38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

5500 կախաղան և համակարգային ալֆոնսացում (ուղերձ ինքնիշխան երկրի իշխանիկներին)

5500 կախաղան և համակարգային ալֆոնսացում (ուղերձ ինքնիշխան երկրի իշխանիկներին)
10.11.2017 | 11:47

ՆԱԽԵՐԳ


Խոր աշուն է։ Հոկտեմբերը հյուրասենյակիս հատակը ազնվականացնող նախշանկար կարպետ էր։ Նոյեմբերը այգումս թախծող շանս բույնը վարագուրող գունատ մի թաղիք է։
Բախտորոշ ժամանակներ են, բախտախնդիրները սահմանում են խաղարդյունքները, զի մինչև 2018-ի ապրիլի 2-ը մնացել է մի քանի ամիս։ Երկիրս գունազրկվում է աշնանավերջին քամուն դիմակայող կաղնու վերջին տերևի պես։


Կիրակի չէ այսօր, ընդամենը ուրբաթ է, առջևում էլ հանգստյան երկու օրերն են։ Երկու օր շարունակ երկրի ողը կազմող հայ տանջահարված հանրությունը տապակվելու է սեփական կաթսայում, անյուղ և անհիշատակ։ Ի՞նչ կբերեն գալիք շաբաթն ու կիրակին, կենցաղային հոգսերից ո՞ր ուղտերը դարձյալ կչոքեն մեր դռանը։ ՈՒղտե՞րը, ամենևին։ ՈՒղտերի քարավանները, այ սա ավելի ճշմարտանման է։ Երկիրն ընթանում է դեպի իր հերթական փրկիչ հանգրվանը, դեպի բազմակենտրոն իշխանական համակարգը։ Բնականաբար, կտրվել է իշխանիկների աչքի քունը, և գալիք շաբաթ ու կիրակի օրերին նրանք պետք է ոսկերչական ճշտությամբ հաշվարկեն, թե որ խաղասեղանի առջև և որքան խաղադրույք են կատարելու։ Երկիրն այսօր խաղասեղան է, որտեղ իշխանիկական դասը երբեք չի պարտվում, ընդամենը աննշան նահանջում է, մի պահ կորցնում է մոլեխաղի թովչանքը, սակայն ժամեր անց վերստին խաղասեղանի շուրջն է բոլորվում։ Ինչպես իր պապերն ու նախապապերն էին բոլորվում... քուրսու շուրջը, ոտքերը կախած նոր-նոր հանգած թոնրի մեջ, իրենք էլ տարված իմաստուն ավանդազրույցներով և ապավինած սեփական հողին և բազկին։
Իշխանիկների երկիրը խաղասեղանն է։
Մեր երկիրը, չզարմանաք, զոհասեղանն է։
Աշխատավորներիս հույսերն առ 2-ը ապրիլի, չկասկածեք, այսուհանդերձ ողբերգալիցք լավատեսական են։ Է, մեզ էլ ի՞նչ է մնում։ Իշխանիկների հույզերը, վստահ եղեք, բոցավառ են։ Է, մի՞թե նրանք երբևէ հուսախաբվել, երկիրը լքել են։
Աշուն է, նոյեմբերը իր մառախլապատ փեշերը բացել և գիրկն է առել երկիրն ու նրա բնակիչներին։

5500 ԿԱԽԱՂԱՆ. ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ
Աշուն է, ձմռան պաղ շունչը հուշիկ հիշեցնում է, որ անհրաժեշտ է ձմռան պաշարը կուտակել, կարկատել տանիքին ու դռանը փոխարինող թաղիքը (եթե Կումայրի-Գյումրու վագոն-տնակի բնակիչ ես), անհրաժեշտ է տավարի կերը անպակաս անել, զի նրա նվիրաբերած աթարը ձմռանը ապահով դիմակայելու միակ բալասանն է (եթե բնակվում ես որևէ գյուղում)։ Երևանաբնակներին, առհասարակ ՀՀ քաղաքների բնակիչներին հորդորում եմ այսօր ևեթ գոցել պատուհանների բոլոր ճեղքերը 2017-ի վարկանիշային ընտրարշավի քարոզչական թռուցիկներով։ Միաժամանակ անհրաժեշտ է կոփվել սառը ջրով և զինվել լավատեսությամբ։ Եվ ձմեռը տանելի կդառնա, անգամ անտանելի գների և ընդդիմադիր դավադիր երեսպաշտության պայմաններում։

Օպտիմալացու՜մ... Նախագահական Հայաստանի վերջին կառավարության նախավերջին հույսը` փրկելու պետական բյուջեն վերջնական ճողվածքից։
Սակայն ինչպես է ստուգաբանվում սույն դյութական բառը, որը դամոկլյան սրի նման կախվել է 5500 ցածրաստիճան պետծառայողի պարանոցին։ Ահավասիկ, թե ինչ է հուշում բառարանը. Оптимальный-լավագույնս, ամենաբարենպաստ, ամենահամապատասխան։ Կառավարությունը ստեղծում է ամենաբարենպաստ և լավագույն միջավայրը Հայաստանում, արտագաղթի տեմպերի ընթացիկ աշխուժացմամբ։ Սատանի ականջը խուլ, բայց կարծես թե ՌԴ-ՀՀ-ի «Գույք` պարտքի դիմաց» երջանկահիշատակ միջպետական նախաձեռնության տրամաբանական վերջերգն է հնչում, անգույք և պարտապան երկրի կենսունակ աշխատուժը հանապազօր հացը պետք է վաստակի Ռուսիո մեծ և փոքր քաղաքներում, որտեղ որակյալ աշխատուժի հսկայական պահանջարկ կա։ Արտագաղթյալ հայը նաև զարմանալի օրինապահ և հնազանդ է օտարին ծառայելիս։ Իսկ ինչ է առաջարկում կառավարությունը 5500-ին։ Ոչինչ։ Գուցե միայն զեղչված գներով ինքնաթիռի տոմսեր` լրացված արտագաղթի ճանապարհային քարտեզով։ Վատ միտք չէ։ Հողմաղացն իր հերթին մի առաջարկ ունի` այսօր ևեթ բնակության վայր և աշխատանք փնտրել Արցախում։ Չքնաղ է հողը արցախյան և բարեբեր։ Այս միտքը ցնցեց զիս, զի 5500 հայաստանաբնակը Արցախում կապահովի հայոց երկրի կարևորագույն հյուսիսային թիկունքը։ Նաև կապրի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով։

Գալիք տարի նախագահական նստավայրում պետք է աշխատի ընդամենը 200 ՀՀ քաղաքացի։ (Երկրի նախագահն այս 200-ի մեջ է, թե ոչ, խոր գաղտնիք է)։ Վարչապետա-խորհրդարանական հանրապետությունում երկրի նախագահը ծիսական գործոն է, հետևաբար, նրա աշխատակազմում պետք է ծառայեն առավելագույնը 50 անձինք, գրագետ, պարկեշտ, բազմալեզու և հայադեմ։ Ահավասիկ նպատակային օպտիմալացման 1 օրինակ։ Մյուս օրինակներին ծանոթացեք հետայսու։

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԼՖՈՆՍԱՑՈՒՄ. ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐԸ
Կաղնիների «տերևաթափը» զրնգուն հաճոյախոսություն է նոյեմբերյան զգեստ հագած մայրաքաղաքում։ Քայլերթով հասա ՀՀ ԱԺ և կանգ առա։ Ժամանակը պլստացել, դուրս էր մղվել բանականի և բարոյականի հայտնի-անհայտ սահմաններից, քանզի ՀՀ ԱԺ-ի վրա կատարվող պետական ծախսերը 100 անգամ գերազանցում են նրա դիմահայաց և ոչ պակաս գեղաշուք շենքի վրա կատարվող ծախսերը։ ԱԺ-ին հանդիպակաց օրերն է մթնեցնում երկրի գիտական գլխավոր կաճառը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Մտորում էի, թե ինչու է այսպես։ Մեկ էլ հանկարծ ուսիս հպվեց նրբագեղ պոետ և աննկուն քաղաքացի Բագրատը Ալեքյան և լուծեց ժամանակի թնջուկն ահա այս անվարան բանաստեղծությամբ.
Մի բիրտ ու անբան
կախվողի չվան
Վայելքից եկավ ու վիզն իմ ընկավ։

Չունևոր ուսիս անվերջ
ծանրանում,
Ծպտյալ անդունդից շաչում է,
սուլում։

ՈՒ մենք` շուրթ շուրթի կապվում
օրավուր,
Ըմբոշխնում ենք հաշտ
թույնը ցմրուր...

Խորհրդարանն ու կառավարությունը թվաբանական հայտնագործությունն իրենց ինչու՞ չեն ներկայացնում Նոբելյան մրցանակի։ Ահավասիկ, կարագը հետապնդում է հեղուկ գազին, փորձելով շրջանցել նրան։ Կարծես թե հաջողվում է։ Կարագը հատում է երկրի սահմանը ու մինչև վաճառասեղան թանկանում է ճիշտ երկու անգամ։ Գազը նույնպես։ Էլեկտրաէներգիան սահմանը չի հատում, արտադրվում է երկրում, բայց և այնպես սպառողներիս է հասնում եռապատիկ բարձր սակագնով։ Սա իշխանակառավարական հաստատուն քաղաքականություն է, որի բարիքներն ահա արդեն 26 տարի ու մի բան էլ ավելի ծանրանում են երկրի, նրա բնակչության և մեր ապագա օրվա չունևոր ուսերին։ Լավ, գլուխը քարը, նրանք հայոց պատմության առաջ են պատասխան տալու նաև այս խաչագողական թվաբանության համար։


Իսկ մեզ այսօր մնում է լուծել ընդամենը երեք անհեթեթ թնջուկ, որոնք քուն, թե արթուն բզկտում են մեր հոգին։
Սակայն մինչ այդ հայ ժողովրդի հայաստանաբնակ հատվածի երախտիքը հայտնենք ՀՀ ներկա վերնադասին, զի իմաստուն է նա ինչպես հարյուրամյա բուն, և նպատակասլաց է, ինչպես Քլոնդայկի ոսկեխույզը։ Զբոսաշրջությունը հաստատելով որպես երկրի բռնադատված տնտեսության ապաքինման միակ ուղիղ ճանապարհ, նա անբռնազբոս քայլեր է կատարում, նրբագեղացնում է ՀՀ ժողովրդին գների հերթական և կարծես թե հավերժական թանկացումներով, հայաստանաբնակներս կերպարանափոխվում ենք` դառնալով թախծաժպիտ և դալկադեմ, հնազանդ և սառնարյուն զանգված։ Չէ՞ որ զբոսաշրջիկ հանրությանը պետք է գայթակղել, և մի՞թե գերգրգռիչ զգացողություններով չեն պարուրվի խափշիկն ու նորվեգացին, էսկիմոսն ու հույնը Կումայրի-Գյումրու վագոն-տնակների և Մոնումենտի բաբելոնյան դղյակների, Բելին զգետնող և աշխարհին Նարեկացի պարգևող ժողովրդի դալկադեմ ներկայի հակադրությունից։
Եվ այսպես, թնջուկ թիվ 1. 12 հազար հայ ձեռներեցներ (ի դեպ` անխտիր ՀՀ քաղաքացիներ) բիզնես են ծավալում մեզ գրեթե արյունակից եղբայր, սակայն Թուրքիային և Ազերբայջանին լիարյուն դաշնակից Վրաստանում։ Այսպիսով մենք զորացնում ենք մեր հազարամյա ոսոխների ռազմավարական դաշնակցին։


Թնջուկ թիվ 2. Ինչու՞ են ԱԺ-ի խորհրդարանականներն ու կառավարության անդամները անհագուրդ սնվում պետական բյուջեից, լիցքավորում հեռախոսներն ու բենզաբաքերը, սրճում պետբյուջեի հաշվին, երբ նվիրաբերված դոլարային միլիոնատերեր են և ապահովված են բարձր աշխատավարձով։ Այսպիսով, շատ կներեք, սակայն համակարգային ալֆոնսացումն իշխանակառավարիչների, այլ կերպ ասած` ներկա իշխանների ձեռքբերումն է և սև խարանը հանրապետության վսեմ ճակատին։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ անհապաղ պետք է չեղարկել 5500 ցածրաստիճան պետծառայողների կրճատման մասին որոշումը և այն համարել դավադրություն 3-րդ հանրապետության հանդեպ։
Այնուհետև պետք է նույն վճարային սանդղակում համատեղել պատգամավորների և ԳԱԱ-ի աշխատակիցների աշխատավարձերն ու կենսապայմանները, այսինքն` 2,5 անգամ պետք է բարձրացնել գիտնականների աշխատավարձը և բազմապատիկ նվազեցնել պատգամավորների վրա կատարվող ծախսերը։
Եվ վերջապես պետք է խոստովանել, որ պետական պարտքի ահարկու աճը իշխանակառավարական վերնադասի Վաթեռլոոն է, ոչ թե Շուշիի գրավումը։

Խոր աշուն է։ Հոկտեմբերը հյուրասենյակիս հատակը ազնվականացնող նախշանկար կարպետ էր։ Նոյեմբերը այգումս թախծող շանս բույնը վարագուրող գունատ մի թաղիք է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ