38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ազգ-բանտ» հայեցակարգի աչքալուսանքը (պետբյուջեի ներքինացման քրոնիկոն)

«Ազգ-բանտ» հայեցակարգի աչքալուսանքը (պետբյուջեի ներքինացման քրոնիկոն)
07.07.2017 | 07:38

ՆԱԽԵՐԳ


Դուք, ինչ խոսք, տեղյակ եք, որ երկրի պետական բյուջեն կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Բյուջեի էությունը որոշվում է տվյալ երկրի հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով և գործառույթներով։ Բյուջեն անգլերեն է, budget նշանակում է պայուսակ։ (Խորհրդային տարիներին, ի դեպ, պետական բյուջեն եռապատիկ ավելի գումար էր հատկացնում սոցիալ-մշակութային կյանքի բարգավաճմանը, քան պետական ապարատի պահպանմանը)։ Այսօր ՀՀ բյուջե ձևավորողները մեծ մասամբ խորհրդային տնտեսագիտության և քաղաքականության քուրայում թրծված տիարք և տիկնայք են։ Նրանք փյունիկի պես հառնեցին անկախության շրջափուլում, թևեր առան ազատական և ճախրելով հայոց անամպ երկնքում, գույնզգույն կարկուտի պես թափվեցին երկրի վրա։ Փյունիկը վերածվեց գիշանգղի։ Գիշանգղը թևեց և կարեց երկրի ու ժողովրդի ներկան ու ապագան կերտող մի budget-պայուսակ` քաղցած գայլի քրքրված, որդնած և, անկասկած, վարակակիր կաշվից։ «Երկրի բյուջեն ունի երկու մեծ առաքելություն` շվայտորեն բացվել վարչատնտեսական վերնախավի առջև, սնուցելով նրան գերճոխ աշխատավարձով, թոշակով և պահպանման կենսաբանական ծախսերով, իսկ մնացորդ-թերմացքով էլ ամոքել թոշակառուների և պատերազմի հաշմանդամների, աշխատավորության և, վերջապես, մտավորականության տառապանքը»։ Սա է ՀՀ պետբյուջեի ինքնախոստովանանքը։

«ԱԶԳ-ՄՈՒՐԱՑԻԿ» ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ


Հունիս ամիս, օր 26-րդ, ՀՀ կառավարություն։ Քննարկվում էր հանրապետության պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։ Ինչպես միշտ, այս դեպքում էլ երկրի վարչապետը պետության և ազգի ճակատագիրը որոշող գերխնդիրը լուծման ներկայացրեց խորքով, լայնքով ու երկայնքով. «...հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե ծախսերի քանակական, այլ որակական կազմին և հետևել, թե ինչ արդյունք են բերել նոր ծախսերը...»։
Հուլիսի 1-ից 3-րդ հանրապետության բանտերում կիրառվում է վարչապետի հանձնարարականը, նշանակալի կրճատվում են կալանավորներին հրամցվող պետական սննդի և՛ քանակը, և՛ գինը։ Մեկ օրում ՀՀ բանտերում աշխարհի չարն ու բարին կշռադատող կալանավորի սննդի ծախսը այսուհետև 595 դրամ է։ Կալանատանը, ինչպես նաև ազատության մեջ սննդի ծանրակշիռ բաժինը ճաշն է, բաղկացած երկու ճաշատեսակից` ապուրից, ինչ-որ խորտիկից և հյութից։ Այս լուկուլոսյան եռամիասնության համար հատկացվել է 300 դրամ։ Բնականաբար, նախաճաշին հատկացվում է 100 դրամ, ընթրիքին` 95 դրամ։ Զուգահեռաբար նվազել է սննդի կալորիականությունը։ Եթե նախկինում 30 օր շարունակ կալանավորը պետք է ստանար 90 գրամ փափկամիս, ապա այժմ նա փափկամիսը պետք է վայելի երկու օրը 1 անգամ, ամսվա կտրվածքով` 16 օր։ Նվազեցվել է մատակարարվող հացի քաշը` 650 գրամի փոխարեն 500 գրամ։ Եվ այսպես շարունակ։ Եվ այստեղ, ինչ խոսք, պետք է որոնել և հայտնաբերել այս ամենի շարժառիթը, հայեցակարգը և, թերևս, գաղափարը։ Շարժառիթը ՀՀ պետական բյուջեի հանդեպ դրսևորվող հոգածությունն է։ Բյուջեն պետք է խնայել, պետք է, հարկավ, նրանից հոսող ֆինանսական հորդահոս գետերի ակունքները խցանել։


Հայեցակարգը, ինչ խոսք, հայացք նետելն է դեպի կալանատան խոհանոցի կաթսան։ Նետեցի՞ք, հրաշալի է, ուրեմն համոզվեցիք, որ փափկամսի փոխարեն այնտեղ լեշամիսն է դրության տերը, որ սիսեռը ժամկետանց է, կարտոֆիլն էլ` «ցուրտը տարած»։ Միակ ազնիվ և վեհ բանը բանտային խոհարարի քմծիծաղն է։ Ամփոփենք. եթե հայ կալանավորի սնունդը լինի հագեցած և բարձրորակ, ապա նրա մեջ կառաջանա կալանավայրը լքելու անհարկի ցանկություն։ Սրանից զատ, տղամարդ բանտարկյալը օրումեջ երազում լոգանք ընդունող մանկամարդ կին կտեսնի, կին բանտարկյալը, հասկանալի է, առնական մի այր` վարդափունջը ձեռքին։


Իսկ գաղափա՞րը, կհարցնեք խռովաձայն։ Այս պահին ես, ձեր ծառան հեզ, հայացքս վես հառած Մասսին բղավում եմ բաղաձայն` երբ հայոց իշխանությունը բանկից և բանակից, նաև բանտից գերշահույթ է բռնագանձում, հանրությունը այսուհետև պետք է պահի իր մոլորյալ զավակ բանտարկյալին, այս պարագայում` 100-ական դրամ ամեն ամիս, և կամավորական հիմունքներով նվիրաբերելով «Ազգ-բանտ» հիմնադրամին։

Շարքային ՀՀ քաղաքացու թոշակը միջինը 35 հազար դրամ է։ Արտոնյալներինը, այսինքն` նախկին նախագահներինը, պատգամավորներինը, նախարարներինը, դատախազներինը, դատավորներինը (և այլն) 10 անգամ ավելի է, միջինը 350 հազար դրամ։
Անկասկած, այս ամենին պետք է նայել գլխիվայր կանգնած, զի մարդկային և հայեցի բանականությունը բնական դիրքում անկարող է նախ` հասկանալ, հետո էլ հասկացածը մարսել։ Հայոց նախրապանը (անունը, դիցուք, Սանթրոս) շատ ավելի է նպաստել 3-րդ հանրապետության անվտանգությանն ու առաջընթացին, հանրային ոչխարն ու մաքին, ցուլն ու կովն անվտանգ պահպանելով ողջ ամռանը և աշնանը, առաջընթաց արձանագրելով վերջիններիս անձնական քաշում, բրդի և կաթի ծավալում և անաղարտությունում, քան ոմն նախարար Կարեն-Կայեն (նկատի չունեմ ներկայիս վարչապետին, կռահեք, թե ո՛ր նախարար Կարենի մասին է խոսքը), մականունը, ասենք «ճշմարտախոս», որը դոլարային բազմամիլիոնատեր է, ստանձնած պետական պաշտոնն ակնթարթորեն վերածում է ընտանեկան կերակրատաշտի, անցնում է թոշակի, 1000 դոլար թոշակ է ստանում և ամեն պահ պատրաստ է լքելու «Էս անտեր երկիրը», որտեղ նա այդպես էլ ըստ արժանվույն չգնահատվեց։ Անշուշտ, երկիրը լքելով, վերոհիշյալ գողոն-սուբյեկտը սահմանով անցկացնելու է քրտնաջան աշխատանքի պտուղները, ընդամենը մի հարյուր միլիոն եվրո գումար, թախծալից մի հայացք է նետելու ՀՀ պետական զինանշանի ուղղությամբ, անամոք խրխնջալու է, քանզի որդիական պարտքը հայրենի երկրի նկատմամբ մարեց մասնակիորեն, պետությանը, չմարված վարկերի, կողոպտված դրամաշնորհների և այլնի պատկերով ու նմանությամբ, պատճառելով 200 մլն դոլարի վնաս։ Այնինչ կամենում էր շատ ավելին` հանրապետությանն առնվազն 500 մլն դոլարով սնանկացել։ Այս անգամ չստացվեց։


Մի խոսքով, երկրի աշխատավոր զանգվածը, այն է` բնակչության շուրջ 70 տոկոսը, պետք է ապրի կիսաքաղց (անկախ նրանից` կալանատանն է նա, թե սեփական տան նկուղում կամ էլ թեկուզ տանիքի վրա), պետք է զօր ու գիշեր տքնի, սակայն` չտնքա, զի ծառայում է գաղափարախոսական բարձրակետին` 3-րդ հանրապետությունում անմար կրակի պես հավերժ բորբոքել և պահպանել «Ազգ-մուրացիկ» մարաթոնյան գաղափարը։

ՈՍԿԵ ՀՈՐԹԻ ԾՈՒՌ ԿՃՂԱԿԸ


ՀՀ օրենսդրությամբ, կառավարական որոշումներով և զանազան հրահանգներով երկրի իշխանակառավարական վերնադասը պետք է ապրի «գաստրոնոմիական Պառնասում», նրա մեկ օրվա սննդային ծախսը պետք է կազմի նվազագույնը 150 եվրո գումար (հասկանալի է, որ շաբաթ և կիրակի օրերին նշյալ գումարը կրկնապատկվում է)։
Սակայն մի կողմ նետենք մտքերն անհույս և ունկնդրենք կրակոտ դրամատուրգ Կարինեին Խոդիկյան, որը վերջերս նման մի միտք արտահայտեց. «...ես սարսափում եմ անձնական կյանք չունեցող կանանցից, որովհետև դրանք դառնում են հասարակության մեջ չարություն ու մաղձ արտադրող հիմնական զանգվածներից մեկը»։
Գուցե օրենսդրությամբ, որոշումներով և հրահանգներով չինովնիկի աթոռը 1500 դոլար, գրիչը` 100 եվրո, գործուղումները մի քանի միլիոն դրամ սահմանած անձինք նախկին կյանքում անձնական կյանք չունեցող կին են եղել և ահա այս կյանքում չարություն ու մաղձ են թափում երկրի գլխին։ Բայց ինչո՞ւ գուցե, հաստատ։

Ոսկե հորթի պաշտամունքը 1717 տարեկան քրիստոնյա Հայաստանում, չզարմանաք, պետականորեն է հաստատված։ Լավ, բարի, բարձրաստիճան պետծառայողը նստում է կոկորդիլոսակաշի բազկաթոռի վրա, նույնիսկ նրա անձեռոցիկի և հովհարի ծախսը պետք է քաշի հանրությունը, նրա յուրաքանչյուր գործուղում պետական հարստության կողոպուտ է, և արդյոք ժամանակը չէ՞, որ ուշադրություն դարձվի այս խելակորույս ծախսերի որակական կազմին, այսինքն` մի՞թե, ի վերջո, ժամանակը չէ մեկ ամսում երկրի գանձարանից նվազագույնը 10 մլն ՀՀ դրամ կլանող բարձրավոլտ կառավարչի և պատգամավորի օգուտի որակական կազմը քննության դնելու։ Հողմաղացի համոզմամբ, 10 մլն կլանող բարձրավոլտ վերնադասայինը հասարակությանն է վերադարձնում 1000 ՀՀ դրամ` թեյավճարի տեսքով։
Մի խոսքով, գիշանգղները ճարակում են ժողովրդական հարստությունը օրենքի ուժով։
Մի խոսքով, օրենսդրորեն պետական ապարատի շվայտ պահպանումը երկրի պետական բյուջեի գլխավոր գործառույթն է։ Ասվածը հիմնավորվում է պետական գնումներով, երբ ի հաշիվ պետական բյուջեի սնանկ միջոցների, պետապարատայինների համար ձեռք է բերվում գույք և կայք շուկայականից անհամեմատ բարձր գներով։ Այս ամենի մասին ի՞նչ կարծիքի է բարեփոխիչ կառավարությունը։

ՎԵՐՋԵՐԳ
Անհրաժեշտ է կազմակերպել միամսյակ և պաղատել, որ հայոց իշխանակառավարական վերնադասն ապրի 595 դրամ օրածախսով։
Խիստ անհրաժեշտ է, որ պետական ապարատի ծախսերը կրճատվեն բազմապատիկ, ուղիղ 7 անգամ։
Մի խոսքով, բավական է ամորձատել պետական բյուջեն։
Ի դեպ, չի խանգարի, որ վերնադասը հայոց դարձի գալու նպատակով նման կեղեքիչ հաշվեհարդարներ իրականացնի սեփական, այսինքն` ընտանեկան բյուջեի հանդեպ։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ