38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միկոյանի ուրվականը և հայոց հարցը (ասք` վասն «Էլեկտրիկ Երևանի» վերածննդի)

Միկոյանի ուրվականը և հայոց հարցը (ասք` վասն «Էլեկտրիկ Երևանի» վերածննդի)
24.09.2017 | 00:40

ՆԱԽԵՐԳ


Սեպտեմբերը բնության պատժամիջոցների տիրույթում է։ Հիշենք մայրաքաղաքը շղարշած ձյունեղ մառախլապատ ամիսները։ Իսկ ամռա՞նը, իր կիզիչ օրերով և կեղեքիչ հրդեհներով։ Այսպիսով, հայոց օրացույցում 2017-ի սեպտեմբերը վավերացվում է որպես ամառվա 4-րդ ամիս։ Այստեղ փաստենք, որ բնաշխարհը պատժում է մեզ մեր թաքնախորհուրդ մեղքերի երկրային արձագանքներով, մառախուղներով, անտառային հրդեհներով և այլնով։
Այս խառնափնթոր օրերը ուշագրավ էին հայոց բոլշևիկյան անցյալը ողջակիզող առանձին մտավորականների ինքնաբորբոք սրաճոճումներով և այլնով, որոնք կամա-ակամա պառակտում են գերակա խնդիրը` քաղաքացիական հասարակության կայացումը։ Միով բանիվ հայկական իրականությունից վերջնականապես արտաքսվել է քաղաքական ընդդիմությունը, ասպարեզը բաց է քաղաքացիական հանրության կայացման համար, միայն թե անհրաժեշտ է անհապաղ անկյուն քշել կեղծ օրակարգն ու նշյալ իրարանցման մունետիկներին։ Փորձենք դա անել` հենվելով պատմական փաստերի վրա։
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ կառավարության որոշմամբ Հայաստանում կառուցվելու է ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը հավերժացնող թանգարան։
Սույն մատաղը խիստ տեղին է։ Սակայն այս թանգարանի հարևանությամբ պետք է կառուցել 1991-2017 թթ. Մեծ արտագաղթին ձոնված մի սևատուֆ աղբյուր-հուշարձան։

ԱՆԱՍՏԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ


Պաղատում եմ, որ փնտրենք և հայտնաբերենք մի այլ ժողովուրդ, որի մտավորականը նման անհագուրդ կրքով զոհասեղան է բարձրացնում սեփական երևելիներին։ Եկեք նշենք, որ Ռուսիան պատմության աղբանոց չի խցկում դիվային Ռասպուտինին և Եկատերինա 2-րդին, նույնիսկ նրանց գործը քննում է ժամանակի հոլովույթներում։ Մենք, հանձին քաղաքացիական կեղծ օրակարգի, անարգում ենք մեր անցյալը, երբ մեր ներկա օրը շատ ավելի մեծ վտանգներով է հղի, զի այսօր զոհասեղան է բարձրացվել մեր պետական ինքնությունը։ Անդրադառնանք Անաստասին, ում, ըստ էության, հաջողվեց ձիու քայլով կանխարգելել 3-րդ համաշխարհային պատերազմը։ Տիար Միկոյանը բանակցում էր Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի հետ։ Մթնոլորտը խիստ լարված էր, ընկեր Չեն ամեն բանում դեմ էր կանգնում Միկոյանի առաջարկներին և անսանձ հեղափոխականին վայել համառությամբ այրում էր Կարիբյան ճգնաժամը պարպելու բոլոր կամուրջները։ Տիար Անաստասը անսպասելի մի քայլ է կատարում, քայլ աշխետ նժույգով։ Նա Ֆիդելին և Չեին ներկայացնում է Գևարայի անվան հայերեն բացատրությունը` չէ հայերեն նշանակում է ո՛չ... և ավելացնում, որ հավանաբար անունն է ստիպում Գևարային ժխտել ամեն բան։ Մթնոլորտը մեկեն լիցքաթափվում է, բանակցությունները թևակոխում են կառուցողական հուն։

Անաստաս Միկոյանը, որ ուներ ընդամենը ճեմարանական կրթություն, խորհրդային պետությունում տնտեսական հեղաշրջում իրականացրեց, ըստ էության, քաղաքակրթելով խորհրդային գերդեմագոգիկ տնտեսական համակարգը։ Երկրորդ նման բարեփոխիչ ցայսօր չկա, և այս ամենը բարձր է գնահատվում ներկա ռուսական կայսրապետությունում։ Այո՛, էական ոչինչ նա չի արել իր հայրենիքի համար։ Չէր կարող անել, քանզի նա խորհրդային պետության գործիչ էր, և նրա յուրաքանչյուր քայլը, ինչպես և բոլոր մյուսներինը, վերահսկվում էր խստագույնս։ Անաստաս Միկոյանին այսօր մեղադրում են Հայաստանում կազմակերպված ստալինյան մարդաորսը բազմապատկելու համար։ Եղել է նման բան, և այն չունի որևէ արդարացում։ Պարզապես մեկ նկատառում. հայանպաստ շեղման դեպքում նա կյանքով կհատուցեր, քանզի գործում էր բերիական անխնա մահվան մեքենան։ Նաև հիշեցնեմ, որ Միկոյանի ջանքերով Իսահակյանը, Դեմիրճյանը և Սարյանը խուսափեցին բռնադատումից։ Անաստաս Միկոյանը, այո՛, չի փրկել իր մեծ երկրացու` Թումանյանի զավակներին։ Այս նրբազգաց խնդիրը շատ ավելի խոր քննություն է պահանջում։ Սակայն նման դեպքերը ենթակա են դիտարկման միայն իրենց ժամանակի պատմաքաղաքական զուգահեռներում։

Կարմիր Վարդան-Վարդան Մամիկոնյանը` որպես ավատական պետության զորավար, անհրաժեշտ պահին բռնաճնշել է գյուղացիական ապստամբությունները։


Բյուզանդական կայսրության հայազգի կայսրերն ու զորավարները մի՞թե սեփական պետության քաղաքական շահը մի կողմ թողել, զբաղվել են բնօրրան երկրի բարգավաճմամբ։ Միքայել Լոռիս-Մելիքովը հսկայական հետք է թողել Ռուսիո պատմության մեջ որպես մեծ բարեփոխիչ։ Նա կարո՞ղ էր բարեփոխել իր հայրենի Երկիր Նաիրին։ Անշուշտ, այնքանով, որքանով որ դա տեղին կհամարեր կայսրությունը։ Եվ ահա այսօր, երբ 26-ամյա մեր հանրապետությունը շարունակական խումարի մեջ է և ոչ մի կերպ չի շտկում զառամյավայել կորացած մեջքը, ես` ծառան ձեր հեզ, փորձում եմ գտնել պատասխանը մի դժոխային հարցի` ինչու՞ են հայ այրերը լքում հայրենի լեռնաշխարհը Հայկի և Բելի ճակատամարտի հենց հաջորդ լուսաբացից։ Որքան հայտնի է, մեր սեգ Հայկը ջախջախեց անսեգ Բելին։ Բայց արի ու տես, զարմանահրաշ մի դավադրությամբ, հայ այրերը, երբեմն էլ տիկնայք հեռանում են Մասսյաց հովիտներից և դառնում են երևելի պետական այրեր, նշանավոր գիտնականներ, փառապանծ զորավարներ հարևան Ռուսիայում և Իրանում, հեռավոր Ամերիկայում և Հրո երկրում, նաև Բյուզանդիոնում, Օսմանյան կայսրությունում, Այզերբայջանում...
Եվ հավատարմորեն ծառայում են երկրորդ հայրենիքին, հաճախ ընդդեմ մայր բնօրրանի պետական շահերի։

ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՆԿԵՂԾ ՎԿԱՆԵՐԸ
Երազս այս անգամ սև-ճերմակ էր։ Մի քանի հայ այրեր և տիկնայք, մարտական հաշվարկներ կազմած և զինված հորթակաշի պարսատիկներով, փորձում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում լողացող ռուսական հածանավերը խորտակել։ Ես էլ զինվեցի պարսատիկով օվկիանոսը ալեբախելու առաքինի առաքելությամբ, երբ մաեստրո Երվանդ Քոչարի ուղերձը հնչեց, որը ճիշտ կես դար առաջ որպես ռադիոմաղթանք ուղղվել է հայ ժողովրդին. «Մենք սակավաթիվ ու փոքր ազգ ենք, և մեր տաղանդն է, որ իրավունք է տալիս մեծ ու բազմամիլիոն ազգերի շարքում կանգնել և ապրել այս արևի տակ։ Թող շատանան տաղանդավոր ու ձեռներեց հայերը, և հայ անունը լինի դրոշակ մեր դարի առաջադիմության` արվեստի ու գիտության բոլոր ասպարեզներում»։

Տաղանդավոր ու ձեռներեց հայրերը լքում են հայրենիքը, զի հայկական արևը առայժմ չի ջերմացնում նրանց միտքն ու սիրտը։ Փոխարենը փթթում են աղանդները, սակայն սույնը դուրս է քաղաքացիական ներկա լվացքատան մաքրուհիների ուշադրությունից։ Դուրս է, քանզի ներկա կեղծ քաղաքացիական շարժման օրակարգի անկեղծ վկաները գործում են իշխանակառավարական թատերախաղի տիրույթում. պե՞տք է հակառուսական տրամադրությունների քուրան բորբոքել, խնդրեմ, զոհասեղան են բարձրացվում հայ բոլշևիկ-գործիչները։ Վաղը, եթե թատերախաղի նկրտումները փոխվեն, չկասկածեք, զոհասեղանին կհայտնվեն արևմտյան ծիրի հայորդիները, սկսած Վասիլ հայակեր կայսրից և վերջացրած, չզարմանաք, Գալուստ Գյուլբենկյանով։
Կեղծ օրակարգի անկեղծ վկաները բավականին խոհեմ են և շրջանցում են երկրի ինքնությունը ոտան կոխան դարձնող գործընթացները։ Թվարկեմ մի քանիսը, հուսալով, որ կեղծ օրակարգը կանկեղծանա և կկազմալուծի նշյալ գործընթացները, կամ էլ կիջնի ջրի հատակը, ուր ապահով է և անխռով մեղեդիներ են հնչում։ Այնինչ քաղաքակիրթ աշխարհը տագնապում է։ Վերջերս ռուս ճանաչված գրող Էդուարդ Լիմոնովը Կոնստանտին Կևորկյանին տված հարցազրույցով ահա թե ինչ է հրապարակել. «Այնպիսի տպավորություն է, որ աշխարհը վերջանում է այնտեղ, ուր այն ծագել է, որտեղ Եդեմն էր, Արարատն էր կանգնած»։ Աշխարհը կարծես վերջանում է 3-րդ հանրապետությունում։ Քրեաօլիգարխիան մաշկում է երկիրը։ Բայց հերիք է, որ ընդունվի հանրապետության տնտեսության ազգայնացման մասին օրենք, և օլիգարխները, զրկվելով ահռելի ֆինանսական հենարաններից, կիջնեն ջրի (զորօրինակ, Երևանյան լճի) հատակը, որտեղ ապահով է և անխռով մեղեդիներ են հնչում։


ՀՀ վարչական ապարատը և ԱԺ-ն ուղղակի կեղեքում են հարկատուներիս հաշվին մի կերպ գոյացած և շնչող պետական բյուջեն։ Անհամար գործուղումներն ու անհարկի շռայլ գնումները շռայլորեն բռնաբարում են պետական գանձարանը։ Սա մի՞թե քաղաքացիական բուռն քննարկման աննախադեպ առիթ չէ։ Սահմանից սրտալից լուրեր են հասնում քաղաքամայր, «Մենք սահմանը հսկում ենք, դուք ապահով քնեք»։ Խոնարհվելով սահմանապահ զինվորի ուղերձի առաջ, այնուամենայնիվ, փաստենք, որ քնելն անհնար է, զի մութն ընկնելուն պես և մինչև լուսաբաց իշխանակառավարական վերնախավի ընտրակեղծարար հավատի զինվորները, հաճախ իշխանակառավարիչների դրդմամբ, հրավառում են երկինքն ու երկիրը, մեզ թելադրելով իրենց ստոր կամքը։ Իր հերթին մի միասնական Չիբուխլու է դարձել հայկական գյուղը։ Բայց, կարծես թե, Չիբուխլուում չկար արտագաղթ։

ՎԵՐՋԵՐԳ
Քաղաքական ընդդիմությունը դիակ է, բայց թաղված չէ։ Մաղթում ենք կորով և հաղթական ընթացք ներկայացվող տարբերակներից մեկում. կամ քաղընդդիմությունը կենդանանալով հայտարարում է իր քաղաքական սակագինը, միանում ՀՀԿ-ՀՅԴ դաշինքին կամ ԲՀԿ այլընտրանքին։
Քաղաքացիական լվացքատունը կամ պետք է զմռսի իր դռները, կամ էլ պետք է կեղծ օրակարգից անցնի անկեղծ պայքարի։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ