Չորրորդ իշխանության, հատկապես հեռուստատեսության շնորհիվ, Ազգային ժողովը Հայաստանում դարձավ գլխավոր ու գերագույն դերակատար, ժողովրդին ի տես` որպես աչքի լույս և որպես աչքի փուշ` միաժամանակ: Տարիների ընթացքում ԶԼՄ-ներից հավատարմագրված համարյա անփոփոխ ներկայացուցիչները, հատկապես նիստերի օրերին, դահլիճում, միջանցքներում ու աշխատասենյակներում պատգամավորների հետ միմյանց ծանոթ ու ճանաչ մտերիմներ են դառնում, զրուցում ու հարցազրուցում են, ճեպազրուցում:
Պաշտոնական ու անպաշտոն ասուլիսների արդյունքում էլ ծնվում են լրագրողական նյութերը` պառլամենտականների կյանքին ու գործին վերաբերող հազար ու մի փաստ ու վարկածի, մանր ու մեծ, կարևոր ու անկարևոր միջադեպի կամ երևույթի տեսքով:
Ծնվում են դիմանկարային ակնարկներ` լուրջ ու իրական, նույնիսկ զավեշտի հասնող` անլուրջ ու ամոթալի: Բուն ասելիքը մի կողմ, երբեմն էլ լուսանկարում ու ցուցադրում են անպայման քիթը քչփորող, քնած, երկու կոճակով քվեարկող, հորանջող կամ նիստի ընթացքում թերթ կարդացող , հեռախոսախաղերով տարված պառլամենտականների:
Ես չգիտեմ, թե մեր հասարակության որ մասն է ԱԺ-ն ընկալում որպես և զուտ օրենսդիր մարմին, բայց հասարակության այդ մասը չի սխալվում, որովհետև ԱԺ-ում նույնպես պառլամենտականների ինչ-որ մասն է օրենսդիր` օրենքներ գրող, մշակող, ստեղծող:
Ցավ է, իհարկե, բայց ժողովրդի աչքում ԱԺ-ն վարկաբեկված ինստիտուտ է ոչ միայն անձերի որակով. ժողովուրդը դեռևս շոշափելիորեն չի զգում ընդունված օրենքների բարերար ազդեցությունը իր կյանքի, իր կենսակերպի վրա:
Ժողովուրդն ակնկալում է հրաշք օրենքների հրաշագործությունը: Ակնկալիքները փոշիանում են, փոշիանում է նաև հավատը. փոխարենը խտանում է հասարակության անտարբերությունը հասարակական կյանքում կատարվող ու նաև չկատարվող երևույթների նկատմամբ: Ժողովրդի հանապազօր հացի, իր ոտնահարված իրավունքների ու արժանապատվության համար կռիվ տվող հատվածի համար արդեն մեկ է, թե ով է Ազգային ժողովում իր անունից խոսելու` իր հոգս ու կարիքներին անմասն ու անհաղորդ մնալով:
Այնպես որ, ԱԺ մտնելու մոլուցքի վերածված ցանկությունը, ընտրությունից ընտրություն մոլեգնող մրցավազքը տրագիկոմեդիայի ժանրից են, իսկական թամաշա:
Ճիշտ է, վաղուց արդեն փուչ խոստումների ժամանակներն անցել են, և մարդկանց իրատեսական ծրագրերն են վստահություն ներշնչում, բայց մեկ է, մարդիկ չեն հետաքրքրվում, չեն կարդում-քննարկում-համեմատում նախընտրական ծրագրերը, որոնք, անկեղծ ասած, առանձնապես չեն էլ տարբերվում միմյանցից։ Հիմնական տարբերությունը ոճի ու ձևակերպումների մեջ է. չէ՞ որ բոլո՛ր և բոլորի՛ ծրագրերն էլ բխում են ժողովրդի շահերից, կոչված են նրա կենսամակարդակի բարձրացման, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սուրբ գործին:
Արդեն կյանքի են կոչվել դպրոցականների գիտելիքներն ստուգող ու գնահատող հատուկ տեխնոլոգիաներ: Ափսոս, հազար ափսոս, որ չեն ստեղծվում պատգամավորության թեկնածուների գիտելիքները, կարողությունները, երկրին ու ժողովրդին ի նպաստ գործելու անկեղծությունն ստուգող-գնահատող սարքեր: Տեխնիկական ռոբոտները թող որոշեին, նշանակեին, իսկ ժողովուրդն էլ, ինչպես հին ու բարի ժամանակներում, դհոլ-զուռնայով, տոնական հագուստ ու սեղաններով մասնակցեր ու իր մասնակցությամբ ընդամենը վավերացներ իր պատգամավորին:
Եղել է նաև այդպես. վերևներում կազմել են ստույգ ցուցակները (ոչ ավելին, քան պետք է), իսկ ներքևներում ընտրությունը վերածել են համաժողովրդական տոնի: Հիմա էլ, ժողովրդի համոզմամբ, ցուցակները կազմվում են վերևներում, միայն թե ընտրությունները տոնի չեն վերածվում:
Հասարակական- տնտեսական կարգերը, սակայն, փոխվեցին, ընտրակարգը նույնպես փոխվեց: Շրջանառության մեջ մտան երևույթի բովանդակությանը համապատասխանող նոր արտահայտություններ` ընտրազանգված, ընտրախավեր, ընտրակեղծիք, ընտրակաշառք, նախընտրական արշավ, քարոզչություն, գույնզգույն PR և այլն:
Հայաստանում մեկնարկած նախընտրական այս փուլին շատ սազում են մոտավորապես «նախընտրական կրքերն արդեն բորբոքվել են» կամ՝ «սկսվե՜ց» արտահայտությունները:
Կրքերը, սակայն, շիկացած են ո՛չ թե ընտրազանգվածների, այլ ընտրյալի հավակնություն ունեցող կուսակցությունների ու անհատ թեկնածուների մեջ ու միջև: Եվ քանի որ շռայլ խոստումները այլևս համոզիչ գրավական չեն, շռայլ ծախսեր են արվում` նկարներ, ցուցապաստառներ, կենսագրական-ծրագրեր, գրքույկներ, հանդիպումներ հանրապետությունով մեկ` շքախմբերով:
Ցավոք կամ բարեբախտաբար, այս պարագայում ևս սոցիալական բևեռացումը ակնհայտ է. համեմատաբար չունևոր մտավորականները տարբեր կուսակցությունների հովանու տակ զարդարում են նրանց ցուցակները: Կանայք նույնպես: Ե՛վ կուսակցությունները, և՛ կանայք տոկոսի բեռան տակ են: Խոսքը, իհարկե, պարտքերի կամ վարկերի մասին չէ, այլ նախատեսված ու հավաքագրվելիք ձայների:
Պարզվում է` պառլամենտական աշխատանքով ազգիս ԱԺ-ում ծառայելը տասնյակ հարյուրավորների մանկության երազանքն է եղել` ենթագիտակցորե՛ն, և նրանց սերը ա՛ռ հայրենիք ու ժողովուրդ հենց միայն պառլամենտում է դրսևորվելու:
Երկրում՝ ի շահ և ի բարօրություն գործելու այլ հարմար ասպարեզներ չկան, պառլամենտն էլ, կամա թե ակամա, նրանց ինքնըստինքյան շնորհում է արտոնյալի կարգավիճակ, անուն, հեղինակություն` վերապահումով, սեփական բարեկեցության համար ազատ ու անկաշկանդ գործելու մե՜ծ ու լայն հնարավորություններ: Եվ հենց ա՛յս «գործառույթների» պատճառով էլ հայոց պառլամենտը անվանազրկվում, հեղինակազրկվում է, դիմազրկվում:
Ո՞Ւմ կընտրի ժողովուրդը. կառաջնորդվի՞ արդյոք «փորձած թանի ու անփորձ մածնի» պարզունակ իմաստնությամբ, թե՞ կառաջնորդվի անվերջ փորձարարության սկզբունքով` պառլամենտական մկրտելով նոր ու անճանաչներին:
«Թե»-ն յուրաքանչյուրի ազատ ընտրելու իրավունքի ու կամքի դրսևորումն է` պառլամենտի ու պառլամենտականի` երկրի ու հասարակության կյանքում ունեցող դերի ու գործունեության բնույթի, որակի մասին ի՛ր պատկերացումներին համապատասխան: Կլինի՞ այնպես, որ հանկարծ պատկերացումներն ու իրականությունը համապատասխանեն:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Հ. Գ. Անձամբ ես երազում եմ, որ իմ ընտրյալը օրենսդիրին հատուկ ու վայել գիտելիք, խելք ու շնորհք ունենա, խիղճ՝ նույնպես: Օրենքի ու օրինականության ջատագով ու կիրառող լինի: Ազգի, պետության շահը գերադասի անձնական-ընտանեկան-խմբային-կուսակցական շահերից:
Ես ուզում եմ, որ իմ ընտրյալը հանրության կողմից ընդունված, ժողովրդասեր ու ժողովրդավար լինի:
Ես ուզում եմ, որ իմ ընտրյալը միայնակ ու անզեն շրջի. չվախենա ու չվախեցնի, ժողովրդից չքողարկվի զրահապատ մեքենայի մգացրած ապակիներով, ժողովրդից չմեկուսանա, չպատսպարվի իր ապարանքի պարիսպներով ու թիկնազորով:
Ես ուզում եմ, որ իմ ընտրյալը անկեղծորեն սիրի հայրենիքը, ժողովրդին, մարդուն, որովհետև եթե չի սիրում, չի կարող օգտակար լինել:
Իսկ պատգամավորությունը կարգավիճակ չէ, ծառայության ձև է, միջոց, հնարավորություն: Առաքելություն` նույնպես: