Երկրի հեղինակությունը բնակչության ու տարածքի չափով չի որոշվում։ Երկիրը փոքր է, թե մեծ, նշանակություն չունի։ Երկիրը պետք է արդար ու ազնիվ հիմքերի վրա կառուցվի, բնակիչները պետք է ազգային, պետական մտածողություն ունենան։
Մենք 90-ական թվականներին դրսևորեցինք ազգային, պետական կեցվածք, արթնացավ հայոց ազգային ոգին. հայի պատիվը, արժանապատվությունը բարձր պահելու համար ազգովին ոտքի կանգնեցինք։ Ոտքի կանգնեց ոչ միայն Հայաստանի, Արցախի, Ջավախքի, այլև ողջ աշխարհի հայությունը։ Հայը միասնական կամք դրսևորեց, որի արդյունքը բոլորիս է հայտնի։ Մենք կարողացանք մեր կորցրած հսկայական հայրենիքի մի փոքրիկ մասն ազատագրել։ Հայի հեղինակությունը վերականգնվեց ողջ աշխարհում։ Այո, ճիշտ են ասել. «ՈՒժեղին հարգում են, օգնում, մեծարում, իսկ թույլին` խղճում, թողնում, հեռանում»։
Այն ժամանակ բոլորս մտածում էինք ու երազում, որ կարճ ժամանակում Հայաստանը կունենա մոտ հինգ միլիոն բնակիչ, իսկ Արցախը` մեկ միլիոն։ Դարեր ու դարեր հայրենիքին կարոտած հայերը կվերադառնան իրենց ազատագրված հայրենիքը։
Եվ ի՞նչ ստացվեց։
Կորավ ազգային մտածողությունը։
Նրանք, ովքեր 1989 թ. նորմալ կոշիկ չունեին, դարձան միլիոնատեր, մինչև անգամ միլիարդատեր` թալանելով, գռփելով սեփական ազգին։ Առանց ամաչելու պալատներ կառուցեցին հենց ժողովրդի աչքի առաջ։ Ով եկել էր կռվելու և մի քանի անգամ կրակել թշնամու վրա, վերադարձավ հայրենիք ու դարձավ միլիոնատեր` ստանալով բարձր կոչումներ ու պաշտոններ։
Այսօր կարո՞ղ եք մատնանշել մի պաշտոնյայի, որը չի հարստացել ազգի հաշվին, ազգն էլ գնալով հեղինակազրկվում է աշխարհի աչքում։
Ո՞Ւր է մեր ազգային, պետական մտածողությունը, ինչո՞ւ այսքան շուտ մոռացանք, թե ինչի համար էինք ելել պայքարի։ Ամեն ոք, ով պաշտոն է զբաղեցնում, այլևս չի տեսնում իր ազգի թշվառ վիճակը։ Հայոց համազգային շարժման ժամանակ մեծ հեղինակություն վաստակած շատ մտավորականներ, որ վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը, այսօր հեղինակազրկվեցին, դարձան հարստահարիչներ, վաճառվեցին։ Ո՞վ կմտածեր։ Շատ շատերն էլ այսօր են հանուն պաշտոնի վաճառվում։
Հայաստանը ոչ թե 5 միլիոն բնակչություն ունեցող երկիր դարձավ, այլ դատարկվեց, մնացողներն էլ մտածում են` ինչպե՞ս հեռանան այս երկրից, որտեղ տիրում են կատարյալ թալանն ու անարդարությունը։ Արցախի սահմանամերձ գյուղերը լրիվ դատարկվել են։
Մտավորականի մեջքը ջարդեցին։ Հայաստանը մտավորականի երկիր էր, կարդացող, ստեղծագործող մտավորականի երկիր։ Այսօր մտավորականը հալածվում է, արհամարհվում, անտերության մատնվում։ Այսօր տարեց մտավորականին, գիտելիքների մեծ պաշար ունեցող մանկավարժին, մասնագետին ազատում են գործից, որ գնա տանը նստի ու սպասի մահվան։ Եվ սա` 21-րդ դարում։ Մովսես Խորենացու «Ողբը» կարծես այսօրվա համար է գրվել։
Հայը փախչում է իր ազատ ու անկախ երկրից։ Նա զրկվեց ու կտրվեց ազգային մտածողությունից ու ազգային արժեքներից։ Այսօր մտավորականության անկում է տեղի ունենում, արդյունքը եղավ կրթության անկումը, ինչը ոչ ոք չի կարող ժխտել, որովհետև բոլորն են տեսնում ու հասկանում։ Լավագույն կրթական հաստատություններն են փակվում։ Լավագույն մանկավարժները վախենում են իրենց կարծիքը հայտնելուց, որովհետև գործից զրկվելու վախը կա։ Հայաստանը հայաթափվում է։
Ընկել է նաև մայրենի լեզվի նկատմամբ վերաբերմունքը։ Մաքուր գրական հայերենը վերանում է։ Փողոցում, դպրոցներում, մինչև անգամ հեռուստատեսությամբ աղավաղում են մեր սրբությունը` լեզուն։ Բացարձակապես վերացավ հսկողությունը նաև այս բնագավառում։ Մնացածը դուք շարունակեք։
Համլետ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ
ՀՀ վաստակավոր ուսուցիչ