38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ոչ իշխանություն և ոչ ընդդիմություն» կարգավիճակից արդեն ձանձրացե՞լ եք

«Ոչ իշխանություն և ոչ ընդդիմություն»  կարգավիճակից արդեն ձանձրացե՞լ եք
15.09.2017 | 10:03

Քաղաքական նոր «թատերաշրջանի» առաջին օրերն իսկ հաստատեցին այն կանխատեսումները, որ մինչև 2018-ի ապրիլը ներառյալ բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու նոր վարչապետի հնարավոր թեկնածուի հարցը։ Ընդ որում՝ այս թեման քննարկվելու է հիմնականում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համատեքստում։ Բնականաբար, քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակներում այս երկու անձանց նկատմամբ բավականին մեծ ուշադրություն կա։


Այս ֆոնին մի պահ նույնիսկ մոռացվել էին Գագիկ Ծառուկյանի հեռանկարները. ոչ ոք չէր էլ խոսում, թե նա ինչով է զբաղվելու և ինչ կարգավիճակում է լինելու 2018-ի ապրիլից հետո։ Մոռացության քողը, սակայն, հետ քաշվեց սեպտեմբերին Ազգային ժողովի առաջին իսկ նիստից հետո, երբ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց տվեց լրագրողներին։ Նրա ինքնավստահ ժեստերից, տրամադրվածությունից զգացվում էր, որ այդ հարցազրույցին հանգամանորեն նախապատրաստվել է և ասելիք ունի հանրությանը հասցնելու։
Այսպիսով՝ ի՞նչ ուղերձներ է պարունակում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը։
Ի սկզբանե պարզ էր, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հստակ պայմանավորվածություն է եղել Գագիկ Ծառուկյանի հետ, որ վերջինիս ղեկավարած դաշինքը պետք է հաշտվի երկրորդ քաղաքական ուժ լինելու ճակատագրի հետ։ Իհարկե, չի բացառվում նաև, որ ակնարկվել է, թե ինչ-որ փուլում այդ կարգավիճակը կարող է փոխվել։ Սերժ Սարգսյանի համար «Ծառուկյան» դաշինքը, ինչպես որոշ փորձագետներ են նշում, յուրահատուկ բուֆեր է իշխանության և ժողովրդի միջև, մյուս կողմից էլ ՀՀ նախագահի համար այս քաղաքական կառույցը և անձամբ Գագիկ Ծառուկյանն իշխանական տարաբնույթ խմբավորումների միջև (ներառյալ ՀՅԴ-2) մանևրելու լուրջ հնարավորություն են ստեղծում, եթե անհրաժեշտություն է առաջանում ներիշխանական կոնֆիգուրացիայում և խորհրդարանական մեծամասնության կառուցվածքում փոփոխություններ անելու համար։ Հասկանալի է, որ խոսքը նաև 2018 թ. վարչապետի հարցի շուրջ զարգացումների մասին է. անհրաժեշտության դեպքում չի բացառվում, որ որոշակի կոնֆիգուրացիայի փոփոխություն լինի նաև իշխանական ուժերում, ընդհուպ մինչև ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կամ «Ծառուկյան» դաշինք կոալիցիան վերականգնելը։


Փաստն այն է, և ամենևին զարմանալի չէ, որ իր հարցազրույցում Գ. Ծառուկյանը բացարձակ լոյալություն էր ցուցաբերում իշխանություն վերադառնալու, վարչապետ դառնալու մասին հարցերին՝ չբացառելով իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, միաժամանակ շեշտելով, որ ցանկացած պարագայում ինքը մնալու է իր խոստման տերը. անկախ նրանից՝ կլինի իշխանությու՞ն, թե՞ ընդդիմություն՝ կենսագործելու է ժողովրդին խոստացած իր ծրագիրը։
Հատկանշական է, որ հարցին՝ եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, «Ծառուկյան» դաշինքը կկանգնի՞ ժողովրդի կողքին, Գ. Ծառուկյանը պատասխանեց, որ ժողովուրդը հնարավորություն ունեցել է Սերժ Սարգսյանին հեռացնելու իշխանությունից, սակայն ընտրությունների ժամանակ տարբեր գայթակղություններով և մոտիվացիաներով առաջնորդվելով՝ ընտրել է իր քաղաքական ուժի ներկայացուցիչների փոխարեն, այսպես ասած, «քուչի տղուն», վարչական ռեսուրսի ներկայացուցիչներին և այլն։ Այնպես որ՝ հասկացրեց, որ այդ ժամանակն անցել է` հեգնելով, թե ընտրություններում ձայնը տալիս են հանրապետականին, հետո անիմաստ խոսակցություններ վարում թեժ աշունների կամ գարունների մասին։


Այսպիսով՝ տրված հարցազրույցից կարելի է որոշակիորեն եզրահանգել՝
ա. Ծառուկյանը ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանի և գործող իշխանության դեմ չի գնա,
բ. չի բացառում կոալիցիայի ձևավորումը։
Այս երկու հիմնական ուղերձները նա հղեց և ներկա իրավիճակի ու իր կարգավիճակի համար պատասխանատվության սլաքն ուղղեց իրեն չընտրած ժողովրդի վրա։
Անկասկած, բավականին ուշագրավ էր վարչապետ Կարեն Կարապետյանի թեմայով հարցուպատասխանը։ Այս համատեքստում Գ. Ծառուկյանը շեշտադրված կոռեկտության սահմաններում էր, ընդ որում՝ այդ կոռեկտությունը բավականին դրական երանգներ ուներ վարչապետի համար. ոչ մի բացասական խոսք, հակառակը՝ նշվեցին միայն որոշ դրական կետեր, ընդ որում՝ Գ. Ծառուկյանի համար բավականին կարևոր հարցերում։ Հիշենք, որ նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն առանձնակի շեշտում էր բանկային բարձր տոկոսադրույքների մասին, մինչդեռ լրագրողների հետ զրույցում որպես դրական միտում նշեց, որ բանկերի 25-30 տոկոսադրույքը դարձել է 8-10 տոկոս, 25 տոկոսից ավելի աճել է զբոսաշրջիկների թիվը։


Այս ընդգծված դրական չեզոքությունը վարչապետի նկատմամբ երկու ենթատեքստ կարող է ունենալ։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը, մոտ լինելով Սերժ Սարգսյանին և, ինչպես ինքն է ասում՝ Կարեն Կարապետյանին, բավականին լավ պատկերացնում է կամ էլ տեղեկացված է, թե ինչ զարգացումներ են լինելու 2018 թ. ապրիլից հետո, և փորձում է հարմարվել Կարեն Կարապետյանի վարչապետ մնալու կոնֆիգուրացիային, կամ էլ ինքն էլ դեռևս տեղեկացված չէ ապագա զարգացումների մասին և փորձում է ոչ մեկի հետ կամուրջները չայրել, նորմալ հարաբերություններ պահել, որպեսզի Սերժ Սարգսյան-վարչապետ դասավորության դեպքում կարողանա տեղավորվել այդ դաշտում և շարունակի զբաղվել նրանով, ինչով զբաղվում է վերջին 20 տարիներին՝ քաղաքականությամբ, ինչն էլ ուղղակիորեն աջակցում է իր «բիզնես կայսրության» բարգավաճմանը։
Մի բան հստակ է. և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ խորհրդարանում հայտնված նրա կազմը արդեն բավականին անհարմար են զգում իրենց այսօրվա կարգավիճակում՝ ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն, միջին կարգավիճակում են։ Փորձագետներից ոմանք նշում են՝ դեյուրե ընդդիմություն են, դեֆակտո՝ այլընտրանք, ընդ որում՝ այլընտրանք և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ Եվ այս անհարմար վիճակը քիչ-քիչ կարծես դառնում է անտանելի, քանի որ այլևս չեն համբերում, ցանկանում են վերադառնալ իշխանական լծակներին և լիիրավ օգտվել իշխանական կարգավիճակից բխող բոլոր հնարավորություններից։ ՈՒ արդեն զգացվում է, որ այս դիլեման ուշ, թե շուտ պետք է լուծվի։ Չի բացառվում, որ 2018-ի փոփոխություններից հետո «Ծառուկյան» դաշինքը իսկապես միանա կոալիցիային, և այդ պարագայում եթե անգամ համարենք, թե Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանն այլ լծակներ է ստանձնում՝ անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքականության՝ ստեղծելով երկրորդ գործադիր բևեռը՝ ազգ-բանակ կոնցեպտի տակ տեղավորվող ենթակառուցվածքներով, ապա Ծառուկյանի թիմի ներկայությունը կառավարությունում բավականին կսահմանափակի Կարեն Կարապետյանի ազատությունը։ Կարեն Կարապետյանի համար այսօր նույնիսկ դաշնակցական նախարարներն են կարծես բավականին լուրջ բեռ, և քաղաքական ևս մեկ բեռ նրա ուսերին ավելացնելու դեպքում Կարեն Կարապետյանը բավականին շատ լծակներ է կորցնում իր կառավարությունից, և այդ կառավարությունն ավելի քիչ կառավարելի է դառնում։ Այս պարագայում հարց է առաջանում. նման դեպքում Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ արդյոք մնալ վարչապետ։
Հատկանշական է, որ Ծառուկյանի՝ կոալիցիա մտնելու մասին խոսակցություններից հետո զգալիորեն ակտիվացան նաև այսօր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած դաշնակցականները։ Վերջիններս անմիջապես նկատեցին, որ կոալիցիան այս կազմով էլ է արդյունավետ գործում։ Ըստ էության, դաշնակցությունը գրեթե չի թաքցնում իր անհանգստությունը կոալիցիայի հնարավոր ընդլայնման շուրջ։ Եվ անգամ ՀՅԴ-ի համար ոչ բնորոշ կերպով գովաբանում է վարչապետ Կարեն Կարապետյանին։


Սպասվածին հակառակ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը, մասնավորապես, այն հատվածները, որոնք անմիջապես առնչվում էին վարչապետ Կարեն Կարապետյանին, բավականին հանդարտ անցան։ Ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները հստակ ընկալել էին իրենց առաջնորդի բարիդրացիական մեսիջները առ վարչապետ և նրա կառավարություն։ Իսկ ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա, ամենայն հավանականությամբ, վերջինիս տրված էր բավականին մեծ ազատություն իր սեփական օրակարգը շրջանառելու համար. այն է՝ վարչապետի հետ զրուցել հիմնականում աշխարհաքաղաքական կողմնորոշումների թեմաների շուրջ։
Իհարկե, դեռևս շատ ջրեր կհոսեն։ Սակայն հետաքրքիր է, որ այս պահին որոշակի ակտիվություն է նկատվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դաշտում։
Վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, սկսել է վերակենդանացնել իր մեդիա ռեսուրսները, որոշ թերթեր է վերցրել վերահսկողության ներքո` ֆինանսական լուրջ հոսքեր ապահովելով, որոնք հիմնականում հակակարենկարապետյանական քարոզ են իրականացնում և շրջանառում այն գաղափարը, թե Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու դեպքում երկիրը, քաղաքական թիմը, թերևս, կկործանվեն։ Այդ մեդիառեսուրսների հիմնական գործառույթն այս փուլում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չլինելու պարագայում հանրությանը «կոլապսներ» ներկայացնելն է։ Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ ռեսուրսների գրեթե մեծ մասն ասոցացվում է իբրև թե ընդդիմադիր մամուլի հետ։ Եվ շատ հետաքրքիր է այն տեսարանը, որ ընդդիմադիր համարվող մամուլը, ըստ էության, հանրապետական կուսակցությանը պաշտպանում է «արհավիրքից», որի անունն է Կարեն Կարապետյան։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5603

Մեկնաբանություններ