Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Միֆից իրականությո՞ւն, թե՞ միֆից չգոյություն խաչմերուկում

Միֆից իրականությո՞ւն, թե՞ միֆից չգոյություն խաչմերուկում
19.02.2013 | 01:07

ԱՅՍՕՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է` 144-րդ

Վիճակագիրներն ու քաղաքագետները տևական ժամանակ ունեն` ամփոփելու, համեմատելու, համադրելու, հակադրելու, գուցե նաև եզրակացություններ ու մեկնաբանություններ անելու Հայաստանի Հանրապետության վեցերորդ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ճիշտ կանեն, որ սկսեն քարոզարշավից, ավելի ճիշտ կանեն, որ սկսեն խորհրդարանական ընտրություններից: Իսկ ընտրողների համար ամենաճիշտը այս ընտրություններն արագ մոռանալն է` սկսած քարոզարշավից: Որովհետև յուրաքանչյուր հաջորդ ընտրությունը սկսվում է, երբ ավարտվում է նախորդը: Իհարկե, հայերիս համար սա գերմարդկային սխրանք կլինի, որովհետև մենք ներկան նվիրում ենք անցյալով ապրելուն, իսկ ապագան համարում ենք մի ժամանակ, որ աշխարհում ունեն, մեզնից բացի, բոլորը:

Հայաստանի Հանրապետությունը երեկ նախագահ էր ընտրում: Սովորաբար ամբողջ քարոզարշավի ընթացքում ուշադրության կենտրոնում են լինում թեկնածուները` ընտրվողները: Միայն մասնագետներն են ուշադրություն դարձնում ընտրողների կողմնորոշումների վրա, մեր դեպքում` «կողմնորոշված» մասնագետները: Բայց քարոզարշավի իսկական հերոսը ընտրողներն են, նրանք են, ի վերջո, ավարտում պատմությունը, որ ընտրվողներն են սկսում: Հայաստանում այս ամենը արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև կան ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` քաղաքական, ու ոմանց թվում է, որ տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարդկանց: Նրանք անկեղծորեն փորձում են բարձր տեխնոլոգիաների դարում ապրել ինովացիոն սկզբունքներով: Նրանք մոռացել են, որ ժամանակները չեն փոխվում, փոխվում են մարդիկ: Ոչ միշտ` դեպի լավը:
Այս ընտրարշավը կարող է մտնել պատմության դասագրքեր նրանց համար, ովքեր քաղաքականությունը մասնագիտություն են դարձնելու հետո: Պատմության դասագրքեր` սովորելու, թե ինչ չի կարելի ու ինչ չպետք է անել ոչ մի դեպքում: Տարօրինակ է, բայց նախագահի թեկնածուները թվում էր` տեսան ամեն ինչ, բացի երկրից: Նրանք իրենց խոսքն ուղղեցին ապրիորի ընտրողին, մինչդեռ ընտրողը որոշակի է միշտ: Նրանց բացահայտորեն պակասեց երկիրը, որովհետև այդպես էլ չհամադրվեցին ընտրողի ու ընտրվողի խնդիրները, համենայն դեպս` ութից հինգի դեպքում: Նրանք չտեսան երկիրը, որտեղ ապրում են:
Հրանտ Բագրատյանը, թեկուզ ոչ մի անգամ դա չհնչեց, շատ մեծ խնդիր ուներ` հանրության հիշողությունից ջնջել իր այն կերպարը, որ զուգորդվում էր ԽՍՀՄ-ի քաղաքական փլուզումից հետո ավերվող տնտեսության փլատակներում նորի ստեղծմանն ուղեկցող սխալների հետ: Հրանտ Բագրատյանին պետք էր նոր կերպար, և նա այդ կերպարը ստացավ: Նա երկար, շատ երկար էր լռել, որպեսզի իրեն մերժող կամ մոռացող հանրությունը ցանկանար լսել, բայց իբրև տնտեսագետ ու իբրև քաղաքական գործիչ` նա շատ բարձրաձայն ասաց` ես կամ, ես այստեղ եմ, ու եթե դուք ինձ չեք ուզում լսել, պատճառը ձեր մեջ գտեք:
Պարույր Հայրիկյանը քաղաքական մառազմի ամենացայտուն դրսևորումն էր, որ գուցե այդքան անթաքույց վանող չարտահայտվեր, եթե չլիներ հայտնի իրավիճակը` ի հետևանս ձախողված մահափորձի: Ինքնաժխտումի ու ինքնաոչնչացումի ճանապարհը Պարույր Հայրիկյանն անցավ վստահ ու ինքնավստահ: Այնքան ինքնավստահ, որ ոչ մի վայրկյան չփորձեց իրեն կողքից նայել ու լսել: Գիտե՞ք` ինչու է նա իր մասին երրորդ դեմքով խոսում` Հայրիկյանն ասաց, Հայրիկյանը գնաց, Հայրիկյանը որոշեց, ուղղակի առաջին չի ծնվել: Նա դեմագոգիայի այնպիսի դասընթաց կազմակերպեց թե՛ փորձառուների, թե՛ սկսնակների համար, որ ոչ մի տեսությամբ հնարավոր չէր բացատրել: Իսկ սոփեստ Հայրիկյանին կնախանձեին անգամ հին հույները, Հայրիկյանի սոփեստությունը սահմաններ չունի, հենց այդ պատճառով էլ տրամաբանորեն ճկուն ու կատարյալ թվալով` աններելի հակասության մեջ է ճշմարտության ու իրականության հետ:

Նա ուղեցույց է, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ կարող է և հիանալի է, նայվում ու լսվում է, համոզիչ է, հետաքրքիր, ասելիք ունի, շարմը տեղն է, եթե կատարվողին վերաբերվում ենք որպես հոլիվուդյան պատմության` անտարակույս երջանիկ ավարտով: Իրականության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն գեղեցիկ ու մի քիչ էլ խրթին բառերի արտաբերման վարպետ է, որ հոսում են ու հոսում, բայց տեղ չեն հասնում: Նրա կերպավորած հերոսը իր բոլոր քայլերն այնքան ճիշտ է բեմադրում, որ կորցնում է իրականության զգացումը: Նոստալգիան նրա համար ներդաշնակության միջոց է, բայց ներդաշնակության նրա զգացումը կիսում են քչերը: Կինոն կորցրել է իր օսկարակրին, բայց քաղաքականությունը չի գտել իր ռեժիսորին:
Անդրիաս Ղուկասյանը քաղցեց հունվարի 21-ից մինչև փետրվարի 19-ը, նրա հայտարարած հացադուլը մնաց չընկալված ու հասարակական ալիք բարձրացնելու ակնկալիքով միայն երեք հետևորդ ունեցավ: Նրա պահանջներն ու հայտարարությունները կախվեցին օդում ու քաղաքական գետնին չընկան, որովհետև հայ իրականության համար շատ էին վերացական: Երբ ի սկզբանե գիտես, թե ինչով է պատմությունն ավարտվում, կարող ես մի քանի տասնյակ սկիզբ հնարել, հետո փոխել ու փոփոխել, ու ոչինչ չի փոխվի, որովհետև բոլորը գիտեն, թե պատմությունն ինչով է ավարտվում, ու չեն հավատում ոչ քեզ, ոչ քո մտադրության անկեղծությանը: Անդրիաս Ղուկասյանի հետագա պատմությունն էլ այդ ընթացքն է ունենալու, որովհետև կուսակցություն, շարժում, թե մենակ` քաղաքական նոր էլիտայի ձևավորման, դժգոհ երիտասարդների համախմբման նրա խնդիրը կարող է և պահանջարկ չունենալ, և ընդհանրապես չկայանալ:
Արման Մելիքյանը ևս կարող է մտնել պատմության դասագիրք` ինչպես ամեն ինչ անել ոչինչ չանելու համար խորագրով: Ընտրարշավի ամենատաղտկալի թեկնածուն, որ մի քանի ասուլիսով, մի քանի հայտարարությամբ չէր հավակնում նախագահ դառնալու: Նա հավակնում էր ցույց տալու, որ ընտրությունները արդար չեն, որ ընտրակեղծիքները որոշիչ են, բայց Էյֆելյան աշտարակը տեսանելի դարձնելու համար պետք չէ պատմել Էյֆելի մանկությունը: Որևէ հիշողություն չմնաց այս թեկնածուից, իսկ ընտրություններից անցել է ընդամենը մեկ օր:
Վարդան Սեդրակյանը եղավ և մնաց անհասկանալի պերսոնաժ ամբողջ թատերախաղում, ում նպատակն աբսուրդը շոշափելի դարձնելն էր: Նրա կերպարն ու գործողությունները միանգամայն տեղավորվում են իրականության մեջ, որովհետև իրականությունը նույնքան ու ավելի աբսուրդային է, եթե նման մարդիկ իրենց գոյության պատյանից դուրս են գալիս ու հանրային գործունեության են ձգտում:
Սերժ Սարգսյանը` հինգերորդ ու վեցերորդ ընտրություններով Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, ամբողջ համայնապատկերի ամենահասկանալի կերպարը կարող էր լինել, եթե նրան ընդհանրապես պետք լիներ հասկացվածությունը: Ամբողջ խնդիրը հենց դա է` Հայաստանի իշխանությունը և ժողովուրդը միմյանց կարիքը առանձնապես չեն զգում: Հետևանքը` արտագաղթը, խորթության ու օտարվածության չհաղթահարվող զգացումը, որ պատճառ է դառնում իշխանության նկատմամբ հավատ չունենալու, իսկ ժողովրդի վրա հույս չդնելու դառը ընթացքի:
Ընտրարշավի դասերը` ՀՀ նախագահի յոթերորդ ընտրություններում այս թեկնածուներից ոչ մեկը չպետք է լինի: Բացահայտորեն քաղաքական էլիտայի փոփոխություն է պետք: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Բայց խնդիրը նոր դեմքերը չեն, որ իջնելու են Լուսնից կամ Մարսից: Խնդիրը մտածողության փոփոխությունն է, իսկ դա արդեն հասարակության աշխատանքն է: Սերժ Սարգսյանի նախորդ հինգ տարիներն անվիճելի մի փոփոխություն բերեցին` հարաբերական ազատություն, որ մտածելու ժամանակ ու տարածք է տալիս: Հնարավորությունը կարող են բերել, կարող են չբերել այս հինգ տարիները` և հենց դա է լինելու նրա գլխավոր ընտրությունը` տրվել իրադարձությունների հորձանքի՞ն, թե՞ իրադարձությունների հորձանքը ենթարկել իրեն: Ենթարկել` հստակ նպատակով: Իրավիճակ փոխել: Երկիր փոխել: Մտածողություն: Ներքին ու արտաքին մարտահրավերները միշտ եղել են ու լինելու են` մեկով ավելի, մեկով պակաս: Աշխարհը ստատիկ վիճակում չի սպասելու, որ մենք ինչ-որ որոշման հանգենք, աշխարհը միշտ փոխվելու է ու իր որոշումներն է հրամցնելու: Ներքին դիմադրողականության ունակությունը պարտադիր պայման է պետության անվտանգության ապահովման համար: Ապահով Հայաստանն այսօր ընդամենը միֆ է: Միֆից իրականություն, թե միֆից չգոյություն խաչմերուկում միայն իշխանությունը չէ: Իշխանությունը բնականաբար անելու է ինքնապահպանման տրամաբանական քայլեր, ընդդիմության ու հասարակության խնդիրն այդ տրամաբանությունն իր նպատակներին ծառայեցնելն է: Եվ առաջին քայլը պետք է լինի ընդհանրական ու աներկբա, անվիճարկելի գիտակցումը` երկիրը մեկն է, ու երկիրը բոլորինն է: Չի կարելի ամեն ինչ թողնել իշխանության հայեցողությանը, որքան էլ նա պարտավոր է ու լծակներ ունի, որքան էլ խոստումներ է տվել ու հանձն առել կատարելը: Արմատական փոփոխությունները միշտ ցավոտ են ու դժվար, բայց` անհրաժեշտ: Բարեփոխումների բարդ խնդիրը` նրանց արդյունքները ժամանակի մեջ են ի հայտ գալիս: Որքան հաջողությունները, նույնքան ձախողումները: Բայց մենք արդեն փորձարկումների ժամանակ չունենք: Մենք միշտ մեր աշխատանքը հետաձգում ենք: Օրենսդրությունը գործնականում ընտրության մեծ ազատություն է տալիս` առաջադրումից սկսած (ընտրագրավը, պարզվեց, թույլ պաշտպանություն է): Ընդունեք, որ այս ընտրության թեկնածուները մեր բոլորի ընդհանրական պարտության արգասիքն էին: Տաբուներ ու արգելակներ չունեցող հասարակության անտարբերության ու թողտվության գագաթնակետը: Ոչ այն պատճառով, որ ի սկզբանե ընտրությունը բնորոշվեց ավելի շատ չառաջադրվածների, քան առաջադրվածների կերպարով: Ոչ: Այս ընտրությունը մեր բոլորի պատկերն էր, և այդ պատկերն աններելի գորշ էր ու անթույլատրելի ոչինչ չասող, եթե մենք ուզում ենք, որ մեզ լսեն ու հասկանան, եթե ուզում ենք մենք հասկանալ: Աններելի թեթևամտությունը և անթույլատրելի հանդուրժողականությունը պիտի վերջակետ ունենան: Մենք կորցնում ենք ոչ թե երկիրը, մենք կորցնում ենք մեր կերպարը, մեզ ենք կորցնում, իսկ այդ դեպքում արդեն ոչ երկիրն է մեզ պետք, ոչ մենք` երկրին: Կյանքը շարունակվելու է բոլոր դեպքերում` մամոնտների ու դինոզավրերի ոչնչացումից հետո կենդանական աշխարհը նոր տեսակներ ի հայտ բերեց, բայց դա բնավ մխիթարություն չէր ոչ մամոնտների, ոչ դինոզավրերի համար: Այդքան վաղեմության չհավակնելով` հիշենք, որ ամեն ինչ միասնական է, միաձույլ ու տիեզերական օրինաչափությունները գործում են միշտ ու ամենուր: Անխափան, նույնիսկ եթե արդյունքներն ու հետևանքները ուշ են տեսանելի կամ ընկալելի դառնում: Տարբեր խնդիրները լուծելու երկու տարբերակ կա սովորաբար` հերթականությամբ կամ միաժամանակ: Առայժմ մեր տարբերակը հերթականությամբ և միաժամանակ լուծումից խուսափելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ընտրությունների արդյունքների տոկոսային պատկերը ի վերջո բոլորովին էլ կարևոր չէ կամ շատ կարևոր է միայն վիճակագիրների ու պատմաբանների համար: Երեկն ավարտվեց երեկ, այսօրն ունի իր այս օրվա խնդիրները, իսկ վաղը ընդհանրապես բոլորովին այլ պատմություն է: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը յոթերորդ անգամ նախագահ է ընտրելու: Մեկնարկը տրված է: Առաջին քայլը` վերջապես ընդհանրական պատասխան տանք` ով ենք մենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում հարցին: Հարցը հավերժական է, բայց ամեն ժամանակ իր պատասխանն ունենում է, իսկ եթե չի ունենում, ընդամենը մոռացվում է:

Դիտվել է՝ 2279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ