Մի առիթով ասել եմ, որ ատում եմ բոլոր նրանց, ովքեր կենդանի բռնակալներին թողած, ճիպոտահարում են արդեն հող դարձած բռնակալներին: Եվ ովքեր են ճիպոտահարողները. իսկական ճիվաղներ, որոնք զուրկ են ռեալ բանականությունից, որովհետև քննադատում են այն ամենը, ինչ արժանի է քննադատության, քննադատում են, բայց դրա կողքին չեն տեսնում նաև այն լավը, որ կատարվել է ահավոր վատի կողքին: Հետխորհրդային բոլոր քննադատողներին կարելի է որակել չարենցյան գրչի հիանալի դարձվածքով` «Արարատի սեգ կատարին նետված քար»: Այսինքն` նրանց ողջ քննադատությունը ճիշտ և ճիշտ նման է Արարատի սեգ կատարին նետված քարի:
Աշխարհում չի եղել և չի կարող լինել հարկադրանքի միջոցներից, ոստիկանությունից և բանտից, ինչպես նաև պետության գոյության համար գաղտնի ծառայություններից զուրկ երկիր: Խորհրդային Միությունը չկա արդեն երեսուն տարի, աշխարհում բռնությունները պակասե՞լ են: Մեռած երկրի վրա հաչողներին կուզենայի հարցնել, այսօր ի՞նչ է կատարվում աշխարհում, օրական քանի՞ մարդ է զոհվում: Որոշ քննադատողների համար պետության տիպար հանդիսացող Ամերիկան ինչի՞ է վերածել Մերձավոր Արևելքը: Այդ նույն Ամերիկա երկիրը չէ՞, որ ծնում է հրեշներ և հետո տպավորություն է ստեղծում, իբր պայքարում է նրանց դեմ:
Գուցե ոմանք ասեն, որ ամերիկյան և ոչ մի նախագահ, ինչպես ԽՍՀՄ-ում, չի սպանել սեփական ժողովրդին: Ընդունենք: Բայց ինձ համար, որպես մտավորական հումանիստ մարդու, տարբերություն չկա սեփական ժողովրդին սպանող բռնակալի և ուրիշ ժողովուրդների կյանքը գեհենի վերածած քաղաքակիրթ Ամերիկայի քաղաքակիրթ նախագահի միջև:
Եթե ճշմարիտ դատենք, ապա կհարցնենք՝ Ամերիկա և Ռուսաստան, ի՞նչ գործ ունեք Իրաքում, Սիրիայում: Այսօրվա Չինաստանը Չինաստան չէր լինի, եթե չլիներ կոմունիստական ռեժիմը, և եթե Տյանանմին հրապարակում արևմտյան ուժերին հաջողվեր տապալել գործող ռեժիմը, հավանաբար Չինաստանում կենդանություն կառնեին այն ժամանակները, երբ չին ժողովուրդը պարտվում էր թշնամուն առանց պատերազմի: Համատարած օփիումի դաշտի վերածված երկրում չինացուն վարձատրում էին օտար ուժերը, մշակում էին օփիում. և պատերի տակ էլ անհոգ «ուռում» էր չինացին: Թող քննադատեն որքան ուզում են, բայց իմ կարծիքով Հյուսիսային Կորեան ամենևին էլ բռնակալական երկիր չէ, ինչպես բռնակալական երկիր չէր ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ-ը չկա, ինչի հետխորհրդային բոլոր երկրները ծաղկուն դեմոկրատիայի և հիանալի կենսակերպով ապրող երկրներ են: Պուտինը դեմոկրատ է: Այո, կասեն ոմանք, ոչ մեկին կյանքից չի զրկել: Համամիտ եմ: Բայց հիմա Պուտինին նայենք այլ աչքով, իսկական դեմոկրատի, մարդասերի աչքերով: Պուտինը (և ոչ միայն Պուտինը) չգիտի՞, թե մարդասպան Սաֆարովին ով է ազատել բանտից: Բռնակալ Ալիևին մեկ անգամ չէ, որ յոլդաշ է անվանել: Եթե մարդը ազատատենչ է, մարդասեր, դա ենթադրում է, թե որքան է նա ապրում նաև ուրիշների համար: Հետևաբար ոչ միայն Պուտինը, այլև եվրոպական շատ այլ քաղաքական գործիչներ մարդասեր չեն: Մի մարդասպանի ես ազատում պատժից, թե հարյուրին, տարբերություն չկա, մի մարդ ես սպանում, թե հազարներին, միևնույն է, անունդ մարդասպան է: Հիշեմ մեկ օրինակ. Ալեքսանդր II-ի և Նապոլեոնի անձնական հարաբերությունները վերջնականապես խզվեցին, երբ Ալեքսանդրն իմացավ, որ Նապոլեոնն առանց լուրջ պատճառի սպանել է իր հեռավոր ազգականին:
Այսօր հանգուցյալ խորհրդային պետությունը քննադատողների պակաս չի զգում: Քննադատում են բոլշևիկներին աջ ու ձախ, մոռանալով, որ այդ բոլշևիկների շնորհիվ աշխարհը վերջնականապես ազատվեց գաղութային համակարգից: Այսօր չկան բոլշևիկները, ի՞նչ պրոցես է ընթանում աշխարհում, գաղութացման պրոցես: Ճիշտ է, նեգրերի որս չկա հիմա Աֆրիկայում, որովհետև դրա անհրաժեշտությունն էլ չկա, իսկ Մերձավոր Արևելքում իսկական սոդոմ-գոմոր է: Այսօր Հիտլերին այնքան չեն քննադատում, որքան Ստալինին: Ինչու՞, որովհետև Ստալինի ուրվականից վախեցած Արևմուտքը մտածում է խանգարել Ռուսաստանի օր օրի հզորացումը: Ստալինը խոշոր անհատ է եղել և գաղափարին նվիրված ֆանատիկ անհատ: Նրա նպատակն էր ոչ թե անձնական հարստություն կուտակել և ապահովել ընտանիքի հետագա բարեկեցիկ կյանքը, այլ հզոր և ժողովրդավարական երկիր ունենալ:
Ժողովրդավարություն ասելով Ստալինը չի ընդունել զավզակությունը, պետության հասցեին անիմաստ քննադատությունը, որովհետև երկիրը ծննդյան օրից շրջապատված է եղել ներքին և արտաքին թշնամիներով, դրա համար էլ նա գործել է վճռական և դաժան: Այդ դաժան մարդը հետաքրքրվել է երկրի ողջ կյանքով. նրան օտար չեն եղել խորհրդային գրականությունը, արվեստը, կինոն, և ամենակարևորը, նա որևէ միջոց չի խնայել երկրի ռազմական պոտենցիալը բարձրացնելու համար: Կուզենայի հիշել մի լիբանանցի միլիարդատիրոջ գրած հոդվածից մի միտք: Մարդն ապշում է, թե ինչպես կարող էր երկիրը լինել տոտալիտար և ունենալ այդքան զարգացած, համաշխարհային մակարդակի գիտություն: Գիտություն, որը կարողացավ ստեղծել ատոմային ռումբ (ոմանք կարող են ասել, թե նախագծերը գողացան: Հետաքրքիր է, իսկ Ամերիկա՞ն ումից գողացավ և ստեղծեց առաջին ատոմային ռումբն ու փորձարկեց համարյա պարտված Ճապոնիայի վրա: Պատկերացնում եմ, ինչ գնահատականներ, էպիտետներ կկպցնեիք խորհրդային երկրին, եթե նա գցած լիներ ատոմային ռումբը Ճապոնիայի վրա): ԽՍՀՄ-ն առաջինն աշխարհում ստեղծեց ջրածնային ռումբ: Առաջինը թռավ տիեզերք և առաջին ամենագնացն ուղարկեց Լուսնի վրա: Խորհրդային ռազմական հզորությունից նրա թշնամիները սարսափում էին և լավ էին հասկանում, որ ռազմական ուժով այն տապալել հնարավոր չէր: Դեռևս 1962 թվականին Քենեդին էր ասել, թե մենք երկիրը կքանդենք տնտեսապես: Բայց հանուն ճշմարտության ասենք, որ տնտեսապես էլ այդ երկիրը քանդել հնարավոր չէր: Եթե ներկայիս Ռուսաստանի բնական հարստությունները թույլ են տալիս դիմակայել արտաքին ամեն մի ճնշման, ուրեմն այդ ծով հարստություններին գումարած մնացած հանրապետությունների հարստություններն իրոք անխոցելի էին դարձնում այդ երկիրը: Ոչ թե սոցիալիզմն էր սպառել իրեն, այլ Սուսլովի նման անհեռատես մեծամիտ կառավարողներն էին երկիրը դարձնում խոցելի: Եթե Չինաստանն իր սահմանափակ բնական հարստություններով կարողացավ հրաշքներ գործել, ապա ի՞նչն էր խանգարում ԽՍՀՄ-ին:
Ռեյգանը որքան էլ խնդրեր Սաուդյան Արաբիային էժանացնել նավթը, դրանով ԽՍՀՄ-ը չէր կործանվի: ԽՍՀՄ-ը կործանվեց դավաճանության արդյունքում: Եթե Գորբաչովի փոխարեն լիներ մի նոր Ստալին, երկիրը ոչ միայն չէր կործանվի, այլև դուրս կգար Բրեժնևի ժամանակ առաջացած ճահճուտից բոլորովին այլ տեսքով: Եվ երկիրը քանդած լիբերալներին Արևմուտքն այսօր համարում է նոր լիբերալ դեմոկրատներ, որոնց աչքին ամերիկյան ցանկացած հիմարություն ոչ միայն չի քննադատվում, այլև մեծարվում է: Այսօր այդ լիբերալները միայն նշում են պատերազմում խորհրդային երկրի կրած կորուստները և այն էլ չարախնդորեն, բայց և անամոթաբար կրկնում են Արևմտյան ստոր թեզերը, թե Արևմուտքի ռազմական օգնությունը փրկեց ԽՍՀՄ-ին: Տեղին է հարցնել` իսկ ինչպես կգնահատեք գերմանական տանկերի տակ պառկած խորհրդային զինվորների արարքը: Տեղին է նշել մի պատմական փաստ, որպեսզի նորից ընդգծեմ Ստալին անհատի, բռնակալի հայրենիքի փրկության ուղղված քայլերը:
ԱՄՆ-ը Խորհրդային Միությանը պատերազմի ժամանակ օգնել է 18 հազար ինքնաթիռով, որից 12 հազարը բերվել է օդով, Ալյասկայից թռչելով մինչև Կրասնոյարսկ, այսինքն` ընտրվել է այնպիսի ճանապարհ, որ թշնամու մտքով անգամ չէր անցնի: Հինգ հազար մետր բարձրությունից թռչող ինքնաթիռից ոչինչ չէր երևում, բացի համատարած սպիտակ դաշտերից: Այդ նպատակի համար կոչված հինգ հարյուր բարձրակարգ օդաչուներից ընդամենը 12-ն են զոհվել: Երբ Ստալինն առաջարկել է այդ երթուղին, բոլորն ապշել են ասելով, թե դա հնարավոր չէ: Բայց «բռնակալի» կամքը հաղթող է եղել: Ահա այդպիսին է շատ հարցերում «բռնակալի» մտքի թռիչքը: Եվ տասներկու հազար ինքնաթիռ տեղափոխվել է ԽՍՀՄ: Նման տիպի բոլոր լավ գործերը չեն գնահատվում, միայն մեկ բան է միշտ շեփորահարվում՝ անմեղ զոհեր: Ասեմ, որ ոչ մի հեղափոխություն առանց արյան չի լինում: Նորաստեղծ խորհրդային երկրին պարտադրվեց (ամոթ, հազար ամոթ կոմունիստներին, որ երկիրը վախկոտ նապաստակի պես հանձնեցին ստահակներին) արտաքին ագրեսիան քաղաքացիական պատերազմի տեսքով: Կուլակաթափություն, սխալներ, անթիվ սխալներ, բայց երկիրը շենանում էր: Եվ այսօր ինչ-որ անհատներ Լենինին «մունդռիկ» են անվանում: Ինչպիսի տհասություն: Այդ «մունդռիկը» փոխել է պատմության ընթացքը: Այդ «մունդռիկը» երբեք չի խոսել կեղծ բարեպաշտությունից (ինչպես ներկայի և անցյալի անդեմ կառավարողներ), ընդհակառակը, ասել է, թե նրանք, ովքեր կարծում են, որ կարող են բարձրանալ մաքուր ձեռքերով և մաքուր խղճով, չարաչար սխալվում են: Եվ, եթե մեզ պետք լինի, կհամագործակցենք անգամ սատանայի հետ:
Բերենք մի քանի վառ օրինակներ, Լենինի պես երբևէ չանկեղծացած, բայց նրա նման գործող արդի քաղաքական գործիչների: Հիանալի օրինակ է Պուտինի ողջ գործունեությունը: Մի՞թե հանուն Ռուսաստանի շահի նա չի համագործակցում սատանաների` Էրդողանի, Ալիևի հետ: Էրդողանի նկատմամբ երբեմնի ցցուն, բացահայտ ատելությունը մեկեն փոխվում է սիրալիր տոնի, երբ նա Արևմուտքից նեղացած մեկեն շուռ է գալիս դեպի Պուտինը, և հանուն միլիարդների մահաբեր զենք է վաճառում իր ռազմավարական գործընկերոջը հարմար պահի սպանելու համար: 2016-ի ապրիլյան չորսօրյա պատերազմը Պուտինի խղճին է: Ինչպիսի հիմարություն եմ դուրս տալիս, քաղաքական գործչին մի՞թե հատուկ է «խիղճ» հասկացությունը:
Միայն Պուտինը չէ այդպիսին: Նրանից հետ չեն մնում Արևմուտքի նրա կոլեգաները: Վերջապես նայեք միլիարդատեր նախագահին. մի՞թե նա և նրա նախորդները գաղտնի չեն համագործակցում սատանայի՝ իսլամական պետության գրոհայինների հետ:
Լենինը և Ստալինը իշխանության հասնելու և այն ամուր պահելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դրել, բայց, ի տարբերություն բոլոր կառավարողների, նվաճած իշխանությունը չեն օգտագործել իրենց և իրենց հետնորդների ապօրինի հարստացման համար:
Վերջերս թերթերից մեկում կարդացի, որ Բաքվի մետրոյի կառավարիչը այնպիսի հնարք է կիրառել մուտքի անցման կետերում, որ յուրաքանչյուր չորրորդ ժետոնը չի հաշվարկվել և գնացել է սեփական գրպանը: Չէ, խարդախներն ամենուրեք են և ազգային պատկանելություն չունեն, իսկ նման խարդախները անպատիժ չէին մնում ստալինյան ԽՍՀՄ-ում:
ԽՍՀՄ-ը իսկական դեմոկրատիայի (ոչ զավզակության) երկիր էր, աշխատավոր մարդու իսկական հայրենիք: Բերեմ մեկ օրինակ:
Վերջերս մեկ օրով հանգստանում էի Դիլիջանի երբեմնի հայտնի «Իմպուլս» գործարանի պանսիոնատում: Այդ գործարանը կերակրում էր քաղաքի ժողովրդին: Այն հիմա չկա, բայց կա պանսիոնատը, որը կառուցվել էր ԽՍՀՄ-ի փլուզման վերջին տարիներին աշխատավոր ժողովրդի հանգիստը կազմակերպելու համար: Ընդարձակ պանսիոնատում մատների վրա կարելի էր հաշվել հանգստացողների թիվը, որովհետև աշխատավոր մարդը չի կարող մեկ օրվա մնալու և սննդի համար վճարել 30 հազար դրամ: Եվ այսօր միլիոնավոր դոլարների արժեք ունեցող պանսիոնատը չնչին գումարով սեփականաշնորհվել է, այսինքն` օտարվել է աշխատավոր մարդուց:
Մի ապարանցի ծանոթ ունեի, մի առիթով վեճի ժամանակ ասացի` լսիր, դու էլ ե՞ս դժգոհ ԽՍՀՄ-ից: Դերո էր անունը: Մերգելյանում վարորդ էր աշխատում: Նա թե` մի բան կպատմեմ քեզ, դու որոշիր՝ դժգոհ եմ, թե գոհ: 18 տարեկան էի: Քաղաքում բեռնատար էի վարում: Հարմար պահերին գնում էի Ապարան, դա 1948-ին էր, ուղևորներ էի տեղափոխում Երևան: Փոխադրման արժեքը 50 կոպեկ էր, այդքան էլ վերցնում էի ուղեբեռի համար: Երբ վերջին ուղևորն իջավ բեռնատարի թափքից, ինձ տվեց 50 կոպեկ, պահանջեցի ևս 50 կոպեկ, ասելով՝ բա բեռի համար չե՞ս ուզում վճարել: Նա թե՝ բեռը ես շալակիս եմ դրել, ավտոյի մեջ տեղ չեմ զբաղեցրել: Նայեցի այդ մարդուն, անդրավարտիքի վրա միայն կարկատաններ էին: Ասացի գնա, վերադարձրի նաև 50 կոպեկը: Այդպիսին էր Հայաստանի ամենաաղքատ շրջանի վիճակը: Իսկ հիմա Ապարանում գործարաններ կան, ժողովուրդն ապահով է, լիքն էլ խելացի ապարանցի պաշտոնյաներ ունենք: Հիմա որոշիր` գո՞հ եմ, թե՞ դժգոհ: Այդ խոսակցությունը կայացել է 1969 թվականին: Այժմ Դերոն չկա, չկան նաև Ապարանի արտադրական հզորությունները, բայց, ցավոք, կան ապարանցի մտավորականներ, որոնք փրփուրը բերնին գովաբանում են Արևմուտքի «դեմոկրատիան» և փրփրաբերան փնովում են այն ամենը, ինչ խորհրդային է, ռուսական: Ասել և կասեմ այդ մարդկանց. ռուսները մեր լավը չուզող բարեկամներն են, բայց մեր թշնամիները չեն, և եթե ժամանակին XIX դարի սկզբում անգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայոց լեռները, ապա ինչով բացատրել, որ ամերիկյան նավերը չկարողացան 2008 թվականին հասնել վրացիներին օգնության:
Դաշտում աշխատում էի, սկսեցի խորհել՝ վայրի խոտերը քաշում ես, քաշում, մաքրում ես մոլախոտից, որպեսզի բերքատու բույսերը աճեն, բերք տան: Եթե մշակովի բույսերը հատուկ խնամքի կարիք ունեն, ապա վայրի բույսերը դրա կարիքը բնավ չունեն: Չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ փոքր ազգերը նման են մշակովի բույսերի, որ ունեն ամենօրյա խնամքի կարիք, այսինքն` պիտի ամեն օր շենացնեն ու հզորացնեն և ոչ թե թալանեն, իսկ մեծ ազգերը իսկ և իսկ այն վայրի խոտաբույսերն են, որոնց դեմ Աստված անգամ չի կարող պայքարել: Որքան ուզում ես մշակիր դաշտը, միևնույն է, անգամ մշակաբույսի բերք տալու ժամանակ վայրի խոտերը նորից փարթամորեն ճնշում են մշակաբույսերին: Քաղաքական դաշտում էլ նույնն է, ինչպես ասել է հանճարեղ պարսիկ բանաստեղծը` կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում: Այսօրվա աշխարհի կառավարողներին տեսնելով, ակամայից դառնում ես ստալինիստ: Եթե կոմունիստները չմորթեին, իրենց էին մորթելու: Աշխարհը շատ բռնակալներ է տեսել, բայց ստալինյան թեման չի վերանում ամեն կարգի «մեկնաբանների» տեսադաշտից: Ինչու՞: Որովհետև «Մունդռիկը» և Ստալինը դեմ էին բուրժուական աշխարհի սրբություն սրբոց, թալանի, շահագործման վրա հիմնված մասնավոր սեփականությանը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Հակաստալինյան թեման դեռ երկար կշոշափվի: Բայց կգա այն օրը, երբ ժողովուրդները կհասկանան, որ ստալինյան բռնությունները միտված են եղել հզոր պետության կայացմանը, այլ ոչ թե սեփական կլանի, կլանի հետնորդների, հետնորդների հետնորդների պարազիտային կյանքի ապահովմանը: