38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հին պատի վրա դրված նոր պատը չի ուզում հիշել հիմքը

Հին պատի վրա դրված նոր պատը չի ուզում հիշել հիմքը
27.03.2018 | 00:32

Առաջին օրն անսովոր, անծանոթ ձայների հեղեղից վեր թռա, մի պահ չհասկանալով, թե որտեղ եմ, բայց հետո օր օրի ընտելացա: Ակամա նույն ժամին արթնանում էի ու սպասում մթան լռությունը կոտրող արդեն ոչ անսովոր ազանի և դրա առաջին ղողանջների հետ ասես անցյալի խորին խութերից կենդանություն առած թռչնային շշունջներին, որոնցում մոռացված ծանոթ տագնապ կար ու անհանգստություն: Անգամ Երևան վերադառնալուց հետո նույն ժամին արթնանում ու անհանգիստ անհամբերությամբ սպասում էի Պոլսի գիշերվա վերջին տիրական երգեցողությանն արձագանքող անտես թռչունների վեհերոտ արձագանքումներին, որոնք սկզբում ինձ թվում էին լսողական պատրանք, բայց երբ մի առավոտ հայտնեցի տարակուսանքս, տանտիրուհին ասաց, որ գիշերը Բոսֆորից կամ ով գիտե, որ ջրերից, ճայեր են այցի գալիս: Անգամ այդ պարզ բացատրությունից հետո լուսաբացի շշունջներում ես հեքիաթ էի փնտրում: Ինձ թվում էր, թե նրանք Գումգափուի երբեմնի հայկականությամբ շնչող թաղերի՝ ծովից տուն դարձող հայ ձկնորսների անկատար երազանքների ու կրած դառնությունների մասին են պատմում առևտրային թաղամասի լարված օրվա վազքից հոգնած տարբեր ազգությամբ եկվորներին, հիշեցնում, որ խելացնոր այս կյանքում ամեն բան անցողիկ է, ունայն, և հեռավոր հիշատակների տարտամ լույսն է միայն, որ երբեմն-երբեմն անդրադարձնում է անցյալ ժամանակների ուրախության ու ցավի տրոփյունները: Բայց հանապազօրյա հաց վաստակելու համար իրենց երկրները թողած, տարբեր մաշկի գույնով, տարբեր լեզուներով խոսող առևտրական կանանց ու տղամարդկանց համար, գնած ու վաճառած ապրանքի կիլոգրամներից, թվերից բացի, մնացյալ ամեն բան անհետաքրքիր էր: Եվ ազանի ելևէջների ու ճայերի գիշերային շշուկների համանվագը դեռ երկար, գուցե մինչև իմ օրերի վերջը կուղեկցեն ինձ մթան գրկում սաղմնավորվող լուսաբացներին՝ համակելով անբացատրելի զգացողություններով:


Իր մանկության Գումգափուի ու այնտեղ ապրող հայ ձկնորսների մասին ինձ պատմեց Հարություն Քույումջյանը, որը Դպրեվանքում, որտեղ աշխատում է, մեր զրույցից հետո կամավոր ու սրտանց ստանձնեց Գումգափուի հայության անցյալ և ներկա կյանքի դրվագները ցույց տալու, բացատրելու պարտականությունը, և, ինչպես հետո անկեղծացավ, գլխացավ էր ստացել իմ արևելահայերենի որոշ արտահայտությունները հասկանալու ճիգերից: Մինչ ես վայելում էի արևմտահայերենի նրա մեղմ, անուշ խոսվածքը, նա համեստորեն արդարանում էր, որ բավարար խորությամբ չի տիրապետում արևմտահայերենին, միաժամանակ ընդգծելով, որ մայրենի լեզվի ուսուցչուհին եղել էր «Մարմարա» թերթի խմբագրի տեղակալ, տաղանդավոր, գիր-գրականության նվիրյալ, բոլորի կողմից սիրված-հարգված օրիորդ Մաքրուհին:
Երեկոյան Գումգափուի նեղլիկ նրբանցքներում Հարությունի մատնանշած տների հնությունից խամրած դուռ-պատուհաններն ուսումնասիրելուց, հայ մանչուկների ծեծ-կռիվների, առաջին սերերի ժպտալի ու թախծալի պատմություններն ունկնդրելուց հետո, առավոտյան արդեն սովոր ու մի տեսակ հանդիսաքայլ բարձրադիր փողոցով իջնում էի դեպի Կ. Պոլսո պատրիարքարան՝ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ժամերգության ու պատարագի հնչյունների ներքո ընկղմվելու ժամանակների խորքը՝ ձգտելով մտքի թևով հասնելու, հասու լինելու մարդկային պարզ կյանքին անհաս գաղտնիքներին: Պատրիարքարանի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հետ հանդիպելու խնդրանքիս այդպես էլ որոշակի պատասխան չեղավ: Զգում էի՝ լռությունը մերժում չէր, բայց և նուրբ խուսափում կար, որ արդեն իսկ հասկանալի էր հոգևորականներից մեկի՝ մի ավելի հանգիստ ժամանակ զրուցելու նուրբ ակնարկից: Երբ կրկին պատասխանի սպասումով նստած էի նախասրահում, երիտասարդ, բարեհոգի հոգևորականն առաջարկեց մասնակցել Սամաթայի Սուրբ Գևորգ եկեղեցու մատաղ օրհնությանն ու Սուրբ պատարագից հետո անցկացվելիք Սիրո սեղանին: Սիրո սեղան ասվածն ավանդաբար եկած բարեգործական արարողություն է, որի ժամանակ համայնքի ունևոր ու կամեցող անդամների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է լինում հոգալ աշակերտների կրթության ու դաստիարակության խնդիրները: Սիրո սեղանին մասնակից այրերն ու տիկնայք իրենց ելույթներում շատ կարևորեցին հայ համայնքի մատաղ սերնդի կրթության դերը՝ հորդորելով եռանդուն մասնակցություն ցուցաբերել, քանի որ նվիրատվություններն օժանդակում են, ինչպես հիշատակեց նախակրթարանի ու միջնակարգ կրթության բաժնի տնօրինուհին, իրենց ամբողջ ուժը ներդնելու աշակերտների հայեցի ոգին վառ պահելու, նրանց բազմակողմանի գիտելիքներ հաղորդելու գործին:
Հայ դպրոցը հիմնական, կարևոր դեր ունի համայնքի հետագա գոյատևման խնդրում և առանձին ընդարձակ վերլուծության նյութ է:


...Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու սրահում այցելությանս առաջին օրը, չնայած ժամերգության կանչող ելևէջներին, զարմանալիորեն ոչ մի այցելու չկար: Տարեց ու ջահել հոգևորականները, ասես երկրային կյանքից վերացած, հայացքներում՝ ներհայեցող առանձնություն, կատարում էին ժամերգությունը, ու դարերի խորքից սկիզբ առնող նրանց ձայները՝ անուշաբույր խնկի քուլաներին փարված, ինձ տանում էին հայոց անցյալի մշուշով պատված եզերքը: Թոթովենցի բանաստեղծության տողերն էին միալար հնչում իմ հոգում ու իմ շուրջը. «Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս, Ինչպես քարայր ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս»: Ասես իրական՝ Ղևոնդ Երեցի, Ավարայրի ճակատամարտի պատմիչ Եղիշեի, հայոց հին ու նոր պատմիչների՝ մատյանների վրա խոնարհված դեմքերն էին սահում-անցնում աչքիս առջևով, և ես վերացած, կրկին ու կրկին լուռ կրկնում էի Թոթովենցի տողերը: Հանկարծ կարծես մեկն ասաց՝ շրջվիր: Հետ նայեցի ու եկեղեցու մուտքի մոտ տեսա երկրորդ այցելուին. երիտասարդ կին էր՝ նուրբ, փխրուն երևույթով: Աչքերը կիսախուփ, ամբողջովին տրված արարողության խորհրդին՝ ջերմեռանդ աղոթում էր և արարողության ավարտին մի տեսակ սահելով, դանդաղ դուրս եկավ եկեղեցուց: Շտապ հասա նրան՝ համոզված, որ գտել եմ ինձ հետաքրքրող մեկին:


Պարզ, անմիջական՝ ներկայացավ. «Թալին Գալիպօղլու, եկեղեցու քարտուղարն եմ»: Սիրալիր հրավիրեց զրուցելու բակի միահարկ շինության սենյակներից մեկում, որ, դատելով աթոռների թվից, երևի հենց զրուցարան էր: Ժպտադեմ Թալինն ինձ միանգամից համակեց հարազատության զգացումով: Քիչ անց սղագրում էի հարցերիս պատասխաններն ու վայելում նրա խոսվածքի հստակ հնչողությունը, որում հաճախ էին կրկնվում Երևան, Պոլիս անունները:
-Մայրս՝ Անիկ Սյուզանը, հայրս՝ Գրիգոր Սարգիսը, բնիկ պոլսեցի են: Հայրս երկար տարիներ թաղական է եղել Հալեջօղլուի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Նրա հետ միշտ եկեղեցի էի գնում: Եկեղեցին մանկուց իմ հոգում է եղել: Սովորել եմ Բաքր գյուղի Դատյան վարժարանում, ապա Սամաթիայի Սահակյան վարժարանում: Մայրենիից բացի՝ գիտեմ թուրքերեն, մի քիչ էլ անգլերեն:
Օրեր անց, երբ Դպրեվանքում էի, որտեղ կրթություն են ստացել Հրանտ Դինքն ու տաղանդավոր, շնորհալի շատ հայորդիներ, վարժարանի սան, Կարեն անունով հայ պատանին իմ՝ ի՞նչ է անունդ հարցը չհասկացավ, չկարողացավ հայերեն պատասխանել, ու նա միակը չէր, կարոտով հիշեցի Թալինին: Շատ երիտասարդների համար Դպրեվանքում սովորելը հարմար է, մատչելի, ավարտելուց հետո համալսարան ընդունվելու նպատակ են հետապնդում, իսկ հայերեն պարտավորված չեն զգում սովորել՝ ասելով. «Հայերեն չեմ խոսում, օգտակար չէ»:


Մոր կողմից Թալինը ժառանգել է ամենքի հետ նույն կերպ վարվելու կուլտուրան:
-Մարդկանց մեկը մյուսից չեմ զատում, տարբերություն չեմ դնում: Քեն չունեմ: Ինձ գեշություն անեն, մեկ-երկու օրից կմոռնամ: Դյուրին մարդ եմ: Երբ որևէ գործ ձեռքս առնեմ, անպայման կավարտեմ: Քիչ մը փափուկ սիրտ ունեմ: Սիրտ կոտրել չեմ սիրեր: Վիճաբանություն եղավ, հուզվում եմ...
1998 թ. ապրիլի 27-ին ամուսնացել է Էդվին Հարություն Գալիբօղլուի հետ: Գալիբ նշանակում է շահած, հաղթանակած: Էդվինի հայրը ասորի է, մայրը՝ Աղավնին, հայուհի:
-Ամուսնուս ծնողները պսակվել են ասորական օրենքով, բայց զավակները՝ Էդվինն ու Սիբիլլան, հայի մկրտությամբ են մկրտվել: Էդվինը սովորել է թուրքական դպրոցում, բայց ի վերջո, մասնավոր դասեր է առել: Լավ հայերեն գիտե: Լավ դաշնակահար է: Համերգներ է տվել Հայաստանում՝ վեց անգամ: Ես ևս երկու անգամ եղել եմ Երևանում:


Թալինը մի պահ հեռանում է ընտանեկան խնդիրներից: Սիրով, ճշմարիտ հավատացյալի սիրով է խոսում Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում իր կատարած աշխատանքի մասին. պարտաճանաչ է, չի սիրում անտարբեր, անհոգի արված գործ: Անգիր թվարկում է հայկական եկեղեցիների անունները. Բաքրգյուղ՝ Սուրբ Աստվածածին, Քուրթուլուշ՝ Սուրբ Վարդանանց, Սամաթիա՝ Սուրբ Գևորգ , Թոփգաբու՝ Սուրբ Նիկողայոս, Էյուպ՝ Սուրբ Եղիա, Ղալաթիա՝ Սուրբ Երրորդություն, Գետիկ փաշա՝ Սուրբ Հովհաննես, Թաքսիմ՝ Սուրբ Հարություն, Բեյօղլու՝ Սուրբ Երրորդություն, Պեշիկթաշ՝ Սուրբ Աստվածածին, Գուրուչէշմէ՝ Երևման Սուրբ Խաչ, Ենիգյուղ՝ Սուրբ Աստվածածին, Պոյաճըգյուղ՝ Սուրբ Երից Մանկանց, Քադըգյուղ՝ Սուրբ Թագավորաց... Մինչ թվարկում է, ես հիշում եմ «Ակօսի» հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքը. «Մոտենում է Պոլսո պատիրարքարանի 600-ամյակը: Վեց հարյուր տարվա պատմություն. սա ինքնին թագավորություն է, գերված թագավորություն, որն իր դերն ունի»:
Մեր զրույցը շարունակվում է բակում: Կարդում եմ ժամանակի հպումից խամրած տապանաքարերի գրությունները. յուրաքանչյուրը մի կյանքի պատմություն է ամփոփում՝ հույզերով, ուրախություններով, կորուստներով: Նաև հիշատակություններ կան կատարած բարեգործությունների մասին: Ահա այս մեկն օրինակ. «Ս. եկեղեցիւոյս յարակից կառոյցները նորոգուեցավ Տիարք Եդգին եւ Աթիք Պէրպէրօղլուի բարերարութեամբ ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողաց Երվանդ եւ Բերուզ Պէրպէրօղլուի 15. 11. 1993 թ.»:


Հայկական եկեղեցիները պետությունից օգնություն չեն ստանում: Բոլոր խնդիրները հոգում է հայ համայնքը: Մինչդեռ մզկիթների ջրի, էլեկտրամատակարարման վճարումները պետության հաշվին են կատարվում: Հայ համայնքն ինքն է հոգում իր եկեղեցապահպան խնդիրները: Ի դեպ, մի հետաքրքիր ավանդույթի մասին, որ վատ չէր լինի ընդօրինակեինք Հայաստանում: Այդ օրերին Մայր եկեղեցում ներկա եղա հայտնի, հարգարժան ոսկերիչներից մեկի հոգեհանգստյան արարողությանը, որին մասնակցում էին ոչ միայն ոսկերիչների դասը, այլև համայնքի շատ պատվարժան ներկայացուցիչներ: Երևանում հայտնի մեկի թաղման կապակցությամբ տասնյակներով ծաղկեպսակներ են բերում, կողք կողքի շարելով՝ փակում շենք ելումուտի ճամփան՝ ասես շքեղությամբ մրցակցելով միմյանց հետ: Այստեղ խորհրդանշական, պարզ, զուսպ չորս ծաղկեպսակ էր ընդամենը: Ընդունված է, որ մահից առաջ մարդը պատգամում է իր հիշատակի ծաղկեպսակների փոխարեն հավաքված գումարը տրամադրել համայնքի համար կարևոր այս կամ այն նպատակին, կամ հարազատներն են կայացնում այդպիսի որոշում: Նախքան Պոլիս մեկնելը՝ Երևանում հանդիպել, զրուցել էի Լոս Անջելեսից եկած Հակոբ և Զեփյուռ Ալիքսանյանների հետ: Հակոբը նախկին պոլսահայ է, 18 տարեկանում մեկնել է Ամերիկա: Նա պատմեց, որ ընկերը՝ Վարուժանը, նույնպես պոլսահայ, 1992 թ. Արցախյան պատերազմի դժվարին շրջանում եկել է Հայաստան, տեսել, թե ժողովուրդն ինչ ջանքեր է գործադրում, ինչ զրկանքներ կրում հանուն Արցախի ազատության ու անվտանգության և նույնպես պոլսեցի, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի խորհրդով, վերադառնալով Լոս Անջելես, հավաքում է իր պես պոլսահայերի ու ոչ պոլսահայերի և հիմնում «Հայրենիք» միությունը՝ Արցախի և Հայաստանի հեռավոր, ճանապարհներից զուրկ, հոգսաշատ գյուղերին օգնելու համար. համակարգչային դասարան, ալրաղացներ՝ Մարտակերտի ու Հադրութի համար, Շահմասուրում՝ համայնքի կենտրոն, բուժկետ, Կուսապատում՝ հուշաղբյուր, Հադրութի շրջանի Արա լեռ գյուղում՝ հիվանդանոց... Տասնյակ էջեր կարելի է գրել կազմակերպության իրականացրած ծրագրերի մասին:

Օգնության գումարները գոյանում են միության անդամների անդամավճարներից, նվիրատվություններից, նաև ծաղկեպսակների փոխարեն օգնության ավանդույթն է գործում: Հուզիչ մի օրինակ. սարերից Խրամորթ գյուղ է հասցվել խմելու ջուր: Ծրագիրը հովանավորել էր արդեն ծանր հիվանդ Սեպուհ Մադոյանը: Ջրագծի բացման հանդիսավոր արարողությունից հետո «Հայրենիք» միության ներկայացուցիչները Լոս Անջելես են վերադարձել՝ աղբյուրի ջրով լի շշերով և հանձնել 60 տարեկան հասակում մահացած Սեպուհ Մադոյանի տիկնոջը: Եթե հայաստանցի մեծահարուստները տասնյակներով ծաղկեպսակների համար ծախսելիք գումարը տրամադրեն ազգօգուտ գործերի, ասենք՝ երիտասարդ մի ընտանիքի բնակարան ձեռք բերելու կամ անապահով մի ընտանիքի հոգսերը հոգալու համար, մեր կյանքում, մեր հոգիներում լուսավոր երանգներ կհայտնվեն: Սակայն վերադառնանք Գումգափու: Երբ զրուցում էի այստեղ բնակվող հայերի հետ, ոմանք խուսափում էին ներկայանալուց, նրանք ցավ էին հայտնում Գումգափուի հայկականության անկման մասին. «1957-1960 թթ. այստեղ միայն հայեր են ապրել, և տաճիկները նրանց հետ խոսել են հայերեն»: Այսօր հայերի թիվը սակավ է, հիմնականում աշխատանքի փնտրտուքով այստեղ հայտնված հայաստանցիներ են:

Մտահոգիչ փոփոխության հետքն զգացվում է նաև Պոլսո պատրիարքարանում: Երբ Գումգափուում հայերը շատ էին, 5 եկեղեցում էլ պատարագ է մատուցվել: Այսօր եկեղեցիներից մեկը վերածվել է սրահի, մեկում, որ փոքրիկ մատուռ է, մկրտություն է կատարվում: Մեկը փլվել է, նորոգել են, ծառայում է որպես մշակութային կենտրոն՝ Մեսրոպ պատրիարքի անունով է. այստեղ համերգներ են լինում, ներկայացում, դպրոցների տարեվերջյան հանդեսներ: Իսկ դեկտեմբերի 29-ին Որդվոց որոնման պատարագ է մատուցվում: Եկեղեցիներից մեկն էլ պատրիարքարանը հատկացրել է եթովպացիներին: Այդ օրերին, դատելով թխամաշկ այցելուների քանակից, մտածեցի, որ նրանք ջերմեռանդ հավատացյալ են, անգամ Մայր եկեղեցում մատուցված պատարագներին սևամորթ պատանիներ էին ներկա:
Հաջորդ այցելությունս համընկավ նախաճաշի ժամին, և Թալինը, որ աղցաններ էր պատրաստում, ինձ վերաբերվեց իբրև տան հյուրի: Հյուրասիրած պանիրը, ձիթապտուղն ու բանջարեղենը շատ համեղ էին: Այդ օրը լուսանկարներ խնդրեցի և հրաժեշտին տվեցի վերջին հարցս՝ երազանքի մասին: Պարզ ժպիտով պատասխանեց.
-Աղջիկս՝ Ժպտունը, մի քանի տարի ջութակի դասեր է առել: Հիմա համալսարանի քննություններին է պատրաստվում: ՈՒզում է ընդունվել համալսարանի լեզուների բաժինը, նաև՝ շարունակել երաժշտական կրթությունը: Երազում եմ, որ ամեն բան իր սրտի ուզածով լինի:


Արդեն հարազատ դարձած պատրիարքարանի դարպասից դուրս եմ գալիս, քայլերս ուղղում դեպի իմ փոքրիկ, անպատուհան սենյակը, որպեսզի մոտեցող առավոտի աղջամուղջում լսեմ ճայերի՝ հին օրերի սիրո, ատելության, հավատարմության ու դավաճանության մասին վանկարկումները: Բայց գուցե նրանց շշունջներն ամենևին էլ հայերեն չէին, և իմ հոգում 1915 թ. ջարդերի մասին հորական տատիս տխուր պատմությունների ստվերնե՞րն էին արթնացել: Եվ անգամ եթե իրական լինեին անցյալի մասին շշունջները, ամենևին չէին հետաքրքրի աշտարակաշինության շրջանի լեզուների խառնաժխորով լի առևտրային Լալեի թաղամասի եկվորներին, որ մեծ ու փոքր փոխադրամիջոցներով անվերջ հակեր ու պարկեր են տեղափոխում՝ ճարպկորեն խուսանավելով միմյանց բախվելուց:


Վաղը Հարությունի հետ այցելելու եմ Ռիտա Համամջյան Արաքսին՝ գրառելու հուշերը ամուսնու՝ Պոլսում հայտնի բժիշկ, արվեստի, գրականության գիտակ ու սիրահար Հերմոն Արաքսի մասին: Հերմոն Արաքսը իր ապրած ժամանակի ոչ այնքան դյուրին հատվածում ամեն տարի Գրիգոր Զոհրապին նվիրված հիշատակի երեկոներ է կազմակերպել, հանդես եկել գրողի ստեղծագործությունների վերլուծությամբ՝ որպես անուղղակի հիշատակում 1915 թ. կատարված ցեղասպանության՝բավական հանդուգն քայլ: Այցելելու եմ նաև 95-ամյա ուսուցչուհի Անգինե Գրիգորյանին, որը մեծ ներդրում ունի հայ մանուկների կրթության, դաստիարակության գործում, ֆրանսերեն է դասավանդել Եսայան, Հինգլդյան դպրոցներում: Չնայած տարիքին՝ միտքը հստակ է, ֆրանսիական պոետների բանաստեղծություններից է անգիր արտասանում: Շատ է կարևորում գիտելիքի դերը մարդու կյանքում: Ասում է. «Լավ է գրագետ թշնամի ունենաս, քան անգետ բարեկամ»: Նաև Սելմա Մելեքյանին պիտի հանդիպեմ բացօթյա «Փուռ» սրճարանում, որտեղ հրաշալի սուրճ եմ մատուցում: Սելման դժվար, շնորհակալ գործի համահեղինակ ու կազմակերպիչ է. համակարգում է 2013 թ. Աննա Թուրայի նախաձեռնած հայերեն «Փոքրիկ հեքիաթարան» կայքէջը, որի նպատակը Հայաստանից դուրս ապրող և առաջին հերթին պոլսահայ երեխաների՝ հայերեն սովորելուն օգնելն է՝ հեքիաթների կենդանի, գունեղ խոսքով: Դրանք Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված հետաքրքիր մուլտֆիլմեր են՝ «Մի կաթիլ մեղր», «Քաջ Նազար», «Բարեկենդան», «Անխելք մարդը»... 2014 թ. կայացել է կայքէջի բացումը՝ 16 հեքիաթով: Երեք տարում դրանց թիվը հասել է 65-ի: Սելման շատ է կարևորում կայքէջի դերը: Աշխատում են մեծ խանդավառությամբ, ամեն ինչ անում, որ, իր խոսքով, «տղաքներն արևմտահայերենը չմոռնան»:


Օրերն անցնում են թռչնի սլացքից էլ արագ, օր առ օր ավելի եմ համոզվում, որ դեռ շատ բան կա իմանալու և տեսնելու՝ հայկական Պոլիսը խորքից ճանաչելու համար, որ չեմ հասցնի լինել Սուրբ Սոֆիայի տաճարում, Դոլմաբախչեում, Թոփքափըի սուլթանական պալատներում, տաղանդավոր հայ ճարտարապետների ստեղծագործության երկնաշունչ փայլատակումներին: Գուցե մի օր հաջողվի վերադառնալ՝ զբոսաշրջային գովազդին ապավինած, թեև զբոսաշրջային ուղերթը հազիվ թե ինձ հասցնի այն անշուք ու պարզ վայրերը, որտեղ հին պատի վրա դրված նոր պատը չի ուզում հիշել հիմքը գցողներին:


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ