38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ներիշխանական խարդավանքները «քաղցրանում են»

Ներիշխանական խարդավանքները  «քաղցրանում են»
21.04.2017 | 08:37

Խորհրդարանական ընտրությունների հետ կապված կրքերը, Սահմանադրական դատարանում արդյունքների բողոքարկումն ընդամենը հետընտրական թեթև ակտիվություն են, ինչի նպատակն ավելի շուտ հնարավոր սակարկությունների միջոցով իշխանություններից ինչ-որ բան պոկելն է։ Ասել է թե՝ որոշ ուժերի ստեղծած քաղաքական ակտիվության իմիտացիան դժվար թե քաղաքական որևէ գործընթացի վերածվի կամ դառնա նոր զարգացումների սկիզբ։


Այս հանգիստ պայմաններում իշխանության մոտ, բնականաբար, առաջին պլան են մղվում հնարավոր ներիշխանական վերադասավորումները։ Ընդ որում` հետաքրքրական է, որ մինչ այս պահը դեռևս նույնիսկ պարզ չէ` ինչպիսին է լինելու 6-րդ գումարման խորհրդարանի ամբողջական կազմը։ Այդ կազմը գոնե իշխող կուսակցության պարագայում ուղղակիորեն Սերժ Սարգսյանի, չի բացառվում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայեցողության ներքո է։ ՈՒ թեպետ ընթացող գործընթացները վերջնականապես չեն նշմարվում, սակայն փորձագիտական, քաղաքագիտական և լրագրողական շրջանակներն ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել կուլիսային պրոցեսներին, որոնք հիմնականում պայմանավորված են, որքան էլ տարօրինակ է հնչում, նախ և առաջ 2018 թ. ապրիլից հետո սպասվող հնարավոր վերադասավորումներով։ Այսինքն՝ այժմ արծարծվող բոլոր տիպի նշանակումների ենթատեքստում վերլուծաբաններն ու փորձագետներն ավելի շատ տեսնում են 2018-ից առաջ կատարվող նախապատրաստական աշխատանքներ։ 2018 թվական, երբ Սերժ Սարգսյանի՝ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո տեղի կունենան հիմնական վերադասավորումներն իշխանական բուրգում։
Պարզ է՝ քանի դեռ գործող նախագահը հստակ չի ասել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու 2018-ին նախագահական աթոռը թողնելուց հետո, և, ի վերջո, ինչ է նշանակում անվտանգության համակարգում որևէ դեր ստանձնելու իր հավակնությունը, բազմաթիվ վարկածներ են հրապարակ նետվելու։ Եվ առաջին հերթին ակնհայտ է, որ մարդիկ փորձում են ինչ-ինչ եզրակացություններ անել այժմ նկատվող որոշ բացահայտ և քողարկվող տրանսֆորմացիաներից ու վերադասավորումներից։


Այսօր թիվ մեկ քննարկման թեման, թերևս, վարչապետ Կարեն Կարապետյանի հեռանկարներն են առաջիկա մեկ տարում: Բանն այն է, որ մի բան էր վարչապետի դիրքը կուսակցությունում մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում, երբ նա ստանձնել էր հանրապետական կուսակցության գլխավոր ռեբրենդինգ անողի դերը, մեկ այլ բան է հետընտրական մեկ տարին, երբ դեռևս մեծ անորոշություն կա Սերժ Սարգսյանի գործողությունների հետ կապված։ Եվ յուրաքանչյուր դիրքային փոփոխություն դիտարկվում է 2018-ին հնարավոր վարչապետի անձի համատեքստում։
Բնականաբար, այս ամենը դիտարկվում է նախ և առաջ վարչապետի և գործող նախագահի միջև ենթադրվող մրցակցության տիրույթում: Այս համատեքստում խորհրդարանական ընտրություններից հետո նաև մանրամասն քննարկվում են վարչապետ Կարեն Կարապետյանին կողմ և դեմ ուժերը։ Նախ տեսնենք, թե որ ուժերն են Կարեն Կարապետյանին դեմ։ Այստեղ առաջին հերթին, թերևս, կարելի է տեսնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա շրջապատը։ Հովիկ Աբրահամյանը, դուրս գալով հանրապետական կուսակցությունից և գոնե առերևույթ ցույց չտալով, որ ինքն ուղղակիորեն կապված է «Ծառուկյան» դաշինքի հետ, փորձում է, այնուամենայնիվ, չկորցնել իր ազդեցությունը ՀՀԿ-ում։ Եվ հիմնականում աշխատում է Սերժ Սարգսյանին և վերջինիս շրջապատին հրամցնել այն գաղափարը, թե իր տարաձայնությունները ոչ թե Սերժ Սարգսյանի հետ են, այլ հիմնականում հենց ՀՀԿ-ին օտար Կարեն Կարապետյանի։ Ըստ էության նա հասկացնում է, որ իր ցանկությունն ընդամենն այն է, որ 2018-ին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը։ Հովիկ Աբրահամյանն ակնարկում է, որ ինքը ներկայացնում է քաղաքական նախկին իստեբլիշմենթի այն թևը, որն ընդամենը ցանկանում է, որ գործող նախագահը 2018-ից դառնա վարչապետ, և իրենք շարունակեն ապրել հին կյանքով։


Երկրորդ շերտը, այսպես կոչված, օդիոզ պաշտոնյաներն են կամ ֆիգուրները, որոնք Կարեն Կարապետյանի՝ կառավարության ղեկավար նշանակվելուց հետո կորցրին իրենց դիրքերը թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ պետական պաշտոնների ոլորտում, իսկ ոմանք նաև՝ որոշ ֆինանսատնտեսական հոսքերը վերահսկելու հնարավորությունները։ Նրանց, ըստ էության, ամենավերևներից ՀՀԿ-ի «վերափոխման» սկզբնական փուլից սկսած հասկացնում էին, որ եթե վարչապետը պնդում է, գլուխները կախ թողնեն հեռանան, քանի որ այդպես է պետք թիմին, և ընտրություններից հետո կտեսնեն, թե ինչ կարող են անել վերջիններիս համար։ Հիմա արդեն ընտրություններն անցյալում են, և գլուխները կախ, 7-8 ամիս պահպանել են լռությունը, շատերը նաև ռեյտինգային ցուցակներով մասնակցել են ընտրական գործընթացներին՝ այդ ոլորտում էլ կորուստներ կրելով, ու հիմա կարծում են, որ հիմնական շոուն ավարտվել է, «Հանրապետականը» իր հարցերը լուծել է, այդ թվում` վարչապետ Կարեն Կարապետյանի և իրենց կատարած աշխատանքի շնորհիվ, ու նրանց պատկերացմամբ՝ իրենք կրկին պետք է վերադառնան նախկին լծակներին։ Այս պարագայում Կարեն Կարապետյանը ոչ մի կերպ նրանց սխեմաների մեջ չի տեղավորվում ու քանի որ իր գործն արդեն արել է, ապա պետք է հեռանա կամ երկրորդ պլան դուրս գա։ Ըստ էության նրանց շահը գոնե արտաքուստ որոշակիորեն համընկնում է Հովիկ Աբրահամյանի հետ՝ հասկացնելով նախագահին, որ իրենք խնդիրներ չունեն վերջինիս հետ, և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, եթե Սերժ Սարգսյանը 2018-ին գլխավորի կառավարությունը։


Երրորդ շերտը երիտասարդ հանրապետականներն են։ Թեև 40-ն անց այդ գործիչներին պայմանականորեն կարելի է անվանել երիտասարդ։ Դա այն թևն է, որը կարիերային աճ է գրանցել Սերժ Սարգսյանի հովանու ներքո, վերջինիս շնորհիվ պաշտոններ է ստացել, մեծ հույսեր է փայփայել, որ արդեն ժամանակն է կարևոր պաշտոններ գրավելու։ Գուցե նաև թաքուն ուրախանում էին օդիոզներին և «հին գվարդիան» ասպարեզից հեռացնելու ժամանակ։ Սակայն այս նոր վերադասավորումներում այնպես չէ, որ իրենց լիովին ապահով են զգում։ Եվ այստեղ էլ հիմնականում զբաղված են իշխանական վերնախավում, ՀՀԿ կուլիսներում տեսակետ հնչեցնելով, թե ճիշտը 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն ու ստատուս քվոն պահպանելն է։


ՀՀԿ-ի ներսում կա ևս մեկ երիտասարդ թև, որը թեև կուսակցական չէ, սակայն բավականին մոտ է որոշում ընդունող իշխանական վերնախավին, այս թևը լուրջ ֆինանսական, ինֆորմացիոն և որոշ չափով ուժային լծակների տեր է։ Նրանք վերջին ամիսներին կարծես թե խաղից դուրս էին մնացել, իհարկե, փոխհամաձայնեցված։ Սակայն վերջիններս անորոշության մեջ են և այս խաղում առայժմ չեն պատկերացնում, թե Կարեն Կարապետյանի վարչապետությունը որքանով է նպաստելու իրենց սեփական ծրագրերի իրականացմանը։ Եվ պարզ է, որ նրանք փորձելու են հնարավորինս թուլացնել գործող վարչապետի ընտրություններից հետո ամրացած դիրքերը։


Այս պայմաններում, երբ նշված բոլոր 4 խմբերը, փաստորեն, այս կամ այլ չափով դեմ են վարչապետ Կարեն Կարապետյանին, ո՞վ է կառավարության ղեկավարի թիկունքը։ Այսօր հստակ ուրվագծվում են Հայաստանում գործող տնտեսական օլիգարխիային այլընտրանք հանդիսացող նոր տնտեսական խմբավորում, ռուսաստանահայ ներդրողները, որոնք հիմնականում հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի անդամներ են։ Դա հիմնականում ներկայացնում է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի թիմը, որը, աջակցելով վարչապետին, պետք է ներդրում կատարի երկրում, ինչը ենթադրում է նրանց կշռի ավելացում հանրապետության ներսում։ Եվ դրա արդյունքում կարող են լուրջ տնտեսական տրանսֆորմացիաներ, վերաբաշխումներ կատարվել Հայաստանում։ Կարող է տեղի ունենալ տնտեսական էլիտայի կամ օլիգարխիայի առնվազն մասնակի փոփոխություն, ինչը, պարզ է, ոչ բոլորի սրտով է, մասնավորապես, այսօրվա օլիգարխիայի, քանի որ հնարավոր զարգացումները բերելու են որոշակի փոփոխությունների, ինչը կամրացնի վարչապետին՝ ուժեղացնելով նաև նրա քաղաքական և աշխարհաքաղաքական կշիռը։


Վարչապետն ունի նաև արտաքին քաղաքական լուրջ հենարան. ակնհայտորեն դա մոսկովյան ուղղությունն է, «Գազպրոմի» և Կրեմլի հետ կապված շրջանակները։ Այստեղ կարծես թե ոչ ոք կասկածներ չունի։ Սակայն այսօր նրա շուրջ կարծես որոշակի աշխարհաքաղաքական կոնսենսուս է ձևավորվել։ Զգացվում է, որ գործող վարչապետի հետ լուրջ հույսեր են կապում թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում։ Նույնիսկ ԱՄՆ դեսպանության՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ վերջին հայտարարությունում հնչում էր վարչապետի անունը. մեջբերում էին Կարեն Կարապետյանի՝ դեռևս փետրվարին արած հայտարարությունը, թե անընդունելի է վարչական ռեսուրսի օգտագործումը։ Այսպիսով՝ Արևմուտքը թևութիկունք է կանգնում կառավարության ղեկավարին՝ կոչ անելով նրան կատարել իր խոստումը։ Աշխարհաքաղաքական կոնսենսուսը բավականին լուրջ հենարան է Կարեն Կարապետյանի համար։ Ի դեպ, չի բացառվում, որ Կարեն Կարապետյանին աջակցություն ցուցաբերեն նաև արցախյան շրջանակները, որտեղ նա բավականին լավ իմիջ ունի։


Այս պահի դրությամբ ուժերի այսպիսի դասավորություն է։ Շատերը ակնհայտորեն ցանկանում են սրել վիճակը, այդ թվում՝ վերոնշյալ չորս խմբերը, որոնք ժամանակ առ ժամանակ ասպարեզ են նետում թեմաներ, թե նախագահի և վարչապետի միջև լուրջ պայքար է ընթանում ապագայի վերաբերյալ, ներառյալ իբր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիա կազմելու շուրջ: Սակայն առայժմ որևէ առարկայական նախանշաններ չեն երևում, ամեն ինչ միայն ասեկոսեների մակարդակում է։ Շատերը նույնիսկ փորձում են նվազեցնել ընտրություններում Կարեն Կարապետյանի դերն ու ներդրումը։ Սակայն դա ըստ ամենայնի գոնե առայժմ ոչ թե ուղղակի Սերժ Սարգսյանից է գալիս, այլ վերոնշյալ 4 խմբերից, որոնք միայն գործող նախագահի վարչապետ դառնալով են պատկերացնում իրենց բարեկեցությունը, ազդեցության ավելացումը կամ դիրքերի վերականգնումը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ