38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կհեռանա՞ «վրացական ձևով»

Կհեռանա՞ «վրացական ձևով»
23.03.2018 | 01:41

Եվ այսպես՝ այն, ինչ շատերը կանխատեսում էին, և այն, ինչ սպասում էին, տեղի ունեցավ։ Խոսքը Tert.am-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերի մասին է, մտքեր, որոնք անմիջապես առնչվում են ՀՀ վարչապետ դառնալու շուրջ գործող նախագահի դիրքորոշմանը։ Թեև վերջին 2 ամսում քչերն էին կասկածում, որ ապագա վարչապետի թեկնածուի շուրջ հանգուցալուծումը հենց այս տեսքն է ստանալու, և հենց Սերժ Սարգսյանն է ապագայում զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Ավելին, եթե փորձագիտական և քաղաքական-վերլուծական շրջանակներում գուցե և դիտարկվում էին ինչ-ինչ տարբերակներ, հայ հասարակությունը, որ որևէ վստահություն չունի երկրում ընթացող գործընթացների, առավել ևս իշխանավորների խոսքի նկատմամբ, դեռևս 2014 թվականից գրեթե համոզված էր, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են զուտ իշխանության վերարտադրությանը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի՝ նախագահ կամ վարչապետ չդառնալու մասին հանրահայտ հայտարարությունը հասարակությանը չէր համոզում, որ դա քաղաքական հնարք չէ՝ թեման ժամանակավորապես առաջնագծից հանելու համար։ Այս առումով Սերժ Սարգսյանի կարճ հարցազրույցում որևէ սենսացիա չկար։


Իհարկե, կարելի է փաստել, որ հարցազրույցում նախկին հայտարարությունը վերանայելու շուրջ բերվող հիմնավորումները համոզիչ չեն, և քաղաքական շրջանակներում, վերլուծական ու փորձագիտական համայնքում երևի թե ավելի լուրջ փաստարկներ էին ակնկալում երկրի «գլխավոր շախմատիստից»։ Սակայն եղավ այն, ինչ եղավ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն ընդամենը ակնարկեց՝ ինքը ժամանակին հստակ ասել է, որ նախագահ չի լինելու, վարչապետ դառնալու հավակնություններ չունի։ Եվ պարզվում է, որ հիմա էլ չունի, սակայն, ըստ նախագահի, իրավիճակը փոխվել է։


Միևնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ուղղակիորեն շրջանցում է 2014 թ. իր հայտարարության այն կարևորագույն թեզը, թե նույն մարդը չպետք է երկու անգամից ավելի ղեկավարի երկիրը։
Ինչևէ, ապագա վարչապետի շուրջ իրավիճակը գրեթե պարզվել է։ Ինտրիգն սպառված է։ Եվ մնացել է զուտ իրավական ձևակերպումը, որն ընդամենը տեխնիկական խնդիր է։
Բայց առավել ուշագրավ է գործող նախագահի հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում է վարչապետի պաշտոնը ստանձնելու պայմանին։ Փաստորեն, նախագահն ուրվագծել է իր ապագա վարչապետությունը՝ պայմանով, որ ուշադրություն է դարձնելու ապագայի համար երիտասարդ առաջնորդների պատրաստման գործընթացին։ Այսպիսով, Սերժ Սարգսյանն ըստ էության նշում է, որ սկսում է իր քաղաքական ժառանգորդի նախապատրաստման պրոցեսը։ Այս պարագայում կարող ենք նախ արձանագրել, որ գործող նախագահը մեկնարկ է տալիս հնարավոր ժառանգորդների մրցավազքին, և երկրորդ՝ փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչների կարծիքով, գործող նախագահը ակնարկում է նաև, որ չի բացառվում՝ ժառանգորդի պատրաստ լինելուն պես ինքը նույնիսկ 2022 թվականից շուտ հանձնի վարչապետությունը։ Մանավանդ որ այդ մեխանիզմը սահմանված է սահմանադրությամբ. վարչապետն ընտրվում է ոչ թե կոնկրետ ժամանակահատվածով, այլ ֆորմալ առումով՝ ըստ քաղաքական մեծամասնության նպատակահարմարության։ Եվ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կփորձի պահպանել դեմքը՝ ցույց տալու համար, որ իր նպատակն իշխանության վերարտադրությունը չէ, այլ ուղղակի ժամանակի ընթացքում որոշակի լրջագույն փոփոխություններ են կատարվել արտաքին և ներքին քաղաքական միջավայրում, ինչի պատճառով չի հասցրել իր նախագահության ժամանակահատվածում քաղաքական ժառանգորդ պատրաստել։ Եվ հիմա զբաղված է հենց դրանով։ Ժառանգորդների նախապատրաստման և առավել ևս դրա հետ կապված ժամանակաշրջանի առումով, իհարկե, կան տարբերակներ։


Ամենապարզ տարբերակը, որը բխում է ՀՀԿ լայն զանգվածներից և նրանց մոտ կանգնած շրջանակներից, Սերժ Սարգսյանի՝ մինչև 2022 թվականը երկրի առաջնորդ մնալն է։
Բայց կան նաև տեսակետներ, թե Սերժ Սարգսյանը կփորձի «սպիտակ ձիու» վրա հրաժեշտ տալ իշխանությանը, ինչպես արդեն նշել էինք, ցույց տալով, որ իրականում իր նպատակը ոչ թե պրիմիտիվ վերարտադրությունն էր, այլ արժանապատվորեն ժառանգորդին իշխանությունը փոխանցելը։ Այս տեսակետից դիտարժան է տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ ժամանակին նույնպես նախագահականից խորհրդարանականի վերածված Վրաստանի իշխանությունների օրինակը, որի գործելաոճը գործնականում այժմ կրկնօրինակում է Հայաստանի ղեկավարությունը։ ՈՒ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն աչքի տակ վաղուց ունի հենց Բիձինա Իվանիշվիլու՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի տարբերակը։ Հիշեցնենք, որ վերջինիս կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրությունում, Իվանիշվիլին դարձավ վարչապետ, բայց հայտարարեց, որ որոշ ժամանակ հետո, ավելի կոնկրետ մեկուկես տարի անց, երբ Վրաստանում կձևավորվի կայուն և ամուր իշխանական համակարգ, կհեռանա։ Այդպես էլ եղավ. մոտ 13 ամիս անց Բիձինա Իվանիշվիլին իր խոստման համաձայն իրոք հրաժարվեց վարչապետի պաշտոնից և մնաց ընդամենը կուսակցության ղեկավար կամ, ինչպես ՀՀԿ-ականներն են հիմա սիրում ասել, առաջնորդ։ Սերժ Սարգսյանը կընտրի՞ վրացական տարբերակով հեռանալու մոդելը, ցույց կտա ժամանակը։


Այս առումով հատկանշական է, որ վերջերս հանրապետական կուսակցության կանանց հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև 2021 թվականն ինքը լինելու է ՀՀԿ ղեկավարը։ Սա միակ դեպքն է, որտեղ նա կոնկրետ ժամկետ է մատնանշել։ Թեև ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն կարող որպես աքսիոմ ընդունվել։
Փորձագետների ուշադրությունից չի վրիպում, որ վերջին շրջանում բավականին ակտիվացած են այն պաշտոնյաները, որոնք նախորդող ամիսներին Սերժ Սարգսյանի հետ միասին դիտարկվում էին որպես վարչապետի հնարավոր թեկնածուներ։
Այսպես` գործող վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին երկու ամսում բավականին ակտիվ ու «դրայվոտ» գործունեություն է ծավալում։ Անընդհատ այցելում է մարզեր, ոչ միայն արձանագրում է իր կառավարության ընթացիկ հաջողությունները, տնտեսական աճն ու ձեռք բերած դրական նախադրյալները, այլև հստակ նշում է առաջիկա 4-5 տարվա ծրագրերի մասին՝ ակնարկելով, որ ոչինչ չի փոխվում իրենց գործելաոճում. ինչպես հիմա, հետագայում նույնպես անկախ պաշտոնական կարգավիճակից ինքը մնալու է տնտեսության թիվ մեկ պատասխանատուն։ Ըստ էության Կարեն Կարապետյանը՝ ի դեմս ֆերմերների, գործարարների, մարզային էլիտաների մի մասի և այլն, կառուցում է իր հենարանները, սոցիալական բազան։


Մյուս կողմից՝ վերջին շրջանում շատ ակտիվ, հետաքրքիր գործընթացներում է նկատվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. այցելում է զորամասեր՝ միաժամանակ հանդիպումներ ունենալով մարզային ղեկավարների հետ, որոնց ընթացքում ուշագրավ հայտարարություններ է անում, այդ թվում՝ տնտեսության զարգացման շուրջ, խոսում է ներդրումների կարևորության մասին և այլն։ Մի խոսքով, անդրադառնում է այնպիսի թեմաների, որ մեծ վերապահումով կարելի է կապել պաշտպանական համակարգի հետ։ Այս առումով թերևս որպես յուրահատուկ պատասխան է ընկալվում Կարեն Կարապետյանի ֆորմալ առումով պլանային հանդիպումը ՀՀ զինված ուժերի սպայակազմի հետ, որտեղ նա ներկայացրեց տնտեսական զարգացման իրավիճակը և ուղենշեց հեռանկարները։
Այսպիսով՝ այն մարդիկ, որոնք կարող են դիտարկվել որպես ապագայի առաջնորդներ, բացի առօրյա իրենց գործունեությունից, կարծես թե արդեն մտել են մրցավազքի մեջ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ակնարկն ապագա առաջնորդների մասին վերաբերում է միայն այն գործիչներին, որոնց մասին շատ է խոսվել և խոսվում որպես հավանական ժառանգորդների։ Սերժ Սարգսյանն իր զինանոցում, ինչպես միշտ, կարող է ունենալ նաև այլ թեկնածուների, ընդ որում՝ ոչ հանրապետականների, գուցե նաև՝ այժմ Հայաստանից դուրս գտնվողների կամ պաշտոնավարողների, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում։ Նախագահ Արմեն Սարգսյանին և Կարեն Կարապետյանին Հայաստան բերելը հենց դրա վառ օրինակներից է։ Մի խոսքով՝ ամենահետաքրքիրը դեռ նոր է սկսվում:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4387

Մեկնաբանություններ