Ներեցեք, իհարկե, բայց ես զտարյուն հայ եմ՝ հոգեբանությամբ և մտածողությամբ, ամբողջովին կրում եմ հայի հատկանիշների մի ամբողջություն, որի մեջ հազարամյակներ շարունակ սերնդեսերունդ նստվածք են թողել նախնիները: Օտար գիտնականները փաստում են, որ հայ կնոջ գենետիկ կոդը ավելի քան ութ հազարամյակ փոփոխություն չի կրել, հետևաբար ծնողներից, մորից հաստատապես, հայը ժառանգում է այդ անեղծ հարստությունը: Ասում են, սա մեր ազգային ինքնության բացառիկություններից է՝ միայն մեզ բնորոշ։ Այդպես սուրբ մյուռոնն է իր նախնական հիմքի վրա շարունակում դարեդար լրացվել և վերահաստատվել: Հայ մայրեր… «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Ազգերի էության յուրատեսակության և անկրկնելիության մեջ է ամբարված համաշխարհային ընտանիքի ամբողջ հմայքն ու կատարելությունը:
Ներեցեք, բայց ես իրոք հպարտ եմ հայ լինելու համար: Դա իմ Խաչն է, որը պարտավոր եմ կրելու արժանապատվորեն և հպարտությամբ: Հպարտ եմ իմ ժողովրդի հազարամյակների պատմությամբ, մեր առնական և ճկուն լեզվի հարատևությամբ, մեր մշակութային ծանրակշիռ վաստակով և ազգային առաքելական եկեղեցու անսասան վարդապետությամբ: Այդ հպարտությունը բարոյապես պարտադրում է ինձ պաշտպանելու իմ ինքնության բոլոր հիմնական բաղադրիչները, որոնց վրա հիմնված է Հայրենիքս, սերն ու նվիրումը իմ երկրի ու ժողովրդի հանդեպ՝ մայրենի լեզու, հավատ և ընտանիք։ Ես աղոթում եմ Աստծուն, ինչպես բանաստեղծը կասեր, որ նա եղածը պահի, իսկ հետո ինչ էլ պատահի, վստահ եմ, որ ձյուներս հայերեն են լալու, գարունս հայերեն է գալու, հայերեն են գալու դարերս։
Ենթադրում եմ, որ կարող եմ ծիծաղելի թվալ ձեզ, եթե բարձրաձայն խոստովանեմ, որ հայրենասեր եմ, պատրաստ կյանքս նվիրաբերելու հայրենիքիս և նրա սրբությունների պաշտպանությանը, սակայն չբարձրաձայնել չեմ կարող, քանզի թվացյալ վերացող այս տեսակը տակավին կենսունակ մի ամրակուռ բանակ է, որի հզորությունը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է, և որն այսօր զսպանակվելով, հավատացեք, վաղն առավել հզոր լիցքեր կպարունակի: Իսկ մեծամասնություն կոչվածը շատ հեշտորեն ենթարկվում է հնարամտորեն մշակված տարաբնույթ ներգործությունների, որովհետև լսելով է հավատում, այլ ոչ առկա իրականությամբ և փաստերի վերլուծությամբ, ինչպես ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անվամբ անամոթաբար ներկայացված ոմն ինքնակոչ թերմացքի, մարտիմեկյան իբր սպանված երեխայի մանկական կոշիկի ստահոդ պատմության կամ Ցեղասպանության հուշահամալիր ուղեկցվող ծերունուն շռայլված խոստումների կեղծիքները, որոնք, ցավալիորեն իրենց սև գործը կատարեցին, ապա, ասես կախարդական փայտիկի զորությամբ, հեշտությամբ ներվեցին և մոռացվեցին ամբոխի կողմից, հանց նախընտրական կամ թավշյա, անարյուն, ժողովրդական և վենդետա չենթադրող հեղափոխական խոստումներն ու երդումները: Հետևանքը, հայի վերջին խելքի մասին բազմիցս քննություն բռնած ճշմարտությունն է, մինչև կառավարիչների բացահայտ ցինիզմն ու մերկացումը, մինչև դանակը ոսկորին հասնելը, որը հղի է համաժողովրդական հույսի և հավատի հետ անմարդկային դաժան խաղերի արդյունքում մինչև հոգու խորքը վիրավորված հանրության բողոքի և վրեժխնդրության պոռթկմամբ ընդդեմ իր բացարձակ արժեքների սրբապղծության: Նվիրյալները պարզապես զգալ չեն տալիս իրենց գոյության մասին, չեն կարծում, թե իրենց կեցվածքն ու դիրքորոշումը մեծ առաքինություն են համատարած խառնաշփոթի մեջ: Նրանք շարքային քաղաքացիներ են, որոնց վերևները բարեհաճում են նկատել միայն այն ժամանակ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում: Թերևս, պատմական մի պահի, երբ դասալիքները դատում են պատերազմում հաղթողներին, երբ դավաճանները քննարկում և մեղադրում են հերոսներին, երբ առաքինությունները դիտարկվում են որպես անբարոյություն, իսկ այլասերվածությունը, որպես մարդու իրավունք, ամրագրվում օրենքով, այդ նվիրյալների հայրենապաշտպան դերակատարությունը ևս կարող է մերժելի համարվել։ Առանձնապես կարիք չկա այդպիսիներին որոնել իշխանավորների շարքերում, նրանք նվիրյալներ չեն, նրանք «ընտրյալներ» են:
Ավա՜ղ, վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր պետական այրերը նախանձախնդիր չեղան ազգային ինքնիշխան պետության քաղաքականության, երկրի համակողմանի զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակմանը. անկախությունը թակեց մեր դուռը, բայց մենք խորությամբ չգիտակցեցինք, թերևս միտումնավոր չխրախուսվեց դրա գիտակցումը և կարևորությունը, փոխարենը՝ շռայլորեն մսխվեց տնտեսական, գիտակրթական-մշակութային, հոգևոր ներուժը։ Չգիտակցվեց ազգային գաղափարախոսության կարևորությունը, այլ ընդհակառակը՝ չար ուժի ճնշման տակ վարկաբեկեցին և վանեցին դրա ջատագովներին. եռանդագին քանդեցին նախորդ համակարգը՝ փոխարենը կառուցելով քաոս, ինքնամոռաց տրվեցին համաժողովրդական հարստության թալանին և սեփականության վերաբաշխմանը: Եվ ամենայն հավանականությամբ այսօր մենք անցյալ ժամանակով կպատմեինք մեր երկրի և ժողովրդի մասին, միգուցե մեզ բախտ չվիճակվեր դրանց ասացողը լինելու, և օտարները պատմեին աշխարհի երեսից վերացած մի հինավուրց ազգի և պետության մասին, որը կործանվեց ներքին տականքի գետնաքարշության պատճառով, եթե ժամանակին չկանխվեր առաջին հեղափոխական առաջնորդ և հեղափոխությունների կնքահոր և նրա թիկնազորի բուռն ու ավերիչ գործունեությունը: «Հայրենիքը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը», իմ ոստանը իմ բոստանն է: Ոստան... առանց տանտիրոջ։
Մենք թանկ գին վճարեցինք հոկտեբերի 27-ին…
Ներեցեք, բայց ես նույնպես նախկին եմ։ Աշխատել եմ ոչ միայն ազատ, անկախ իմ հայրենիքի բոլոր իշխանությունների, այլև խորհրդային կայսերական պետության օրոք, որտեղ երկրի առաջին, երկրորդ և բոլոր պաշտոնատար այրերի շրջապատը կազմում էր բարձր մտավորականությունը՝ ստեղծագործական, գիտական, տեխնիկական, և ոչ թե կեղծանունավոր հեղինակություններ ու փողատերեր, որտեղ ծաղկում էին գիտությունը, կրթությունն ու բոլոր բնագավառները, որտեղ ժողովրդի բարեկեցությունը բարձր էր, հպարտությունը սոսկ կարգախոս չէր, մարդիկ չէին տառապում տխմար ինքնագովությամբ, որտեղ հարգանք էր տածվում ավագների նկատմամբ, գնահատվում էին մասնագետները, պարգևավճարները տրվում էին ըստ արժանվույն, կամայականությունները հազվադեպ էին, նվիրյալները վարձատրվում էին ըստ սահմանված կարգի… Նրանք սիրում էին իրենց երկիրն ու ժողովրդին ոչ որպես ճառասաց, այլ գործնականորեն:
Խնդրում եմ մեծամտություն չհամարել, բայց ես ինձ համարում եմ մտավորական, որը չի տառապում անձնական շահի նկրտումներով, այլ ձգտում է անանձնական նվիրումով ապրել իր կյանքը, հնարավորինս հետևել տասը պատվիրանների խորհրդին, բարի հետագիծ թողնել, և որ չծամծմեք որպես ամենանգամյա օգտագործման պաշտպանական պահուստային միջոց՝ չեմ տառապում անցյալի կարոտախտով, չեմ երազում հին ու նոր նախկինների վերադարձը, բայց կտրականապես մերժում եմ ձեզ և ձեր տեսակը, առավել ևս պետության կառավարման վահանակի առջև և երազում ազգային զորեղ ուժ տեսնել պետական կառավարման աթոռին։ Ձեր հակամշակութային, հակահայկական և հակաքրիստոնեական քարոզչությամբ տոգորված ամենագետ և ամենակարող «հրաշամանուկներից» քանի՞սն է կարդացել Աստվածաշունչը՝ նախքան իրենց վայրահաչը, Նարեկացու Մատյանը ծանո՞թ է այն դպրոցական ծրագրերից վտարողներին, և եթե ծանոթ է ու մերժողական է վերաբերմունքը, ապա, քավ լիցի, դա խոսում է տվյալ անձանց մտավոր արատների կամ Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձրագույն կոչմանն արժանացած հանճարի նկատմամբ որոշակի ժխտողականության մասին: Առավել ևս, ոմն սուպեր նախարար թուրն առած ընկնում է ամենայն ազգայինի հետևից, ասես ջղաձգվում «հայ» բառից, ինչպես սատանապաշտը՝ Խաչից: Հայոց եկեղեցու պատմություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայ գրականություն և հայոց լեզու և այլ առարկաների լիարժեք մատուցումը Հայոց Հայրենիքի դպրոցում թե բովանդակային, թե ժամային և այլ առումներով վտանգված է, որքան էլ որ «հանրությունը պատրաստ չէ» ձեր դարակազմիկ և լուսեղեն բարեփոխումներն ընկալելու: Ողբալի է: Այս և այլ մոտեցումներ, որ իրականացվում են այդ տխրահռչակ նախարարության կողմից և հովանավորվում կառավարական ամենաբարձր մակարդակով, ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական շահերից են բխում: Քաղաքական խմբային շահեր, հրահրված աներևույթ տերերի պատվերով, որոնք հակասում են մեր ազգային շահին, ներառյալ ռազմագիտություն առարկայի դասավանդման աննպատակահարմարությունը պատերազմող երկրում: Տպավորությունն այնպիսին է, թե որոշ տհաս գործիչների համար պատերազմը ոչ թե սահմանին կատարվող մարտական գործողությունները, այլ համավարակի դեմ մղվող իրենց անարդյունավետ պայքարը և խաղաղասիրական նահանջողական կոչերն ու կռիվ գնացող եղբայրների մասին երգի հանդեպ բարձր ամբիոնից արտահայտված դասալիքային քամահրանքն են: Թվում է ևս մեկ քայլ, և թավշյա գործիչը կառաջարկի դատել երգի հերոսներին, հեղինակին, կատարողին ու կանաչ գորգ կփռի խաղաղասեր և կառուցողական հարևանի առջև… Սրա ակունքները տակավին նոր անկախացած ՀՀ-ում են, երբ ի զարմանս բոլորի, իննսունական թվականներին կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստան» բառն օգտագործելու համար հիմնարկ-ձեռնարկություններից գանձել հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սահմանափակելով բառի անվանական կիրառումը…
Հանրակրթական չափորոշիչների մեջ հայ գրականությունը վերաձևվել է պարզապես գրականություն։ Ակադեմիական ինստիտուտները, ստեղծագործական միությունները, բուհական հաստատությունները, մտավորականությունը ժամանակին ունեին իրենց ձայնը, որ չէր արհամարհվում, լսելի և ուսանելի էր և իշխանությունների և հասարակության համար: Սթափեցնող և միակամ այդ ձայնն այլևս լռել է, և լսելի են միայն առանձին անհատների անհաշտ բողոքներն ու ընդվզումները, որոնք չեն ծառայում նպատակին: Զարմանալի կարճ ժամանակահատվածում մտավորականությունը արհամարհվեց և ձևավորվեց նյութականացած, հոգևոր արժեքների հետ դույզն ինչ չաղերսվող «էլիտա», որի ճնշող մեծամասնությունը, որ չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ, իր նախնական կապիտալը կուտակեց զոռբայության, խարդախության, թալանի և սպանությունների միջոցով: Ազգային ողբերգություն էր իրական մտավորականության կորուստը, ինչի պատճառով հանուրի անանձնական մտածողությամբ գործող բանական խավից ազգը զրկվեց, գլխատվեց՝ վերածվելով անառաջնորդ ամբոխի, որտեղ անհատն ինքնուրույն պետք է լուծի իր առջև ծառացած սոցիալական տարաբնույթ բոլոր խնդիրները՝ տարերայնորեն, առանց ուղղորդման, առանց առաջնորդի, առանց պետական միջամտության, որը հրաժարվել է պարտականություններից իր քաղաքացու հանդեպ, սակայն առավել մեծացրել ճնշումը նրա պարտավորությունների կատարման նկատմամբ: Պատասխանը պարզ ու հանրամատչելի է, առավել քան թափանցիկ. «Եթե մեղավոր ա կառավարությունը, ապա մեղավոր ա նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն ա էս կառավարությանը բերել իշխանության»: Ճիշտ Ցեղասպանությանը նախորդած և բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած մտավորականության պետականորեն կազմակերպված կոտորածների հանգույն:
Այն, որ կառապանը կոմբայնավար, իսկ վերջինս օդաչու դառնալ չի կարող, փաստ է, մանավանդ, երբ նա տգետ ու ինքնահավան է, փառասեր և կամակատար, իսկ համարձակությունը նրան մղում է արկածախնդրության, որը հանգեցնում է ոչ միայն իր և շրջապատի, այլև ամբողջ ուղևորակազմի ողբերգության: Հետևաբար, ճակատագրական աղետից խուսափելու համար անհրաժեշտ է շուտափույթ հեռացնել նրան իր անձնակազմով այդ պատասխանատու դիրքից, եթե, իհարկե, նրան չբավարարի ինքնակամ հրաժարական տալու և հեռանալու կամքը: Մենք թշնամու կողմից գերեվարված ժողովուրդ, հայրենիք և պետություն չունենք, որ մեզ թույլ տանք անձի և խմբավորման ներքին կամայական փորձություններ: Առանց այն էլ պատերազմում հաղթանակած երկիրը, անհայրենիք պաշտոնյաների ընչաքաղցության պատճառով, պարտություններ գրանցեց հարաբերական զինադադարի և խաղաղության ընթացքում:
Ներեցեք, գուցե և իմ մոտեցումներից դուք տհաճ մգլահոտ զգաք, և բնորոշեք ինձ որպես հետադեմ հակահեղափոխական, բայց մեր երկրի հանդեպ ձեր փայփայած անուրջները ստիպում են ինձ առավել նվիրումով (ընդ որում անվճար, առանց որակյալ թանկ բանի համար բարձր պարգևավճարների ակնկնալության) և հավատարմությամբ ծառայելու իմ ժողովրդին, որից առանձնացած, կառուցել եք բարիկադներ՝ ատելության և անհանդուրժողականության մերժողական բաժանարարներ գծելով սև ու սպիտակի, հին ու նորի, նախկինի ու ներկայի միջև՝ արդյունքում ասպարեզը բաց թողնելով համբակների համար, որոնք անթաքույց պղծում են սրբավայրերը՝ գերեզմանից մինչև Մայր Աթոռ, ոգեշնչվում լանզարոտյան «հաղթանակով» և հարձակվում հոգևոր առաջնորդի վրա։ Չար ուժերին հանդիման ես պատրաստ եմ նաև հետադեմի և պահպանողականի, շովինիստի ու ազգայնականի որակավորումներ կրելու, նոր աշխարհակարգի մասին հորջորջող գլոբալիստների գավառական ստորաքարշությանը հակադրվել իմ ազգային արժանապատվությամբ ու արժեհամակարգի պաշտպանությամբ, որով ապրել և արարել ենք մեր ամբողջ պատմության ընթացքում: Չեմ հանդուրժելու երբևէ հայ գրականությունն ընդհանրական գրականությամբ փոխարինողներին, հայոց եկեղեցու և հայոց պատմության վրա քար նետողներին: Ձեր անտրամաբանական տրամաբանությամբ հայոց լեզվից վաղը կմնա միայն լեզուն, Հայաստանի հանրապետությունից՝ անորոշ մի հանրապետություն և այլն: Հակահայկական ճղճիմ նկրտումները մի արդարացրեք հանրակրթության չափորոշիչների փաստաթղթի իբր սևագրությամբ: Համոզված եմ, որ դա քննարկվող տարբերակն է, իսկ նման անհեթեթ տգիտություն իրեն թույլ չէր տա նույնիսկ ամենածույլ աշակերտն իր սևագրության մեջ: Կանաչ լույս վառելով ձեր սիրելի ԼԳԲՏ-ականների, տարբեր աղանդների, թմրամոլների և օրինավոր կյանքի կանոններն անտեսող ժեխի առջև, դուք լուսանցք եք տեղափոխել ամենայն առաքինին ու արժեքավորը, վտանգել մեր ազգային դիմապատկերի առանձնահատկությունները:
Դեռևս հուսով եմ՝ լայնախոհություն կցուցաբերեք և կհանդուրժեք այդ արժեքները կրողնեին, որոնք չեն կեղծում, չեն ստում, չեն քծնում, չեն վաճառվում, չեն դավաճանում, այլ սկզբունքային դիրքերում ամուր կանգնած են իրենց հողի վրա, սիրում են իրենց հայրենիքը, իրենց պատմությունը, մշակույթը, նվիրված են այն ամենին, ինչ հայկական ու ազգային է, քանզի բացառվում է համամարդկային արժեքների գնահատումը, եթե անտեսվում է ազգային հիմքը: Նրանց մտապատկերում Հայաստանը պահպանվում է որպես թանգարան բաց երկնքի տակ, այլ ոչ տոնավաճառ, Գառնիի հեթանոսական տաճարը՝ պատմա-մշակութային եզակի արժեք ներկայիս Հայաստանի տարածքում, այլ ոչ «մի հատ հռոմեական հավաբույն», և Քարահունջի աստղադիտարանն էլ բնավ չի ընկալվում որպես «մի բուռ ռագատկի քարերի կույտ»: Պետական կառավարումը փողոցային շարժում չէ, որտեղ ձախողումը և անտեղի զոհեր տալը դիտվի որպես հերթական սխալ, վրիպում, խոսքի կամ գործունեության խոտան և ներվի: Պետականության, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ գործած ոչ մի հանցանք ներման ենթակա չէ…
Իսկ որքանո՞վ են տեղավորվում պետականաշինության չափորոշիչների մեջ այն մոտեցումները, որ այսօր փորձ է արվում կյանքի կոչելու կառավարության և պառլամենտի մակարդակով: Արդյո՞ք, նպաստում են դրանք պետական անվտանգությանը, ժողովրդի բարեկեցությանը՝ խոստացված տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգագրական վիճակի բարելավման, ներդրումային ծրագրերի իրականացմանը, թե կազմաքանդում և առ ոչնչի են վերածում ժողովրդի առանց այն էլ դժվար, նաև անտանելի վիճակը: Արդյո՞ք մշակույթի, գիտության և կրթության, եկեղեցու և սփյուռքի հանդեպ, մի կողմ դրած տնտեսության ամբողջական համապարփակ կաթվածահար վիճակը, ներկայիս պետական դիրքորոշումները բխում են համազգային և պետական շահերից: Հավատացեք, ձեր հետևողական աշխատանքի արդյունքում պատճառված տնտեսական վնասն ու կորուստներն ինչ-որ կերպ, ինչ-որ չափով ենթակա են վերականգնման և վերակառուցման, իսկ ինչպե՞ս վարվել հայրենասեր, գրագետ և բարոյական քաղաքացի կրթելու և դաստիարակելու փոխարեն հասարակության մեջ անգրագիտության, հոգեմտավոր և բարոյական խեղումների հունդեր սերմանելու հանգամանքի հետ, և որո՞նք են դրանց ներկայիս պետական չափորոշիչները: Ինչպե՞ս պահպանել կամ վերականգնել արժանապատիվ ազգային նկարագիրը՝ ինքնության բոլոր հիմնական բաղադրիչներով, երբ ամենաբարձր պաշտոնական վերնախավի՝ գործադրի և օրենսդրի կողմից հեղափոխական բարեփոխությունների անվան տակ ոտնակոխ են արվում պետության և քաղաքացու շահերը։ Կարելի՞ է այնպես գործել, որ արդյունքները շահեկան լինեն ոչ միայն մեկ, այլև բոլոր կողմերի համար: Կարո՞ղ եմ արդյոք ինձ թույլ տալ կասկածելու ձեր ժողովրդահաճո և պետականամետ ճառերին և եզրահանգելու, որ ըստ էության իմ երկրում ինչ-ինչ հատուկ ծառայությունների գործակալների միջոցով իրականացվում է մի հրեշավոր ծրագիր, որը երկնել են թշնամական ճամբարում՝ կործանման և ինքնաոչնչացման ուղղորդելու մեր ազգային ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, իսկ այդ ճանապարհին ոչնչի, նույնիսկ սեփական արժանապատվության, ճշմարտության և սեփական խոսքի արժեզրկման առջև չկանգնելով, մոլեգնում են սուտը, կեղծիքը, խարդախությունը: Հիշեք, ուրեմն, մեր գլխով շատ ամպեր են անցել, բայց սարը միշտ կա անսասան: Հիշեք, որ «չարն էլ է միշտ ապրում անմեռ, անեծք նրա չար գործին, որդիդ լինի, թե հեր ու մեր, թե մուրազով սիրած կին»: Մեկնաբանություններն ինքներդ կատարեք, եթե, իհարկե, կարող եք:
Չեմ ցանկանում մանրակրկիտ ներկայացնել անհեթեթությունների այն շղթան, որ ամենասեղմ ժամկետներում, ցուցաբերելով նախանձելի հետևողականություն և ջանադրություն, համառորեն հյուսվում է մեր օրերում: Փաստերի և որոշումների ընդունման համադրությունը պարզորոշ ուրվագծում է թիրախավորված հայկական գործոնը, որի գլխին կախվել է ամենակուլ յաթաղանը: Լինի դա սփյուռքի նախարարությունը հանձնակատարով փոխարինելու զավեշտալի իրողությունը, երբ քանակապես այն մի քանի անգամ գերազանցում է հայաստանաբնակներին, տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկի՝ գյուղատնտեսության նախարարության լուծումը՝ արդյունաբերության բացակայության պայմաններում, գրքերի և մանկապատանեկան մամուլի տպագրության համար պետական միջոցների հատկացման արգելքը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում տիրող խառնակ իրավիճակը, հանրակրթական դպրոցներում հանձնարարվող ուսումնական գրականության ամբողջ «հմայքն ու թշվառությունը» միջնադարյան ոսկեղենիկ գրավոր ժառանգության մերժումով՝ հայ գրերի գյուտարար և վերականգնող սուրբ Մեսրոպ Մաշտոցից և պատմահայր-քերթողահայր Մովսես Խորենացուց մինչև քուչակյան հայրեններ ու սայաթ-նովյան տաղեր, բուհերի ղեկավարության ընտրության և ընդունելության քննությունների, հեռավար կրթության կազմակերպման զավեշտալի գործընթացները և, ընդհանրապես, արհամարհանքը հայագիտության և «սուրճ խմող» գիտնականների նկատմամբ, նույնիսկ սրբություն սրբոց աշխարհահռչակ Մատենադարանին սպառնացող մետաստազների ներդրումը և այլն: Մշակույթի և գիտության տաճար մուտք գործելու համար անհրաժետ է ունենալ պատկառանք դրանց և դրանք արարողների հանդեպ, մտքի և հոգու մաքրություն և բարոյականություն, այլ ոչ հակամշակութային և հակագիտական պիղծ միտումներ։
Ներեցեք, բայց դուք վաղուց հուսախաբության եք մատնել ձեր երբեմնի մոլեռանդ երկրպագուներին և խախտել եք կանգ առնելու, ժողովրդին հաշվետու լինելու ժամկետները: Ձեր տխրահռչակ գործունեությունը մեզանում հանգեցրել է սիրո և նվիրումի աննկարագրելի պակասի՝ հոգու սով և գռեհիկ մենիշխանության բռնապետական շքահանդես: Չար երազ, որտեղ մոլեգնում են սատանաներ, մաքսանենգներ, ստախոս խաբեբաներ, հակահեղափոխական դավադիրներ, ընդդիմադիր հրոսակներ, ոստիկանական անհետաձգելի միջոցառումներ, քրեական ենթամշակույթ կրողներ, անամոթ միասեռականներ և տրանսգենդերներ, տարրական դասարանների աշակերտների սեռական դաստիարակության քարոզիչներ, ասֆալտներին փռված անդիմակներ և դիմակավոր փռողներ, անմեղ մեղավորներ և անմեղսակից մեղավորներ, հավատի կորուստ և հուսախաբություն։ Կոռ ու բեգյար՝ հարկեր, վարկեր, տուգանքներ, տոկոսներ, պատիժներ, սպառնալիքներ… Յո՞ երթաս, իմ չքնաղ հայրենիք… Յո՞ երթաս, հայ մարդ: Երերում է ներքին միասնությունդ, և երկիրդ ավելի գայթակղիչ դարձնում արտաքին թշնամիների համար, հասարակությունը ամենօրյա ռեժիմով ներարկվում է ատելությամբ ու չարությամբ, արհամարհանքով ազգային արժեհամակարգի բոլոր սրբությունների նկատմամբ, ազգային նկարագիրն աղավաղվում է պետական անմիջական հանձնառությամբ, իսկ քննադատությունը մեկնաբանվում է նողկալի մեղադրանքներով, ներառյալ պետական դավաճանության և տարաբնույթ հանցագործությունների մասին օդում շրջող լուրերով՝ հիշեցնելով այն ժամանակները, երբ հաշվեհարդար իրականացնողներին «տրոյկաներն» էին սպասարկում: Բայց իրավիճակի փոփոխությունը ծնել է տարակարծությունը և ընդդիմությանը պատժելու նոր և զազրելի մոտեցումներ: Պատմությունը փաստում է, որ ժողովրդավարությամբ դիմակավորված գործիչները բազմիցս ծառայեցրել են այն սեփական շահերին և ուղղել ընդդեմ իրական ժողովրդավարության:
Ներեցեք, բայց դուք խախտել եք ձեր հեռանալու ժամանակացույցը: Օր առաջ հնարավորություն տվեք ձեր հպարտ հայրենակիցներին անդեմ ու անողնաշար «մատերիալի» չվերածվելու, որ երկիրն ու նրա քաղաքացին ապրեն արժանապատիվ, հավատարիմ մնալով իրենց ազգային ավանդույթներին՝ ընտանիքում, դպրոցում, հանրային կյանքում: Ժողովուրդը խաղալիք չէ, որին կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության, ապա շպրտել մի կողմ կամ մոռացության տալ մինչև խաղի հաջորդ ցանկությունը: Խամաճիկների քանակից, կարծեմ, դժգոհության առիթ չունեք: Կամավոր հեռացեք, որպեսզի չհրահրվի և կանխվի ևս մեկ խայտառակ աղետ մեր կյանքում, որից անտարակույս կօգտվեն իրական, այլ ոչ երևակայական ներքին և արտաքին թշնամիները:
Այո, ես զտարյուն հայ եմ, պահանջատեր իմ հայրենիքի և ժողովրդի համար, որը սրբորեն պահպանում և պահպանելու է իր պատմական հիշողությունը՝ անկախ որևէ մեկի կամ ուժի կամքից ու ցանկությունից: Մենք թույլ չենք տա, որ ձեր արծաթասիրության և ազգադավության կրքերով կործանեք մեր երկիրը՝ նրա անցյալի և գալիքի պատմությամբ, թույլ չենք տա, որ աղավաղեք Հայի փառահեղ կերպարը: ՈՒրախ եմ, որ ձեր ապազգային գործունեության շնորհիվ հայության մեջ վերարթնացան թվացյալ թմբիրի մեջ թաղված ազգային արժեքների պաշտպանության և պահպանման հայրենասիրական գաղափարները: Այո, մեր հոգևոր սահմաններն անսահման են, և մենք ընդարձակելու ենք մեր աշխարհագրական սահմանները՝ ի հաշիվ մեր պատմական տարածքների, և ոչ մի թիզ հող չենք զիջելու մայր ու մանուկ մորթող, քնած երիտասարդին կացնահարողին ազգային հերոս հորջորջող բարբարոս ցեղախմբին ու իր հարևան ցեղակիցներից օգնություն մուրացող «կիրթ ու կառուցողական» ցեղապետին, որքան էլ որ դա չբավարարի «երրորդ» կողմին: Իսկ հիմա դուք պարտավոր եք ներողամտություն հայցել մեր ժողովրդից Հայաստանում՝ իր Արցախ աշխարհով, և համայն հայությունից՝ ի սփյուռս աշխարհի, քանի դեռ ուշ չէ: Կարծում եմ կռահում եք, որ ձեզ չեն ներելու…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ