ՆԱԽԵՐԳ
2017-ի անգթորեն շոգ սեպտեմբերը ծաղրում է մեզ։ Այնինչ վեց օր և նույնքան գիշեր էլ անց 3-րդ հանրապետության տարեդարձն է, իշխանության տրնդեզը և, ինչ խոսք, ընդդիմության տարելիցը։
Անտառային-օգոստոսյան հրդեհները պարուրվեցին միստիկայով և կայծ տվեցին սգո սրահում։ Տերը փրկի... Այնուամենայնիվ 3-րդ հանրապետությունը 26 տարեկան է, սա պատմական փաստ է, որն անհնար է շրջանցել։
Այո, ծաղրաբան է ներկա սեպտեմբերը։ Տեսեք, «Ելք» խորհրդարանական դաշինքը փորձում է փրկել երկիրը, այն «ազատագրելով» «ԵԱՏՄ զնդանից»։ Մեկնարկել է «Ելքի» եռքը։ Է՜, բա ե՞տքը...
Ոչ պակաս ուշագրավ էր կառավարության հերթական եռքը` ՀՀ-ն Սինգապուր դարձնելու մտադրությամբ Երևանում ստեղծել էթնիկ հայկական գյուղ։ Սա զբոսաշրջային համաշխարհային կենտրոն դառնալու հերթական մեգաթռիչքն է։ Այո՛, ձևավորվում է զբոսաշրջային Մեքքա-Երկիր Նաիրին։ Հայոց 12-րդ քաղաքամոր կենտրոնում մայրագյուղն է, դեպի հյուսիս` կործանված «Երիտասարդական պալատի» ավերակաց վրա գործող հանքը, մի այլ բանուկ վայրում էլ` պատմատնտեսական հուշարձան դարձած բիո-արտաքնոցը` հայության խոշորագույն եկեղեցու հարևանությամբ։
Այո՜, կանաչ-կարմիր և բարյացակամ սեպտեմբերը ծաղրում է մեզ։ Եռք է ամենուր, մաճառի պես դեղին-պղտոր և կատաղի։ «Արենի» փառատոնը երկրի զբոսաշրջային մեքքայացման վսեմ նպատակով Մասսյաց շուքի ներքո և շատ շուտով կազմակերպելու է` ա) ամենաերկար, բ) ամենաանհեթեթ, գ) ամենագեղեցիկ մորուքների փառատոն։ Հարկ է նշել, որ նպատակը նվիրական է, զի վերջերս ՀՀ-ում թափ է առնում հանելուկային փառատոների դարը։ Այս մեկը պատմագիտական հեղաշրջում է նախապատրաստում, առաջ քաշելով գերկարևոր մի խնդիր, Հայաստանը որդան կարմիրի, Հռիփսիմե տաճարի, Տրդատ և Մանվել ճարտարապետների, ոսկեղենիկ հայոց լեզվի, և, վերջապես` Նարեկացու հայրենի՞քն է, թե՞ քոչվոր-արմենոիդների բնօրրանը։ Մորուքային գալիք փառատոնին նախորդել է (և ավանդույթ է ձևավորվում) ոչխարախուզի համազգային ստուգատեսը, հեղինակությամբ «Ավրորա» համաշխարհային մրցանակաբաշխության և Ամուլսարի բռնադատման համահեղինակ և ֆինանսական հոգաբարձու Ռուբեն Վարդանյանի։
Բնականաբար, ամենևին չի բացառվում, որ «քոչվոր-արմենոիդյան» թեզի ամրապնդման նպատակով և շատ շուտով Հանրապետության հրապարակում կազմակերպվեն կատաղի բուրդ չփխելու և գլխիվայր վիճակում արևածաղիկ չրթելու տարածաշրջանային բիենալեներ։ Սակայն բավ է, զի անցնում ենք բուն ասելիքին։
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀՐՃՎԱՆՔԻ ՔՈՒՐԱՅՈՒՄ
Նախ փաստենք, որ խոսքը վերաբերում է առհասարակ հայկական իշխանություններին` սկսած 1991-ից։ Նրանց ժողովրդավարական և ազգային-ազատագրական ըմբռնումներում ոչինչ չի փոխվել։ Կա՛ իշխանություն, չկա՛ պետություն։ Փոխարենը ձևավորվել է ավելի քան քառորդդարյա մի վսեմ ավանդույթ` իշխանական-նախընտրական կարգախոսները մոռացվում են հաղթական ընտրության հենց հաջորդ առավոտյան։
Ի դեպ, մնայուն է ՀՀՇ-ի հռչակած «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» նշանաբանը։
Կա իշխանություն, սակայն չկա պետություն։ Փոխարենը կա անմնացորդ վստահություն ՀՀ բոլոր իշխանությունների և կառավարությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ։ Գյուղերը դատարկվում են։ Քաղաքները նույնպես։ Երևանն ուռճանում է։ Գյումրին վերածվում է «պոլիգոնի»։ Բայց և այնպես, թե՛ երեկ, թե՛ այսօր օրվա իշխանությունները փառահեղ հաղթում են ցանկացած ընտրությունում, սկսած գյուղապետական ընտրությունից։ Այստեղ պետք է շունչ առնենք և անկախության տոնին ընդառաջելով հավուր պատշաճի գնահատենք անվերապահ ձեռքբերումը` ազատագրումը խորհրդային-դիվային բեռից, այսինքն` համակարգված մշակութային քաղաքականությունից, արդյունաբերական հզոր համակարգից, ծաղկող գիտությունից և փթթող գյուղատնտեսությունից։
Հանրապետությունը ազատ-ԱԿԱՆ-ացվեց։ Ականապատվեց պետությունը, ծիածանվեց-կամար կապեց իշխանությունը։ Եվ ահա, հայկազյաններիս պատմական առաքելությանը հավատարիմ ՀՀ-ն այսօր ներդաշնակում է երկրի կքանիստ վիճակը միջազգային պարտավորությունների հետ։ Տեսեք, օրեր առաջ լրացավ Ռուսիո կայսրապետության և Հայոց գավառապետության միջև 1997-ին վավերացված` ա) բարեկամության, բ) համագործակցության և գ) փոխադարձ օգնության մասին միջպետական պայմանագրի 20 տարին։ Ռուսիո ցարն այն տարիներին հավերժական խումարից չսթափվող Բորիսն էր, հայոց գավառապետը` իր ողջ կյանքում խումարի տանջալից հաճույքները չվայելած Լևոնը։ (Միջանկյալ հիշենք, որ հյուսիսային կողմին սիրաշահելով բնավ չանտեսվեց արևմտյան կողմի շահը, արևմտյան վարկերը մարելու համար այսօր անհրաժեշտ է գրավադրել Սևանա լիճը, Աժդահակ լեռը և Աերացիայի կոյուղամբարը)։ Այսպիսով կյանքի կոչվեց «Գույք` պարտքի դիմաց» դարակազմիկ ծրագիրը, և մենք դարին հանձնեցինք երկրի ռազմավարական հանգույցները` ազատագրվելով դրանք գործարկելու անհամ գլխացավանքից։ Զուգահեռաբար 1 մլն գործունյա հայորդիք պարարտացնում են ռուսական անծայրածիր տափաստանները քրտնաջան աշխատանքով, ընտանյոք հանդերձ։ Միով բանիվ, իշխանությունը առայժմ կարծես թե հրճվում է զանգվածային արտագաղթով, վարկային ահռելի բեռով, օլիգարխիկ պետականությամբ և թերաճ մանուկների գոյությամբ։ Այսուհանդերձ 3-րդ հանրապետությունն արդեն 26 տարեկան է, և սույնը անբեկանելի պատմական իրողություն է։ Ամեն։
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
Անսպասելի քուն մտա ԱԺ-ի բուֆետում։ Երազումս ինձ այցելեց հանգուցյալ պոետ և պատվական Հրաչյա Թամրազյանը և հանգուցալուծեց տվայտանքս` կարդալով մի քառյակ յուր «Սև խոռոչ» ստիխից.
Քո գոյությունը դուրս է շուռ տալիս
Իբրև անհագուրդ,
խելահեղ մի կիրք,
Նա իր սև գործը պիտի կատարի,
Պիտի խենթանա ու պիտի կրկնի...
Հայկական ներկա ընդդիմությունը շուրջ 30 տարեկան է։ Ընդդիմադիր շատ երևելիներ տարիներ առաջ հանկարծ երևակվեցին, հավատարմագրվեցին իշխանության լծին, և նրանք յուրովի ազնիվ են յուրյանց վարքում։ Այսինքն` գերադասեցին անկեղծ երկրակեղեքումը կեղծ-պաթետիկ երկրաշինական զառանցանքից։ Հիշե՞նք նրանց անուն առ տոհմանուն։ Չարժե, զի մեր ժամանակը ավելի թանկ է։
Որոշ ընդդիմադիրներ իշխանության մեջ անբասիր վարք դրսևորեցին և այսօր նույնքան անբասիր ընդդիմություն են։ Հիշե՞նք նրանց անուն առ տոհմանուն։ Արժե, զի մեր ժամանակներում նրանք դաժանորեն եզակի են` Արամ Գ. Սարգսյան, Աշոտ Մանուչարյան, Վահագն Խաչատրյան և... Գուցե նրանք միավորվեն և երկրում ձևավորեն կառուցողական ընդդիմությու՞ն։
Արտախորհրդարանական ընդդիմությունը, շա՜տ կներեք, սակայն ոլորավայրէջքվում է քաղաքական քոնթիի սարերն ի վար, ձորերն ի վեր։ Եվ փորձում է սեփական գինը բարձրացնել։ Այնինչ ընդդիմությունը քաղաքական որովայնախոսության փոխարեն պետք է դիմի կտրուկ գործողությունների` վասն ժողովրդի և հանուն պետության։ Զորօրինակ, նա պետք է շրջափակեր «Նաիրիտը», նստեր հացադուլի և պահանջեր գողոնի վերադարձն ու գործարանի վերագործարկումը։ Առհասարակ ընդդիմությունն ամենուր պետք է լինի իշխանության փորձաքարը։ Այսպես, հակազգային և հակապետական ծրագրերը խափանելու համար հայոց ընդդիմադիրները պետք է հարմարավետ տեղակայվեն նախագահական նստավայրի, ԱԺ-ի և կառավարության շեմին և հայտարարեն անժամկետ-երկրափրկչական հացադուլ։ Դուք պատկերացնու՞մ եք նման ելք։ Անշուշտ ո՛չ։ Ես ևս։ Միակ հույսը հանրային-քաղաքացիական շարժումներն են։ Այսօր` ի դեմս բնապահպանների։ Այսինքն, կա՛ ՀՀ-ում ընդդիմություն` չհուսալքված և մարտունակ հայ հանրությունը։ Միով բանիվ այսօր 3-րդ հանրապետության ընդդիմության հոգեհանգիստն է։ Եվ երկիրն իր ուսերին, իշխանությունից զատ, նաև կրում է այս անթաղ մեռյալների դաժան լուծը։ Տեսեք, ԱԺ ընդդիմությունը կամ արևմտամետ է, կամ էլ ռուսահպատակ։ Երբեմն այն հայտնվում է քաոսում, ակամա դառնալով, չզարմանաք, արևմտառուսամետ։ Սա այն պահն է, երբ անհայտ է, թե որ եզերքից է իրենց ազգատառապյալ ուսերին բազմելու քաղպատվերի դափնին։ Եվ որքան է լինելու նշյալ քաղպատվերի սակագինը։
Արարատի վեհ և սաստող հայացքի տակ ե՞րբ կգտնվի իրական ընդդիմություն։ Այն ընդդիմությունը, որն ամենուր պետք է լինի իշխանության կառուցողական դիմադրությունը։ Այսպես, եթե իշխանավորի հայացքում շողշողում է ամբարտավան ինքնագոհությունը, ապա ընդդիմադիրի աչքերը պետք է բոցավառվեն անսասան ամոթխածությամբ։ Բնականաբար, եթե իշխանավորը պճնվում է աշխարհահռչակ ընկերությունների շապիկ-վարտիքով, ապա ընդդիմադիրը պետք է բավարարվի «սեքնդհենդային» հագուստով։ Մի խոսքով...
Տե՜ր իմ Երկնավոր, ի՜նչ բեղմնավոր է ընդդիմության 2018-ը։ Չէ՞ որ խորհրդարանը դառնալու է անսասան ուժ, խորհրդարանանշանակ վարչապետը` անվրեպ կառավարիչ։ Միաժամանակ երկիրն ունենալու է սահմանադրության երաշխավոր նախագահ և այս ամենը վերահսկող Անվտանգության խորհրդի քարտուղար։ Արմատական սեթևեթանքի ինչպիսի՜ երանելի օրեր են սպասում հայոց ընդդիմությանը` վերոնշյալ քառանկյուն քաղաքական դաշտում։
ՎԵՐՋԵՐԳ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ իշխանությունն ի լուր հայ հանրության և համայն հայության պետք է վերջնագրի, որ`
ա) ներկա թավշյա կախյալությունը փոխարինվում է ազգային պետականությամբ,
բ) հայ մանուկները կուշտ սնվում են, հայեցի կրթվում,
գ) վարակակիր վարկերը մարվում են բացառապես վարկաճարակների միջոցներով։
Իսկ ընդդիմությու՞նը... Ինչ խոսք, պետք է ինքնալուծարվի, որպես ժամկետանց քաղաքական տեսականի։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ