելսիուսի 1150-1250 աստիճանի ջերմություն։ Բարձր մակարդակի էր հասել նավաշինությունը, և չինացիներն իրավամբ համարվում էին հին դարերի ամենազարգացած ծովային տերություններից մեկը. տեսություն կա, որ չին ծովագնացներն անգամ հասել են Ամերիկայի ափերը։ Չինական հին տեխնիկայի հրաշքն էր նավթի ու բնական գազի օգտագործումը. կառուցվում էին ածխաջրածնային հումքի պահպանման փայտե տարողություններ, պատրաստվում էին բամբուկե գազատար խողովակներ, քաղաքների փողոցները լուսավորվում էին գազի լամպերով, տները ջեռուցվում էին գազով։ Պակաս զարմանք չի պատճառում հին չինացիների ծանոթությունը հրավառության տեխնիկային, տարբեր կարգի պայթուցիկ նյութերի և վառոդի խառնուրդների, որոնք, ի դեպ, հիմնականում օգտագործվել են հրավառությունների համար։
«Չինական հրաշքները», իհարկե, կարելի է անվերջ թվարկել, բայց տվյալ դեպքում խիստ ուսանելի է, հատկապես այսօր, Չինաստանի տնտեսության վերելքի ու անկման պատմությունը, իսկ դրա պատճառների ի հայտ բերումը, հնարավոր է, որոշակի մտորումների հանգեցնի։
Եվ այսպես, հակիրճ կանգ առնենք, օրինակ, Չինաստանի վերջին տասը դարերի տնտեսության վրա։ Հարկ է նկատել, որ 10-րդ դարի կեսերին Չինաստանը բաժանված էր առնվազն տասը թագավորության, որոնց նկատմամբ կայսրերի իշխանությունը թեև անվանական էր, ձևական, սակայն, այնուամենայնիվ, պատմաբանների կարծիքով, նույնիսկ կոնֆլիկտներն ու առևտրական մրցակցությունը կենտրոնական իշխանության և թագավորությունների միջև նպաստում էին տնտեսության և տեխնոլոգիաների զարգացմանը։ 11-րդ դարում մասնավոր բիզնեսի բաժինն արագորեն մեծացավ. պետական արտադրություններն սկսեցին զանգվածաբար սեփականաշնորհվել, մտցվեցին չափավոր հարկեր։ Արագորեն զարգանում էր առևտուրը։ Եթե տասը թագավորությունների դարաշրջանն ակտիվ ինովացիաների ժամանակ է, ապա Սուն դինաստիայի դարաշրջանը (11-րդ դարից) շուկայի ենթակառուցվածքի զարգացման ժամանակաշրջան էր։ Նույնիսկ 8-րդ դարում մոնղոլների հետ հարյուրամյա պատերազմը չկարողացավ վատացնել Չինաստանի տնտեսական դրությունը։ Մին դինաստիայի օրոք (1368 թվականից) իշխանությունը կենտրոնացավ ամբողջ երկրում, ավելացան զավթված հարևան երկրների տարածքները։ 15-րդ դարում Չինաստանը վերահսկում էր հյուսիսարևելյան Աֆրիկայից մինչև Ճավա ձգվող ամբողջ տարածությունը։ Կառավարման մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվեց լայն ազգայնացում, և պետությունը ստացավ մի ամբողջ շարք ճյուղերի, այդ թվում` արտաքին առևտրի տնօրինման մենաշնորհ։ Հենց այդ ժամանակ էլ Մետաքսի մեծ ճանապարհը, Թիմուրի արշավանքից հետո, պարզապես ոչնչացվեց, և սուր կերպով ծառացավ ծովային առևտրի ու ծովային ուղիների վերահսկողության հարցը։ Այդ ժամանակ Չինաստանը, բոլոր տվյալներով, զարգացման գործում 200-300 տարով առաջ էր անցել Եվրոպայից։ 14-րդ դարում չինական երկաթի արտադրության ծավալը գնահատվում էր տարեկան ավելի քան 300 հազար տոննա, որը շատ ավելի էր, քան եվրոպականը։ Չինացիները քարածուխ էին օգտագործում մետաղի ձուլման համար, մինչդեռ եվրոպացիները փայտածխից քարածխի անցան միայն 16-րդ դարում։ Արդեն 13-14-րդ դարերում չինական տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվում էին ջրանվով աշխատող դազգահներ, իսկ Անգլիայում նման բան ի հայտ եկավ... 18-րդ դարում։ Մի հետաքրքրական փաստ. Չինաստանն իր բանակը հանդերձավորում էր Չինաստանում զանգվածաբար արտադրվող, իսկ Եվրոպայում հազվադեպ երևացող մետաքսով, իսկ դա, պարզվում է, խրտնեցնում է մի ամբողջ շարք հիվանդությունների հարուցիչ լվերին, որոնք բառացիորեն հնձում էին եվրոպական բանակները։ Այնուհետև։ Չինաստանը մեր թվարկության 3-րդ դարից թուղթ էր օգտագործում, իսկ Եվրոպայում թուղթը հայտնվեց միայն 11-12-րդ դարերում, բայց մինչև 14-րդ դարի վերջը Եվրոպայում կար թղթի արտադրության միայն մեկ ֆաբրիկա։ Մինչդեռ թուղթը ռազմավարական առավելություն է շատ ուղղություններով (Չինաստանն առաջին երկիրն էր, որն սկսել էր թուղթն օգտագործել փող պատրաստելու համար)։ Չինաստանը 15-րդ դարում կայուն կերպով արտադրում էր ավելի շատ պարեն, քան կարող էր սպառել։ Մելիորացիան, աշխատանքի զարգացած բաժանումը, բազմամշակաբույս հողագործությունը, տարեկան երկու բերքը հնարավորություն էին տալիս աճեցնելու վաճառքի համար նախատեսված կայուն պարենածավալ։ Չինաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 20 % (Եվրոպայում՝ մոտ 10 %), նրանք կուշտ սնվում էին ի հաշիվ գնվող մթերքի և արտադրում շատ ավելի արհեստագործական առարկաներ, քան եվրոպացիները։ Չինացիները կարողանում էին ախտահանել և պահածոյացնել մթերքը (ինչին շատ օգնում էին համեմունքները), իսկ հիմնական սննդամթերքը՝ բրինձը, պահածոյացման կարիք չուներ։ Եվրոպայում 18-րդ դարում բնակչության մինչև 90 %-ը իր անունն իսկ գրել չգիտեր։ Չինաստանում 14-րդ դարում միջին և բարձր խավերը գրագետ էին, գրագետ էին նաև ստորին խավերից սերված զգալի քանակությամբ մարդիկ։ Այսինքն, բոլոր չափանիշներով Չինաստանը պետք է համաշխարհային գերիշխող դառնար։ Սակայն դա տեղի չունեցավ. եվրոպացիները բավական արագ գերիշխեցին բոլոր օվկիանոսներում, ապա Չինաստանին գերազանցեցին տեխնոլոգիաների բնագավառում, և Եվրոպայում «մեծ փոփոխություն» տեղի ունեցավ։ Իսկ Չինաստանն աստիճանաբար վերածվեց մուրացիկ ծայրագավառի։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Շատ հետազոտողներ կարծում են, որ հիմնական պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում Չինաստանի իշխանություններն սկսեցին «սառեցնել» նախ՝ քաղաքական համակարգը, ապա նաև տնտեսությունը, գիտությունը և կրթությունը։ Իհարկե, նրանց նպատակը, ինչպես միշտ, բարի էր. «Շառից-փորձանքից հեռու, տեսեք, ինչ է կատարվում աշխարհում, իսկ մեզ մոտ հանգիստ ու կայուն է՝ ո՛չ հեղափոխություն, ո՛չ խռովություն»։ Պետական մենաշնորհ է սահմանվում ծովային առևտրի վրա, արգելք է դրվում արտասահմանցիների, հատկապես եվրոպացիների հետ գործակցության վրա։ Շուտով պետական քաղաքականություն է դառնում մեկուսացումն արտաքին աշխարհից՝ նպատակ ունենալով (պատմության ի՜նչ հեգնանք) երկիրը պաշտպանել «Արևմուտքի բացասական ազդեցությունից»։ Ի հայտ եկավ մինչ այդ չարմատացած մի գաղափարախոսություն. «սովորել միայն նախնիներից» և հենվել միայն սեփական ուժերի վրա (ոչ մի բան արդի աշխարհը չի հիշեցնում)։ Եվ արդեն շուտով, ընդամենը 100 տարում, Չինաստանում վերանում են այն ինստիտուտները, որոնք կարող էին օժանդակել ինովացիաներին, տնտեսությունը մեռնում է, ապա նաև սկսում է աղճատվել։ «Չինաստանի Հանրապետությունը» արագորեն ավարտում է երբեմնի մեծ ու առաջավոր, այնուհետև կայուն ու հանգիստ երկիրը հետամնաց մուրացիկի վերածելու այդ գործը։ Այսինքն, ուշադիր նայելիս հասկանալի է դառնում. Մեծ Չինաստանը կործանել է մրցակցության բացակայությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ Իսկ ահա Եվրոպան՝ աղքատ, ծվատված, մշտական պատերազմների մեջ լինելով, սակայն, կարողացավ ստեղծել իդեալական մրցակցային միջավայր, այդ թվում՝ տնտեսական։ Եվ անկասելիորեն, անկախ ամեն տեսակի փորձանքներից, առաջ ընթացավ։ Այսինքն, ի վերջո, Չինաստանը պետք է անցներ հսկայական զոհողությունների բովով, տեսներ օկուպացիաներ ու քաղաքացիական պատերազմներ, կուլտուրական հեղափոխության ահասարսուռ տարիները, որ միայն 20-րդ դարի վերջին բացվեր աշխարհի առջև և տնտեսական աճի ուղին բռներ։ Համաձայնեք, ուսանելի դաս է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ