38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ես այլ կերպ եմ հասկանում Ռուբեն Վարդանյանի ասածը

Ես այլ կերպ եմ հասկանում Ռուբեն Վարդանյանի ասածը
04.07.2017 | 09:17

Ռուբեն Վարդանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց որպես հայ մարդու, որը փորձում է իր ունեցվածքով, գործունեությամբ ոչ միայն օգուտ, այլև ճանաչում բերել Հայաստանին, հայ ժողովրդին, հարգանք է առաջացնում այդ մարդու նկատմամբ: Ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, Դադայանին ծանոթ եմ անձամբ և մեծ հարգանք եմ տածում նրա բեղմնավոր մտքի հանդեպ, որը պատմության փոշին է սրբում անվանի ազգասերների, բարերարների հիշատակի վրայից: Հանդիպման ժամանակ մի անգամ Դադայանին ասացի. «Ո՞Ւմ են պետք այն հայերը, ովքեր իրենց ունեցվածքը շաղ են տվել օտար երկրներում»: Նույնիսկ ոչ բարյացակամ արտահայտվեցի Արամյանի, Մանթաշյանի հասցեին, ասելով՝ ո՞ւր է այսօր Արամյանի հիվանդանոցը, ո՞ւմ է պատկանում Մանթաշյանի «Торговый ряд»-ը և էլի շատ ու շատ փաստեր, որոնց դեմ Դադայանը որևէ կոնկրետ խոսք չասաց: Եվ հիմա, կարդալով Ռուբեն Վարդանյանին առնչվող և «Իրատեսի» նախորդ համարում տպագրված Խաչատուր Դադայանի հոդվածը, ցանկանում եմ ասել. «Պարոն Դադայան, իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանն ամենևին էլ դեմ չէ ո՛չ բարեգործությանը, ո՛չ էլ դրամական փոխանցումներին, պարզապես նրա ցավն այն է, որ այդ դրամական միջոցները չեն նպաստում Հայաստանի զարգացմանը, այլ հակառակը, այդ միջոցները հայ մարդու մեջ զարգացնում են սպառողական հոգեբանություն»:

Հիմնավորեմ: Մարզխորհրդի նիստերից մեկում ասացի, որ սոցիալական նպաստները հարկավոր է վերացնել, որովհետև մեր օրերի մարդը ցանկացած մեքենայության դիմում է հանուն այդ նպաստի և խուսափում է աշխատանք փնտրելուց, ասացի նաև, որ այդ գումարները պետք է ուղղվեն արտադրություն, ծառայեն աշխատատեղեր ստեղծելուն, իմ կոլեգաներից և ոչ մեկն ինձ չպաշտպանեց: Վերջերս հարևանս անցել էր թոշակի, երբ հարցրի նրա թոշակի չափը, զարմացա, ասելով` բայց չէ՞ որ դու միշտ աշխատել ես: Չէ, եղավ պատասխանը, վերջին տասը տարին գործարանում (չեմ ուզում տալ գործարանի անունը) աշխատել եմ, բայց գրանցված չեմ եղել, որ ընտանիքս նպաստից չզրկվեր: Եվ քանի՜ քանիսն են հարևանիս նման չգրանցված աշխատում, փաստորեն վնասելով պետությանը: Այժմ կուզենայի հարցնել պարոն Դադայանին՝ մի՞թե Ռուբեն Վարդանյանի հարցադրումն իմ հարցադրման նման չէ: 1916 թվականին միլիոնավոր (ինչպես Դադայանն է ասում) կյանքեր փրկած բարեգործությունը և՛ հասկանալի է, և՛ ողջունելի, բայց որքա՞ն տևեց այդ բարեգործության շրջանը… մոտ երեսուն տարի: Չի երևում մեր երկրում դրա վերջը: Որքա՞ն պետք է ժողովուրդն ապրի այդ ողորմությամբ: Ավելին ասեմ, պատերազմից հետո Գերմանիայում աշխատած միլիոնավոր թուրքերի փողերն ուղղվեցին Թուրքիայի զարգացմանը: Իսկ մեզ մո՞տ:


1920 թվականի Հայաստան, քայքայված երկիր՝ գաղթականներով, որբերով լցված: Քաղաքացիական պատերազմ, կուլակաթափություն, Հայրենական պատերազմ, 300 հազար զինվորի կորուստ… և հզոր Հայաստան իր արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ: Եվ այդ երեսուն տարիների ընթացքում ¥նկատի ունեմ 1920-ից մինչև 1950 թվականները¤ համարյա ոչ մի բարեգործություն, ոչ մի դրամական փոխանցում, և զարգացող երկիր: 1991 թվական: Ծաղկած երկրի կործանման սկիզբ: 2017 թվական, համարյա երեսուն տարի և…
Կախման կետերը թող կարդա ընթերցողը, ինչպես կցանկանա: Պատերազմում հաղթած ժողովուրդ: Թե ովքեր վայելեցին հաղթանակի նյութեղեն պտուղները, նույնպես թողնենք ընթերցողի դատողությանը: Դրամական հսկայական փոխանցումներ, բարեգործություններ, եկեղեցիների կառուցում… և բնակչության նոսրացում: Ամեն տարի համահայկական մարաթոնից ստացված գումարները ոչ թե երկրում արտադրական վերելք են ստեղծում, այլ…
Մինչև ե՞րբ, պարոն Դադայան: Համոզված եմ, որ պարոն Վարդանյանին ես սխալ չեմ հասկացել:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 9873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ