(սկիզբը` այստեղ)
Հայաստանն ու հայ ժողովուրդը դեռևս հնարավորություն կունենան իրենց վճռական խոսքն ասելու նոր ձևավորվող աշխարհաքաղաքական կարգում, որը խոր տրանսֆորմացիայի է ենթարկվել Գորբաչովի «перестройка»-ի ազդեցության տակ ու նույն ուղղությամբ շարունակվելու է Ամերիկայում թափ հավաքող «թրամփիզմի» պատճառով: Դրանք աշխարհաքաղաքական պրոցեսներ են, որոնք ունեն իրենց օբյեկտիվ պատճառները, մեզ մնում է ընդունել առկա իրողությունն ու մեր գործուն մասնակցությունը բերել դրանց ձևավորման մեջ: Թերևս, հենց այդտեղ էլ գտնենք Հայ դատի խնդիրների լուծման բանալին:
Համաշխարհային նշանակության բոլոր կարևոր գործերում Հայաստանն ու հայ ժողովուրդը մասնակցել ու մասնակցելու են որպես աշխարհաքաղաքական պրոցեսների կատալիզատոր: Անհավատալի, սակայն փաստ է, որ առանց հայկական գործոնը հաշվի առնելու դժվար է հաջողությունների հասնել միջազգային տեռորիզմի դեմ տարվող պայքարում, քաղաքակրթությունների երկխոսության կամ քրիստոնեական ու իսլամական աշխարհների միջև ծավալվող վտանգավոր հակամարտությունների հարթեցման ու խաղաղ գոյակցության հարցերում:
Ցավոք, դեռևս մինչև վերջ չենք կարողանում ճիշտ գնահատել մեր աստվածատուր դերն աշխարհում ու Հայ դատի համար օգուտներ քաղել աշխարհաքաղաքական բարդ պրոցեսներից: Ի վերջո, պետք է ընդունել, որ «թագուհի» դառնալու և միջազգային հարթակներում արդեն «թագուհու» ուժային դիրքերից հանդես գալու համար պետք է, առաջին հերթին, մեր գործերը կարգավորենք երկրի ներսում, ջանասիրաբար աշխատենք՝ գործի դնելով մեր ազգին հատուկ մտավոր ներուժի ողջ զինանոցը՝ դրան գումարելով սփյուռքի ունեցած հնարավորությունները, լրջորեն մտածել մեր երկրի տնտեսական հզորացման ու սեփական հայրենիքում հայ մարդու բարգավաճ կյանքը կազմակերպելու մասին: Պետք է ճշմարիտ լինենք ու մեր երկրի արտաքին քաղաքականության հարցերում բարձր գնահատենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած անձնական ներդրումը: Խոսք չկա, այս հարցերում նա ուղղակի վիրտուոզ է, միջազգային հարթակներում մեր դիրքերը բարձր մակարդակի վրա են պահվում բացառապես ՀՀ նախագահի վարած ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ, բայց մենք դեռևս շատ «բայցեր» ունենք երկրի ներսում: Անցած 25 տարիներին երկրի ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել, տեղի են ունեցել բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք գումարվել, գումարվել ու արդյունքում որակ են տվել՝ դառնալով մեր տնտեսական անհաջողությունների հիմնական պատճառը: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ մեր երկրի ներսում տարվող անհաջող քաղաքականության մեջ մեծ է, եթե ոչ ՀՀ նախագահի, ապա նրա գլխավորած հանրապետական կուսակցության ունեցած բացասական դերը: Եթե Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը տանք «խիստ դրական» գնահատականը, ապա ներքին քաղաքականության հարցերում ստիպված ենք բավարարվել «միջակ» գնահատականով: Ամեն դեպքում, ՀՀ վերջին նախագահը, ի տարբերություն ՀՀ 1-ին ու 2-րդ նախագահների, կարողացավ հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության հարցերում՝ աշխարհում ավելի ճանաչելի ու ընդունելի դարձնելով Հայաստանն ու հայ ժողովրդին: Եթե նրան հաջողվի ազատ նավարկության ուղարկել իր կուսակից ընկերներին, ձերբազատվել նրանց սիրուց ու ցասումից, ստիպել արդյունավետ աշխատել ու զբաղվել երկրի ներքին կյանքի առողջացման խնդիրներով, վերջ տալ ուժասպառ անող կոռուպցիային ու գանձագողությանը, ապա հեռու չէ այն օրը, երբ մենք հաջողություններ կարձանագրենք նաև մեր կյանքի կենսականորեն կարևոր բոլոր բնագավառներում:
Պետք է խոստովանել, որ ներքին քաղաքականության հարցում ամեն ինչ փչացրել են տարբեր գումարումների ՀՀ Ազգային ժողովներն ու ՀՀ կառավարությունը, 1-14 համարների տակ հանդես եկած ու երկրի գործերին էականորեն ոչինչ չտված վարչապետները: Բայց մենք շարունակում ենք մնալ մեր կարծիքին. Հայաստանի ճակատագիրը որոշվելու է ոչ թե խորհրդարաններում ու կառավարման գրասենյակներում, այլ հաստոցի առաջ կանգնած բանվորի աշխատատեղում, ինժեներական լաբորատորիաներում, աշխատանքային մնացած ճակատներում ու պատերազմի դաշտում: Մեր սրբազան պարտքն է առանց ժամանակ կորցնելու ոտքի կանգնեցնել մեր գործարաններն ու գիտական լաբորատորիաները: Այս ընտրություններից Հայաստան երկրի համար որևիցե օգտակար սպասելիք չկա, համենայն դեպս, ես այդպես եմ մտածում՝ լսելով, հատկապես, «ընդդիմադիր» կուսակցությունների ու դաշինքների արտահայտած գաղափարներն ու խորհուրդները, դրանք ոչ թե սուտ ու սխալ, այլ խիստ վտանգավոր գաղափարներ են, որովհետև ասպարեզից դուրս են մղում հասարակության առողջացման ու երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու իրական ձևերն ու մեթոդները:
Հասարակություններն իրենցից ներկայացնում են ամբողջական օրգանիզմներ, որոնք կենդանի մարդու նման ունեն կենսապահովման իրենց կարևոր օրգաններն ու նրանց փոխազդեցության հստակ մեխանիզմները: Չի կարելի, օրինակ, առավելություն տալ մարդու օրգաններից մեկին՝ անտեսելով մյուս օրգանների աշխատանքը: Մարդու կյանքի համար Աստված ստեղծել է կենսապահովման բոլոր անհրաժեշտ օրգանները, ավելորդ օրգաններ չեն լինում, այդպես է նաև կենդանիների ու բույսերի մոտ, այդպես է նաև հասարակությունների դեպքում, ու կենսապահովման ճշգրիտ ուղեցույցը տրված է Աստվածաշնչում՝ Աստծո տասը պատվիրանների տեսքով:
Մեր հասարակության մեջ մշտապես խախտվում են Աստծո 2-րդ (Դուն քեզ կուռք չշինես... անոնց երկրպագութիւն չընես ու զանոնք չպաշտես), 8-րդ (Գողութիւն մի ըներ) և մյուս պատվիրանները: Քարոզարշավի մեկ շաբաթն արդեն բավական էր, որ մեր քաղաքացիները հասցնեն հոգնել ու հիասթափվել Արթուր Բաղդասարյան, Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան «կուռքերից» ու նրանց սուտ-սուտ խոստումներից, որոնց ազդեցության տակ մարդկանց մեջ միայն ճամպրուկային տրամադրություններ են առաջանում:
Մարդկային արժանապատվությունը թույլ չի տալիս աշխատել ու ապրել մի երկրում, որտեղ սուտ քարոզիչներն են խոստանում կարգ ու կանոն հաստատել:
Մենք դեռ կխոսենք, թե ինչպես է պետք կազմակերպել մեր երկրի տնտեսությունը, բայց ընտրարշավի ելած «կուռքերին» ուզում եմ հիշեցնել, որ երկրի գործերը կարգավորելու համար անհրաժեշտ է սրբորեն պահպանել Հայաստանի օրենքներով ու սահմանադրությամբ նախատեսված կարգ ու կանոնը, թույլ տալ, որ անկաշկանդ գործեն շուկայական հարաբերություններն ու ամեն ինչ կգնա շուկայական հարաբերությունների կանոններով, այդ պարագայում ամեն ինչ լավագույնս կստացվի: Վերջին հաշվով, մենք արդեն հրաժարվել ենք իր դարն ապրած պլանային տնտեսության գաղափարախոսությունից ու անցել ենք շուկայական հարաբերությունների, մեր հասարակությանը պետք չէ խաբել ու փորձել քարշ տալ դեպի պլանային տնտեսության, չի կարելի, ոչինչ չի ստացվի:
«Շուկան,- ասում էր Ռոնալդ Ռեյգանը,- մարդկության հնարած ամենամեծ գյուտն է: Շուկայական հարաբերությունները կարող են աշխատել միայն օրենքի գերակայության պայմաններում և դադարում են աշխատել կոռուպցիայի պայմաններում»: Ասել է՝ Հայաստանում այն չի կարող աշխատել՝ նկատի ունենալով կոռուպցիայի համատարած բնույթն ու դրա դեմ պայքարող իշխանավորների «համեստությունը»:
2017 թվականի մարտի 10-ին Հարավային Կորեայի նախագահին իմպիչմենտ հայտարարեցին՝ դեռևս չհաստատված կոռուպցիոն գործարքի պատճառով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա կորցրել է քաղաքացիների 96 տոկոսի վստահությունը: Այո, ժամանակակից տնտեսության մեջ շատ մեծ է վստահության գործոնը: ԽՍՀՄ փլուզման պատճառների մեջ մեծ էր վստահության պակասի գործոնը, որը պարտադիր պայման է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ընթացքում: Եթե չկա վստահություն, ապա չկա նաև ժամանակակից արդյունաբերություն: Համոզված եմ, որ Հարավային Կորեայում չեն խնայի նաև «Սամսունգի» նախագահին, որը կասկածվում է 37 միլիոն դոլարի կաշառք տալու մեջ: Իսկ թե իրենից ինչ է ներկայացնում «Սամսունգը», գաղտնիք չէ, դա պետություն է պետության մեջ, տալիս է այդ զարգացած երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը, բայց կապ չունի, եթե... ապա պետք է խստագույնս պատժվես:
Հետաքրքիր է, թե մեր քաղաքացիների ո՞ր տոկոսն է վստահում մեր իշխանություններին ու պատգամավորներին: Իմ կարծիքով՝ այդ «վստահությունն» ուղղակի հավասար է զրոյի, որովհետև իշխանավորները չեն վստահում ոչ իրենց, ոչ էլ շրջապատի մարդկանց: Անձամբ ես չեմ վստահում մեր վարչապետին ու պատգամավորության թեկնածուների մեծամասնությանը, իսկ դո՞ւք: Մեր երկրի գործերը կարգավորելու համար ավելի ճիշտ կլիներ մի կողմ դնել ընտրությունների թեման ու Հայաստանում տնտեսական արտակարգ դրություն հայտարարել՝ ՀՀ նախագահի առաջնորդությամբ նախաձեռնել երկրի տնտեսությունը վերականգնելու միջոցառումներ: Հերթական խորհրդարանական ընտրությունները կարելի կլինի անցկացնել միայն զգալի տնտեսական հաջողությունների հասնելուց հետո: Ցավալին այն է, որ ընտրապայքարի են ելել մարդիկ, որոնք համառորեն փորձում են իրենց սիրողական մասնագիտական գաղափարները փաթաթել հայ ժողովրդի վզին, ոչինչ չհասկանալով ժամանակակից արդյունաբերություն ու գյուղատնտեսություն կազմակերպելու գործերից ու միտումներից: Համոզված եմ՝ նրանք հոնքը շինելու փոխարեն մեր աչքերն են հանելու: Քարոզարշավի ժամանակ հստակորեն ջրի երես են դուրս գալիս մեր երկրի հիմնական պրոբլեմները. պարզվում է, թե որտեղ ու ինչու է խախտվել ներքին ու արտաքին քաղաքական ներդաշնակությունը, հասարակության մեջ ինչու են ստեղծվել այսքան անցանկալի դիսբալանսն ու դիսկոմֆորտը: Ստեղծված իրադրության պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրի գործերը կազմակերպելու համար պետք է ձգտել, որ ՀՀԿ-ն զրկվի երկրի գործերը միանձնյա տնօրինելու հնարավորությունից, տասնամյակներ շարունակ այդ կուսակցությունը միայն կարողանում է և ապացուցում է, որ դրա իրավունքը չի վաստակել, հայ ժողովրդի համար լավ կլիներ, որ ՀՀԿ-ն պարտվեր առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև երկրի առաջընթացի համար որևէ խելամիտ ծրագիր չառաջարկած, չիրականացրած, իրեն վարկաբեկած կուսակցության հերթական հաղթանակը կլինի հայ ժողովրդի հերթական պարտությունը, բացատրեմ, թե ինչու:
2017 թվականի փետրվարի վերջին Բրյուսելում ՀՀ նախագահն ընդարձակ հարցազրույց տվեց եվրոպական հեռուստալսարանին, շատ հարցեր եղան, ուշագրավ էր լրագրողի հետևյալ հարցը.
-Հայաստանն ինչո՞վ է հայտնի, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ հասկացանք, էլ ի՞նչ ունեք:
Սա շատ խորամանկ ու խորիմաստ հարց էր, որի տողատակերում կարելի էր ընկալել հետևյալ հարցը. «Դուք՝ հայերդ, մշտապես բարձրացնում եք ցեղասպանության, Ղարաբաղի, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, Թուրքիայի կողմից տևական շրջափակման ու այլ հարցեր, համաշխարհային հանրության առջև ծանր խնդիրներ եք դնում ու կոնկրետ լուծումներ պահանջում, բայց ինքներդ ի՞նչ եք արել համաշխարհային հանրության համար, աշխարհին մի լավ ֆուտբոլիստ եք տվել ու դրանով վե՞րջ»:
-Ոչ միայն,- խոսքը շարունակեց Սերժ Սարգսյանը,- ունենք շախմատիստ Լևոն Արոնյան, այլ մարզիկներ ևս:
Իրականում ՀՀ նախագահը կուլ տվեց լրագրողի խայծն ու սկսեց տենդորեն նկարագրել մեր երկրի թշվառ վիճակը՝ հասկացնելով, որ ինքը եկել է օգնություն խնդրելու, օգնության հետևից:
2017 թվականի մարտի 8-ին ՀՀ նախագահն արդեն Փարիզում էր, դարձյալ բարձր մակարդակի ջերմ ընդունելություն և օգնության խնդրանք՝ Ֆրանսիայի գործարար համայնքից, 600- հազարանոց ֆրանսահայ համայնքից: Հարցազրույցի ժամանակ պարզ դարձավ, որ հպարտանալու և աշխարհին ներկայանալու հիշարժան այլ բաներ, ցավոք, մեր երկիրը չունի, նախագահը չգտավ, չհիշեց, որովհետև չէր ստեղծվել, 25 տարի Հայաստանն անկախ է, բայց դեռ ոչինչ չի ստեղծվել՝ բացառությամբ հայտնի կլաններից ու այդ կլանների կերակրատաշտերի շուրջը հավաքված կուսակցականների:
Եթե նախկինում աշխարհը Հայաստանը ճանաչում էր Վիկտոր Համբարձումյանով, Արտեմ Միկոյանով, Սերգեյ Մերգելյանով, Արամ Խաչատրյանով, Մարտիրոս Սարյանով, Հովհաննես Բաղրամյանով, իր գիտատար արդյունաբերությամբ, ապա այսօր մենք, ցավոք, պետք է բավարարվենք մի քանի մարզիկներով, նաև ընտրակեղծիքներով, համատարած կոռուպցիայով ու մասսայական արտագաղթով: Եվրոպացի լրագրողի հարցն ուներ իր փիլիսոփայությունը, որը հիմնված էր հետևյալ պարզ դատողության վրա. եթե ցանկանում եք արժանանալ համաշխարհային հանրության ուշադրությանը, ստանալ նրա բարոյական աջակցությունն ու նյութական օգնությունը, ապա բարի եղեք ու աշխարհի մատից մի փուշ էլ դուք հանեք: Նման դեպքերի համար մշեցիներն ավելի կոպիտ, բայց ավելի դիպուկ ձևով են արտահայտվում. «թքու բուռս, վերցում զարկեմ ճակատիդ»: Այո, համաշխարհային քաղաքականության մեջ էլ ամեն ինչ առևտրի վրա է հիմնված, ամեն ինչ ընթանում է առևտրի հստակ կանոններով. Ադրբեջանը մեզ նավթ ու գազ է տալիս, իսկ Հայաստանից ի՞նչ կստանանք, բացի գլուխներս ցավեցնող խնդիրներից:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ