38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Արծաթի-Ալաստան (193 տարվա պատմություն)»

«Արծաթի-Ալաստան (193 տարվա պատմություն)»
07.11.2023 | 21:21

Վերահրատարակվել է ՀՀ վաստակավոր լրագրող Պետրոս Սարուխանյանի «Արծաթի-Ալաստան (193 տարվա պատմություն)» գիրքը, որի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերոջը:

Ինչպես հեղինակն է նշում երկրորդ հրատարակության առաջաբանում «Անկեղծ լինեմ՝ առաջին հրատարակությունից անմիջապես հետո է առաջացել այդ անհրաժեշտությունը, քանի որ գիրքն ընթերցողները մի շարք դիտողություններ և առաջարկություններ ներկայացրեցին, որոնք ենթադրում էին նոր հրատարակության անհրաժեշտություն: Հարկ էր լրացնել ակամա բացթողումները, վերացնել որոշ փաստական սխալներ, նաև ներառել վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները»:

Գրքի նոր, լրամշակված տարբերակում զետեղված է նաև առաջին հրատարակության առիթով գրող Դավիթ Մկր Սարգսյանի գրախոսությունը, որը տպագրվել է «Իրատես» թերթում 2017 թվականին, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Ջավախքի Ալաստան գյուղի բնակիչները գաղթել են Կարնո գավառի Արծաթի գյուղից 1829-30 թթ. Մեծ տարհանման ժամանակ, երբ Ադրիանապոլսի ռսաթրքական հաշտության պայմանագրով, առ և տուրի արդյունքում, ի շարս մի շարք հայկական շրջանների, յաթաղանակիրներին նվիրաբերվեց Էրզրումը՝ իր շրջակա գյուղերով, և տեղաբնակ հայության մի պատկառելի զանգված, հայտնվելով գոյատևման փակուղու առջև և խուսափելով արյունարբու հրեշի անխուսափելի վրեժխնդրությունից (բացի սպանդից ու թալանից, նրանից այլ ակնկալությունն անմտություն էր), նախընտրեց լքել հայրենի բնօրրանը: Գաղթի կազմակերպման հանձնարարականը հաջողությամբ իրականացրեց Կարնո հայոց թեմի հոգևոր առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, ում արձանն այսօր կարնեցիների երախտապարտ ժառանգների շնորհիվ կանգնեցված է Ախալքալաքի եկեղեցու բակում (քանդակագործ՝ Լևոն Գրիգորյան):

Ջավախքի ներկայիս հայ բնակչության մեծամասնությունը շուրջ երկու դար առաջ սրբազանի առաջնորդությամբ Կովկասի ճամփան բռնած այդ գաղթականների հետնորդներն են: Այսպիսով, արծաթեցու ժառանգ ալաստանցին ծագումով էրզրումցի, ծննդով ջավախքցի է, նաև բնակվում է մեկ վայրում՝ հատկապես մեր օրերում, երբ գյուղերից արտահոսքի ծավալները մեծացել են: Հային յուրահատուկ բախտ ու ճակատագիր. տարօրինակ, արտասովոր, բացառիկ... Ինչևէ: Գյուղն այսօր ապրում է քիչ թե շատ բնականոն կյանքով, համեմատաբար քիչ թե շատ պահպանում քանակական և որակական հատկանիշները: Ջիվանու արտահայտությամբ՝ ուղտի պոչի նման ոչ երկարում, ոչ կարճանում է: Թեև բոլոր հնարավորություններն ունի բազմանդամ և բարեկարգ բնակավայր դառնալու, սակայն ժամանակակից զարգացումները հուշում են, որ այդ պոչն այլևս երկարելու միտում չունի, այլ անհրաժեշտ է հնարավորինս միջոցներ և ջանք ձեռնարկել, որ այլևս շատ չկարճանա: Ցավոք, գյուղերի անկման սպառնալիքն ամենուր է: Քաղաքակիրթ կոչված աշխարհը գյուղը կործանելով խոտորում է երկրների, հատկապես ազգային պետությունների հիմքերը, աղավաղում ինքնության դիմագիծը, որովհետև գյուղն է պահպանում ավանդույթը, կենցաղը, ծեսը, հեքիաթն ու տեսակը, վերջապես հայրենյաց հողը, որի վրա ապրողով է կանգուն հայրենիքը: Բայց դա այլ թեմա է, առանձին քննարկման նյութ: Այդ ուրվականը սպառնում է Ալաստանին ևս, բայց ալաստանցին, որտեղ էլ որ ապրի, և՛ իր ծննդավայր Ջավախքի արժանապատիվ զավակն է՝ գյուղից ստացվող ամեն մի լուրի ականջալուր, և՛ պատրաստ օգնության ձեռք մեկնելու առաջին իսկ անհրաժեշտության պահին, և՛ էրզրումցի է՝ նախնյաց բնօրրանի կարոտով և նեռից վրիժառությամբ լեցուն, որտեղ թաղված են իր կենաց արմատները՝ երեք հազար և ավելի տարիների խոր ու կնճռապատ շերտերում: Նրանց հոգում, մտքում և հիշողության մեջ ամենուր, նույնիսկ օտարության պայմաններում, արձագանքում է Էրզրումի Հայոց լեռներեն հնչող Ձայն մը, որն ավետո՞ւմ, թե գուժում է, մարտակո՞չ, թե հիշողության զանգ-կոչնակ է, և ի՞նչ է հուշում՝ պատմելով սուր-հրացան բահի տեղն առած հայ աշխատավոր շինականի հարկադրական զինվորանալու և նրա զենքի շաչյունի մասին: Գուցե ներքին ալեկոծ խմորումների ամբողջական խտացո՞ւմն է այդ բազմախորհուրդ Ձայնը՝ ի հեճուկս իրականության, ըստ որի քո երկիր ես մեկնում, քո տուն ես մտնում որպես զբոսաշրջիկ… Ամեն մի խոհ ու մտորում, ամեն հույզ ու զգացմունք ամփոփվում է մեկ համահավաք ճշմարտության մեջ, երբ ինքդ ես գիտակցում հայրենի ջուրդ վայելող օձերի և գորտերի մասին բարբառող աշուղի ցավն ու մրմուռը… Անքննելի է. ալաստանցին, որտեղ էլ որ բնակվի, մինչև ուղն ու ծուծը, ապուպապից մինչև բարուրահասակ ծոռ, էությամբ և արյամբ կարնեցի է, որը պատրաստ է հնարավոր առիթի դեպքում մարելու իր պարտքն Էրզրումին ու Արծաթիին, թեկուզ Ալաստանում, առայժմ՝ Ալաստանում ապրելով: Հետո, Աստված առաջ, այս խելահեղ և հարափոփոխ աշխարհում կգա բարենպաստ այն օրը, երբ պայծառ կշողա արդարության արևը և լույսասփյուռ օրհնությամբ ու հաղթանակի աղոթքով կօծվի հայոց բազմաչարչար աշխարհը:


Պատմությունը հակված է իրավիճակների և իրադրության կրկնությունների, ասես փորձարկում է մարդ-անհատի, տոհմի, ազգի խելամտությունն ու շրջահայացությունը. որքանո՞վ են սերտել ու յուրացրել պատմական դասերը, որքանո՞վ են կիրառելի իր խրատներն ու խորհուրդները՝ հրաժարվե՞լ է մարդն ընչաքաղցությունից ու նյութապաշտությունից և պահպանել մարդկային բնույթը, վանե՞լ է իրենից պառակտման և եսամոլության վարակն ու միաբանվե՞լ է, արդյոք, չար ուժերի դեմ պայքարում պատերազմի, առավել ևս, խաղաղության ընթացքում՝ հաստատելով ողջամիտ ապրելակերպ, համոզվե՞լ է, որ պետք է ապավինել սեփական կարողություններին և չենթարկվել օտարի քմահաճություններին, կուլ չգնալ մեծ տերությունների խաղերին, և մի՞թե հղկել ու կատարելագործել է ճշմարիտ և ինքնուրույն ապրելու և արարելու իր մշակույթը՝ ուժի, բազկի ուժի, մտավոր ներուժի, մտքի և ոգու զորության շահագրգիռ համամասնությամբ՝ չդեգերելով աջ ու ահյակ, հարավ ու հյուսիս, այլ կողմնորոշվելով դեպի ինքնության պահպանման և առաջընթացի սեփական գործիքները: Պատմության խորհրդատվությունն արհամարհողներից և համապատասխան հետևություններ չկատարողներից ճակատագիրն անդառնալիորեն երես կթեքի մի օր, երբ կհոգնի իր անպատասխան բարեհաճությունից և գթասրտությունից՝ ինքնավստահ և հաստակող կամակորին թողնելով բախտի քմահաճույքին…


Ինքնահաստատման և ինքնության պահպանման, ասել է թե` նաև զարգացման, ամենավստահելի և արդյունավետ պայմանն ինքնաճանաչումն է, որը սկսվում կամ ավարտվում է անհատից ու անհատով, սկսվում և ավարտվում է տոհմիդ կենսագրության խոր ու համակողմանի իմացությամբ՝ ակունքից սաղարթ, դա տոհմածառիդ վերականգնման և վերծանման, ասել է թե՝ նաև վերընձյուղման բուն իմաստը, բովանդակությունն ու նաև նպատակն են: Սեփական ես-ի, գյուղ և համայնքի ես-ի, նրա և տեր և ծառա բնակչի ես-ի մի այդպիսի փաստաթուղթ է հեղինակել վաստակավոր լրագրող ՊԵՏՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ արծաթեցի ալաստանցիների կամ կարնեցի ջավախքցիների մասին և նրանց համար՝ վերնագրելով պարզ, միաժամանակ տողատակում բազմաբովանդակ և խոսուն «Արծաթի-Ալաստան». 185 տարվա հեռավորություն»:


Հաճախ են գրվում և հրատարակվում գրքեր առանձին գյուղերի մասին: Միանգամայն ընդունելի, խրախուսանքի արժանի աշխատանք է՝ վերականգնել, ներկայացնել և մոռացությունից փրկել, սերունդներին կտակել իրենց պատկանող ասքն ու պատմությունը, բացառիկ մասունքներ, մարդկային կերպարներ, դեպքեր և իրադարձություններ, որոնցով ճանաչելի են դառնում բազմաթիվ և բազմապիսի անձինք, երևույթներ և փաստեր: «Արծաթի-Ալաստան» գիրքը լրացնում է այդ շարքը, սակայն առանձնահատուկ է իր բովանդակային ընդգրկմամբ, նյութի մատուցման թեմատիկ և ոճական եղանակներով, բարձրաձայնվող խնդիրներով, հեղինակային վերլուծություններով և մեկնաբանություններով: Այն ինձ հանդիպած բազմաձայն և բազմախոս եզակի պատումներից է, որում միախառնված են անցյալը, ներկան, նաև գալիքի որոշակի կանխատեսումներ, և այդ ամենը դիտարկվում է որպես մեկ միասնական ամբողջություն: Գուցե, իսկապես, շատ բնակավայրերի կենսագրություններ նման են իրար, բայց նրանք տարբեր են նյութի հրամցման հեղինակային մտահղացումներով, նրա դիրքորոշմամբ, խնդիրների քննարկման ելակետով և մոտեցմամբ, երբ ոչ միայն արձանագրվում են փաստը, երևույթը, այլև փորձ է արվում տեսնելու հոգեբանական շերտերը, դրդապատճառները, կատարելու անհրաժեշտ, համոզիչ եզրահանգումներ… Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ ընթերցանությունն ավարտելուց հետո տպավորությունների վերջնական արդյունքներն ամփոփող թիրախներից մեկն էլ դառնում է այն, որ գիրքն անուղղակիորեն հուշում և ուղղորդում է դեպի ճիշտ և իմաստավորված ապրելու արվեստը՝ հիշատակության և պատմական երկարակեցության արժանի անձանց և փաստերի վկայակոչմամբ: Առաջ անցնելով՝ պետք է ափսոսանքս հայտնեմ առ այն, որ հրատարակության մեկենաս Մ. Մխչյանի և հեղինակի ցանկությամբ, այն չի վաճառվում, այլ ընծայվում է համագյուղացիներին: Մինչդեռ արժեր, որ այն հասու լիներ նաև ոչ ալաստանցի ընթերցողին, որ նա ևս հնարավորություն ունենար ծանոթանալու մի գյուղի պատմությանը, որի խորհուրդը բավական խոսուն է, այն ավելին է, քան մի գյուղի և նրա բնակիչների մասին պատմությունը, որովհետև վերհանվում և քննարկվում են երևույթներ, հանգամանքներ, իրողություններ, որոնք արժանի են ընդհանրացման, խորհուրդ, որի նպատակները, հեղինակային առողջ և սթափ դիրքորոշման և մեկնաբանությունների ճշմարտացիության շնորհիվ՝ հողեղեն, ճանաչողական, իմացաբանական են, և իրավամբ դուրս են մեկ գյուղի սահմաններից… Ընթերցողներից շատերն ընդհանուր եզրեր և զուգահեռներ կհայտնաբերեն իրենց հայրենական գյուղերի և գյուղացիների կյանքի և Ալաստան-ալաստանցիների միջև, որովհետև հերոսների և միջավայրի ինքնատիպությամբ հանդերձ, բազմաթիվ նույնություններ և նմանություններ ունեն այլ գյուղեր ու շեներ, այլ գյուղացիներ և շինականներ: Արծաթի-Ալաստանի պատմությունը, ասես մանրակերտն ու ճանապարհային քարտեզն է հայ ժողովրդի անցած պատմական ուղու՝ իր հիմնական առանձնահատկություններով և իրադարձությունների խճանկարով:


Ամենուր չէ, որ նպատակահարմար է գտնում վերաբնակվել գաղթական հայը, նույնիսկ, եթե բնական պայմաններն ամենաբարենպաստն են: Նոր բնակավայր ընտրելիս նրան առաջնորդում է նախկինի հուշը, նախընտրում է իր բնօրրանին նման և հարազատություն ներշնչող տարածք, թեկուզ դաժան և երկարատև ձմեռների ցրտասառնաշունչ տարածք, միայն թե պահպանվի նախկինի վերհուշն արթնացնող պատրանքը... Կարնո գավառը Փոքր Ասիայի սահմաններում, Ջավախքը՝ հարավկովկասյան տարածաշրջանում սիբիրյան համբավ ու համարում ունեն: Հետևաբար, պատահական չէ, որ արծաթեցին խարիսխ է ձգում ամայացած մի բնակավայրում, որի բնակլիմայական պայմանները և դիրքը հիշեցնում են ծովի մակերևույթից 1800-2000 մ բարձրության վրա գտնվող երբեմնի ալպիական, ջրառատ հարթավայրն ու լեռնաստանը և, իհարկե, անպայման սահմանամերձ շրջանում, ռսի տիրապետության սահմանագծին, որտեղից ամենամոտն է իր կորուսյալ, առայժմ կորուսյալ հայրենի գյուղը: Տնից տուն՝ նույն զգացողությունը, նույն միջավայրը, միևնույն մարդը: Արծաթին Ալաստանից, ալաստանցին արծաթեցուց չեն տարանջատվում, այլ հոգեբանական շարունակությունն են մեկմեկու՝ Հայրենիքի մեջ հայրենիքից հայրենիք տեղափոխված: Նույնն են արհեստները, նույն հողագործությունն ու անասնապահությունն են, որոնցով ալաստանցին վաստակում է իր հացը հանապազօրյա, որոնք անցյալում և այժմ նրանց անփոփոխ նախասիրությունն ու զբաղմունքն են: Կրկնվում են կենցաղային սովորույթները, ավանդական ծիսակարգը, խոսք ու զրույցը, բառ ու բան-բարբառը: Շինականի հոգեբանության ու բնավորության ժառանգական համատեղելիությունը, միևնույն աշխարհընկալման և հակումների դրսևորումները, թվում է, թե ձևավորում են անցյալի մոռացության պատրանք… Մինչդեռ, ամենևին այդպես չէ: Պարտավոր ես ապրել, պարտավոր ես հիշել, չմոռանալ և ապրել, արարել և հզորանալ: Ժամանակին բնորոշ շատ ընդհանուր երևույթների և գաղափարների, քաղաքական և տնտեսական վայրիվերումների հետևում կյանքն է՝ իր եռուզեռով, իր հիշարժան գործող անձանցով և նշանակալի դեպքերով:


Հողը հող է, եթե զգում ես նրա ուժն ու ամրությունը ոտքերիդ տակ և ներարկվում նրա պարգևած կենսալիցքով: Հողը հայրենիք է, որը սեր և նվիրում է պահանջում, որի արտահայտչաձևերից մեկն աշխատասիրությունն է: Ալաստանցուն աշխատասիրությամբ չես զարմացնի, ընդ որում՝ ոչ այնքան շահ հետապնդող և այն թիրախավորող աշխատանքում: Նա պատրաստ է բարեգործության հանուն իր գյուղի և համագյուղացիների: Նրան բարեգործությամբ չես զարմացնի: Նրա կյանքը պայքար է, կյանք, որն ունի իր մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, պայքար, որը հաճախ անզիջում և դաժան է: Գյուղացին տքնանքով է կազմակերպում իր կյանքը, մաքառում արտաքին և ներքին սպառնալիքների և բնության հանկարծահաս երևույթների և աղետների դեմ: Նա անսասան է, իր հողին կառչած, այլ կերպ նրան կարելի է անվարան բնորոշել որպես հայրենասեր, ում շնորհիվ է հողը հող, հայրենիքը՝ հայրենիք: Բայց դա նրա կենսակերպն է, սովորական առօրյան և կենցաղը, իսկ ինքը՝ հեռու իրեն արժևորելու կամ գնահատելու փառատենչությունից:


Կարնեցիների մի զգալի հատված, որը ժամանակին ընդվզեց գաղթականի ցուպը ձեռքն առնելուն, հետագայում հարկադրված էր ինքնապաշտպանության դիմել յաթաղանավոր ասկյարների ոհմակներին դիմակայելու՝ 1896 թ. թրատվեց, իսկ եղերական 1915-ին մաս կազմեց անապատներում հալչող մահվան ու դժոխքի քարավանների: Որքան էլ որ հնչեց Ձայնն Էրզրումի Հայոց լեռներեն, որքան էլ որ ձեռքը սուր-զենք առավ հայ գյուղացին, միևնույն է, չխուսափեց նախճիրից ու սպանդից: Ռսի Հայաստանում իրավիճակը, իհարկե, այդչափ ողբերգական չէր, սակայն հեռու էր երանելի հովվերգությունից: Այն վերածվել էր տառապանքի և դիմադրողականության մեկ այլ թատերաբեմի, այնտեղ ևս հասան նեռի արյունոտ ձեռքերը, իսկ որտեղով անցավ թուրքը, համատարած մահ, ավեր, թալան սփռեց: Այդտեղով թուրքն է անցել: ՈՒշագրավ մի երևույթ, երբ դրկիցդ քաղաքակրթության և մարդկային արժեհամակարգի հետ թեկուզ չնչին աղերս չունի, նրա գայլային կերպից պաշտպանվելու մասին պարտավոր ես հոգալ նույնիսկ բնակության վայր ընտրելիս և տունդ կառուցելիս: Յաթաղանակիրների հարձակումներից և ոտնձգություններից պաշտպանվելու լրացուցիչ միջոցներ էին գյուղի թիկունքի անառիկ լեռ ու ժայռը, իսկ նրա ստորոտում կառուցվող քարահողաշեն, հաստ ու ցածր ջերմապահ պատերով, գրեթե գետնափոր տների պատերի միջև բացվել են անցքեր՝ վտանգի դեպքում միմյանց տեղեկացնելու, տնից տուն անցնելու և ընտանիքի անդամներին արյունահեղությունից ապահովելու նպատակով: Այդպես էր Արծաթիում, նույնն Ալաստանում է…


Աշխարհից հեռու և կտրված, իր դարդ ու ցավով տապակվող խաղաղասեր գյուղացուն մոռացության չեն մատնում մեծ աշխարհում ծավալվող իրադարձություններն ու երևույթները, որոնք համաճարակի նման անարգել ներխուժում են նրա առօրյան՝ պղծում այն, խաթարում անդորրը: Նա անմասն չէ դրսի արձագանքներին, նա ապահովագրված չէ միտումնավոր և ակամա ոտնձգություններից, նա ևս իր տարտարոսն ունի, որը ոչ այնքան բնության, որքան մարդկանց, հասարակական-քաղաքական կյանքի հարուցած աղետ է:
Ասում են՝ տղամարդն իր կյանքում պարտավոր է տուն կառուցել, ծառ տնկել և որդի ունենալ: Սա կյանքի և գոյության պարտադիր բանաձև է, հավանաբար նվազագույն պահանջ մոլորակի վրա տեղ զբաղեցնելն արդարացնելու և իմաստավորելու համար: Մինչդեռ անհրաժեշտ է թեկուզ տքնանքով և դժվարությամբ դրական գործեր արարել, պիտանի լինել մարդուն և հասարակությանը, ծառայել բարուն և լույսի առատությամբ խեղդել խավարը: Բազմաթիվ արծաթեցի-ալաստանցիներ գրքում ներկայացված են որպես այդ պատգամին և առաքելությանը հավատարիմ անձինք և գործիչներ, ավելին, երբ թերթում ես գյուղից սերած մարդկանց մասին պատմող էջերը, երբ կարդում ես նրանց մասին պատմող գեղարվեստական ակնարկներն ու պատմությունները, ծանոթանում կենսագրական տվյալներին՝ ներառյալ բազմազավակ մայրերի անվանական հիշատակությանն ու այլ ցանկերի, համոզվում ես, որ այս աշխարհում ապրում են հերոսական արարքներ գործող մարդիկ, ովքեր, հավանաբար, նույնիսկ չեն գիտակցում իրենց խիզախումը: Ենթադրյալ ապահով և անվտանգ, ժողովուրդների եղբայրական ընտանիքի տեսլականի խաբկանքին վստահված կյանքը բզկտվում է պետության և հեղափոխականների, կուսակցական-քաղաքական նկրտումների, տնտեսական բարեփոխումների և այլ միջամտություններից: Հեղինակը, ժամանակագրական կարգով, խնամքով և բծախնդրությամբ շարադրում է իր գյուղում տեղի ունեցած էական անցուդարձը, նաև նրան պատուհասած երևույթները՝ ընտրելով ներկայանալին, բնորոշը, խորհրդանշականը թե՛ առանձին անձանց, թե՛ ընդհանուրի կյանքից… Նա ընթերցողին առաջնորդում և ուղեկցում է արծաթեցի և ալաստանցի համագյուղացիների ճամփաներով, վերլուծում և ներկայացնում նրանց հասարակական իրադարձությունների համապատկերում: Մինչ բոլշևիկյան հեղափոխությունը հասարակական խոշոր ցնցումները շրջանցած տարածաշրջանի քրիստոնյա հայ բնակչությանը սպառնում են թրքական հերթական սանձարձակությունները, որոնք Ախալքալաքի և Ախալցխայի գավառներում հանգեցնում են նոր բախումների, վերաճում հայ-թրքական պատերազմի: 1918 թ. տեղացի թրքական ոհմակներին և կանոնավոր բանակին դիմագրավում է նաև ալաստանցիների 300-հոգանոց գունդը: Հայության կռիվը ոչ միայն գոյության պաշտպանությանն ուղղված ինքնապաշտպանական պայքար, այլև ընդվզում էր դեռևս 1905 թ. ցարական Ռուսիայի շնորհած արտոնություններից հղփացած և լկտիացած կովկասյան թրքերի գռեհկությունների դեմ: Չնայած հերոսական պաշտպանությանը, այնուամենայնիվ, ուժերի անհավասար հարաբերակցության արդյունքում, հայ գյուղացին ստիպված էր լքել իր տունը՝ մատնելով այն թալանչիների վայրի ավերումին, մինչև որ ամիսներ անց կվերադառնար և շյուղ առ շյուղ վերստին կհյուսեր իր բույնը, կվերածներ և կվերակենդանացներ իր կյանքը: Այդտեղով անցել էր բոլոր ժամանակների նույն թուրքը՝ իր անփոփոխ ձեռագիրը թողնելով՝ ամենուր ավեր, թալան և մահ սփռելով…


Հեղինակը նկարագրում է կոլեկտիվացման, ստալինյան բռնաճնշումների և ահաբեկչության տարիների պատկերը գյուղում: Ալաստանի համար ողբերգական է Հայրենական մեծ պատերազմը, 296 մասնակիցներից 138-ի կորուստը, միևնույն ժամանակ՝ հերոսական: Պետրոս Սարուխանյանը հիշատակում է նրանց անուն առ անուն: Նրանք գիտակցված հերոսականության կրողներն են, ում համար Մեծ հայրենականը միայն մեծ հայրենիքի պաշտպանություն չէր, ֆաշիզմից մարդկությանն ազատագրելու պայքար չէր, այլ Ստալինգրադի անկման խափանումը՝ իր հայրենիքի ապահովումն ու հարավից սպառնացող հրեշի սանձումն էր: Այդպես, ըստ կարգի և ժամանակագրական զարգացման, հեղինակն անդրադառնում է ռազմաճակատային և թիկունքի կյանքին, նաև տարիներ անց, երբ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ և այդ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված՝ Ալաստանից Մոսկվա քայլարշավ-ուխտագնացության է մեկնում իր համագյուղացին: Ի՞նչն է դրդում 75-ամյա ալաստանցուն նման խիզախումի, մարդ, ով չորս տարեկանում կորցրել է հորը Մեծ հայրենականում. խոնարհո՞ւմը հոր և նրա զինակիցների հիշատակին, իր կորուսյալ մանկության և որբության կսկիծն ու ցա՞վը, ապրելու հաստատակամության ցուցքը աշխարհի՞ն, թե այդ ամենը մեկ ձեռնարկի մեջ մեկտեղված, ու նաև Էրզրումի Հայոց լեռներեն հնչող Ձայնի արձագանքը, որ ուժի և կամքի փորձության է մղում նրան: Հարկ եղած դեպքում ալաստանցին անվարան իր Հայրենիքի զինվորն է, և ոչինչ չի կարող արգելափակել նրա կամավոր մասնակցությունը հայրենյաց հողի պաշտպանությանը: Այդ գիտակցությամբ ալաստանցիները մասնակցեցին Արցախյան ազգային-ազատագրական պատերազմին՝ նույն «շուն թուրքի դեմ կռվելու, հայրենիքն ազատելու»: Նրանք ոչ միայն մարտական գործողությունների մասնակիցը, այլև քաղաքական, տնտեսական աջակիցներ եղան: Ալաստանցու համար Արցախը նույն Կարինն ու Արծաթին էր՝ զսպանակված արժանապատվության ժայթքումը, ինչպես արցախցու համար Սարդարապատն էր եղել 1918 թ. օրհասական պահին: Այնուհետև հեղինակն անդրադառնում է Խորհրդային Միության տարիներին առկա այնպիսի երևույթների ներգործությանը հայրենի գյուղի կյանքին, ինչպիսիք են խոպան հողերի յուրացումը և արտագաղթը գյուղից (միայն Երևանում գրանցում է ստացել ալաստանցի 300-ից ավելի ընտանիք, որոնց մի մասն այսօր վերաբնակվել է ՌԴ-ում) և այլ իրողություններ: Գրքի առանձին բաժիններում պատմվում է գյուղի ներքին կյանքի, մշակույթի, կրթության, սպորտի, ինչպես նաև Ալաստանում ծնված, սակայն այլ երկրներում ապրող նշանավոր անձանց մասին՝ գիտնականների, զինվորականների, մշակույթի գործիչների, մարզիկների և այլն:


Հատկանշական է, որ այս կամ այն երևույթը ներկայացնելիս հեղինակն անդրադառնում է նախապատմությանը, թեման մատուցում պատճառահետևանքային կապերի ամբողջության մեջ: Այդօրինակ բազմաթիվ փաստեր և երևույթներ, որոնք ունեցել կամ ունեն հասարակական նշանակություն և հնչեղություն, հեղինակը մեկնաբանում է՝ վկայակոչելով շրջանառվող տարբերակները, քննարկում դրանց մրցունակությունը՝ լայնախոհության և ժամանակների հաստատուն ճշմարտության, այլ ոչ հատվածական և անցողիկ տրամաբանության տեսանկյունից: Առողջ և սթափ դիտողականության շնորհիվ նրա պատումներից շատերը ճանաչողական, իմացական հարթությունից տեղափոխվում են ուսուցողական, դաստիարակչական դաշտ: Մեծ աշխարհի թափանցումները գյուղական փոքրիկ միջավայր ոչ միշտ են ցանկալի, որովհետև այնտեղ ապրող մարդն իր ուրույն աշխարհն ունի, իր աշխարհընկալումը, իր կենցաղն ու բարքերը, իր կյանքը, որը բեկվում է արտաքին հրապույրների և գայթակղությունների, մեծ կյանքի քաղաքացին դառնալու գրավչության ճնշման տակ: Արդյունքում նա հեռանում է իր տեսակից, իրենից, որի կորուստներն ու ձեռքբերումները, վնասն ու օգուտը կգնահատի անկաշառ ժամանակը: Թեև ալաստանցին, որտեղ էլ որ բնակվի, առայժմ չի կորցնում իր ծննդավայրի հիշողությունը, կապն իր ակունքների հետ պահպանում է բարեգործությունների, ներդրումների միջոցով, իր բնօրրանին օգտակար լինելու պատրաստակամությամբ: Առայժմ: Քանի դեռ չի ձուլվել աշխարհաքաղաքականության ամենակուլ հորձանքին, չի մոռացել իր սկիզբը, ապա նաև նախասկիզբը, ու չի աղավաղվել հայրենիք, ծննդավայր հասկացությունների սրբազան իմաստը, չի արժեզրկվել ազգային ինքնության բովանդակությունը: Չէ՞ որ ընդամենը կես դար առաջ գյուղի ժողովրդագրական պատկերը միանգամայն այլ էր. միայն գերդաստանների քանակը հատում էր վեց տասնյակի սահմանագիծը: Սա միայն Ալաստանին և ալաստանցուն չի սպառնում, այլ համատարած հիմնախնդիր է, որի լուծումը, ըստ երևույթին, գյուղի ճիշտ զարգացումն է:


Գրքի շահեկան առանձնահատկություններից մեկը հեղինակային հայացքի անկողմնակալ իրատեսությունն է: Նա չի փորձում հաճոյանալ իր համագյուղացուն, չի պճնում և գունազարդում իրականությունը, այլ հակառակը՝ տագնապում է և սերն առ ծննդավայրն արտահայտում այն պահելու և պահպանելու, շենացնելու և գյուղացու կյանքը բարելավելու, նրան իր եզերքից անբաժան տեսնելու անաղմուկ ճիչով: Հիշարժան է երկարատև բացակայությունից հետո հեղինակի այցը հայրենի գյուղ պատկերող ինքնախոստովանությունը…
Այն, ինչ բնորոշում է անհատին տուն շինելու, ծառ տնկելու և որդի ունենալու պահանջով, հայի տեսակի հավաքականության պարագայում դառնում է եկեղեցի և դպրոց կառուցելու պարտադիր պայման-առանձնահատկություն: ՈՒսման, կրթության և քրիստոնեական վարդապետության, ըստ իս՝ Տիեզերական անհունի, Խորհրդավորի և Անհայտի հետ հարաբերվելու խորհուրդը ներծծված է այդ տեսակի հոգեբանության և էության մեջ: Գիտակցաբար, թե բնազդաբար, այն ոչ միայն քաղաքակիրթ անհատի կայացման, այլև ազգապահպանության իմաստ և բովանդակություն է պարունակում, մանավանդ, երբ ժամանակակից խելացնոր աշխարհում մարդկությանը լրջորեն սպառնում է ուծացման, ազգերի ինքնության և ես-ի խորտակման վտանգը: Ալաստանցու խնամած ծառն առայսօր աչք է զարնում իր առատ պտղաբերությամբ՝ նրա աշխարհասփյուռ և հայրենաբնակ ուստրերն ու դուստրերն իրենց նշանակալի ավանդն ունեն գիտության, մշակույթի և տնտեսության ամենատարբեր ճյուղերում: Նրանք գնահատված են որպես ուսման գերազանցիկներ, գիտական աստիճանների և շքանշանների ասպետներ, բայց ամենակարևորը, գրքի տրամաբանությամբ, գյուղի պատիվը բարձր պահելն է: Ասել է թե՝ միևնույն է, ինչ բարձունքներ են նվաճել, գյուղի համար առաջնահերթը պատվախնդրությունն է: Որքա՜ն ազնիվ և շիտակ են նրանք:


Գրքի շահեկան առանձնահատկություններից է հեղինակի անխտրական կեցվածքը: Նա մեկ շարունակական շղթայի մեջ է դիտարկում Արծաթի-Ալաստան գյուղերը, անկաշկանդ է գյուղի բնակիչների մասին պատմություններ հրամցնելիս՝ դիմելով նյութի ընտրության և մատուցման տարբեր եղանակների և միջոցների՝ չափածո և արձակ, մատենագրական, արխիվային աղբյուրներից մինչև ժողովրդական բանահյուսություն, սովորույթների և ավանդույթների նկարագրությունից մինչև մականունների վերծանում, նա ներկայացնում է ասելիքը որպես պատմաբան, գրող, ազգագրագետ, ստուգաբան, հրապարակախոս՝ պատմվածքի և գեղարվեստական պատումի, ակնարկի և լրագրության, հոդվածի, հուշագրության, տեղեկատու հանրագիտարանային, լուսանկարչական գործիքակազմի օգտագործմամբ՝ յուրովի դառնալով Արծաթի-Ալաստանի պատմիչը: Փոքր և աննշան թվացող դիպվածն ու տեղական նշանակություն ունեցող պատահարը, անձնական կյանքի դրվագն ու հասարակական իրադարձությունը ինքնանպատակ չեն հիշատակվում, այլ դիտարկվում են խորքային դրսևորումների, լայնամասշտաբ երևույթների, միջավայրի ամբողջության մեջ՝ վերհանելով բազմաթիվ ճակատագրեր, ժամանակի առանձնահատկություններ, որի շնորհիվ աշխատանքը ներկայացնում է նաև հայ ժողովրդի մի խոշոր հատվածի անցած ուղին պատմական որոշակի ժամանակահատվածներում:


Պետրոս Սարուխանյանի գիրքը Արծաթի-Ալաստանի համապարփակ պատմությունն է, պատմություն, որն իրադարձությունների, դեպքերի և անձանց մասին տեղեկատվական չոր ու ցամաք շարադրանք չէ, այլ այդ կյանքի և նրա դերակատարների բարոյահոգեբանական պատկերի վերարտադրությունը փաստերի հենքի վրա, որը և աշխատանքին տալիս է հայրենի գյուղի պատմագիրք լինելու որակավորում: Պատմագիրք, որը վերարթնացնում է արծաթեցի-ալաստանցու հիշողությունը, հարստացնում նրա իմացությունը և հայրենիքից անբաժան մնալու ուժ և հավատ ներշնչում: Այն հանձնարարում է ընթերցող համագյուղացուն հոգատարությամբ և խնամքով վերաբերվել գյուղի գալիքին, հուշում կյանքի իմաստավորման, ճիշտ ապրելու մասին, որ Էրզրումից հնչող Ձայնը Ջավախքում հանկարծ չմարի…

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9593

Մեկնաբանություններ