Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ
(սկիզբը`այստեղ)
Նիկոլը շատ լավ տեղյակ է, համենայն դեպս, լիովին գիտակցում է, որ Արցախը և Հայաստանը նախապատերազմական վիճակում են, ինչպես ասում են, պատերազմից 5 է պակաս: Ավելին, հենց ինքն է կառավարության այսօրվա նիստում հայտարարել, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում, և որ իրավիճակը պայթյունավտանգ է:
«Անցած շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն վատթարացել է,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Պատճառն այն է, որ Ադրբեջանն արդեն մի քանի օր է, զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Հակահայկական արտահայտությունները՝ ատելություն բորբոքող, դարձել են ավելի ինտենսիվ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում»:
Նիկոլի խոսքով՝ «իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյուն թույլ չտալու համար»:
Նիկոլին անծանոթ կամ չճանաչած և իրավիճակին անտեղյակ մեկը կարող է մտածել, թե ինչ մտահոգ, հայրենասեր, լավ վարչապետ ունենք, էն ընդդիմությունն էլ ամեն օր վատաբանում, զրպարտում է մեր վրչոյին… Իրականում՝ պատերազմը կանխելու իրական քայլերի փոխարեն, մենք գործ ունենք Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու հերթական կեղծավոր հայտարարության հետ:
Նախ, մի շատ պարզ հարց՝ այդ ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը՝ կեղծավոր Միացյալ Նահանգների՞, Ֆրանսիայի՞, Գերմանիայի՞… Նրա՞նք պետք է կանխեն պատերազմը… Թե 44- օրյա պատերազմից առաջ կանխեցին (այն ժամանակ էլ պատերազմից առնվազն օրեր առաջ հստակ հայտնի էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սանձազերծել), այնքան էլ հիմա կկանխեն:
Այո, Ֆրանսիան նույնպես կեղծավոր է. այդ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն չէ՞ր, որ իր գլխավորած պատվիրակությամբ և այստեղ Նիկոլի և Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկի աջակցությամբ օրերս մի շոու սարքեց, ինչպես ասում են, եկավ նկարվեց ու գնաց… Այդ նույն Իդալգոն չէ՞ր, որ օգոստոսի 30- ին անամոթաբար հայտարարել է՝ մենք կարողացանք Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 բեռնատար ուղարկել…
Է՞, մինչ օրս այդ բեռնատարները տեղ հասե՞լ են… Իհարկե՛ ոչ: Արցախում այդ բեռնատարները մինչ օրս տեսնող, այդ օգնությունը ստացող չի եղել այն պարզ պատճառով, որ դրանք Հակարիի կամրջից այն կողմ չեն անցել, ադրբեջանական կողմը թույլ չի տվել: Ընդ որում, Փարիզի քաղաքապետին Մակրոն- Ալիև հեռախոսազրույցից նախապես քաջ հայտնի էր, որ ադրբեջանական կողմը Բերձորի (Լաչինի) միջանցքով տվյալ բեռնատարների մուտքն Արցախ թույլ չի տալու (այդ կապակցությամբ Փարիզի և Բաքվի միջև պայմանավորվածություն ձեռք չէր բերվել), ինչպես ավելի վաղ թույլ չէր տվել, որ «Սպայկայի» բեռնատարները Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը հասցնեն սովամահության եզրին գտնվող Արցախի բնակիչներին:
ՈՒրեմն ո՞րն էր Փարիզի քաղաքապետի ու նրա գլխավորած պատվիրակության կազմակերպած շոուի իմաստը, եթե ոչ կեղծավորաբար ցույց տալը, թե Ֆրանսիան Արցախի հետ է, հընթացս էլ լուսանկարվելը, տեսագրվելը և ինքնագովազդով զբաղվելը: Եթե Ֆրանսիայի մեր «բարեկամներն» իսկապես ուզում էին օգնել Արցախին, ապա իրենց մարդասիրական օգնությունն այնտեղ կուղարկեին ոչ թե բեռնատարներով, այլ օդային ճանապարհով, ինչի հնարավորությունը հաստատ ունեին և այժմ էլ ունեն, բայց չեն անում: Տեսան, չէ՞, որ Ադրբեջանը Բերձորի (Լաչինի) միջանցքով օգնության տեղափոխումը թույլ չի տալիս, թող ինքնաթիռներով ուղարկեին:
Երբ Նիկոլն ասում է, որ «ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյուն թույլ չտալու համար», բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ի՛նքն ինչ է անում տարածաշրջանում նոր պայթյուն թույլ չտալու համար (ենթադրելի է, որ այդ հարցն առաջանում է նաև ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններում):
Նիկոլը ոչինչ չի անում վերոնշյալի առումով, հակառակը՝ հնարավոր ամեն ինչ անում է, որ պատերազմը չկանխվի և տարածաշրջանում նոր պայթյուն լինի (եթե չկանխվեց, ապա այս անգամ նախորդից անհամեմատ ավելի մեծ ու մեծաթիվ զոհերով է լինելու):
Ահավասիկ փաստերը. պայմանավորված Հայաստանի և Արցախի սահմաններին ստեղծված սպառնալիքով և ելնելով տագնապալի իրավիճակից, այն է՝ թուրք-ադրբեջանական ոհմակը պատրաստվում է բլից-կրիգով գրավել Ջերմուկ քաղաքը և հնարավորության դեպքում միանալ Նախիջևանին, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր կառավարության դիմաց հրավիրել էր հրատապ հավաք՝ կառավարությանն ուղղված մեկ պահանջով՝ անհապաղ, վայրկյան առաջ, կազմակերպել և Ջերմուկ քաղաքի մոտակայքում անցկացնել հայ-ռուս-պարսկական համատեղ զորավարժություններ։
Նշված զորավարժությունները, անշուշտ, թույլ կտան կանխել պատերազմը, բայց դրանց կազմակերպման, անցկացման համար նախ անհրաժեշտ է, որ Նիկոլը կամ նիկոլենք դիմեն Ռուսաստանի և Իրանի ղեկավարներին կամ համապատասխան մարմիններին, ինչը դեռ չեն արել (մինչ վերոնշյալ պահանջով «Կամք»- ի դիմումը ստանալը, արդեն իսկ պետք է դիմած լինեին):
Մի՞ թե ներկայիս չափազանց լուրջ իրավիճակում կարիք կար, որ հասարակական նախաձեռնությունը դիմեր կառավարությանը ու նրան հուշեր, թե ինչ պետք է անել տարածաշրջանում նոր պայթյուն թույլ չտալու համար… Գրեթե վստահ ենք, որ «Կամք»- ի դիմումը ստանալուց հետո էլ Նիկոլը կամ նրա գլխավորած կառավարությունը չեն անելու այն, ինչ պարտավոր են անել: Այդ դեպքում հարկ կլինի ողջ ընդդիմության միացյալ ուժերով կառավարության շենքի շուրջօրյա շրջափակմամբ Նիկոլին ու կառավարությանը ստիպել անել այն, ինչը պարտավոր են անել:
Կարծում ենք, պատերազմի կանխումն անհամեմատ երկարատև կլինի, եթե ժամանակավոր բնույթ ունեցող զորավարժությունների կազմակերպմանը, անցկացմանը զուգահեռ, դարձյալ անհապաղ Հայաստան հրավիրվեն Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի խաղաղապահ ուժեր, ինչի պատրաստակամությունն իրենք հայտնել են, սակայն անհրաժեշտ են Հայաստանի համապատասխան դիմումները, որոնք դեռ չկան, Նիկոլը կամ նիկոլենք միտումնավոր չեն հրավիրում հիշյալ խաղաղապահներին: Եվ միայն խաբված, միամիտ մոլորյալները և նիկոլազոմբիները չեն հասկանում, թե ինչու…
Հակառակը՝ Նիկոլը և նիկոլենք հնարավոր ամեն ինչ արել և հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվորեն անում են՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու, նրանց օգնությունը բացառելու համար: Համապատասխան փաստերի մի մասն արդեն իսկ ներկայացրել ենք հոդվածաշարի նախորդած մասում, մյուսներն էլ՝ հաջորդիվ…
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ