38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քեզ համար, Հայաստան

Քեզ համար, Հայաստան
16.06.2017 | 08:14

Ես հայրենասեր չեմ, եթե հայրենասիրություն է օրհներգը սիրելը, ոչ մի հայրենասիրական հույզ ու թրթիռ չեմ ապրել ու չեմ ապրում, երբ հանդիսավոր առիթներով կամ ամեն կեսգիշերին եթերից հնչում է հիմնը, ավելին՝ ալիքը փոխում եմ: Միքայել Նալբանդյանին սիրում եմ, Իտալիան՝ առավել, բայց իտալացի աղջկա ողբ ու կոծն արժանի չեմ համարում ՀՀ պետական օրհներգ լինելու: Առաջին հանրապետության ավանդույթները հարգելու տասնյակ ազդու ու տպավորիչ տարբերակներ կան: Երբ հունիսի 12-ին Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալվելիս՝ ասաց. «Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում, և հնարավոր է` «Քեզ համար, Հայաստանը» նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա», հասկացա, որ կարող եմ հայրենասեր դառնալ: Քարը նետվեց, ալիքները պիտի գնան: Երբ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեսակետը հարցրին, ասաց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի օրհներգը պետք է փոխարինել այդ երգով, որովհետև երգ է, օրհներգ չէ»: Զորեղ փաստարկ է, հատկապես գործող հիմնի հետ համադրելով, կոմպոզիտորների միության նախկին ու ներկա որևէ նախագահ ինչո՞ւ անձամբ օրհներգ չի գրել: Հրահա՞նգ չի եղել: Իսկ սի՞րտը, հայրենասերի սի՞րտը կամ պարզ տրամաբանությո՞ւնը: Ի վերջո, «Մեր հայրենիքը՝ Հայաստանը ազատ ու անկախ է (առաջին քառատող): Երանի է տրվում նրան, ով «յուր ազգի ազատության կզոհվի» (չորրորդ, և, որ ամենակարևորն է, եզրափակիչ քառատող): Եզրակացությունը մեկը կարող է լինել. թեև մեր հայրենիքը՝ Հայաստանը, ազատ ու անկախ է, սակայն մեր ազգն ազատության կարիք ունի: Ինչո՞ւ ազատ չէ մեր ազգը: ՈՒմի՞ց է բռնադատված: ՈՒմի՞ց է անկախ» (Այդին Մորիկյան. «Ասացի և ազատեցի հոգին իմ» գրքից): Հարց է, չէ՞: Արթուր Իսպիրյանը, օրինակ, «Քեզ համար, Հայաստանը» լսել է աչքերը փակելով և մոռանալով՝ երբ է գրված, նա համարում է՝ «Շատ գեղեցիկ է և կարելի է օգտագործել որպես երկրի օրհներգ»: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է, իբրև պաշտոնյա համոզված է, որ «Ամեն ինչ պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում», օրհներգի փոփոխության հարցին պատասխանել է. «Ես կուզեի, որ լիներ»։
«Քեզ համար, Հայաստանը» մեզ հետ է ավելի երկար, քան Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն է: 1988-ից մինչև այսօր երգը փշաքաղելու ու մարդկանց ոտքի հանելու կենսական էներգիան պահել է, ամբողջ աշխարհը գիտի այդ երգը, որ նույնականացել է Հայաստանի հետ, բայց ոչ այն Հայաստանի, որ իր «ազատ-անկախի» համար դեռ պիտի մեռնի, այլ ապրող ու հզոր Հայաստանի: Ո՞վ է Շառլ Ազնավուրը աշխարհի համար, անհեթեթ հարց է, միլիոնավոր մարդիկ չգիտեն՝ ինչ է հայն ու Հայաստանը, բայց գիտեն` ով է Շառլ Ազնավուրը: Հարգանքն ու սերը նյութական չեն, հոգևոր են, մնայուն ու կարևոր նյութականից։ Ինչո՞ւ չփոխել ՀՀ պետական օրհներգը՝ հանուն հարգանքի ու սիրո՝ Հայաստանի ու հայի, Շառլ Ազնավուրի ու ավանդույթի նկատմամբ: ԱԺ-ն չի կարող, պետք է հանրաքվե՞: Մտածող ու զգայուն որևէ հայ, անգամ ՀՅԴ անդամ, կողմ է քվեարկելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստանի» հայերեն տեքստի հեղինակ, փայլուն բանաստեղծ, թարգմանիչ ու դիվանագետ Վահագն Աթաբեկյանը տարիներ առաջ պատմում էր, որ երգի առաջին կատարումից հետո կեսգիշերն անց Այդին Մորիկյանը գտել է իրեն ու ընկերաբար պահանջել հայերեն թարգմանել: Առավոտյան Վահագն Աթաբեկյանը տեքստը ձեռքին մտել է «Ավանգարդ» ու նույն օրը երգի հայերենը տպագրվել է: 1989-ին հայ երգիչները Փարիզում անակնկալ մատուցեցին Ազնավուրին՝ «Քեզ համար, Հայաստանը» երգելով հայերեն:

Դիտվել է՝ 10552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ