Պատերազմի առաջին օրից է արցախցի տաղանդավոր լուսանկարիչ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ աշխարհին ներկայացնում ստեղծված իրավիճակը, հակառակորդի կողմից ավերված շենքերը։ Նրա լուսանկարներից անպակաս են քաջարի զինվորները, կամավորագրված հայորդիներն ու Արցախի խաղաղ բնակչությունը։ Ինչքան կարևոր բան կա` նրա ուշադրության կենտրոնում է, և միշտ լավատեսորեն է մոտենում երևույթներին։ Լուսանկարչի` պատերազմական այս շրջանի ներաշխարհում կյանքի և աշխարհի միջև շեշտադրված պարտադրանք է դրված` Արցախը պետք է ապրի ու արարի։
-«Ձգողականության կետեր»-ից մինչև պատերազմ. ընթացք, որը քո մեջ ապրելու է։ Ի՞նչ փոխվեց։
-Այդ ձգողականության կետերը պահել է պետք, այդ կետերի համար է մեր կռիվը։ Փոխվեց այն, որ երբ ինձ ասում են` շատ լավ լուսանկարներ ես արել, ասում եմ` երանի այդ լուսանկարները երջանկության մասին լինեին, խաղաղ կյանքի մասին պատմող։
-Իրական պատկեր և լուսանկար... այս պատերազմի հետևանքներն ի՞նչ աստիճանի են ֆիքսվում քո տեսախցիկով։ Դրանք նայելուց հետո քո ներաշխարհում ի՞նչ է կատարվում։
-Մինչ օրս մեկ-մեկ թվում է, թե սա ընդամենը սարսափելի երազ է, կարթնանամ, և ամեն ինչ լավ կլինի, կրակոցներ և պայթյուններ չեն լինի, երեխաների կենսուրախ ձայներ կլսվեն, այրը երեխայի ձեռքից բռնած դպրոց կտանի, զինվորը խաղաղությամբ տուն կգա... Սակայն, երբ տագնապի ազդանշանի տակ սեղմում ես կոճակը և նայում ստացված լուսանկարին, հասկանում ես, որ ամեն ինչ իրական է։
Ներաշխարհումս իրականում շատ բան է փոխվել, լինում են դեպքեր, երբ քայլում եմ դատարկ քաղաքով և ինչ շենքի նայում եմ, թվում է, թե ավերված է...Դա սարսափելի է։
-Պատերազմի հետ ուղեկցվող քո բանաձևը, առաքելությունը և ապրելու նպատակը։
-Միշտ մտածում էի, թե «պատերազմը որ ավարտվի, ի՞նչ ես անելու հարցը» միայն բեմում կլսեմ, ներկայացման ժամանակ, սակայն այդ հարցը իրական էլ եղավ և հանկարծակի։ Մի պահ մտածեցի և պատասխանեցի` ի՞նչ պետք է անեմ, շարունակելու եմ կռիվս, լուսանկարելու եմ, ապրելու եմ, որպեսզի ցույց տամ աշխարհին, որ մեր կռիվը մեր ապրելու համար է, մեր սուրբ հայրենիքը պահելու համար է, և ուրիշ ոչինչ չենք ուզում։ Երևի իմ առաքելությունը պահի իրականությունը լուսաբանելն ու աշխարհին ներկայացնելն է։ Առաջին օրը, երբ սկսվեց ամեն ինչ, առավոտյան առանց վարանելու իրերս հավաքեցի և գնացի կամավորագրվելու, սակայն այնպես ստացվեց, որ այս անգամ իմ կռիվը լուսանկարչական ապարատի միջոցով պետք է լիներ։ Իհարկե, ահավոր է, երբ օրինակ լուսանկարում ես հերթական ավերված տունը։ Սկզբում չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իմ մարտական ընկերները, որոնց հետ արդեն ճանապարհ էի անցել, հիմա առանց ինձ են, անընդհատ ուզում էի գնալ, սակայն հետո հասկացա, որ լուսանկարների միջոցով էլ կարելի է կռվել։
-Լուսանկարները կմնան որպես...
-...որպես անցյալի մասին պատմող կադրեր, սակայն կհիշեցնեն մեզ, որ միշտ պետք է զինվել, և խոսքս միայն մարդ սպանող զենքի մասին չէ։
-Խաղաղությունը տեսախցիկիդ նշանակետից մո՞տ է...
-Ամեն օր սպասում եմ, ամեն օր։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ