38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կանգնենք «ձայն փոքրացի» կողքին, որ այսօր բանտված է Մհերի քարայրում

Կանգնենք «ձայն փոքրացի» կողքին, որ այսօր բանտված է  Մհերի քարայրում
08.08.2023 | 07:22

Անցյալը միշտ չէ, որ միավորում է մարդկանց, հաճախ այն կարող է չինական պարիսպ դառնալ և ընդմիշտ կանգնել նրանց միջև:

Ահա այդպիսի մի մոտ «անցյալ» է կանգնած ժողովրդի և իշխանությունը զավթածների միջև՝ ինչ էլ լինի, միևնույն է, հնարավոր չի լինի մոռանալ, Աստված էլ իջնի՝ մեր հոր ու մոր ձեռքից բռնած:

Այն չես կարող ո՛չ դեն նետել, ո՛չ էլ լուռումունջ տանել՝ կքելով արյան ու կորուստների բեռան տակ:

Կարճ ժամանակում մոռացնել տվեց ավելի հին ցավերը:

Այստեղ են ասել՝ ցավ տամ, ցավդ մոռանաս:

Սովորական ցավ չէր, իսկական գեհեն էր, կամ գեհենի բոցը, ու, չտա Աստված, կրակն առջևում լինի:

Ժողովուրդը դեռ ցավի թմբիրում, չհասցնելով այն գիտակցել, նորից փարվեց իրեն սպանողի կրծքին՝ սպասելով սիրելի դահճի ողորմածությանը:

Ժողովուրդը չէր կարող առանց պատրանքների ապրել, դա ուժեղներին է տրված:

Դեռ կսթափվի, ինչպես աթարի դեզին կպած սիրահարն է սթափվում:

Ինչպես ցավից խենթացած մայրն է ուշքի գալիս:

Ինչպես տուն դարձող հարբեցողն է խումհարից արթնանում, երբ, կույրի պես պատը շոշափելով, հանկարծ ձեռքը կախվում է դատա՜րկ օդում… Հարազատ ցանկապատը վերջացավ՝ տունը չկա, այս ու՞ր է ընկել…. Ի՜նչ ամայի տեղ է, ո՞վ է խաբել իրեն:

Ու կհիշի ամեն ինչ:

Մնացածը պատրանքների ժանրից է, կործանարար ոսկեպար:

ՈՒ քանի դեռ պատրանքասեր զանգվածներն են այսօր որոշում երկրի ապագան, ձայն զանգվածեղը շփոթելով «ձայն բազմացի» ու «ձայն Աստծո» հետ, մեզ մնում է ամուր կանգնել «ձայն փոքրացի» կողքին, եթե թանկ ենք գնահատում մեր այս մի կտոր երկիրը:

Քանի դեռ մանուկներն օրորոցում չեն մեծացել ու չեն թաղել բոլորիս:

Քանի դեռ չե՜ն հնչեցրել Վահագնի փողը՝ Նավասարդի առավոտով:

Իսկ ամենասարսափելին այն է, որ պատրանքաթափ ժողովուրդը դեռ երկար ժամանակ չի վստահի ոչ մեկին. ո՞րը ընտրել՝ սպիտակ գրատախտա՞կը, թե՞ վաղուց գրված-սևագրածը՝ գրեթե սրբագրության հասած:

Առաջինն անփորձ, վախենալու անկանխատեսելի կթվա, երկրորդը կհիշեցնի ապրած մեկ այլ ցավ...

Արդյո՞ք սա նորից չի տանի ի շրջանս յուր, վերապրել չի տա ցավը...

Կանգնենք «ձայն փոքրացի» կողքին, ովքեր այսօր բանտված են Մհերի քարայրում, որ «ձայն Աստծո» են:

Օգնենք դուրս նետվել այնտեղից՝ դահճի երկաթները ծալելով, քարերը շուռ տալով, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մենք բոլորս չենք մեռել քարայրում:

Միայն թե շատ չուշանանք, Տեր կանչենք:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ