ՆԱԽԵՐԳ
Մարտ ամիսը ծաղկազարդ է, ժպտերես չէ։ Մարտը քմծիծաղում է, զի ժպիտը արբունք ապրող ապրիլ ամսվա մենաշնորհն է։ Եվ այս պահին օրվա, տարվա, մեր բարդ դարի թիվ 1 հարցն է առաջ մղվում` ճանապարհին խորտակելով մանր-մունր շատ պատնեշներ. գալիք 9-ին ապրիլի գոնե մեկ ծաղկազարդ ծառ կգտնվի՞ Հայաստանում։ Իհարկե կգտնվի։ Չկասկածեք։
Ժամանակը մեր բախտախռով հայրենիքում, հավատացեք, թակարդված է։ Թակարդն այս լարել և պետության կայացման հանգույցներում են տեղադրել նախ (չզարմանաք)` ընդդիմությունը և հետո` (ինչ խոսք), իշխանությունը։ Նրանք մրցակցու՞մ են վասն երկրի շենացման։ Իհարկե։ Հակառակ պարագայում մեր անկախ կյանքը, հավատացեք, կլճանա։ Վերոնշյալ մրցակցությունը գաղափարական է։ Երկու կողմերն էլ ի խորոց սրտի համոզված են, որ հայկական պետականության կայացումը մեր բարդ դարի գերխնդիրն է, իրենք անմնացորդ նվիրումով և տքնանքով լուծում են նախ օրվա, այնուհետև օրերի շարան տարվա հարցերը, ճահճացնելով երկրի ժամը, նրա օրերը և տարին։
Երկիրը ծաղկում է, զի այն հոգևոր և աշխարհիկ տիրույթներում նյութաքամում են նախ և առաջ ընդդիմությունը (երերուն խանդավառությամբ), հետո էլ իշխանությունը (աներեր հավատով)։
Նրանք երկուստեք երջանիկ են։ Ե՛վ հոգեպես, և՛ մարմնապես։
ԵՐՋԱՆԿԱԲԵՐ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐ
Միացյալ ազգերի կազմակերպությունը վերջերս զեկույց ներկայացրեց։ «Երջանկություն-2018», սա է զեկույցի խորագիրը։ ՄԱԿ-ի էմիսարները աշխարհի 156 երկրներում փնտրել-գտել են 100-ական մարդ և նրանց տվել նույն հարցերը։ Հետո դասակարգել են ստացված տվյալները և պարզել, որ աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է և մյուս սկանդինավյան երկրները։ Բնությունը Սկանդինավիայում խստասիրտ է և վեհապանծ։ Բնակիչները, սակայն, իրենց բախտից չեն դժգոհում ոչ աշխատանքային, ոչ էլ հանգստյան օրերին։ Ֆինլանդիան աշխարհի, այսպես ասած, ամենահարբեցող երկիրն է։ Սակայն նրա բնակիչները ամենաերջանիկն են Երկիր մոլորակում։ Գուցե նրանց երջանկության գաղտնիքը երկարահասակ լինե՞լն է։ Ամենևին։ ՄԱԿ-ի հարցումները հենված են 4 չափորոշիչների վրա, որոնց հանրաքվեն էլ որոշում է երջանկության աստիճանը։ Չափորոշիչներն ահա սրանք են`
ա) պետության կողմից մատուցվող ծառայություններ,
բ) ազատություններ,
գ) միմյանց նկատմամբ դրսևորվող մեծահոգություն,
դ) կոռուպցիայի մակարդակ։
Այսինքն` ֆինները, առհասարակ սկանդինավցիք, վայելում են պետության մատուցած ծառայությունների բերկրանքը, ազատ են ամենուր, միմյանց նկատմամբ մեծահոգի են թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, և շատ մշուշոտ պատկերացում ունեն կոռուպցիայի մասին։
Հայաստանը տարածաշրջանի անվերապահ հետնապահն է և տեղակայված է 129-րդ հորիզոնականում։ (Եթե սանդղակը գլխիվայրենք, ապա առաջատար ապերջանիկ երկրների ցանկում կլինենք շատ ավելի հուսալի դիրքերում, 27-րդ տեղում)։ Մեր վայրագ հարևան Թուրքիան 74-րդ տեղում է, վերջինիս ընկեցիկ զավակ, ոչ պակաս արյունռուշտ Ազերբայջանը 87-րդն է։ Տրտմե՞նք։ Հող ու մոխի՞ր ցանենք մեր արմենոիդյան վսեմ գլուխների վրա։ Բնավ, չէ՞ որ մեզ զիջում են եվրոպամերձ երկիր ՈՒկրաինան, առեղծվածային Մադագասկարը, հանելուկային Մյանման, օր օրի տանջահարվող Սիրիան, նաև Կոնգոն, ՈՒգանդան, Սուդանը, Տոգոն, Զիմբաբվեն և այլն։ Ամենաապերջանիկ երկիրը Բուրունդին է։ Այս պատվական երկրին դեռ կանդրադառնանք, այժմ ոտքի կանգնենք Զիմբաբվեի անունը լսելիս։ Ես անձամբ ոտքի եմ կանգնում։ Չէ՞ որ տարիներ առաջ Համաշխարհային բանկի մի զարմանահրաշ վարկի ուղերձով Զիմբաբվեից ՀՀ էր ժամանել մի թխադեմ մոհիկան։ Նա պետք է ՀՀ-ում վերականգներ ծիրանի մշակման, նաև պտուղը քաղելու, այն ուտելու, երբեմն էլ ծիրանից չիր սարքելու անհետացած մշակույթը։ Հիշեցնեմ, որ Զիմբաբվե տոթախանձ երկրում ծիրան չի աճում, երկրի տոտեմ-կենդանին կոկորդիլոսն է, մերը, ի դեպ, խոյն է։ Զիմբաբվեցիների համար ծիրանը նույնքան հարազատ-ազգային միրգ է, որքան մեզ համար հարազատ-ազգային է կոկոսը։ (Զարմանալի է, զի կոկորդիլոսն ու խոյը բնաշխարհում իրար երբեք չեն հանդիպում։ Բայց հայերն ու զիմբաբվեցին վարկերի օրհնանքի տակ առերեսվեցին)։ Վերոնշյալ վարկը ինչ օգուտներ բերեց երկրին, այլ քննարկման նյութ է։ Ասենք միայն, որ, համաձայն «ՈՒրբաթօրյա հողմաղացի» լրտուների տվյալների, նշյալ ծիրանագետը ՀՀ-ում նոր առաքելություն է իրականացնելու. արդեն գալիք ամռանը ԶԼՄ-ներով հանրապետության տիկնանց սովորեցնելու է ամառային տոլմա պատրաստելու մինչ օրս անհայտ 13 եղանակները։
ՀՀ-ում գործում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքը։ Գլխավորը սույն օրենքում այս դրույթն է` «Սոցիալական հիմնական պահանջմունքը ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջությունն է»։ ՀՀ-ում փորձաքննության ենթարկված, այսինքն` ՄԱԿ-ի զեկույցին հանձնված ճիշտ 100 մարդ որպես ֆիզիկական անձ դժգոհ են սննդի և հագուստի առկայությունից, մասնագիտական կրթությունից, բժշկական օգնությունից և բնակարանային կոմունալ ծառայություններից։ Ինչու՞ են դժգոհ (և ոչ երջանիկ) հարցը ցնդում է օդում, զի պատճառները հանրահայտ են, սնունդը թանկ է, նրա որակը հաճախ կասկածելի, բացի այդ, շարունակ ինչ-որ խաղեր է տալիս, մսի և պանրի, կարագի և դեղորայքի գները բարձրանում են, թարխունի գինը նվազում է։
Ա կետը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայություններին։ Այստեղ ամեն բան լույսի պես պարզ է։ Հասարակությունը խիստ դժգոհ է պետության կողմից մատուցվող ծառայություններից, քանի որ այդ ծառայությունների մատուցման վերաբերյալ պետության և մեր պատկերացումները իրարամերժ են։ Այսպես է ջրամատակարարման, աղբահանության, տրանսպորտի և շատ այլ ծառայությունների մատուցման դեպքում։
Բ կետը ազատություններն է սահմանում։ Այ այստեղ սահանկումների մի հսկա դաշտ է առաջանում, զի մենք և՛ լիակատար ազատ ենք, և՛ ծայրահեղորեն անազատ ենք։ Ազատ ենք, քանզի իշխանություններն ամենևին չեն ստիպում, որ աշխատենք, սովորենք կամ էլ քաղաքականացվենք։ Մենք մեր գլխի լիակատար տերն ենք։ Մյուս կողմից, սակայն, ճորտի նման անազատ ենք։ Չէ՞ որ փիլիսոփայական սահմանման համաձայն մարդն ազատ է, եթե ընտրության հնարավորություններ ունի։ Այս տեսանկյունից մեր ազատությունը սահմանափակ է. եթե, դիցուք, դեղորայքը X դեղատանը թանկացել է, ապա թանկացել է նաև հանրապետության մյուս բոլոր դեղատներում։ Եվ մենք չունենք ընտրելու հնարավորություն։ Այս իրավիճակն է մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Ընդ որում` Հայաստանում անազատ են և՛ նախարարները, և՛ պատգամավորները, և՛ մենաշնորհատերերը, և՛ քաղվերլուծաբանները։ Զի մեր երկրում քվոտավորված է ամեն բան։ Քվոտավորված են բոլորը` վերից վար և վարից վեր։ Ըստ էության, լիակատար ազատ են միայն մեր բոմժերը։
Գ կետը փորձում է կռահել, թե որքանով են մարդիկ միմյանց նկատմամբ մեծահոգի։ Ըստ իս, մեզ բնորոշ մեծահոգությունից բան չի մնացել, զի հոգսերը կեղեքում են մեր հոգին, միտքը և վերջապես` դրամապանակը։
Դ կետ։ Ամենագայթակղիչն է, վերաբերում է կոռուպցիայի մակարդակին։ Կասկած չկա, որ Ֆինլանդիայում և սկանդինավյան երկրներում կոռուպցիայի մակարդակը խիստ ցածր է, և ֆիններն ու սկանդինավցիք այս տեսանկյունից ևս անբախտ չեն։ Ճիշտ հակառակը, տարաբախտ են Կոնգոյի, Մյանմայի և սանդղակի ստորոտում տեղակայված մյուս երկրների բնակիչները։ Մենք կոռումպացված ենք վերոնշյալ քվոտավորված քաղաքատնտեսական իրականությունում։ Շատ կներեք, բայց և այնպես մեր հասարակության մի ստվար հատվածն անըմբռնելի հակում ունի դեպի կոռուպցիայի թերմացքը, այն է` կաշառքը։
ԴԵՊԻ ԲՈՒՐՈՒՆԴԻ
Մեզ հետ դեպի Բուրունդի է ճանապարհվում զարմանալի պոետ Ֆրունզիկ Կիրակոսյանի «Երկիր դրախտավայր» ստիխի այս քառյակը.
Ժամանակ - մեր ցավի դեմ
փոքրիկ մի ծով
խորշակահար իր ափերով,
խռով մի ծով, եռուն մի ծով...
Դուք հարցնում եք, թե ինչու ենք մխիթարություն փնտրում աշխարհի ամենաթշվառ երկրու՞մ։ Ես պատասխանում եմ, քանզի մենք այսօր կանգնած ենք ընտրության առաջ, կամ պետք է հայտնվենք Ֆինլանդիայի կողքին, կամ էլ հավասարվենք Բուրունդի երկրին։
Բուրունդիի մայրաքաղաքը Բուժումբուրան է։ Բնակչության մեջ գերակշռում են հուտու, տուտսի և բատվա էթնիկ խմբերը։
Մեր մայրաքաղաքը Երևանն է, մեր էթնիկ խմբերն են անկեղծ խմբիշխանությունը, կեղծ ընդդիմությունը և հայ ժողովուրդը։ Բուրունդիի դրոշը եռագույն է` սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղությունը, կանաչը` գեղեցիկ ապագան, կարմիրը` ազգի տառապանքը։ Բուրունդիի տարածքը 27830 կմ է, և ՀՀ-ին շատ քիչ է զիջում։ Այս երկրում առայժմ դրության տերն է դրոշի կարմիր գույնը։ (Մեր դրոշի նարնջագույնն այսօր ի՞նչ է խորհրդանշում. նահա՞նջ, թե՞, այնուամենայնիվ, վերընթաց)։ Ամենակարևորը, Բուրունդի երկրի ազգային կարգախոսն է` «Միասնություն, աշխատանք, առաջընթաց»։ Գուցե կարգախո՞սն է երկրի թշվառության մեղավորը։ Չէ՞ որ քաղաքակիրթ և բարեկեցիկ երկրներում ապրում են կիրթ և բարյացակամ քաղաքացիներ, որոնք ժամանակ և միջոցներ չեն վատնում հուռռա՜-նվիրական նշանաբանների վրա։ ՈՒղղակի միմյանց նկատմամբ մեծահոգի են, շաբաթվա 5 օրն անդուլ աշխատում են, 2 օրվա ընթացքում էլ խանդավառված հանգստանում են։ Եվ երջանիկ են։
ՎԵՐՋԵՐԳ
2018-ը լի է նշանավոր հոբելյաններով։ Սարդարապատի հերոսամարտի և 1-ին հանրապետության կայացման 100-ամյակները, Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Եվ ահա մի առաջարկ. չեղարկել տոնական միջոցառումների հանդիսախաղային հատվածները, շքանշանների և մեդալների զանգվածային բաշխումը և խնայված գումարները ներդնել ՀՀ-ի երջանկացման վրա։
Մարտ ամիսը ծաղկազարդ է, ժպտերես չէ։ Մարտը քմծիծաղում է, զի ժպիտը արբունք ապրող ապրիլ ամսվա մենաշնորհն է։ Եվ այս պահին օրվա, տարվա, մեր բարդ դարի թիվ 1 հարցն է առաջ մղվում, ճանապարհին խորտակելով մանր-մունր շատ պատնեշներ, գալիք 9-ին ապրիլի գոնե 1 հատ ծաղկազարդ ծառ կգտնվի՞ Հայաստանում։ Իհարկե կգտնվի։ Չկասկածեք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ