38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

2017-ի քաղընդդիմությունը որպես իշխանության պահապան հրեշտակ

2017-ի քաղընդդիմությունը որպես իշխանության պահապան հրեշտակ
17.03.2017 | 01:29

ՑՈՒԳՑՎԱՆԳ


ՈՒշադիր եղեք ընդդիմության քարոզչական տեսանյութերն ըմբոշխնելիս և նրանց ծրագրերը ընթերցելիս։ Առայժմ ոռոգման ջրով խմոր են հունցում և անալի բոքոն են թխում։ Իշխանությունն այս ամենը փաստում է պատշաճ հարգանքով և բաշխում է ԱԺ-ի մանդատներն ընդդիմադիր։ (Ընդդիմադիր բառը շքեղ է, դարանակալ և մի փոքր էլ լպրծուն)։
Բայց չէ՞ որ ընդդիմության հավաքներում պետք է հրեղեն խոսքեր հնչեն, որոնք պետք է սասանեն Մելիք-Ադամյան-8-ի հիմքերը։ Սակայն ելույթները ընդդիմադիր, ՀՀԿ գլխավոր քաղգրասենյակի ջրհորդանով սահում են վար ու հոսում, հանգրվանում են մայրաքաղաքի հարավում` աերացիայի անուշաբույր ջրամբարում։ Տե՜ր իմ Երկնավոր, սակայն չէ՞ որ ընդդիմությունը այնպիսի վերերկրային ծրագրերով պիտի սանձի յուրաքանչյուր հանրահավաք, որ նրա բոցակեզ հրովարտակումների ամենաթունդ պահերին ծաղկեն և պտուղ տան հարակից բարդին, նաև ուռին։ Այնինչ, յուրաքանչյուր ընդդիմադիր հավաքից հետո բազմանում և թառում են ամենուր խիստ ձայներգու թութակները և ամբարիշտ այն թռչնակը, որի անունն է փայտփորիկ։


Միով բանիվ, հնչել է առերեսումների հանապազօր զանգը։ Հորդորենք ընդդիմությանը, որ նա դուրս գա քաղաքական խումարից և խաղաղ դիմակայությամբ նախապատրաստի իշխանափոխությունը ԱԺ-ում։ Ընդդիմություն` զգաստ, հավասարությունը դեպի լյառն Մասիս, Արաքս մայր գետ և Անի քաղաքի ավերակներ։
Իշխանություններ, զգա՛ստ, նժդեհական ձեր անարատ ոգով անցեք հարձակման, նախ դադարեք առաջիկա 1-2 տարում հարսանիքներում տժժալուց ու գայթելուց և հստակ պատկերացրեք գերխնդիրը` 2017-ի աշնանը Արցախի և Հայաստանի հանրապետություններն ի մի են գալու որպես Հայկական 4-րդ Հանրապետություն։

ԲԱՄՓԱԿԱՐԿՈՒՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԶԻՆ, ԱՅՏԻՆ ԵՎ ՃԱԿԱՏԻՆ


Ընդդիմադիր քարոզները, խոստումներն ու բարեկիրթ ահաբեկչությունը, ըստ էության, ոչինչ են և ՀՀԿ քաղծրագրերի գունատ պատճենումն են։ Ընդամենը երկու խոսուն քարոզչական խոստումներ են «գերել» հոգիս, գերվեք և դո՛ւք, ընթերցողներ իմ պատվարժան։ «Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել` 1000 դրամ»։ Սա «Ծառուկյան» դաշինքի հենակետային խոստումներից է, որը, ինչ խոսք, ենթակա է անհապաղ իրագործման, զի հայ գյուղացին այսօր վճարում է ոռոգման ջրի դիմաց նույնքան գումար, որքան ՀՀ գլխավոր վարկատու պետության` ԱՄՆ-ի ֆերմերը։ Ահա նաև «Բաղդասարյան» դաշինք-ՀՎԿ-ի ուշագրավ քարոզախոստումը. «Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետևողական զարգացում»։ Սիրով հուշում եմ վերածննդականներին, որ գալիք խորհրդարանը ձեր ջանքերով պետք է վերջապես ընդունի դեռ 2007-ից ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացրած «Ստեղծագործական միությունների մասին» օրենքը։ Առայժմ նշյալ միությունները, որոնք միավորում են երկրի գրեթե ողջ ստեղծագործական ներուժը և աչքի լույսի պես պահպանում են ԽՍՀՄ տարիներին ստեղծված սեփական գույքն ու կայքը, խաղից դուրս են, այլ կերպ ասած` երկրի կյանքում պարզապես «անկախ մայլա» են։

3-րդ հանրապետությունը զարգանում է արտագաղթի և գերեզմանատների աճի, վարկերի ներկլանման և մենաշնորհների ամրապնդման ռազմավարական ուղղություններով։ Հինգ դաշինք և երեք կուսկառույց ՀՀԿ-ի «բուրդը քամուն են տալիս», սակայն հայոց հողմերն այդ բուրդը հետ են վերադարձնում ընդդիմադիր գրասենյակներ` բրդով լի բարձերի, վերմակների և ներքնակների տեսքով։ Երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները միանգամայն լուծելի են մեկ թուրկեծակային հարվածով` պետական մենաշնորհների ստեղծմամբ, այլ կերպ ասած` ազգային-պետական տնտեսության վերածննդով։ Մնացյալն ածանցյալ է։ Եվ ահա այսօր ընդդիմությունը զարմանահրաշ բավականությամբ ինքն իրեն դնում է ծիծաղելի և ձաղկելի վիճակում, փորձելով հակապետությունը պետության վերածել քարոզչական պատերազմի հնարքներով։ Հանքերը մասնավոր կապիտալի ձեռքում են, հայոց հանքերի գլխավոր սեփականատերերն օտարերկրյա ֆինանսական գայլաձկներն են։ Նրանք երկու գերխնդիր են լուծում` կորզում են մեր ազգային ռազմավարական հարստությունը, հեռահար նպատակաուղղվածությամբ նաև ապականելով մեր ազգային բնաշխարհը։ Ընդդիմության ընդհանրական տեսակետը ահա սա է` օրենսդրական ավելի խիստ վերահսկողություն սահմանել և վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկումը` հօգուտ պետության, այսինքն` հօգուտ և՛ մեզ, և՛ ձե՞զ։ Բայց, կներեք, սա նման չէ՞ լուսնահաչի։ Հանքերը շահագործում, հայոց ընդերքի հարստությունն է կորզում օտարը, փոխարենը մի քանի դրամ հարկով համալրում է մեր պետական գանձարանը։ Ընդդիմությունն առաջարկում է հետևյալը` մի քիչ ավելի գումար ձեր գողոնից մուտքագրեք հայոց պետբյուջե, առհասարակ, մի փոքր քիչ ապականեք շրջակա միջավայրը։ Նաև մի մոռացեք` տարեվերջին, որպես շնորհ, մի քանի զառամյալի Ամանորի տոպրակ նվիրել և մի քանի բուռ ադիբուդի լցնել ձեր ապականած բնաշխարհում ապականված առողջությամբ ապականված ձուկ որսացող մեր արորդի մանչուկների գրպանը։

Ընդդիմադիր առաքյալները տարին բոլոր չեն զլանում, թմբուկ են զարկում և եղերաձայն ահազանգում են` երկիրն անդունդի եզրին է, զի 250 հազար աղանդավորներ, պաշտպանված ՀՀ օրենքներով, խարխլում են մեր հայկազյան ամրոցի հիմքերը։ Բարի, բայց այսօր ինչո՞ւ են լռել ձեր թմբուկները, ու հանուն ինչի՞ են խցանվել ձեր շեփորները։ Որևէ քաղմարմնի քարոզչական հիմնադրույթ ինչո՞ւ չի պահանջում աղանդների վերացումը Հայաստանում և չի խոստանում, որ հենց ինքը կգլխատի աղանդավորական հիդրային։ Մի՞թե թեկուզ կիսաձայն հնչում են ԼԳՏԲ-ական չարիքը ՀՀ-ում արգելելու որևէ խոստում կամ սպառնալիք։ Ամենևին։ Դուք լսե՞ք եք 6 մլրդ դոլար պետական պարտքի ծագումնաբանությամբ զբաղվելու և մեղսագործներին դեպի կառափնարան ուղեկցելու որևէ հայտարարություն։ Բնավ։ Հովվերգական նվագներ են հնչում, և պղպջուն առվակներ են կարկաչում` բռնադատելով հանրային ականջը։

Առհասարակ ինձ ավելի ու ավելի հաճախ է թվում, որ ընդդիմադիրների քարոզչական ծրագրերը գրվել և սրբագրվել են... այո՜, այո՜, Մելիք-Ադամյան-8 հասցեում։ Ձեզ այդպես չի՞ թվում։ Տեսեք, ներկրումային մենաշնորհների վերացման մասին ոչ ձայն է հնչում, ոչ էլ ծպտուն։ Ընդդիմությունը տեսլական ունի` բարոյագեղագիտական ռմբահարումներով դարձի բերել օլիգարխիային։ Մեկ-երկու օլիգարխի անձամբ հարցրել եմ` մենք ընթանում ենք «ազգ-բանակ» կառուցելու ճանապարհով, դարձի ե՞րբ եք գալու։ Երբե՛ք, հատու հնչեց պատասխանը, իմ ազգ-բանակը ես վաղուց կառուցել եմ, կուզես, դարձիր զինվոր իմ բանակում։ Չուզեցի։ Իսկ այդ ինչո՞ւ ընդդիմադիրները համառորեն խուսափում են, չեն անդրադառնում ազգադավ և պետականաքանդ մյուս հրեշին` պետչինովնիկական նվիրաբերումներին։ Հենց որ պետծառայողը հայտնվում է ծառայողական բուրգի վերին հատվածում, ի հայտ են գալիս մինչ այդ անհայտ ընկերները և նվիրում են պետծառայող ընկերոջը միանգամից մի քանի միլիոն դոլար գումար։ Իսկ պետական բյուջեի անգութ կողոպո՞ւտը պետծառայողների ձեռամբ, երբ գնում են 1000-դոլարանոց պետական-ծառայողական 1 աթոռ, ձեռք են բերում 500-դոլարանոց 1 գրիչ և 50-դոլարանոց սրճեփ և այլն, ինչո՞ւ այս խնդիրը չեն քննարկում, ի մասնավորի, «ՕՐՕ»-ն և «Ելք»-ը։


Միով բանիվ, ուշքի եկեք, տիարք և տիկնայք ընդդիմադիրներ, և արմատապես կառուցողական խոստումներով ներկայացեք հանրության դատին։ Թե չէ իսկապես զավեշտի են վերածվել ձեր «փրկչական» խմբերգերն ու ելքային մեներգերը։

ԿԱՄ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, ԿԱՄ ԷԼ` ԾՂՈՏԵ ԿԱԽԱՂԱՆ
Արդի իմաստասեր և պոետ Մանասեն ահավասիկ այսպես է քարագրել մեր արիական ներկան. «Հասարակության մեջ շուռ տված աղբամանների շուրջը երբ սկսում է խավ ձևավորվել, կառավարության շուրջն էլ ձևավորվում են շուռ տված նախարարներ, որն այդ խավին տանում է իշխանության զավթման։ ՈՒրեմն ինչքան անմաքուր է այն հասարակությունը, որ աղբամանների կարիք ունի»։
Այս տեսանկյունից 3-րդ հանրապետությունը խիստ կարիքավոր է, զի երկրին անհրաժեշտ են բյուր-բազմանիստ աղբամաններ և ախտահանիչ լուծույթներ` հորդառատ անձրևի տեսքով։
Այժմ ես, ջերմեռանդ հավատացյալի հույսով, դիմում են հենց նրանց, ովքեր որոշելու են երկրի գոյակերպը գալիք տարիներին, ի մասնավորի արմատական հանրապետականներին, այսինքն` անմականունակիրներին և ՀՀ 14-րդ վարչապետի թիմին։


Տիկնայք և տիարք, ՀՀԿ փառահեղ մենիշխանության իննամյա դարաշրջանում պարբերաբար զուգահեռվել են երկրի վարկային բեռի ծանրությունն ու ձեր անձնական անհոգությունը, աղանդավորալգտբականների գլխաքանակն ու ձեր հովանին սրանց գլխին։ Սա ինչի՞ նշան է։
Գիշերային հրավառությունները դարձան մեր կյանքի իմաստաբանական կրիչները հենց վերջին իննամյակում։ Բարի, սակայն երբ 15-հոգանոց հրոսակախումբը, կազմված ինտելեկտուալ պատգամավորներից, մականունակիր մանդատակիրներից և նվիրաբերված նախարարներից, գիշերվա 1.00-ին դղրդացնում-քնից զրկում է առնվազն 15 հազար ՀՀ քաղաքացու, պատճառելով վերջիններիս ֆիզիկական և բարոյական անլուր տառապանք, դա ինչպե՞ս բացատրել։ Մեծապես կշահեք, եթե նախընտրական քարոզարշավի գալիք 14 օրերին այս խնդրի նախ բարոյական, այնուհետև գիտական և, վերջապես, իրավական գնահատականը հրամցնեք հանրությանը։ Ո՛ղջ լերուք։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Ընդդիմադիրնե՛ր, երկու շաբաթ` 14 օր է մնացել մինչև քարոզարշավի վերջին օրը` մարտի 31-ը։ Օ՜հ, երկինք, և ա՜խ, երկիր, նախընտրական լռության օրը ապրիլի 1-ն է։
Այժմ ձեր նախապատգամավորական և մանդատահույզ ականջներին աղեբլիթե օղ արեք առաջարկս և կհայտնվեք օվալաձև դահլիճում։
Քայլարշավեք դեպի Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի, բնավորվեք «Տնակների թաղամասում», մամլո համերկրային ասուլիս հրավիրեք և բանկային նորաբաց «Մահ հայրաքաղաքի տնակներին» հաշվի վրա հրապարակավ ամրագրեք նախորդ տարիների ձեր արդար վաստակի տասանորդն ու գերարդար գողոնի 90 տոկոսը և ազատեք Կումայրին ու երկիրն այս տիեզերական ամոթանքից։ Հաշվարկել եմ` 1 մանդատ ձեռք բերելու համար անհրաժեշտ է վերացնել 100 տնակ, և կառուցել 10 շեն տուն։ Սույնը հավասարապես վերաբերում է ՀՀԿ-ին և հանրապետականաշուլալ մարդուկ-կուսակցությունների գլամուրված խմբապետիկներին։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ