Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուսաստանն այսօր շահագրգռված է Ղրիմում առճակատման ու լարվածության սաստկացմամբ

Ռուսաստանն այսօր շահագրգռված է Ղրիմում առճակատման ու լարվածության սաստկացմամբ
20.11.2012 | 12:17

1. ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ավելի քան քսան տարի է, ինչ Ղրիմի թաթարների խնդիրը գտնվում է միջազգային ուշադրության կիզակետում, ու հազիվ թե կարելի լինի դա դասել այն խնդիրների շարքը, որոնք ակտիվորեն քննարկվում են միջազգային կազմակերպություններում և Արևմուտքի պետությունների կողմից: Դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ հայրենադարձման և ռեպրեսիաների հետևանքների հաղթահարման շատ հարցեր լուծվել կամ լուծվում են, շահագրգիռ պետությունները չեն ձգտում օրախնդիր հարց դարձնել հակամարտությունների շարժառիթները և լրացուցիչ առճակատում ստեղծել: Շահագրգիռ կողմեր հանդիսացող հիմնական երկրները, ամենայն հավանականությամբ, սպասողական դիրք են գրավում, ուսումնասիրելով և ուշադրությամբ հետևելով տեղի ունեցող գործընթացներին: Համենայն դեպս, ի տարբերություն նախկին խորհրդային տարածության ազգային քաղաքական մյուս հակամարտությունների, Ղրիմի թաթարների խնդրով զբաղվող միջազգային կառույցներ ստեղծված չեն, իսկ խնդիրը հիմնականում լուծվում է ուկրաինական պետության շրջանակներում: Այդուամենայնիվ, միջազգային կազմակերպությունները, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերջին ժամանակներս ավելի մեծ ուշադրություն են նվիրում այդ խնդրին: 2004 թ. Եվրախորհրդարանը ցեղասպանության ակտ ճանաչեց միայն չեչենների 1944 թ. վերաբնակեցումը: Այդ որոշումը Ղրիմի թաթարներին, ինչպես նաև ստալինյան ռեժիմի կողմից տեղահանված մյուս ժողովուրդներին` օսերին, հայերին, հույներին, գերմանացիներին, բուլղարներին և այլոց չի վերաբերում միայն այն պատճառով, որ նրանք լռում են: Այսինքն, դրանով իսկ նշվել է, որ Ղրիմի թաթարների ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ այնպիսի լուրջ հետևանքներ, ինչպիսին փոխհատուցման պահանջի առաջադրումն է ոչ միայն Ռուսաստանին, այլև ՈՒկրաինային, որը կարող է կանգնել իր համար անլուծելի խնդրի առջև, կարող են ծագել նաև երկրի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգներ: Ներկայումս Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հասկանում են, որ, այսպես թե այնպես, հարկ է այդ խնդիրը դիտարկել որպես քաղաքական, բայց, այդուամենայնիվ, ձգտում են խուսափել այդ հեռանկարից, գիտակցելով, թե դա որքան դժվարին խնդիր կդառնա Ռուսաստանի կամ ՈՒկրաինայի համար:
Ղրիմի թաթարների խնդիրը, քննարկման ընդունված ձևաչափով, գտնվում է ԵԱՀԿ-ի, համապատասխանաբար նաև ազգային փոքրամասնությունների Գերագույն հանձնակատարի ուշադրության շրջանակներում: ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը համապատասխան կարգով աշխատում են ՈՒկրաինայի կառավարության, Ղրիմի իշխանությունների, ինչպես նաև ՈՒկրաինայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ, այդ թվում` թաթարական: Մինչև վերջերս Արևմուտքի առաջատար տերությունները պատշաճ ուշադրություն չէին դարձնում Ղրիմի թաթարների խնդրին, թեև միշտ նկատելի էր հետախուզության ակտիվությունը, որը լայնորեն օգտվում էր լրատվամիջոցների, հասարակական և ոչ կառավարական այլ կազմակերպությունների ծառայություններից` տեղեկությունների ստացման և Ղրիմում գործակալական ցանցի կազմակերպման համար:
Ղրիմի թաթարների հարցը, ըստ էության, լուծման սահմանակարգային կառույցներ չունի, ինչպես նախկին խորհրդային տարածության մյուս ազգային-քաղաքական հակամարտությունների պարագայում է: Դրա պատճառները հիմա լիովին ակնհայտ են և բացատրությունն էլ կա (այդ մասին` ստորև): Փաստորեն, Ղրիմի թաթարների հարցի քննարկման միջազգային կառույցներն են ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, այսինքն` միջազգային քաղաքական «ասպարեզների» առավել բարձր մակարդակները: Բայց իրականում այդ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ձևական է, նրանց մասնակցությունը կոնկրետ, որոշակի խմբի աշխատանք չի ենթադրում, այլ կատարվում է որոշ դիտարկումների ձևաչափով:
Ղրիմի թաթարների խնդրով կոնկրետ զբաղվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերի Գերագույն հանձնակատարը, այսինքն, ոչ թե հատուկ կազմավորված, այլ մշտակա, գործող կառույցներ: Երկու կառույցներն էլ մինչև վերջերս զբաղվում էին խնդրի ուսումնասիրությամբ, աջակցում էին տարբեր փորձագետների` ամբողջ հակամարտության և կոնֆլիկտային իրավիճակների լուծման առանձին առաջարկությունների մշակման համար: Այդ կառույցների գործունեության շրջանակներում շահագրգիռ կողմերի միջև կազմակերպվում էին ոչ պաշտոնական երկխոսություններ, գիտաժողովներ, այլ հանդիպումներ ու զրույցներ: Վերջին տարիներին ԵԱՀԿ-ն նախընտրում է փոխել խնդրի լուծման ձևաչափերն ու եղանակները, սահմանափակելով գործընթացներին դիպվածական ու կցկտուր միջամտության եղանակները, և ձեռնամուխ է եղել խնդրի երկարաժամկետ քննարկման, տարածաշրջանում առաքելությունների տևական ներկայության աշխատակարգի ձևավորմանը` Գերագույն հանձնակատարի մանդատի ու դերի հիման վրա, երբ պետությունները պարտավոր են համապատասխան կերպով արձագանքել հանձնարարականներին ու առաջարկություններին: Ազգային փոքրամասնությունների Գերագույն հանձնակատարը լիազորված է անցկացնելու տեղային այցեր և մասնակցելու երկխոսությունների կողմերի շրջանում կանխիչ դիվանագիտությանը` լարվածության ու հակամարտության տարբեր փուլերում: Նրա խնդիրն է հարթել երկյուղները հակամարտության կողմերի շրջանում, բայց չզբաղվել որոշակի իրավունքների սահմանմամբ ու մեկնաբանմամբ և հանդես չգալ որպես իրավարար:
Ներկայումս ԵԱՀԿ-ն, փաստորեն, լիազորել է ազգային փոքրամասնությունների Գերագույն հանձնակատարին Ղրիմի առնչությամբ կիրառելու «վաղ ներգործության պաշտոնական ծրագիր», բայց մինչ այսօր ոչ մի ամբողջական, համակարգված ծրագիր չի կիրառվել: Գերագույն հանձնակատարն իրականացնում է կանխիչ դիվանագիտություն, որը ենթադրում է երեք սկզբունքային կետ. անկողմնակալություն, գաղտնիություն, համագործակցություն, բայց հենց այդ սկզբունքներն են ԵԱՀԿ աշխատանքի ցածր արդյունավետության պատճառ դառնում: Դրա հետևանքով, Ղրիմում լարվածության բոլոր կողմերը համարում են, որ ԵԱՀԿ-ի գործունեությունը, ըստ էության, չի զգացվում և ընկալվում է իբրև արտաքին դիտարկում, առանց գործուն միջամտության: ԵԱՀԿ-ն, իրոք, ի վիճակի չէ լուծելու ազգային-քաղաքական հակամարտությունների հարցեր, առաջարկելու լուծման արդյունավետ եղանակներ: Նրա գործունեությունը կենտրոնացած է ոչ թե իրավունքների, այլ քաղաքականության վրա: Դրա հետ մեկտեղ, Ղրիմի թաթարների հասարակական և քաղաքական կազմակերպությունները շեշտը դնում են ոչ թե քաղաքական, այլ իրավական հիմքերի վրա, ձգտելով իրենց իրավունքների վերականգնմանը հասնել միջազգային իրավունքի շրջանակներում, առաջ քաշելով միանգամայն ընդունելի պահանջներ` Ղրիմի թաթարների 1944 թ. ցեղասպանության ճանաչում և Ղրիմի ինքնավարության ստեղծում: Այս պահանջները լիովին ընդունելի են իրավաբանորեն, բայց ամենևին ընդունելի չեն քաղաքականորեն` շահագրգիռ երկրների կողմից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը վերջին տարիներին առաջարկել է Ղրիմի իրավիճակի, նախ և առաջ Ղրիմի թաթարների վիճակի գնահատման հետևյալ ձևակերպումները. Ղրիմի թաթարների խնդրի հիշատակումներն այնքան էլ շատ չեն և բացառապես կրում են մարդու, մասամբ` ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերի գնահատման բնույթ: Այդ գնահատականները միանգամայն զուրկ են քաղաքական ենթամտքից, ամենևին չեն լուսաբանվում ինքնավարության ու Ղրիմի թաթարների և առհասարակ Ղրիմի տարածաշրջանի քաղաքական խնդիրների հետ կապված այլ հարցեր: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ն արձանագրում է, որ ՈՒկրաինան չի կատարել շատ պարտավորություններ, այդ թվում` Ղրիմի թաթարներին հողամասեր տրամադրելու վերաբերյալ, նրանք ապահովված չեն տներով, մշակութային-կրթական և հաղորդակցական ենթակառուցվածքով: Թաթարները դեռևս խտրականություն են զգում ոչ անաչառ գնահատականների ձևով, որ տեղ են գտնում դպրոցական դասագրքերում, քաղաքական գրականության մեջ և լրատվամիջոցներում` կապված պատմական անցյալի և խորհրդային շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ը երբեք չի հիշատակում, որ Ղրիմի թաթարների խնդիրները համեմատության ոչ մի եզր չունեն այլ ազգերի խնդիրների հետ, և օգտագործում է «հակամարտություն» ձևակերպումը: Ստորև թվարկվող նյութերը ցույց են տալիս Ղրիմի թաթարների խնդիրների հանդեպ ՄԱԿ-ի դիրքորոշման էությունը: ՈՒշագրավ է նաև այն, որ այդ նյութերում, փաստորեն, տեղ չի գտնում Ռուսաստանի և Թուրքիայի դերը: Այսպիսով, ՄԱԿ-ի նյութերը վերածվում են ազգային փոքրամասնությունների հարցերին նվիրված սովորական զեկույցների, և որպես մասնակից պետություն սահմանվում է միայն ՈՒկրաինան:

2. ՂՐԻՄԻ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Թուրքիայի ներքաղաքական կյանքում կան որոշ փակ թեմաներ, որոնք չեն հրապարակայնացվում, բայց, այդուամենայնիվ, շատ լուրջ բանավեճի առարկա են, ինչն ազդեցություն է գործում քաղաքական գործընթացների զարգացման, այս կամ այն քաղաքական կուսակցության քաղաքական դիրքերի ձեռքբերման կամ կորստյան վրա: Նման թեմաներից են, իհարկե, արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, որոնք ժամանակ առ ժամանակ դառնում են այդ բանավեճի փաստարկային հիմքը: Ներկայումս կառավարող «Արդարություն» կուսակցությունը, որը համարվում է չափավոր իսլամական կուսակցություն, որպես կանոն, իր ընդդիմախոսներից դժգոհում է, որ նրանք ո՛չ առաջ, ո՛չ հիմա պատշաճ ուշադրություն չեն դարձնում արտաքին քաղաքականությանը, որը նրանց կառավարման շրջանում ձախողումներ ու փակուղային իրավիճակներ է ունեցել: Ներկա կառավարող կուսակցությունը պնդում է, որ միանգամայն ընդունելի ռազմավարական ծրագրերի ու դոկտրինների առկայության պայմաններում, ընդդիմախոսներն այդպես էլ չեն կարողացել իրացնել այդ խնդիրները և Թուրքիային երկիմաստ վիճակի մեջ են դրել: Նրանք իրենց քաղաքական հակառակորդներին մեղադրում են թե՛ Եվրասիայում, թե՛ Եվրոպայում շոշափելի արդյունքների հասնելու անընդունակության մեջ: Ի պատասխան այս մեղադրանքների, կառավարությունը մեղադրվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և Եվրամիությանն անդամակցության ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարելու անընդունակության մեջ: Այս փոխադարձ դժգոհությունները հանգեցրել են մի կայուն բանավեճի, որը դարձել է եթե ոչ ամբողջ հասարակության, ապա գոնե հասարակական-քաղաքական լայն շրջանակների սեփականությունը: «Արդարություն» կուսակցությունը ձգտում է ակտիվացնել արտաքին քաղաքականությունը, խնդիր ունենալով մեծացնելու կառավարության ժողովրդականությունն աշխարհականության կողմնակիցների շրջանում: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև ավելի սկզբունքային հիմունքներ` կապված այն բանի հետ, որ «Արդարություն» կուսակցության պարագլուխները շատ ավելի են գաղափարականացած և ձգտում են իրենց շոշափելի ավանդը մուծել Թուրքիայի պատմության մեջ: Այս հարցերն են մեծապես պայմանավորել արտաքին քաղաքականության և հատկապես տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումը: Վերջինիս կարևոր ուղղությունը դարձել են Սև ծովն ու Ղրիմը: Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը վերջին տարիներս մանրամասնել է Ղրիմի հետ կապված նպատակներն ու խնդիրները, որոնք այժմ համարվում են ոչ այնքան ազգային-քաղաքական, որքան ռազմավարական խնդիր: Ղրիմում Թուրքիայի խնդիրները կհանգեցնեն այնպիսի քաղաքականության մշակմանը, որն ուղղված լինի ՈՒկրաինայի համակողմանի թուլացմանը, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին նրա ինտեգրման սահմանափակմանը, ՈՒկրաինան որպես «սահմանային», հնարավոր է որպես չեզոք պետության դիտարկմանը, որն ուժեղ կախում ունենա արտաքին տնտեսական գործընկերությունից, էներգետիկ պաշարների ներմուծումից, չունենա ժամանակակից, մարտունակ զինված ուժեր: Թուրքիան շահագրգռված չէ նաև ԱՄՆ-ի հետ ՈՒկրաինայի ռազմական ու քաղաքական համագործակցության խորացմամբ, ինչպես նաև Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության հաստատմամբ: Այս կապակցությամբ, Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի զարգացմամբ: Ներկայումս Թուրքիան և Ղրիմի թաթարական հանրությունը համոզվել են, որ ՈՒկրաինայի ուժեղացումը կմեծացնի Ղրիմում թաթարական պետականության ձևավորմանը, ինչպես նաև թաթարների բնակեցման խնդիրների լուծմանն ու Ղրիմում որպես պետականակերտ ազգի նրանց կայացմանը ցուցաբերվող համակողմանի հակազդեցությունը: ՈՒստի Թուրքիան ավելի շուտ կնախընտրի ուկրաինական իրավիճակն աշխուժացնել Ղրիմի միջոցով, խոչընդոտել ուկրաինական իշխանությունների կողմից Ղրիմի թաթարների ծրագրերի սեղմման միջոցառումների իրագործմանը: Այս կապակցությամբ, Թուրքիան կարող է աջակցել Ռուսաստանի մտադրություններին` Ղրիմն առավելագույնս հեռու պահելու ՈՒկրաինայից, ստեղծելու համայնքային պետական կառուցվածք, որը ներառի երեք սկզբունքային համայնք` ռուսական, ուկրաինական և ղրիմթաթարական: Ընդ որում, տարածաշրջաններում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերի ու կոնկրետ խնդիրների քննարկումը ցույց է տալիս, որ հենց այդ առումով են հակասությունները շատ և ահագնացող: Ղրիմի խնդիրը հանդես է գալիս որպես տիպիկ տարածաշրջանային հարց, ուր «խաչվում են» ազդեցիկ տերությունների շահերը: ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ այդ խնդրի միջազգային ճանաչումն ու բևեռացումը իբրև հակամարտության, և անգամ մարդու իրավունքների հարցերն են խիստ «խլացված» մատուցվում, քանի որ դրանից կարող է օգտվել Ռուսաստանը (ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նույնպիսի քաղաքականություն վարում են բալթյան երկրների ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ):
Սակայն Ղրիմի խնդրով, որպես հակամարտության, շահագրգռված է ոչ միայն Ռուսաստանը, այլև Թուրքիան: Սա արդեն բավական է Ղրիմի առթիվ թուրք-ամերիկյան հակասությունների սրման համար: Ղրիմի խնդրի հետ կապված այդ իրավիճակով շահագրգռված են եվրոպացիները, քանի որ Եվրամիությունն ամենուրեք վարում է հակամարտությունների մարման քաղաքականություն: Եվրամիությունը մեծ զգուշավորությամբ է հետևում Ղրիմի խնդրին, որը կարող է ՈՒկրաինային տարածքային և ազգային-տարածաշրջանային խոշոր հարցեր առաջադրել, ինչը բառացիորեն աղետ կդառնար Եվրոպական ընկերակցության համար: ՈՒստի Ղրիմի առթիվ հակասություններ կան նաև Թուրքիայի ու Եվրոպայի միջև: Հարկ է նշել, որ թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները լավ իրազեկ են և հասկանում են Թուրքիայի նպատակները Ղրիմում, ինչը ոչ մի կերպ չի կարող համապատասխանել Արևմուտքի շահերին, որը ձգտում է սահմանափակել այդ երկրի աշխարհաքաղաքական հավակնությունները և թույլ չտալ «թուրքական կայսրության» ստեղծում ոչ մի ձևաչափով ու բովանդակությամբ:
Տնտեսական համակարգային ճգնաժամի դժվարին տարիներից հետո Թուրքիան պատրաստ է հարևան տարածաշրջաններ տնտեսական լայնածավալ թափանցման քայլեր ձեռնարկելու, այդ թվում նաև` Ղրիմում, ինչը կարող է հանգեցնել Սևծովյան, Կովկասյան և Բալկանյան տարածաշրջաններում Թուրքիայի գերիշխանության միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծման: Պետք է նշել, որ Ղրիմի հետ կապված են ոչ միայն իրատեսական աշխարհաքաղաքական նպատակներ, այլև բավական շատ հույզեր ու պատմական վրիժառության անհամաչափելի ընկալում: Դրանով է Ղրիմը տարբերվում մյուս տարածաշրջաններից, այդ թվում` Կովկասից ու Կենտրոնական Ասիայից, ուր անցյալում Թուրքիան տևական գերիշխանություն չի ունեցել: Ի տարբերություն կովկասյան սփյուռքի, որը ո՛չ Թուրքիայում, ո՛չ Մերձավոր Արևելքում որևէ էական դեր չի խաղում, Ղրիմից սերված և Թուրքիայում ապրող սերունդները խիստ ինտեգրված են թուրքական հանրությանը, ունեն լավ կրթված ու պատրաստված մտավորականություն, ներկայացված են կառավարությունում, խորհրդարանում, զինված ուժերում, հատուկ ծառայություններում: Թուրքիայում Ղրիմի թաթարների սերունդներն անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ունեն թուրքական քաղաքականության վրա, քան Կովկասից սերվածները: Սա Թուրքիայի քաղաքականության կարևոր գործոն է:
Ռուսաստանի շահերի տեսանկյունից, Թուրքիան և ՈՒկրաինան, ըստ էության, ունեն նույն նշանակությունը` անվտանգության առումով: ՈՒկրաինական ազգայնականությունն արդեն նկատելի ավանդ է մուծել Եվրոպայում և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման գործում: ՈՒստի Ռուսաստանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի Սև ծովի ավազանում, թույլ չտալով Թուրքիայի և ՈՒկրաինայի չափազանց շատ ուժեղացում: Ներկայումս կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններն օգտագործել ՈՒկրաինայի ու նրա արևմտյան գործընկերների դիրքերին հարվածելու համար: Այս կապակցությամբ, հետաքրքրական է ղրիմթաթարական խնդրի հակաուկրաինական ճյուղի ուժեղացման սցենարի մշակումը, որի հետևանքով կարելի է հնարավոր համարել, որ պայքարի շնորհիվ Ղրիմում ստեղծվի պետական մի կազմավորում, որտեղ գերիշխեն լինեն ռուսազգի բնակչությունն ու նրա հետ միաբան ռուս-ուկրաինական լուսանցքային էթնոսը: Այնուհետև կարելի է անցում կատարել Ղրիմից թաթարներին ամեն կերպ դուրս մղելուն, խլելով նախաձեռնությունը բնակեցման և տնտեսության ասպարեզում:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր շահագրգռված է Ղրիմում առճակատման ու լարվածության սաստկացմամբ, ինչը հակասում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի շահերին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ