Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում

Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում
12.09.2013 | 13:43

Լավ պատկերացնելու համար, թե այսօր ինչ տեղ է գրավում Հայաստանը Ամերիկայի և Ռուսաստանիաշխարհաքաղաքական ու ռազմաստրատեգիական պլաններում, նախ փորձենք համառոտ անդրադառանալ երկու գերտերությունների հարաբերությունների զարգացումներին:

Այդ հարաբերությունները եղել են տարաբնույթ, ապրել են շեշտակի անկումներ և նկատելի վերելքներ, այսօր էլ ունեն բարդ ու հակասական բնույթ:

Ամերիկան 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, միայն տասնվեց տարի անց` 1933 թվականին դե յուրե ճանաչեց նրան:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները դաշնակիցներ էին հակահիտլերյան կոալիցիայում, որի շրջանակներում ԱՄՆ-ն ռազմատեխնիկական, նյութական և հումանիտար մեծ օգնություն էր ցույց տալիս ԽՍՀՄ-ին`այսպես կոչված լենդ-լիզի ծրագրով, որը նկատելի դեր խաղաց ֆաշիստական Գերմանիայի դեմ նրա հաղթանակում:


Հետպատերազմյան տարիներին կային բոլոր նախադրյալները ռուս-ամերիկյան բարեկամություն և համագործակցութուն զարգացնելու համար:

Փոխարենը կողմերը որդեգրեցին կոշտ ռազմավարական հակամարտության մոդել, որը գոյատևեց կես դար`սառը պատերազմ անվամբ, և մի քանի անգամ մարդկության գլխին կախեց Երրորդ համաշխարհային պատերազմի միջուկային դամոկլյան սուրը:

Այդ տարիների խորհրդային դիվանագետների աշխատանքը բավական ծանր էր երկու երկրների լարված հարաբերությունների, դրանց ուղեկցող դիվանագիտական-հետախուզական մշտական որոգայթների ու դավերի պատճառով:

Բոլոր դեսպանություններում անխտիր գործում էին հատուկ բաժիններ, որոնք զբաղվում էին դեսպանընկալ երկրի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ու Վաշինգտոնի` տվյալ տարածաշրջանում վարած քաղաքականության ուսումնասիրմամբ:

Դիվանագետների և հետախույզների բանավոր ու գրավոր խոսքում ԱՄՆ-ի փոխարեն օգտագործվում էր«գլխավոր հակառակորդ» բառակապակցությունը, որը ճշտորեն արտացոլում էր ռուսների և ամերիկացիների` միմյանց նկատմամբ տածած ատելությունը:

Հայտնի բան է, որ թշնամուն մշտապես պահում են ուշադրության կենտրոնում: Ճիշտ այդպես, ամերիկացիներն ու ռուսներն ակնդետ հետևում էին իրար` գերակա համարելով ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք էլ համաշխարհային քաղաքական հարաբերությունների առանցք էին և հավասարակշռության պարադիգման:

Իսկ փոխհսկողության, փոխզսպման ի՞նչ միջոցներ և մեխանիզմներ ունեին այդ երկու հսկաները` իրենց և դաշնակիցների պաշտպանության համար:

Իհարկե, առաջին հերթին` ատոմային ռումբ:Տարօրինակ է հնչում, բայց այդ մահաբեր զենքն էր ապահովում աշխարհի հանգիստն ու խաղաղությունը: Իսկ որպեսզի անակնկալներ ու կազուսներ չլինեին, ինչպիսին տեղի ունեցավ 1961 թվականի կարիբյան ճգնաժամի ժամանակ, ռուսական և ամերիկյան ղեկավարները եկան ընդհանուր հայտարարի. հարկ է ստեղծել զանգվածային ոչնչացման զենքի պարիտետային համակարգ` այսինքն հավասար քանակություն: Որքան հրթիռ և մարտագլխիկ ունես դու, այդքան էլ պետք է ունենա դիմացինը` ոչ ավելի, ոչ պակաս:

Այդ ժամանակ հարցի միակ ճիշտ և ռացիոնալ լուծումը սա էր, որն աչքի լույսի պես փորձում էին պահել Մոսկվան ու Վաշինգտոնը: Բայց սպառազինությունների մրցավազքը որդի պես կրծում էր պետությունների, հատկապես «սովետների» բյուջեն: Ավագ սերնդի ներկայացուցիչները դեռ հիշում են «դեֆիցիտ»սրտխառնոց առաջացնող բառը:

Արդ, հետսառըպատերազմյան շրջանը նոր որակ հաղորդեց ռուս-ամերիկյան հարաբերություններին: Ասել, թե բացվեց անամպ երկինք և սկսվեց միջպետական մեղրամիս, ճիշտ չի լինի: Խնդիրներ կային, կան և կլինեն: Թեկուզ ներկա սիրիական հիմնախնդիրը:

Սակայն Խորհրդային Միության փլուզումը և սոցիալիստական բլոկի վերացումը պատճառ դարձան շրջադարձային մի շատ կարևոր իրադարձության, որին մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք`լավ հասկանալու համար միջազգային հարաբերությունների զարգացման տրամաբանությունը:

Մոսկվան և Վաշինգտոնը եկան փոխըմբռնման միջուկային զենքի պարիտետը վերացնելու հարցում:

Ինչո՞ւ ունենալ, օրինակ, 500 մարտագլխիկ, երբ ինքնապաշտպանության, անգամ հակառակորդին ոչնչացնելու համար բավական են 50-ը, անգամ 20-ը:

Քո գործն է. ունեցիր այնքան, որքան ուզում ես և որքան կարող ես:

Այսպիսով`միջուկային զենքի կրճատումն ու սպառազինության պաշարների հավասարեցումը նշանակում է, որ սառը պատերազմի հետ անցյալի գիրկն են անցնում երկու գերտերությունների`միմյանց ոչնչացնելու և՛ ցանկությունը, և՛ մոտիվացիան:

(Դժբախտաբար, զանգվածային ոչնչացման միջոցների տարածման վտանգը չի վերացել: Ընդհակառակը, այսօր այն ավելի մեծ է, քանի որ դրանք կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Այդ վտանգը ռեալ է Սիրիայի պարագայում):

Պարիտետի անհետացումն իր հետ բերում է բոլորովին մի նոր, ես կասեի անսպասելի երևույթ, որի վրա կցանկանայի հատուկ հրավիրել ընթերցողի ուշադրությունը:

Խնդիրն այն է, որ միջազգային հարաբերությունների ներկա փուլում երկու երկրներն իրարից անկախ, եկել են շատ կարևոր մի եզրակացության, այն է` Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրար չեն համարում պրիորիտետային (գերակա նշանակության) երկիր:

Ամերիկյան հետախուզության վերջերս հրապարակած զեկուցագրում ասվում է, որ «ԱՄՆ-ի համար Ռուսաստանը շուտով կդադարի N1 պրիորիտետ լինելուց»:

Իսկ Մոսկվան դեռ մի քանի ամիս առաջ է նույն քայլն արել: Այսպես: Ընդունվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է (խնդրում եմ ուշադրություն).«Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը համարվում է ԱՊՀ-ի անդամ պետությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումը, ԱՊՀ-ի հետագա ամրապնդումը`որպես նրա անդամների տարածաշրջանային փոխգործողությունների խորացում, որն ունի ոչ միայն համընդհանուր պատմական ժառանգություն, այլ նաև տարբեր բնագավառներում ինտեգրացիայի խոշոր ներուժ»: No comment` կասեին հայ ամերիկախոսները:

Հայեցակարգի այս և ԱՊՀ-ի հետ հարաբերություններին նվիրված մյուս բաժիններում Ռուսաստանը 180 աստիճանով փոխում է Գորբաչովի և Ելցինի քաղաքական վեկտորը նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ, որոնց նրանք տեղավորել էին ռուսական դիվանագիտության հետնաբակում:

Իսկ հիմա, համաշխարհային ինտեգրման գործընթացների համատեքստում, Ռուսաստանն իր ապագան տեսնում է ոչ թե ասիական, ոչ թե եվրոպական, էլ չեմ ասում` ամերիկյան բլոկների կամ միությունների, հետ այլ նորանկախ հետխորհրդային պետությունների հետ համագործակցության մեջ:

«Ինչո՞ւ հայտնաբերել հեծանիվ»,-հավանաբար մտածել են Կրեմլում:

Ուրեմն, նոր հայեցակարգում առաջինը ԱՊՀ-ն է, եվրոպան երկրորդ տեղում է, իսկ Ամերիկան` երրորդ: Ասիան և Ասիա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանը, որը «յուրացնելու» մասին հաճախ էին խոսում ռուսական դիվանագիտական շրջանակներում, ի զարմանս ինձ, հայեցակարգի ընդամենը 75-րդ կետում է:

…Երբ սեպտեմբերի 3-ին Նովոօգարյովոյում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ համաձայնություն կայացավ Հայաստանի` Մաքսային պայմանագրին միանալու վերաբերյալ, հասարակությունն ասես տակնուվրա եղավ:Դիլետանտ քաղքենիներին դեռ կարելի է հասկանալ: Սակայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից ոմանք ընկան քաղաքական հիստերիայի, ոմանք էլ` ստուպորի մեջ:

Փոխանակ կատարվածի պատճառները սուրճի գավաթում փնտրելու և հայկական մանիլովշչինա զարգացնելու, մեզնից ոչ ոք իրեն նեղություն չտվեց՝ բացել ու կարդալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը: (Երբ չունես քո հայեցակարգը, ուրիշներիններով էլ չես հետաքրքրվում):

Եթե դա անեինք, հավանաբար ճիշտ կհասկանայինք Ռուսաստանի կովկասյան դիվանգիտության նպատակները և կպարզեինք մեր պատասխան գործողությունների ճշգրտությունն ու համարժեքությունը:

Բացի այդ` կտեսնեինք, որ աշխարհում տեղի են ունենում նոր և շատ լուրջ արժեքային փոփոխություններ, խորքային ու գլոբալ ինտեգրացման գործընթացներ:

Իսկ եթե չտեսնենք, կուշանանք ու կհայտվենք միջազգային հարաբերությունների լուսանցքում:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ