ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռեմ Ղազանջյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և երկրի ոստիկանապետին ահազանգելով հայ հայտնի երգիչ Շարա Տալյանի թոռնուհու վիճակի մասին: Նամակում ասվում է, որ Շարա Տալյանի դստեր` Լուսյա Տալյանի միակ դուստրը (Ռուզաննա Բաբաջանյան) հայտնվել է փողոցում` «ունենալով սեփականության իրավունքով գրանցված Երևանի Ղ. Փարպեցի 9ա շենքի 12 բնակարանը»: Ռուզաննա Բաբաջանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան, քանի որ այն զբաղեցնում է Լևոն Ժամհարյանի ընտանիքը: Ղազանջյանը նշում է, որ Ռ. Բաբաջանյանը հանդիսացել է վերը նշված բնակարանի մեկ երրորդի սեփականատեր, իսկ ծնողների մահից հետո ժառանգել է նրանց բաժինը` դառնալով ողջ բնակարանի սեփականատեր, սակայն նրան հայտնի է դարձել, որ Լ. Ժամհարյանի որդին իբրև թե իր մոր հիվանդ լինելու ընթացքում բնակարանը նվեր է ստացել: Ասվում է, Լուսյա Տալյանը բազմաթիվ կոտրվածքներով պառկած է եղել իր տանը, իսկ նրա հետ ազգակցական կապ ունեցող Լ. Ժամհարյանը այդ ընթացքում արգելել է որևէ մեկին շփվել նրա հետ: Նշվում է նաև, որ Լուսյա Տալյանը իր հարևանուհի Ս. Մավյանին ժամանակին ասել է, որ Լ. Ժամհարյանը իր հեռավոր ազգականն է և «աչք ունի» իր բնակարանի վրա: Ս. Մավյանը նույնիսկ դիմել է թաղային ոստիկանին, քանի որ նրան նույնպես արգելել են այցելել Լուսյա Տալյանին: Վերջինս մահացել է 2008-ին: 1999-ին կազմված կտակով նրա մահից հետո իրեն պատկանող գույքն ամբողջությամբ պետք է անցներ դստերը` Ռուզաննա Բաբաջանյանին, ով հիմա դատական քաշքշուկների մեջ է: Ի դեպ, նույն բնակարանի հասցեով կադաստրում երկու անձի սեփականության իրավունք է գրացված:
Ռեմ Ղազանջյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Լ. Ժամհարյանի որդու անունով նվիրատվությունը կատարվել է Լուսյա Տալյանի հիվանդության ժամանակ, երբ վերջինս եղել է անօգնական և արտաքին աշխարհից մեկուսացված վիճակում: Ղազանջյանը օգնություն է հայցում երկրի իշխանություններից` իր մարդասիրական պարտքը համարելով աջակցել Շարա Տալյանի` անօրինականության զոհ դարձած թոռնուհուն: Նամակագիրը չի մանրամասնում դեպքերի ընթացքը, սակայն փաստ է, որ առկա է կտակ և կա առաջին հերթի ժառանգ: Դատարանը ուշադրություն չի դարձրել, որ նվիրատվությունը կատարվել է Լուսյա Տալյանի հիվանդության ժամանակ: Նկատի ունենանք, որ քիչ չեն այն դեպքերը, երբ հիվանդ մարդը խարդախության զոհ է դառնում և չի բացառվում, որ սա դրանցից մեկն է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ