38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եթե կարողանամ թեկուզ մեկ մարդու փրկել անմեղ զոհ դառնալուց, ջանքերս զուր չեմ համարի

Եթե  կարողանամ թեկուզ մեկ մարդու փրկել  անմեղ զոհ դառնալուց, ջանքերս զուր չեմ համարի
18.07.2017 | 09:35

Երկար էի մտմտում՝ գրե՞լ այս հոդված-առաջարկությունը, թե՞ ոչ: Վերջապես գրիչ վերցրի, երբ երկու օր առաջ նույն վայրում, որտեղ կես տարի առաջ ականատես էի եղել մահացու ելքով ավտովթարի, ես էի դառնալու հերթական զոհը: Բարեբախտաբար, դեռ ուժս, վարորդական հմտություններս ու կողմնորոշումս ինձ չեն դավաճանում, և փրկվեցի:


Մանրամասնեմ. ամռան առավոտներից մեկն էր, սովորականի պես աշխատանքի էի շտապում: Նար-Դոսի փողոցը հատող Ռոստոմի փողոցի անցումի վրա, «Բոդեն» կահույքի խանութի դիմաց, որտեղ այդ ժամանակ պատշաճ կերպով առկա էին գծանշումները ասֆալտի վրա, նույն այդ, ես կասեի՝ մահաբեր գծերի վրայով անցնում էր տարեց մի կին, և… մեծ արագությամբ սլացող սպիտակ «Լեքսուսը» կնոջը հարվածելով օդ բարձրացրեց ու… Չմանրամասնեմ: Երբեք չեմ մոռանա երիտասարդ վարորդի սարսափած աչքերը, վայրկենաբար սփրթնելը, անօգնական լացը, գլխին խփելը: Նա, փաստորեն, մի քանի վայրկյան շուտ տեղ հասնելու համար, մարդասպան դարձավ բոլոր անցանկալի հետևանքներով։


Այդ օրը աշխատանքից վերադառնալիս ես յուրատեսակ հետաքննություն անցկացրի, թե ինչն էր այդ սարսափելի վթարի պատճառը: Այն, որ վերոհիշյալ մեքենան արագ էր ընթանում և հետիոտնային գծանշումներին մոտենալիս վարորդը պիտի դանդաղեցներ ընթացքն ու ճանապարհը զիջեր հետիոտնին, օրենքի պահանջն է, որը, ցավոք, վարորդն անտեսել էր: 100-120 մետր հեռավորությունից նայեցի այդ օրվա վթարի հետիոտնային անցմանը: Ոչ ճանապարհային գծանշումներն էին երևում և ոչ էլ համապատասխան ճանապարհային նշանները: Մի 50-60 մետր անցա, երևացին թե մեկը և թե մյուսը: Բայց, ի տարբերություն երթևեկության սահմանված կարգի, տրամաբանությունն ասում է, որ ճանապարհային նշանն այս դեպքում պետք է դրված լինի անցումային գծերից («զեբր») առաջ և պարզ երևացող տեղում: Այստեղ նշանները դրված են ուղիղ գծանշումների վրա՝ մայթին, իսկ դրանցից առաջ գտնվող ծառերը փակում են նշանները: Փողոցի այդ հատվածում չկան ո՛չ լուսացույց, ոչ զգուշացնող լուսային ազդանշան (տեղանքին անծանոթ վարորդներն ուղղակի չգիտեն, որ դիմացը հետիոտնային անցում կա), ո՛չ արագաչափ, ո՛չ էլ տեսախցիկ, ինչը վարորդները չարաշահում են՝ հնարավորություն ունենալով գերազանցելու թույլատրելի արագությունը՝ այդ կերպ վտանգելով անցումից օգտվողների կյանքն ու առողջությունը: Եթե ավելացնենք, որ ճանապարհային այդ նշանները մայրաքաղաքի գրեթե ոչ մի փողոցում չեն լուսավորվում, ապա պատկերը պարզ կդառնա:


Չէ, չմտածեք, թե ես անկարգապահ վարորդներին պաշտպանությանս տակ վերցնելու նպատակ ունեմ: Ամենևին: Պարզապես ուզում եմ, որ վթարները, ես կասեի՝ անիմաստ վթարները, քիչ լինեն, չտուժեն և հետիոտները, և վարորդներն ու նրանց ընտանիքները:
Գաղտնիք չէ, որ ճանապարհատրանսպորտային պատահարները սովորաբար տեղի են ունենում մարդկային գործոնի՝ ճանապարհին ոչ պատշաճ վարքագծի կամ սխալի պատճառով։
Ողջունելի է, որ Լիտվայի՝ երթևեկության անվտանգությանն ուղղված գործողությունները տարածվում են նաև մեր երկրում։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության արշավները Հայաստանում մեկնարկեցին 4 տարի առաջ՝ ոչ կառավարական հատվածի հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ։ Ռեֆլեկտորների (անդրադարձիչներ) և ռեֆլեկտորներով կահավորված այլ պարագաների բաժանումը կրթական հաստատություններում շատ հաջող է եղել և արագորեն տարածվել է։ Դպրոցներ այցելելիս մասնագետները բացատրում են երեխաներին, թե ինչու են ռեֆլեկտորները կարևոր, ինչպես պետք է դրանք ճիշտ կրել (օգտագործել), ցույց են տալիս կարճ տեսանյութեր ռեֆլեկտորների կարևորության մասին, նվիրում են անդրադարձնող ժապավեններով և կցասեղով ամրակցվող ռեֆլեկտորներ։


Ես շուրջ հիսուն տարվա սիրող վարորդ եմ: Կես դար հետևելով երթևեկության կանոններին, մեքենա եմ վարել, երբևէ չեմ առնչվել պետավտոտեսուչի հետ, չունեմ որևէ տույժ, դիտողություն, ավելորդ է ասել՝ վթար, և, թող անհամեստություն չդիտվի, բավականաչափ տիրապետում եմ ինչպես երթևեկության կանոններին, այնպես էլ ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերին, և, ըստ իս, իրավունք ունեմ որոշ անհրաժեշտ խորհուրդներ տալու ինչպես մեր քաղաքի երթևեկության կազմակերպիչներին՝ քաղաքապետարանի և ոստիկանության համապատասխան կառույցներին, այնպես էլ վարորդներին:
Ավտոմեքենան վառոդի տակառի է նման, որը վարելիս յուրաքանչյուր սխալ շարժում, անուշադրություն կարող են ճակատագրական լինել: Եթե նախկինում վարորդական իրավունք ձեռք բերելու և մեքենայի ղեկի մոտ նստելու համար մարդիկ անպայման հատուկ դասընթացներ էին անցնում, քննություններ հանձնում, երբեմն կտրվում, կրկնում էին սովորածը, նորից հանձնում ու վարորդական իրավունքի վկայական էին ստանում, ապա մեր օրերում վճարում են մեքենայի համար, հետո՝ վկայականի, ինչու չէ՝ նաև, այսպես կոչված, «գոլդ» համարանիշերի համար, նստում են ղեկի մոտ ու փորձանք դառնում ոչ միայն շրջապատի, այլև իրենք իրենց համար: Վկան՝ օրեցօր ահագնացող ավտովթարների ու դրանց պատճառով հարյուրավոր մահացու դեպքերն ու հազարավոր խեղված ճակատագրերը, ջարդուխուրդ եղած մեքենաները…


Անկախությունից հետո բազմապատկվել է ավտոմեքենաների թիվը, փոխվել ավտոպարկը՝ համալրվելով ժամանակակից արտասահմանյան արագընթաց և հարմարավետ մեքենաներով: Դրանք մի քանի վայրկյանում զարգացնում են մեծ արագություն, անաղմուկ են և կահավորված զանազան աուդիո-վիդեո սարքավորումներով: Երիտասարդների մեծ մասը երթևեկում է երաժշտությունը, ինչպես իրենք են ասում՝ «քոքած», տարվում դրանով ու շեղում ուշադրությունը վարորդի հիմնական պարտականությունից: Դրությունն առավել վատթարանում է, երբ վարորդը փորձառու չէ, պահանջված չափով չի տիրապետում երթևեկության կանոններին: Իսկ քի՞չ է պատահում, որ անհրաժեշտ փորձառություն չունեցող վարորդը ղեկի մոտ է նստում նաև ալկոհոլ օգտագործած, մեքենա վարելիս խոսում է հեռախոսով ու…


Շեղվեցի: Հիմա՝ իմ խորհուրդները երթևեկության կազմակերպիչներին.
1. Մայրաքաղաքի և մյուս բոլոր քաղաքների հետիոտնային անցում նշող ճանապարհային նշանները առավել տեսանելի լինելու համար դարձնել թարթող լուսավորվող՝ գիշեր, թե ցերեկ:
2. Հետիոտնային անցում ցույց տվող ճանապարհային նշանները տեղադրել անցումից 15-20 մետր առաջ փողոցի տեսանելի մասում՝ անպայման թարթող լույսով:
3. Նկատի ունենալով Նար-Դոս-Ռոստոմ փողոցների ինտենսիվ երթևեկությունը, նշված խաչմերուկում սահմանված կարգով տեղադրել լուսացույց կամ, գոնե, տեսախցիկ-արագաչափ։
4. Կարգավորել Արշակունյաց-Գ. Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների երթևեկությունը: Այստեղ հետիոտնային անցման կանաչ լույսը վառվում է զուգահեռ լուսացույցի լրացուցիչ (սեկցիա)՝ մեքենաների համար աջ երթևեկելը թույլատրող նշանի հետ համատեղ՝ ստեղծելով վթարային իրավիճակ:
5. Արագացնել մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների գծանշումները:
Ի դեպ, ամառն արդեն կես է եղել, իսկ Նար-Դոսի փողոցում հետիոտնային ոչ մի անցում ասֆալտի վրա գծանշված չէ:
Հասկանալի է, որ այս հոդվածը չի հավակնում երթևեկության անվտանգությանը խոչընդոտող բոլոր հարցերը բարձրացնելու և, առավել ևս՝ լուծելու: Բայց եթե կարողանամ թեկուզ մեկ մարդու փրկել անմեղ զոհ դառնալուց, ջանքերս զուր չեմ համարի:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13236

Մեկնաբանություններ