Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Բիլայնն» «ԱրմենՏելից» շատ էլ չի տարբերվում

«Բիլայնն» «ԱրմենՏելից» շատ էլ չի տարբերվում
19.06.2009 | 00:00

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ «ՀՈՒՆԱՐԵՆ ԽՈՍԵՑԻՆ»
«Բիլայն» ընկերության անվտանգության աշխատակիցը փորձում էր խոչընդոտել լրագրողիս աշխատանքը` պահանջելով անջատել ձայնագրիչը։ Իսկապես, ո՞ւմ է ցանկալի, որ լրագրողը ներկա լինի ընկերության կողմից բաժանորդի իրավունքների ոտնահարման պահին։ «100 դոլար եմ վճարել, ինչո՞ւ մինչև այժմ հեռախոսակապը վերականգնված չէ»,- այս փաստից զայրացած բաժանորդը դիմեց Հյուսիսային պողոտայի վրա գտնվող «Բիլայն» մասնաճյուղի օպերատորին։ «Ձեր հեռախոսակապը չի կարող միացվել, քանի որ այսօր շաբաթ է, վաղը` կիրակի։ Այն կվերականգնվի միայն երկուշաբթի»,- ասաց օպերատորը։ Այս անհեթեթ պատասխանը հունից հանեց ոչ միայն այս բաժանորդին, այլև ինձ։
Բնականաբար, ներկայացա և խնդրեցի քաղաքացուն` խնդիրը մանրամասն ներկայացնել։ «Առավոտյան վճարել եմ 100 դոլար վարձավճարի պարտքը,- ասաց,- իսկ ժամը 6-ի դրությամբ հեռախոսակապը դեռևս չի վերականգնվել։ Ընդհանրապես, «Բիլայնի» անփույթ աշխատանքը նորություն չէ. երկու ամիս առաջ 16 հազար դրամ վճարեցի հենց իրենց բաժանորդային սպասարկման կետում, սակայն այդ գումարը հօդս ցնդեց։ Արդյունքում կրկին վճարեցի 16 հազար դրամ։ Էսպես աշխատել չի կարելի։ Որքա՞ն կարելի է բաժանորդներին արհամարհել»։ Նույն պահին մեզ մոտեցավ տվյալ մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը, խնդրեց մի կողմ անցնել և անջատել ձայնագրիչը, նշելով. «Այստեղ չի կարելի ձայնագրել»։ «Ինչո՞ւ, սա ՀՀ տարածք չէ՞»,- փորձեցի ճշտել նրանից։ «ՈՒղղակի ձայնագրման համար նախապես պետք է թույլտվություն ունենալ մեր ղեկավարությունից»,- ասաց։ Բնականաբար, պահանջեցի այդ չգրված օրենքը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնել, այսինքն, որտե՞ղ է գրված, որ լրագրողը բաժանորդի հետ զրուցելու համար պետք է ունենա ընկերության որոշումը։ Ինչպես սպասվում էր, նման որոշում չգտնվեց։ Միանշանակ է, որ անվտանգության աշխատակիցն իր գործն է կատարում և փորձում ամեն կերպ պաշտպանել իր ընկերության շահերը, սակայն որքան էլ պաշտպանի, սա այն դեպքն է, երբ ասում են` սևին օճառն ինչ անի, խևին` խրատը։ Նշված բաժանորդի դեպքը, ցավոք, եզակի չէ։ Նույն պատմությունն ինձ հետ էլ է տեղի ունեցել և հեռախոսակապը միացվել է նույն օրը` իմ ներկայանալուց հետո միայն։ Հետաքրքրական է, որ ընկերության գլխավոր մասնագետները փորձում էին ապացուցել, որ իմ դեպքը եզակի է։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Մեր այս խոսակցության ժամանակ էր, որ նշված բաժանորդը նույն խնդրով մոտեցավ օպերատորին։ Իսկ այն, որ բնակչության շրջանում տարածված է հետևյալ կարծիքը, թե «կապ չունի` վճարումը կատարել ես բանկում, թե ընկերության սպասարկման կետում, միևնույն է, հեռախոսակապը երկու օրից միայն կվերականգնեն», ապացուցում է ընկերության աշխատակիցների խոսքերի անճշտությունը։
Հարկ է ընդգծել, որ նշված բացթողումը ոլորտում միակը չէ։ Բազմիցս գրվել և ասվել է, որ բաժանորդների վրա հավելագրում են րոպեավճարներ, հեռախոսազանգերի էպիկրիզներում հայտնվում են անհայտ հեռախոսահամարներ և այլն, և այլն, որոնք դժվարացնում են բաժանորդի կյանքը։ Ինքնին հարց է առաջանում` արդյոք նման իրավիճակում բաժանորդը կհավատա՞ «Բիլայն» ընկերության գովազդներին։ Այսինքն, մի կողմից` ընկերությունը «սազը ձեռքին» տարբեր լրատվամիջոցներով և քաղաքով մեկ տարածված պաստառներով ինքնագովքով է զբաղված, մյուս կողմից` բաժանորդը, օգտվելով ընկերության ծառայությունից, իր սեփական մաշկի վրա է զգում այդ գովքի ազդեցությունը։ Դե, եթե ընկերությունն իր փողերը չի խնայում և ջուրն է լցնում, իր գործն է, բայց երբ բաժանորդների փողերն են քամուն տրվում, դա արդեն պատասխանատվության խնդիր է։ Եթե բաժանորդն ուշացնում է ամսավճարը, ապա անմիջապես նրա հեռախոսակապն անջատվում է, իսկ վճարման դեպքում ընկերությունն այնքան չի հարգում բաժանորդի իրավունքը, որ իր թերի աշխատանքի արդյունքում թվային կապի առկայության պայմաններում նա ստիպված է օգտվել բջջային կապից։ Այսինքն, ընկերությունն անուղղակիորեն նպաստում է բաժանորդի փողերի վատնմանն ու իր գրպանը լցնելու գործին։ Մինչդեռ, ըստ կարգի, բաժանորդային սպասարկման կետում վճարում կատարելուց անմիջապես հետո մեխանիկորեն (բարձր տեխնոլոգիաների դարում) կապը պետք է վերականգնվի առնվազն երկու ժամվա ընթացքում։ Այս պարտավորության մասին փաստում են նաև ընկերության աշխատակիցները։ Չնայած սրան, չզարմանաք, եթե բողոքելու դեպքում ձեզ բացատրեն, թե մինչև համակարգը ֆայլերը փոխանցում է մեկ այլ համակարգ, ժամանակ է անցնում, և հնարավոր է, որ այդ գործընթացը մեկ ամբողջ օր տևի։ Փորձագետների հավաստմամբ` այդ պնդումներն անհիմն են։ Եթե անգամ դրանք հիմնավոր համարենք, ապա դա ևս հօգուտ ընկերության չէ։ Քանի որ դա կնշանակի, որ ընկերությունը թվային կապի տեխնիկական կապի արդիականացում (անհրաժեշտ ներդրումներ) չի կատարել, ինչը, ի դեպ, դժվար է բացառել։ Եթե այդպես չէ, ուրեմն կնշանակի, որ ընկերության ղեկավարությունը մատների արանքով է նայում բաժանորդների սպասարկման խնդրին։ Արդյո՞ք նման անփույթ վերաբերմունքի ընկերությունը կարժանացներ Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի բաժանորդներին։ Կասկածում ենք։ Այն պարզ պատճառով, որ ոչ մի երկրում այս ընկերությունը թվային կապի մենաշնորհ չունի։ Գուցե ժամանակն է, որ մե՞նք էլ մտածենք այս ուղղությամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ