Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Խաղալիքների նման ԱԹՍ- նե՞ր, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզում միջուկային օբյեկտը պաշտպանող ՀՕՊ համակարգն էր

Խաղալիքների նման ԱԹՍ- նե՞ր, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզում միջուկային օբյեկտը պաշտպանող ՀՕՊ համակարգն էր
21.04.2024 | 18:38

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունները հուշում են, որ Իրանը փորձում է լույս 19-ի գիշերն իրեն Իսրայելի հասցրած հարվածներն իրականից ավելի մեղմ ներկայացնել, ինչպես Իսրայելը վարվեց լույս 14-ի գիշերն Իրանի հարվածների հետևանքները ներկայացնելիս:

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես վարվեց երկրի բնակչությունից հնարավորինս թաքցնելու համար, որ չնայած իսկապես հզոր և աշխարհում առավել արդյունավետներից մեկը հանդիսացող էշելոնացված հակահրթիռային համակարգ ունենալուն, այնուհանդերձ, Իրանի հիպերձայնային հրթիռներից խոցելի է:
Իրանն էլ իրեն հասցված հարվածները փորձում է անլուրջ մի բան ներկայացնել, որպեսզի ստիպված չլինի դարձյալ պատասխան հարվածներ հասցնել Իրանին ու հակամարտությունը հասցնել պատերազմի, ընդ որում, լայնամասշտաբ ու նույնիսկ տարածաշրջանային բնույթի պատերազմի: Աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ներկա իրավիճակում սա, կարծում ենք, խելամիտ և արդարացված քաղաքականություն է:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երկրի վրա խոցված անօդաչու թռչող սարքերը խաղալիքներ է անվանել:
«Դրանք ավելի շատ նման էին խաղալիքների, որոնց հետ խաղում են մեր երեխաները, այլ ոչ թե դրոնների»,- ասել է նախարարը «NBC News»- ին (NBC) տված հարցազրույցում:
Նախարարը նշել է նաև, որ Իսրայելն իր վրա չի վերցրել հարվածների պատասխանատվությունը, իսկ Իրանը դեռ հետաքննում է միջադեպը: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է NBC-ն, նախարարը «հրաժարվել է ընդունել», որ հարձակման հետևում կանգնած է հենց Իսրայելը:
«Լրատվամիջոցներում հիշատակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է Աբդոլլահիանը:
«Եթե Իսրայելը վճռական գործողություններ ձեռնարկի իմ երկրի դեմ, և մենք դա ապացուցենք, մեր պատասխանը կլինի անհապաղ և առավելագույն, և կստիպի նրանց զղջալ դրա համար»,- սպառնացել է Իրանի ԱԳ նախարարը:
Ըստ ամերիկյան և ոչ միայն ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների, Իսրայելն ուրբաթ գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Հաղորդվել են Սպահան քաղաքի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին։ Իրանական IRIB պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգերն աշխատել են ԱԹՍ- ներին խոցելու համար:
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել է, որ Սպահանի վրա խոցված դրոնները ոչ մի վնաս չեն հասցրել, և մեղադրել է «Իսրայելին աջակցող» լրատվամիջոցներին հարձակման հետևանքները չափազանցնելու փորձերի մեջ:
Հիմա փորձենք հասկանալ իրականությունը: Եթե Իրանի օդային տարածք մտած ԱԹՍ- ներն իսկապես խոցվել են և, ինչպես Աբդոլլահիանն է ասել, «շատ նման էին խաղալիքների, որոնց հետ խաղում են» իրանցի երեխաները, ապա այդ ինչի՞ հետևանքով են Սպահանի նահանգի մի քանի գրասենյակային շենքերում, ինչպես իրանական «Fars» լրատվական գործակալությունն է հաղորդել, կոտրվել պատուհանները (հասկանալի է, որ պայթյունի հարվածային ալիքի պատճառով): Չէ՞ որ «Fars»- ը ոչ թե ամերիկյան, իսրայելական կամ բրիտանական, այլ հենց իրանական լրատվամիջոց է, ընդ որում, ոչ թե մասնավոր, այլ պետական, ավելին, ըստ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվության, հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ղեկավարվող:
Երկրորդ. եթե վերոնշյալ ԱԹՍ- ներն իսկապես «շատ նման էին խաղալիքների, որոնց հետ խաղում են» իրանցի երեխաները, ապա ինչո՞ւ է պայթյունի ձայնը լսվել է Սպահան նահանգի Քեհջավարիստան քաղաքում, որը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Սպահանի օդանավակայանից և Շահիդ Բաբայիի անվան 8-րդ մարտավարական ավիաբազայից ոչ հեռու: Այս տեղեկությունը, որը հուշում է, որ պայթյունը բավական ուժեղ է եղել, նույնպես «Fars»- ն է հրապարակել՝ հղում անելով տեղի աղբյուրներին:
Հնարավոր է, որ Իսրայելի կազմակերպած հարվածի համար օգտագործված ԱԹՍ- ները կամ դրանցից երեքն իսկապես փոքր են եղել, Իսրայելը նախընտրել է իրանցի պատանիների կողմից օգտագործվող խաղալիք ԱԹՍ- ների չափի փոքր դրոններ օգտագործել, որպեսզի դրանք Իրանի ՀՕՊ- ի ռադարների կողմից չնկատվեն: Հնարավոր է նաև, որ դրանք իսկապես խոցվել են Իրանի ՀՕՊ- ի կողմից, այսինքն՝ Իրանի արտգործնախարարն այս առումով նույնպես ճշմարտությունն է արտահայտել; Սակայն միայն այդ ԱԹՍ- նե՞րն են օգտագործվել Սպահանի նահանգում, զուգահեռաբար 3 հրթիռ չի՞ օգտագործվել…
Ինչպես, ТАСС- ի փոխանցմամբ, հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը, Իրանի տարածքում իսրայելական հարձակումը նպատակ ուներ շարքից հանել ռադարների համակարգ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ, որն ապահովում է Իրանի միջուկային օբյեկտի պաշտպանությունը Սպահան նահանգում գտնվող Նաթանզի միջուկային օբյեկտի պաշտպանությունն ապահովող ՀՕՊ- ի ռադարների համակարգը, Իսրայելի հարձակման թիրախը դա է եղել:
«Al Hadath»- ի տեղեկությունների համաձայն, Իսրայելը հարձակվել է «ռադարների համակարգի վրա, որոնք պետք է ապահովեն Նաթանզում ատոմային օբյեկտի անվտանգությունը»: Ինչպես նշել է հեռուստաալիքը, իսրայելական հարձակման ժամանակ իրանական տարածքի վրա «երեք հրթիռ է արձակվել»: Ընդգծենք, որ «Al Hadath»- ը նույնպես իսրայելական, ամերիկյան կամ բրիտանական հեռուստաալիք չէ, այլ արաբական… Ընդ որում, հաղորդած այս տեղեկությունը համընկնում է ավելի վաղ «Fars»- ի հայտնած այն տեղեկությանը, որ հարձակման հնարավոր թիրախը կարող էր լինել ռադիոտեղորոշիչ կայանը: Այլ խնդիր է, թե հարվածը հասե՞լ է իր նպատակին, թե ոչ…
Բացառված չէ, որ հարվածելով Նաթանզում գտնվող, ուրանի հարստացմամբ զբաղվող ստորգետնյա և Իրանի թերևս ամենակարևոր միջուկային օբյեկտի անվտանգությունն ապահովող ՀՕՊ- ի ռադարների համակարգին, Իսրայելը նպատակ է հետապնդում նախ կուրացնել ՀՕՊ համակարգը, իսկ հետո հարվածել միջուկային օբյեկտին, ինչի հետ է կապված Իրանում Իսրայելի ամենամեծ անհանգստությունը: Այդ դեպքում արդեն դժվար թե արդեն հաջողվի խուսափել մեծ պատերազմից;
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանն ավելացրել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը, այդ թվում՝ Նաթանզում գտնվող ստորգետնյա օբյեկտում: Միջուկային զենք ունեցող Իսրայելն անհանգստացած է, որ Իրանն ուրանի հարստացումը շարունակելով, կարող է զինական ուրան ստանալ և ատոմային զենք ունենալ, ինչը, ինչպես քանիցս հայտարարել է Իսրայելի սիոնիստական վարչակարգը, ինքը թույլ չի տալու;

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ