ՆԱԽԵՐԳ
Եթե հանկարծ համաժողովրդական սոցհարցում անցկացվի, որը փորձի պարզել, թե ովքեր են ներկա գերժողովրդավար, պետականակերտ, մտքով արի, վարքով բարի, ասկետ և ասպետ իշխանության պահապան հրեշտակները, ապա վստահաբար կունենանք այս պատկերը.
ա) Համաշխարհային կառավարությունը,
բ) Լոնդոնի ԼԳՏԲ համայնքը,
գ) ՀՀ թաղային հեղինակությունները։
Սոցհարցման մասնակիցների ընդամենը 1 տոկոսը կխոստովանի, որ տնտեսական անհամար հանցանք-զանցանքների պահապան հրեշտակը հենց մենք ենք, արդի հայ տանջահար հանրությունը։ Մենք ենք` մեր անգութ անտարբերությամբ և անվեհեր հնազանդությամբ։ Չե՞ք հավատում, ուրեմն քայլենք առաջ, զի փաստերն ամենուր են և ամեն օր կախվում են մեր նազուկ ու հեզ պարանոցից։
ՀԱՎՆ ՈՒ ԱՌՅՈՒԾԸ ԵՎ ՔՄԱՀԱՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՇՈՒՆԸ
Հավը կուտն ու ջուրը ճաշակելիս սովորաբար գլուխը վեր է ցցում և փառաբանում իրեն կուտ ու ջուր հասցնողին։ Անկախ նրանից` ջուրը թարմ կլինի, թե ոչ, կուտն էլ վարկով ձեռք բերված և գյուղաբնակներին նվիրաբերված բորբոսնած մի բան, թե արդար ցորենահատիկ, հավն այն լուռումունջ յուրացնում է այլընտրանքի բացակայության պատճառով։
Առյուծը վանդակում պատեպատ է խփվում, մռնչում է ու բաշն է թափահարում։ Գազանների արքայի այս ոչարքայավայել վարքը դրսևորվում է սովորաբար ճաշից առաջ։ Նրա առջև ահա միս են դնում, թարմ և ոչ այնքան, ցլիկի կողամիսը կամ վերջերս մահկանացուն կնքած գետաձիու ազդրը, կամ էլ, եթե օրը տոնական է, ապա այծյամի լյարդն ու թոքը։ Հասկանալի է, որ շատ հաճախ առյուծներին մատուցում են անորակ մսամթերք, այն նախապես չեն համեմում և այլն։ (Գիշատիչներին հատկացվող միսը սովորաբար շաղախվում է ձվով և այլ բաներով, վանդակում օրը մթնեցնող գազանը պետք է լիարժեք կալորիականությամբ և համ ու հոտով սնունդ ստանա)։ Առյուծը լուռումունջ (հաճախ վիրավորանքի արցունքները կերի հետ կուլ տալով) յուրացնում է սնունդը։ Նա, ինչպես որ հավը, չունի այլընտրանք։
Մենք շատ հաճախ հայտնվում ենք քուջուջ անող հավից և բաշը ցնցող առյուծից շատ ավելի անբարո վիճակում, քանզի ունենք լիարժեք այլընտրանք, այն է` չգնել ակնհայտ անորակ ապրանքը, բոյկոտելով նրա իրացումը, հետևապես և արտադրությունը։ Սակայն ինչպիսին է մեր հավաքական վարքը։ Դիցուք գնած հացն անորակ է։ Անորակ է, ներող եղեք, դեն նետելու աստիճանի։ Մենք անեծքների համազարկով հիշում ենք անորակ հաց արտադրողի և այն վաճառողի յոթ պորտը և քիչ հետո մոռանում ենք միջադեպը։ Է՞, ետքը՞, բա հետո՞։
Շուտով խմբագրությունը կստանա մայիսի 15-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայությանը ներկայացրած դիմում-ահազանգի գրավոր պատասխանը։ (Այն, ինչ խոսք, կներկայացվի մեր ընթերցողների և հայ հանրության ուշադրությանը)։ Հիշեցնում եմ եղելությունը. Սևանի հացի գործարանի արտադրած «բուխանկա» տեսակի սև հացի միջուկը ուղղակի ցեխ էր։ Հնարավոր է, որ դեպքը եզակի է, չի բացառվում, որ վերոնշյալ գործարանը տարին բոլոր հաճելի համ ու հոտ և բարձր որակ ունեցող հացամթերք է արտադրում։ Բայց մի՞թե այս դեպքը եզակի է։ Բնավ։ Ամենուր և ամեն օր անորակ, վտանգների հարուցիչ սննդամթերքն ուղղակի գրոհում է մեզ, քանզի քաջ ծանոթ է մեր ապշեցուցիչ անտարբերությանը և Սևակի նշած «արխայնության-դնջությանը»։ Երշիկեղենի, հատկապես էժանագին, տեսականին ինքնակամ համտեսելով` բազմիցս ենթարկվել եմ փորձության (տառապանքս փորձ ունի, այն էլ ինչպիսի փորձ-փորձանք)։ Երշիկեղենի էժանագին տեսականին հրամցրեք համտեսման ամենադիմացկուն-ոչքմահաճ արարածին` փողոցային շանը։ Չի ճաշակի, հավատացեք։ Իսկ նույն երշիկը ուտում ենք ինքնամոռաց, զի այն մատչելի է, ուրիշ ոչինչ։ Է՞, ետքը՞, բա հետո՞...
Մի անհեթեթ մտասևեռում կաղապարում է մեզ, հետապնդում, այն է` էժան սննդամթերքը պետք է ինչ խոսք, լինի անորակ։ Սուտ է և սադրանք։ Եթե հորթամսից պատրաստված շոգեխաշած երշիկի 1 կիլոգրամն արժե դիցուք 2500 դրամ, ապա եզան կամ խոզի ազդրից պատրաստված երշիկի կիլոգրամը կարժենա 1500 դրամ, բայց կունենա որակ և համ։ Եվ չի լցոնվի զանազան թունավոր հավելումներով։ Այսպիսով, էժան նրբերշիկի մի կտորը նախ հրամցնենք հանրածանոթ «դվորնյաշկա» Բողարին կամ էլ բակի պատուհաս կատու Մուսյային։ Եթե նրանք ճաշակեին վերոնշյալ տեսականին, ապա անվարան նստենք սեղան։
Մի խոսքով, էժանագին շոգեխաշած երշիկը գուրգուրանքով խաշում ենք, մանանեխին հյուր ենք կանչում և անցնում ենք գաստրոնոմիական գրոհի։ Գրոհն ավարտվում է առաջին պատառից հետո, զի համը խիստ վանող է, բույրը` առավել ևս։ Բողարն ու Մուսյան արհամարհանքով մերժում են մեզ, չեն ճաշակում շոգեխաշած երշիկի հանդերձանքով մեր հանապազօր ճաշասեղանը բռնազավթած և վառ վարդագույն երանգ ունեցող, նաև շոգեխաշած փափլիկ մսանման զանգվածը։ Եվ սկսվում է գավառական մեր շուրջպարը։ Երշիկ արտադրող և այն վաճառող մարդկանց պատին դեմ տալու փոխարեն մենք բավարարվում ենք նրանց հեռակա դատափետմամբ, այսինքն` հայհոյում ենք, պախարակում ենք, տեղը տեղին հիշում ենք նրանց յոթ պորտը և վերջ։ Է՞, ետքը՞, բա հետո՞։ ՈՒ մի՞թե մեր հեռակա ընդվզումը դույզն-ինչ ազդում է հանրային առողջության ապականման հաշվին գերշահույթ դիզող ստահակների գիտակցության վրա։ Ամենևին։ Ճիշտ հակառակը. գուրգուրում է նրանց գործամոլ ոգին։ Այս դեպքում ի՞նչ անել: Շատ պարզ մի բան, բայց այդ մասին կխոսենք րոպեներ անց։
ԱՀԱԶԱՆԳԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Սպասման մեջ է հողմաղացը։ Եվ ահա թե ինչ է նա ունկնդրում.
Կոծոծի պես ոտքին կպած
Անթիվ գործեր
Հաց, ընտանիք և պետություն
Վիհի եզրով
Տանում է մարդն
իբրև երկիր...
«Իբրև երկիր և երկինք»,
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Կոծոծի պես մեր ոտքին, ձեռքին և ճակատին է դաջված մի զարհուրանք, հնազանդությունը, եզնավայել մի պատրանք, որ կեղեքում է մեր ընտանիքն ու պետությունը, զի անալի է մեր հանապազօր հացը։ Ելքը... զանգն է, ահազանգը պատկան կառույցներին, այո, այո, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (թեժ գծի համարը վերստին հիշեցնեմ` 20-60-40), զուգահեռ ահազանգը պետք է մարտական պատրաստվածության բերի սպառողներիս շահերի պաշտպանությամբ մշտազբաղ ՀԿ-ներին։ Արժե, քանզի նրանք («Սպառողների միությունը», «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան» և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ները համախմբվել են, կազմել են կոալիցիա)։
Մի վարանեք, ահազանգեք, թույլ մի տվեք, որ խաժամուժը ձեզ կեղեքի ձեր իսկ փողով։ Դեղորայքը թանկ է, ժամկետանց է, շատ հաճախ էլ այն ուղղակի հրեշավոր մի խաբկանք է։ Ի՞նչ անել։ Մի՞թե պարզ չէ, ԱՀԱԶԱՆԳԵԼ, դարձի բերել, անարգանքի սյունին գամել անխտիր բոլոր մեղավորներին։ Այսպես տարին բոլոր։ Առհասարակ մի՞թե ժամանակը չէ, որ հայ հոգնատանջ, տառապած և փառապանծ հասարակությունը (սա ընդունեք միանգամայն լուրջ) հայտարարի երշիկեղենից հետո նաև անորակ պանրից, ժամկետանց դեղորայքից և այլնից հրաժարվելու միամսյակ։ Տեսեք, թե ոնց է ոմանց խելքը տեղն ընկնում։
Ողջ հայությունն անհագուրդ կրքով ամենուր և ամեն օր ուտում է մսով ու կարտոֆիլով լցոնված «պեռաշկին»։ Սույն ուտեստի հայեցի անվանումը կարկանդակն է, փոխադրված ռուսերեն пирожок-ից։ Բայց եթե հիշենք սույն ուտեստը նրա ողջ գեղագիտական և գաստրոնոմիական զմայլանքով, ապա, ինչ խոսք, կնախընտրենք հենց «պեռաշկի» պատվատիտղոսը։ Բայց արդյո՞ք տեղյակ ենք, թե ինչպես է այն պատրաստվում։ Եփվում է դաղված և դառնահամ ձեթի կաթսայում։ Անհրաժեշտ է ձեթը փոխել յուրաքանչյուր խմբաքանակ «պեռաշկին» եփելուց հետո։ Ձեթը փոխում են շաբաթը մեկ անգամ։ Բա խճողա՜կը... Այո՜...
Երբևէ փորձե՞լ ենք մեր հանրային շահը, մարդկային արժանապատվությունը և այլն պաշտպանել` գնալով մինչև վերջ, հրապարակայնացնելով առկա խնդիրը։ Եկեք փորձենք և, հավատացեք, որ նման փորձերը փորձանք չեն դառնա։ Ի դեպ, ՀԿ-ների կոալիցիայի հուշագրում ուշագրավ տողեր կան. «Մեր նպատակն է ստեղծել քաղաքացիական հասարակություն, քանի որ մեր ազգաբնակչությունն անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, իսկ մենք ուզում ենք քաղաքացուն դարձնել իրազեկ սպառող, որպեսզի նա գիտակցի իր շահն ու իր իրավունքները»։
Եվ այս է ճշմարիտ ճանապարհը, որով կարգի կհրավիրենք ոմանց։ Այսինքն` գերժողովրդավար, պետականակերտ, մտքով արի, վարքով բարի, ասկետ և ասպետ իշխանությանը։ Ի վերջո, ո՞ւմ հայտնի չէ, որ ՀՀ-ի ողջ սննդային համախումբը ներկրում և արտադրում են մանդատակիր գերտնտեսավարողները և նրանց սերտաճած իշխանաբյուրոկրատական վերնակույտը։
ՎԵՐՋԵՐԳ
Իշխանությունը, որն այսօր փոխարինում է պետությանը, ձևավորել է այս խառնափնթոր իրավիճակը, հենվելով, այո՜, այո՜, մեր հեզ հնազանդության, մարտունակ անտարբերության և, վերջապես, անհեթեթ համակերպության վրա։ Հայաստանում չկան պետական վաճառատներ, դեղատներ, չկան, անշուշտ, գործարաններ և ֆաբրիկաներ։ Այսինքն, չկա պետական ո՛չ երշիկ, ո՛չ պանիր, ո՛չ էլ անգամ զուգարանաթուղթ։ Այսինքն, չկա շուկայական մրցակցություն պետության և մասնավորի միջև։ Հանրությունը, որպես սպառող, հայտնվում է մասնավորի գերության մեջ։ Եվ, բնականաբար, նրա միակ ապավենը ահա սա է` անդամակցել սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ներին։ Այսինքն, համազգային դաշինք կազմել ընդդեմ քրեաքաղաքական տնտեսավարողների։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ