Մեր ժողովրդի դարերով ստեղծած կենցաղային ավանդույթների շարքում ուրույն տեղ ունի գավառեցիների «Բարի լույս»-ի «Չխանգարա»-ն, որը դարձել է այցեքարտ` լայն տարածում ստանալով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
Այս ավանդույթի իմաստը կյանքից գոհ մարդկանց հավաքական զրույցն է՝ կյանքն ավելի լավ դարձնելու, արարելու նոր ծրագրեր մշակելու:
Ցավոք, իրավիճակը ներկայումս մտահոգիչ է։ Վերջերս Գավառ այցելելիս փորձեցի պարզել ավանդական «Բարի լույս»-ի և «Չխանգարա»-ի գոյությունը՝ ծանոթներիցս մի մասի պատասխանը «քո խավեսը չունեմ» էր, իսկ մյուսներինը՝ խոժոռադեմ հայացքներով անպատասխան հեռանալը:
Եվ դա պատահական չէ. աշխատանք ապահովող սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ, սննդի ձեռնարկությունները գործնականում չկան, ինչի պատճառով բնակչության մոտավորապես 30 %-ը աշխատանք չունի, աղքատության շեմին է, մեծ է արտագաղթը:
Գավառի քիչ թե շատ աշխատող ձեռնարկություններից է «Բարեկամություն» ԲԲԸ-ն, որը նախկին «Շրջանային մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկության» իրավահաջորդն է: Այն 1993 թ. ունեցել է 1300 աշխատող, ներկայումս՝ 8:
Ձեռնարկությունը ոչ միայն լուծում էր շրջանի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման խնդիրները, այլև, համագործակցելով Պատոնի անվան զոդման աշխարհահռչակ ինստիտուտի հետ, ստեղծել էր էլեկտրոդների հզոր արտադրամաս` դառնալով Անդրկովկասի, մասամբ նաև Ռուսաստանի հարավային շրջանների էլեկտրոդների մատակարարողը: Կազմակերպեց նաև մետալուրգիական բաժանմունք, դարձավ ՈՒլյանովսկի ՈՒԱԶ հայտնի ամենագնացների հենակետը Անդրկովկասում:
Մելիորատիվ ջոկատի միջոցով տարեկան մոտավորապես 200 հա քարքարոտ հող էր յուրացնում` քարքարոտ Հայաստանը դարձնելով խաղողի ու պտղի այգեստաններ:
Ձեռնարկության անցած փառավոր կենսագրության, նրա աշխատակիցների բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ձեռք բերած նվաճումների մասին անվերջ կարելի է խոսել ու խոսել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անցյալ է, հուշապատում, դրանով այսօրվա աղքատությունը չես վերացնի, ոչ էլ կկանխես արտագաղթը:
Բարեբախտաբար, ձեռնարկության աշխատունակ, ցանկացած պահի մեքենասարքավորումները գործարկելու իրավիճակը, անցյալի «նոստալժի»-ի դոպինգն էլ հետը, հուշում են, որ ամեն ինչ չէ, որ անդառնալիորեն կորած է, որ ձեռնարկությունը կարելի է ոտքի կանգնեցնել, մարդկանց տալ աշխատանք, «բարի լույս» լսելիս հպարտ գավառեցուց լսել հանրահայտ «չխանգարա»-ն:
Բայց դա անելու համար պետք է բացահայտել, գտնել առկա իրավիճակի օբյեկտիվ պատճառները:
Մեր կարծիքով` հիմնական պատճառն այն է, որ մասնատելով, մանրացնելով գյուղատնտեսական արտադրությունը, նրանց սպասարկող կառույցները, մենք փաստորեն կնքեցինք նրանց մահկանացուն, որովհետև միշտ էլ հայտնի էր, որ արտադրության փոքր ծավալների դեպքում օբյեկտիվորեն հնարավոր չէ դրանց արդյունավետ մեքենայացումը, ինչը շահութաբեր արտադրություն ունենալու նախապայմանն է:
Եղեգնաձորյան իր հանդիպումների ժամանակ վարչապետն իրավացիորեն նշում էր, որ 4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա և համառորեն հավաքի մասնակիցներից իր հարցի պատասխանն էր ակնկալում՝ «Կա՞ արդյոք մարզում օրինակելի, քիչ թե շատ շահութաբեր մի տնտեսություն, որի գործունեությունը ուսումնասիրելով` մյուսները առաջ կշարժվեն»:
Ինչպես հիշում եք, պատասխանը լռությունն էր և սառը անտարբերությունը:
Մինչդեռ վարչապետի առաջադրած խնդիրների լուծումները պետք է գտնել, առավել ևս, որ արդեն քառորդ դար է, ինչ մենք տավարաբուծության բնագավառում ոչ թե առաջ ենք շարժվում, այլ դոփում ենք տեղում, կաթնատվության մակարդակով աշխարհում զբաղեցնելով նախավերջին տեղը, տավարի մսի քաշաճով մոտավորապես 3 անգամ զիջելով եվրոպական երկրներին, ինչը վերջին հաշվով հանգեցնում է կաթնամսամթերքի «սողացող» գնաճին և աղքատության բարձր շեմի պատճառով ` արտագաղթին:
Այս իմաստով խնդրի լուծման փնտրտուքները պետք է հասարակական հնչողություն ստանան, դառնան մասնագետների, համապատասխան կառույցների քննարկումների նյութ, առավել ևս, որ այս տարվանից կառավարությունը ֆինանսավորում է տավարաբուծության խոշորացումը. ինչպե՞ս, ի՞նչ հիմքերով, արդյոք այդ լուծումները համահո՞ւնչ են մասնավորի, երկրի շահերին:
Չունենալով այս հարցերի պատասխանը, խնդրի լուծումը չընկալելով ամբողջականության մեջ՝ անասնակերից անասնաշենքը ներառյալ, մենք ընդամենը 5 տարի հետո, ծախսելով ֆինանսական զգալի միջոցներ, կփաստենք նոր ծրագրի ձախողումը, ինչպես դա եղավ Եվրոպայից ներկրված, կաթնատվության բարձր պոտենցիալ ունեցող երինջների ծրագրի հետ (այդ մասին մանրամասն կխոսենք մի այլ հոդվածում):
Իսկ այժմ փորձեք պատասխանել վարչապետի հարցադրմանը, ի՞նչը պետք է ստիպի 4-5 կով ունեցող մասնավորին իր կովերը տանել «կոլխոզ», խոշորացնել արտադրությունը:
Պատասխանը կարող է լինել միայն մեկը. երբ նա տեսնի իր իրական շահը՝ գործող ֆերմայի օրինակով:
Այդպիսի ուսումնառական, օրինակելի ֆերմա պատրաստվում ենք ստեղծելու «Բարեկամություն» ԲԲԸ-ում` օգտագործելով առկա շինությունները, տեխնիկական միջոցները, ակնկալելով պետության համագործակցությունը՝ նաև համաֆինանսավորմամբ, ապահովելով կաթնատվության և քաշաճի եվրոպական ցուցանիշները` տարեկան 5000 կգ կաթ և 1 կգ օրական քաշաճ:
Ֆերմայի հիմնական օբյեկտները կոոպերատիվ անասնաշենքերն են նվազագույնը 30-40 գլխաքանակով, ըստ անհրաժեշտության փոփոխվող տարողունակությամբ բաժանմունքներով, որոնք, լրիվ տնօրինելու իրավունքով, կտրամադրվեն մասնավորներին:
Այդ շենքում մեքենայացվում են կերաբաժնի ձևավորման, բաշխման, ավտոմատ ջրամատակարարման, օդափոխանակության, կիթի և կաթի նախնական մշակման, խտացրած կերի հասցեագրված մատուցման, գոմաղբի հեռացման և վերամշակման աշխատանքները:
Կենդանիների պահվածքը կոմբինացված է ավտոմատ կապովի՝ կերակրվելիս և կթվելիս, և անկապ՝ խոր ցամքարի վրա հանգստանալիս ցանկացած պահի զբոսաբակ դուրս գալու և հարակից արոտներից օգտվելու հնարավորությամբ (այս տեխնոլոգիան 100 %-անոց անկապ պահվածքի համեմատ թույլ է տալիս 50 %-ով կրճատել ցամքարի ծախսը):
Մասնավորը իր տավարը կբերի այս անասնաշենք` ակնկալելով. ա) մթերատվության բարձր ցուցանիշների (կաթնատվությունը` 5000 լիտր, օրվա քաշաճը՝ 1 կգ) իրացում, հետևաբար բավարար շահույթ, բ) ֆիզիկական աշխատանքի և աշխատուժի համեմատական նվազեցում՝ մեքենայացման շնորհիվ, գ) իր տանը զբոսաշրջիկներին ընդունելու պայմանների բարելավում, որովհետև վերանում են հարակից շինություններում պահվող տավարի արտաթորանքի տհաճ հոտը, ճանճերի բազմությունը, դ) տնային գործերով զբաղվելու մեծ հնարավորություն, որովհետև նա իր կովերին կարող է հետևել տանը նստած՝ տեսախցիկով, ե) տավարը հեռագնա արոտ տանելով 5-6 ամիս տնից բացակայելու անհրաժեշտության վերացումով, զ) կաթնամսամթերքի վերամշակման, նոր սննդատեսակներ ստեղծելու իր հմտությունների զարգացում, որովհետև կաթն ու միսը իրենն են, և նա դրանք կմշակի ինչպես ինքն է ցանկանում, շուկայի պահանջարկը հաշվի առնելով, ընտանեկան բրենդ ստեղծելով:
Կոոպերատիվի սեփականատիրոջ շահույթը մեր առաջարկած տեխնոլոգիայով և մեքենայով գոմաղբի մշակումից ստացված, շուկայական լավ պահանջարկ ունեցող բիոհումուսն է, սպիտակուցային խտանյութը (որը ներկրվում է), վարակազերծված օրգանական պինդ և հեղուկ պարարտանյութն է, գոմաղբի հիմքի վրա գրանուլացված պինդ վառելանյութն է՝ 3000-3500 կկալ ջերմատվությամբ, որով հնարավոր է ավտոմատ ռեժիմով ջեռուցել գյուղացու բնակարանը:
ՈՒսումնառության համար օրինակելի կոոպերատիվ ֆերմայի այս նախագծի գործարկումը հենց այդ ընկերության տարածքում պայմանավորված է ոչ միայն պատրաստի անասնաշենքերի առկայությամբ, այլև նրանով, որ ընկերությունն ունի ուսումնառության ժամանակ գյուղացիներին ընդունելու, գիշերելու, սննդի և այլ կառույցներ: Այսինքն` ֆինանսական առումով ծախսերը քիչ կլինեն: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք ևս բավարար չեն կաթի ու մսի օրինակելի արտադրություն կազմակերպելու, այն ուսուցանելու համար:
Բարեբախտաբար, ենթակառուցվածքների առումով պատասխանը նույնպես դրական է. ընկերության հեռատես ղեկավարը պահպանել է տեխնիկան մոնտաժելու, սպասարկելու, նորոգելու արտադրամասերը:
Ստացվում է, որ սա հանրապետության այն միակ տնտեսությունն է, որտեղ ֆինանսական անհամեմատ քիչ ծախսերով կարելի է գործարկել մեր վարչապետի երազած ուսումնառական օրինակելի կոոպերատիվ ֆերման:
Սակայն ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է ապահովել որակական և քանակական բարձր ցուցանիշներով անասնակերի առկայությունը:
Վասիլ Հակոբյանը ներկայումս էլ ապահովում է այդ ցուցանիշները, նա ունի արոտային լավ տնտեսություն, խոտհարքեր, խտացրած կերի` գարու կայուն արտադրություն: Մնում է կաթ «բերող» կերային ճակնդեղի մշակությունը. նա դա էլ կանի:
Կոոպերատիվ անասնաշենքի հարակից տարածքում, նա ցույց կտա, թե ինչպես է իր ստեղծած մեքենայով կարողանում 5-6 անգամ ավելի շատ գարի ստանալ, քան հարևանները, ինչպես է արոտավայրերից և խոտհարքերից, մեզ հետ համատեղ ստեղծած մեքենայով, 3 անգամ ավելի շատ խոտ ստանում, ինչպես է կարողանում անձրևաձնհալ «փախչող» ջրերը կուտակել արոտավայրերի և խոտհարքերի արմատային հողազանգվածում, մեծացնելով հողի խոնավությունը, կասեցնելով ջրհեղեղը, երաշտը, տարածքային հրդեհները, հողի ջրային էրոզիան:
Իսկ հարևանները, որոնք իրենց կովերը բերել են կոոպերատիվ անասնաշենք, որտեղի՞ց և ինչպե՞ս են ձեռք բերելու անհրաժեշտ անասնակերը:
Թվում է, թե պատասխանը պարզ է. իրենց սեփականացրած հողամասերից:
Բայց անկախացման տարիները ցույց տվեցին, որ մասնատված, մանրացրած, իրարից երբեմն մի քանի կիլոմետր հեռու գտնվող հողամասերի մեքենայական մշակումը ցաքուցրիվ, առանձին անհատների ձեռքում գտնվող տեխնիկական միջոցներով խնդիրը չի լուծում, ոչ միայն կատարվող աշխատանքների համար կամայական սակագներ պահանջելով, այլև տեխնիկան արդյունավետ օգտագործելու առումով. որտեղի՞ց հարմար գնով ձեռք բերել պահեստամասեր, տեխնիկական ի՞նչ միջոցներով իրագործել նորոգումը, տեխխնամքը և այլն:
Ընդունենք նաև այն փաստը, որ տեխնիկան կատարելագործվելով նաև բարդանում է` պահանջելով խնամքի և նորոգումների նույնպես բարդ տեխնիկական միջոցներ, հմտություններ:
ՈՒ ստեղծված իրավիճակը կարծես թե հուշում է, որ պետք է կենտրոնացնել նաև տեխնիկան, ստեղծել դրա սպասարկման, տեխխնամքի, նորոգման կայաններ` ապահովված անհրաժեշտ պահեստամասերով և նյութատեխնիկական միջոցներով:
Բայց Վասիլ Հակոբյանի մոտ նման կառույցներ ստեղծել պետք չէ. հմուտ ու հեռատես տնտեսավարողը կարողացել է աշխատանքային վիճակում պահել մեքենատրակտորային կայանի բոլոր՝ ավտոտրակտորների, նրանց շարժիչների, գյուղմեքենաների տեխնիկական սպասարկման, նորոգման, մեխանիկակական բաժանմունքները:
Մնում է օրենսդրորեն, թեկուզ փորձնական կարգով, աջակցել Վասիլ Հակոբյանին, վերականգնել մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) նախկինում իրեն արդարացրած գործառույթները, ինչի անհրաժեշտության մասին պարբերաբար խոսում են վերին օղակներում ու պարբերաբար էլ ոչինչ չանելով՝ լռում են:
Տնտեսության զարգացման հիմքը մրցակցությունն է։ Նախկին համակարգում սոցիալիստական մրցակցությունն էր, որն իրեն չարդարացրեց: Բայց հիմա, նոր համակարգում, պայմաններ ստեղծենք, որ մրցեն տեխնիկայի անհատ սեփականատերերը և միավորված տեխնիկա ու դրանց սպասարկման բոլոր կառույցներն ունեցող ՄՏԿ-ի սեփականատերերը:
Վասիլ Հակոբյանը համոզված է, որ մրցակցության նոր պայմաններում, աստիճանաբար, իր մոտ իրենց տեխնիկայով կհամախմբվեն մյուսները, ինչից կշահեն բոլորը, և Գավառը առաջ կշարժվի:
Այս նախագիծն իրագործելը նախատեսվում է մասնավոր-պետություն համաֆինանսավորմամբ: Պարզվում է՝ պետության ֆինանսական մասնակցության չափը տնտեսության ղեկավարը կարող է զգալիորեն նվազեցնել, եթե կառավարությունն աջակցի, որ ներկրվող կուլտիվատորների, գութանների փոխարեն ինքն իրացնի իր պատրաստածը, որը թե որակի, թե գնի առումով նախընտրելի է: Թե չէ անհեթեթ իրավիճակ է՝ մենք վարկ ենք վերցնում տնտեսությունը կայունացնելու համար, բայց փաստորեն կազմալուծում ենք այն` կայունացնելով վարկ տվողինը, որովհետև արգելակում ենք տեղական արտադրանքի իրացումը, պատճառաբանելով, որ այդպիսին է ստորագրված վարկային պայմանագիրը (է՜, չստորագրեիք):
«Բարեկամություն» ԲԲԸ-ի նյութատեխնիկական բազան հնարավորություն է տալիս նոր ստեղծվող, օրինակելի կոոպերատիվ ֆերմայի տարածքում կենտրոնացնելու և արտադրական պայմաններում գյուղացիներին ցուցադրելու նաև հայրենական գիտատեխնիկական մտքի` գյուղատնտեսության զարգացմանը միտված վերջին մշակումները: Մասնավորապես, պրոֆեսոր Վահան Համազասպյանի արևային հեղինակումները, մեր ստեղծած արևային ջերմակուտակիչները, բնապահպանների դրական արդյունքներով փորձարկված ջերմակուտակիչ պոլիէթիլենային թաղանթները, ոռոգման կաթիլային համակարգում տեղական արտադրության վարակազերծված օրգանական պարարտանյութերի օգտագործումը, խոտալյուրի պատրաստման նոր տեխնոլոգիան և մեքենասարքավորումները, ցրտահարության, կարկտահարության դեմ պայքարի այլընտրանքային տարբերակները և այլն:
Էական է նաև այն, որ ծանոթանալով այս ամենին, ինչպես նաև ուսումնասիրելով օրինակելի ֆերմայի գործունեությունը, գյուղացին կարող է իրեն դուր եկած նորույթը պատվիրել տեղում:
Եթե մի փոքր էլ առաջ նայենք, ապա «Բարեկամություն» ԲԲԸ-ում կտեսնենք ժամանակակից սարքավորումներով անասնակերի անալիզի լաբորատորիան, որը 20-ից ավելի ցուցանիշներով համալրելով կոնկրետ տնտեսության կոնկրետ X համարի կենդանու կերաբաժինը և այն տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներով ուղարկելով հասցեատիրոջը, սկզբնավորում է կաթնատվության աճի նոր՝ 5000 լիտրից ավելի մակարդակի իրացումը:
Այս ամենը պահանջված կդարձնի որակյալ, պրպտող միտք ունեցող, «բան» ստեղծող մարդկանց անհրաժեշտությունը և ներգաղթը արտագաղթով փոխարինելու լավ նախադրյալ կդառնա:
Այսպիսով, առաջարկվող ուսումնառական օրինակելի կոոպերատիվ ֆերման իր սպասարկող կառույցներով, գիտաարտադրական պոլիգոնով կարող է դառնալ Գավառի, հարակից շրջանների, ամբողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացման լոկոմոտիվը, կստեղծի բավարար շահույթ, ու կյանքից գոհ գավառեցին «չխանգարա»-ից հետո ուրախ տրամադրությամբ կգա «Բարեկամություն» ԲԲԸ կենտրոնակայան` խնկարկելու գյուղացու, բանվորի, մտավորականի հոյակապ «Փառք աշխատանքին» արձանին, որը բնությունը, թփուտների և սոճիների աննախադեպ աճով, այժմ թաքցնում է շրջապատից, կարծես թե անհարմար զգալով, որ մեր օրերում նսեմացվում, անտեսվում է մարդկանց այդ տեսակը:
Մեր նոր, պրագմատիկ վարչապետն էլ կուրախանա, որ Իսրայել գնալու փոխարեն մարդիկ գալիս են Հայաստան, գյուղատնտեսության բնագավառում մեր հաջողությունների գաղտնիքները բացահայտելու, իր իսկ բնորոշմամբ «...ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաները...» ուսումնասիրելու, Հայաստան անունը արժևորելու:
Պարոն վարչապետ, գնացեք այդ տնտեսություն, ուսումնասիրեք այն, ծանոթացեք նրա բազմաշնորհ ղեկավար, բազմավաստակ, 30-ից ավելի թոռի և ծոռի «տիրակալ» Վասիլ Հակոբյանի հետ և կհամոզվեք, որ հոդվածս հեքիաթ չէ, այն կյանքի կկոչվի մի տարուց էլ պակաս ժամանակահատվածում, եթե Դուք ժամանակ գտնեք մի փոքր կենտրոնանալու այս խնդրի վրա:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ