«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Բարձունքը մերն է, տղերքն էլ կան»

«Բարձունքը մերն է, տղերքն էլ կան»
13.01.2017 | 11:40

Երբ մոտենում էր 2000 թվականը, մարդիկ տագնապի մեջ էին՝ կարծելով, թե աշխարհի վերջն է: Աշխարհը, որ Աստծո ձեռքի գործն է, վերջ չունի: Երկիր մոլորակը շարունակելու է իր պտույտը արևի շուրջը, և մեկ պտույտը կոչվելու է տարի, որի օրերը, մարդկության սահմանումի համաձայն, 365-ից ու 366-ից այն կողմ չեն անցնում: Ահավասիկ, 2016-րդ պտույտը (մ. թ.) կատարված է, սկսվում է 2017-րդը: Սա՝ մարդու սահմանումներով, մինչդեռ տիեզերքը, այն է՝ տիտանական, մեծ եզերքը, Տիրոջ եզերքը, ոչ սահման է ճանաչում, ոչ տարածություն և ոչ էլ ժամանակ: Ավետիք Իսահակյան մտածողը գրել է. «Տիեզերքը ողջ կախված է մի մազից և այդ մազն է իմ հոգին»:

Հիրավի, ինչպես մարդը, այնպես էլ տիեզերքը հոգի է, հոգևոր երևույթ է, հոգևոր և բանական: Այնպես որ, Նոր տարին աղերսներ ունի աշխարհի արարման հետ: Մենք՝ 2017-ին հասածներս, գտնվում ենք անցյալ հավիտենության և գալիք հավիտենության միջև: Ըստ դավանանքի, որ կրոն ենք կոչում, Նոր տարին Մարդացյալ Աստված Հիսուս Քրիստոսի անվանակոչության հետ կապված է. մանուկ Հիսուսը ութ օրական էր, երբ երկրային ծնողները եկեղեցի բերին, ըստ Մովսեսի օրենքի թլպատեցին և անվանակոչեցին: Ընթացքում փոխվելու էին թե՛ մարդկային մտածողությունը և թե՛ մարդկության ժամանակն ու ժամանակակարգը:
Ամեն Նոր տարի, ուրեմն, աստվածային խորհուրդը կրելու է: Կաթոլիկ աշխարհը, օրինակ, հունվարի 1-ից ութ օր առաջ, Ծննդյան օրը շնորհավորելու, աչքալուսանք տալու է. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», պատասխանը լինելու է. «Ձեզ, մեզ, մեծ ավետիս»: Իսկ, ասենք, առաքելական սուրբ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշանավորում է հունվարի 6-ին, իսկ ութ օր անց` նշում Նոր տարին: Ահա թե ինչու Նոր տարին թե՛ հին տոմարով նշողներ կան և թե՛ նոր տոմարով: Սակայն, բոլորովին էլ կարևոր չէ տոմարը, ութ օր առաջ, թե հետո, փույթ չէ, կարևորը Նոր տարվա ընկալումն է, դրական լիցքեր ընդունելը, հայտնության, վերածնության տո՞ն ես համարում, թե՞ ուտել-խմելու, զվարճանալու առիթ: Անշուշտ, ուտել-խմելն էլ հարկավոր է, բայց ոչ նպատակ: Ինչի՞ն ես առաջնություն տալու՝ մարմնի ցանկությա՞նը, թե՞ քո հոգու արթնությանը: Հնի մեջ եղած արատավորը թողնելու, նոր տարի թևակոխելո՞ւ ես մտքի նորոգմամբ: Նոր տարվա հետ նորանալու, մտածողությամբ փոխվելու, զորանալո՞ւ ես: Դու որ քրիստոնյա ես, Հիսուս Քրիստոս նորամանուկը ծնվելո՞ւ է քո մեջ՝ աստվածային իր բնությամբ, թե՞ մնալու ես հին մարդը, նույն գետնաքարշը:
Ինչպես որ անձը, այնպես էլ ազգը, մի հայացք ձգելով անցնող տարուն, խորհրդածելու է արածի ու չարածի շուրջ: Ի՞նչ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում, և ինքը մասնակիցը եղա՞վ, տեսա՞վ, արձագանքե՞ց:


Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո, ուշագրավ երևույթը, որ տեղի ունեցավ, «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հանդես գալն էր: Ճի՞շտ էին, թե՞ սխալ: Ես դատավոր չեմ, որ դատեմ: Միայն մի բան հայտնի է ամենքին. նրանց ուզածը ոչ պաշտոն էր և ոչ էլ անձնական մեկ այլ շահ: Նրանց կռիվը անարդարության դեմ էր՝ հանուն արդարության: Այդ օրերին Հայաստանում չէի, սակայն հետևում էի հայկական հեռուստաալիքների հաղորդումներին: Մեղադրանքների տեղատարափ էր: Ինչ վերաբերում է գրողներին, մեկն ասում էր՝ թող Ղարաբաղ գնան, թուրքի դեմ կռվեն, մյուսն էլ թե՝ թող ինձ պատանդ վերցնեն: Գրեթե ոչ ոք չուզեց հանրությանը պարզել, բարձրաձայնել, թե ինչ կար «Սասնա ծռեր» ջոկատի տղաների սրտերի մեջ: Զենքով ելածների կողքին գրողները գրչով չկանգնեցին, չասացին այն խոսքը, որ ասելու էին թե՛ մեկին և թե՛ մյուսին: Վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանը եկավ մտքիս. «Ոչ ոք ըսավ սա տղին պատռենք սիրտը տրտմագին, տեսնենք ինչե՜ր գրված կան, հոն հրդե՛հ կա, ոչ մատեան»:


Արդյոք ի՞նչն է, որ այսօր, այս ժամին մեզ պարտադրում է գալ միաբանության: Իհարկե, ցավը, որ մերն է ու մեր ազգինը: Այդպես եղել է, այդպես լինում է, այդպես լինելու է. հայ ժողովուրդը միավորվելու է վտանգի ժամին, վտանգ, որ դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին. «Հայաստանը լինելո՞ւ է, թե՞ ոչ»: Այս հարցը ես տվել եմ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին, որ մեր միջի ավագագույնն է: Ակադեմիկոսը շատ հստակ պատասխան տվել է. «Կստեղծենք հոգևոր Հայաստան, կապրենք, կլինենք, չենք ստեղծի, չենք ապրի, չենք լինի»:
Մենք մտավորականներ ենք: Իսկ ո՞վ է մտավորականը, ի՞նչ առաքելություն ունի: Մտավորականը տվյալ ժողովրդի հավաքական մտքի կրողն է և ժողովրդին դեպի փրկության ափ առաջնորդողը: Իսկ ինչ վերաբերում է գրողին, ավելին է, քան մտավորականը, գրողը և՛ մտքի մարդ է, և՛ հոգու: Գրողի կոչումը ոչ միայն ճշմարտությունն ասելն է, այլև տվյալ հասարակությանը, տվյալ ժողովրդին ազնվացնելը: Գրողի գործը մարդու միջից ավելորդը, այսպես ասած, աշխարհական աղբը, հանելն է: Այն, ինչ Աստված ստեղծել է, թե՛ օրհնված է, թե՛ սուրբ: Իսկ այսօր գրող կոչվածները սուրբ և օրհնված պահո՞ւմ են այն, ինչ Աստված ազգին տվել է, ինչ տվել է մարդուն: Ոչ միայն սուրբ չեն պահում, այլև պղծում են:
Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, բան պիտի փոխվի: Հոգին, Վահան Տերյանի բառերով ասած, մեռնում է, ասել է թե` հոգևոր մահ ենք ապրում: Ինչի՞ց է: Առաջին հերթին՝ մեզնից, մեր մոտեցումից, մեր մտածողությունից: Մինչև մեր մտածողությունը չփոխվի, մեր կյանքը չի փոխվելու: Չի փոխվի, եթե մենք շարունակենք մտածել ու ասել` ինչ ուզում ես արա, միևնույն է, իրենք իրենցն անելու են: Ո՛չ, այդպես չէ, իրենք գործում են մեր միջոցով, ժողովրդի միջոցով: Կեղծում են մեր իսկ ձեռքերով: Մեզ դարձրել են ձայն կեղծող, ձայն վաճառող ժողովուրդ: Հենց որ մեր մտածողությունը փոխվի, այլևս մենք մեր ձայնը չենք վաճառի, ուղղակի մենք տեր կկանգնենք մեր տված ու չտված ձայնին:


ՈՒրեմն, լինե՞լ, թե՞ չլինել հարցը լինելու օգտին լուծելու համար, թե՛ մտքի, թե՛ մտածողության և թե՛ ճանապարհի փոփոխություն կատարելու ենք:
Պետության ու պետականության իմաստը ո՞րն է: Ազգը պահելը, ժողովրդին պահելը: Իսկ առանց ազգային ծրագրի հնարավո՞ր է ազգ ու ժողովուրդ պահել: Իհարկե ոչ: Եթե մարդուն դու աշխատանք չես տալիս իր իսկ երկրում, իր իսկ հայրենիքում, իր իսկ բնակավայրում, իր իսկ ծննդյան վայրում, իր իսկ տանը, էլ ինչպե՞ս կարող ես ասել` մնա այստեղ, մի՛ գնա: Պարզ չէ՞, որ գնալու է: Ահա այստեղից, այս գնալով, ընտանիքի քայքայվելը սկսվելու է, ընտանիքի քայքայվելով ազգը քայքայվելու է, ազգի քայքայվելով, երկիրը, որ հայրենիք էր, վերածվելու է ամայի տարածության: Տունը հայրենիք է, երբ որ շունչ ունի մեջը, ապրող ունի, տեր ունի, անտեր տունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ավեր-ավերակ… Չեմ կարող մոռանալ, մոռանալու բան էլ չէ. այս տարի էր, հատում էի Վրաստանի սահմանը՝ մտնելով Ռուսաստան, կինը, որ վրացուհի էր, ուղղակի հարցրեց. «Հայաստանում հայ մնա՞ց»:


Անցած տարի, 2016-ին, շտապօգնության կանչերը շատացել էին, գրեթե հարյուր տոկոսով ավելացել: Ինչի՞ց է: Մարդու հոգեվիճակից: Իսկ կյանքը մարմի՞նն է, թե՞ հոգին: Իհարկե հոգին է: Արդյունքում մահերն ավելանում են: Գնացողներից շատերը կորստյան են մատնվում` ձուլվելով աշխարհքին ու աշխարհքի բարքերին, շատ անգամ մոռանալով ազգային պատկանելությունն ու ազգի լեզուն, իսկ մնացողները մնում են մեծ մասամբ անհույս ու անօգնական: Այդ ե՞րբ էր եղել կամ էլ պատկերացնելո՞ւ բան էր, որ հայ կինը, մանկահասակ երեխաների մայրը, նախ` մայրական իր ձեռքով խեղդամահ անի երեխաներին և ապա խեղդի իրեն` կախվելով: Նոր բան է, Սպիտակում կատարված բան: Այս մի օրինակը պիտի ընդունել որպես կաթիլ` հայ մարդու տառապանքի ծովը պատկերացնելու համար:
Մյուսը, որի կողմը դարձած ենք ազգովին, Ղարաբաղի հետ կապված հիմնահարցն է: Ադրբեջանը որտե՞ղ էր, Խորհրդային Միության կազմում չէ՞ր, ի՞նչ արեց, կազմից դուրս եկավ ինքնորոշման իրավունքով: Իսկ ինչո՞ւ Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, հայտնվելով Ադրբեջանի կազմում, չէր կարող դուրս գալ կազմից: Չէ՞ որ 1923-ին, գրչի թեթև շարժումով, մտցրել էին: ՈՒզում եմ ասել, այն, ինչ մտնում է, կարող է և դուրս գալ: Բացի այդ, Ղարաբաղը երբևիցե ազատ, անկախ Ադրբեջանի կազմում եղե՞լ է: Ո՛չ, չի եղել: Եվ քանի որ չի եղել, չի էլ լինելու: Հետո, բանակցություններն ինչո՞ւ վարում են Հայաստանի Հանրապետության հետ, չէ՞ որ Արցախը նույնպես կայացած հանրապետություն է` ունենալով իր դրոշը, գերբը, սահմանները, խորհրդարանը, պետական կառույցը: Արցախն իր ժողովրդով իր հարցը լուծել է, իզուր են մեջտեղ ընկել միջնորդի դեր ստանձնողները: Իսկ ինչ վերաբերելու է փոխզիջման գաղափարին, ասեմ, թեև քաղաքագետ չեմ և ոչ էլ քաղաքական գործիչ, թեև տիտղոսներ չունեմ և ոչ էլ անցաթուղթ-շքանշաններ, բայց փոխարենը տրված է, անշուշտ, որպես Աստծո շնորհ, մարգարեական հոգի: Եվ իմ հոգին, և ոչ միայն իմ, ասում է, որ մոտ ապագայում աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա փոփոխություն կատարվելու է: Թուրքիան թիրախ է, բաժան-բաժան արվելու է: Իսկ թե ինչպես, ժամանակը ցույց տալու է: Լուծվելու է քրդական հարցը, այնուհետև` հայկական հարցը, այն է` մեր պատմական հայրենիքը դուրս է գալու թրքացումից: Ես տեսնում եմ այդ նշանները, ես լսում եմ 1915-ի անմեղ զոհերի արյան աղաղակը: ՈՒրեմն մեզ մնում է գիտակցել, հասկանալ, ընդունել մի պարզ ճշմարտություն` ժամանակը գործում է մեր օգտին, և դա Աստծո կամքի համաձայն է: Իսկ Աստծո օրենքներում, Աստծո շավիղներին ու ճանապարհներին, աստվածային կյանքում, փոխզիջում գոյություն չունի, ցորենը ցորեն է, հարդը` հարդ, լույսը լույս է, խավարը՝ խավար, աջը աջ է, ձախը` ձախ, կյանքը կյանք է, մահը` մահ: Մեկը մյուսի հետ ընդհանուր բան չունի: Այնպես որ, մեռած լեզվով մտածողը հավիտենական կյանքի խոսքից հեռու լինելու է:


Հայտնապես գիտենք, մարդու բերանի բառը, բերանից ելած խոսքը մարդու մասին վկայելու է: Ինչ որ խոսես, դու այն ես: Կյանքի խոսքն ասես, կյանք ես, կյանքի մեջ մնալու ես, մահվա՞ն խոսքն ասես, դեպի մահը դառնալու ես: Այսպես անձի հետ է, այսպես ազգի հետ է: Արդյոք ցավալի չէ՞, ազգովին ասում ենք՝ մեռնեմ քեզ: Մայրը զավակին է ասում «մեռնեմ քեզ», ընկերը` ընկերոջը, հարևանը` հարևանին: Եղբայր, ինչո՞ւ մեռնես, ինչո՞ւ դու քո շուրթերով մահը հռչակում ես: Ինչո՞ւ մեռնես ինձ համար: Սիրո՞ւմ ես, ուզո՞ւմ ես մի լավ բան անել, ձեռք մեկնել, պահել, պահպանել, պաշտպանել, ուրեմն ապրիր: Ապրիր երեխայիդ համար, ապրիր քեզ համար, ապրիր ազգիդ համար: Ասենք, մեռար, հետո՞: Հերոսությո՞ւն է մեռնելը, ոչ, հերոսություն չէ, խեղճություն է, անճարակություն: Հերոսությունը ապրելն է, մեռնելով էլ ապրելը: Իսկ ինչ վերաբերելու է 2016-ի ապրիլի սկզբի չորս օրվա տղաների վարմունքին, ապա նրանցը, պիտի խոստովանել, առաքելություն էր, դպրոցից ու փողոցից խրամատ եկած, խրամատ մտած տղաներինը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կյանքից կյանք անցնելու քայլ, թռիչք էր մահ կոչված անդունդի վրայով: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հրաշալի, հրաշալի խոսել է. «Բարձունքը մերն է, տղերքը չկան / Տղերքն ավելի բարձրում մնացին»: Ավելի լավ չես կարող ասել: Սա որ կարդացի, ընդամենը երկու տող, հոգիս լվացի, արցունքով լվացի: Այդպես, եթե մարմինը լվանում է ջուրը, ապա հոգին լվանալու է խոսքը, որի բխումը հոգուց է:
Չափավոր դարձնենք նաև մեր մեռելոցները, որ կարծես նշում ենք որպես սգո հանդիսավոր տոներ, երբեմն օրն իսկ համարելով ոչ աշխատանքային: Ազգովին դառնանք դեպի կյանքը, հարազատի հիշատակը մեր մեջ է, մեր կյանքի մեջ և ոչ թե գերեզմանոցի լռության: Ժամանակն է, որ առավել նշենք Հարության և Համբարձման տոները: Ժամանակն է, որ դառնանք դեպի երկինք, երկնքում փնտրենք մեր հարազատին: Երկնքում գանձեր ունենանք, հոգու կյանքն ապրենք և ոչ թե մարմնի՝ ցանկության հետևից վազելով: Դադարենք գերեզմանի պաշար դիզելուց: Մեր կտակն այսօր անենք և ոչ թե թողնենք վաղվան, սիրո խոսքն այսօր ասենք, մեր բարի գործն այսօր անենք և ոչ թե թողնենք վաղվան: Չարենցը գրել է. «Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը,/ Գերեզմանիս մարմար քարին կմնա»:


Մի տխուր երգ կա, «Անի ջան, Անի» կանչող մի երգ, եզրահանգում էլ ունի. «Քեզ որ ազգը չպահեց, մեկ սուգ անողն ի՞նչ անի»: Հիրավի, մեր կյանքի փոփոխությանը, հոգևոր արթնության մեր գալուն ազգովին լծվելու ենք: Տնտեսական ճգնաժամ կոչվածը հետևանք է բարոյական կյանքի անկման: Մարդու սրտի մեջ գութը որ պակասեց, սեղանի հացը չի՞ պակասելու: Իհարկե պակասելու է: Իսկ գութն ու բարոյականությունը որտե՞ղ ենք փնտրելու, իհարկե՝ միմիայն ազգի հոգևոր արժեքների մեջ, գրականության ու արվեստի մեջ: Իսկ այնտեղ, որտեղ գիտությունը, գրականությունը և մշակույթն առհասարակ արհամարհվում են, թե մարմնի սով և թե հոգու սով լինելու է:


Մշակույթի նոր նախարար նշանակվել է` հանձին Արմեն Ամիրյանի: Հրաշալի է, սակայն, Աստծո խոսքն ասում է, նոր գինին հին տկերի մեջ լցնել չի լինի, չի կարելի: Հիմա մշակույթի նախարարությունում, այսպես ասած, քարացած, կարծրացած, իրենց գլուխը պահելու, իրենց ապրուստը դրստելու կերպը գտած մարդիկ կան, որոնցից ազատվելն անհրաժեշտ է: Որքան էլ ուզես, այդ մարդիկ իրենց կաշին չեն փոխելու, իրենց գործելաձևից չեն հրաժարվելու: Մի ազնիվ Արմեն Ամիրյան և «խելք մտածողների» մի հաստ շերտ, պատ հիշեցնող վարագույր: Դե արի ու իմացիր, թե ինչ կարող է տեղի ունենալ վարագույրի հետևում:
Մյուս խնդիրը. երկիրն ազատ և անկախ հռչակելը մի բան է, ազատությունն ու անկախությունն ընկալելը` մեկ այլ բան: Բախտորոշն այստեղ` ովքե՞ր են կանգնած ազգ-նավի ղեկի մոտ, ովքե՞ր են առաջնորդում և դեպի ո՞ւր են տանում: Ազատ ես, անկախ, բայց ինչի՞ց: Ազատ ես անբարոյականություն անելու մե՞ջ, անօրեն լինելու, անօրինություն գործելու մե՞ջ է քո ազատությունը: Նույնիսկ գրող կոչվածները կարծեցին՝ ազատությունը վերաբերելու է պոռնկություն քարոզելուն էլ: Այնքան ազատ գտնվեցին, որ սկսեցին ոչ միայն անտեսել, այլև ոտնատակ տալ ազգի հոգևոր արժեքները: Եվ եթե մարմնավոր մտածողության տեր աղջիկները սկսեցին մարմինները վաճառքի հանել, ապա այն աղջիկներն ու տղաները, որ գրիչ էին վերցրել, հոգիները պղծեցին: Գործեց պղծության ոգին, և, պղտոր ջրում ձուկ որսացողների նման, մրցանակներ էլ շահեցին: Միայն մեկը, որ արժանի էր պետական բարձր մրցանակի, Հակոբ Մովսես մտավորականն ու բանաստեղծն էր: Գուցե սա հալհլո՞ց է գարնան գալուստի, այն է` հոգևոր արթնության նշա՞ն է, չգիտեմ: Միայն մի բան գիտեմ, որ իմ գրչեղբայր Հակոբ Մովսեսը պահել է աստվածային իր բնությունը:


Գրողը` որպես ժողովրդի, ազգի զավակ և որպես Աստծո շնորհը կրող անձ, անհատականություն, ազգային ծրագիրը կազմելուն և իրագործելուն մասնակից լինելու է: Որքան սերտ լինի գրողի և պետական գործչի կապը, այնքան ազգը շահելու է: Կայուն պետություն ստեղծելու համար, անկասկած, պետական մտածողություն ունենալու ենք: Իսկ ովքե՞ր են ստեղծելու այդ մտածողությունը, եթե ոչ գրողները, մտավորականները: Եվ որպեսզի ստեղծեն, կայունացնեն պետական մտածողությունը, պետությունը թե՛ գրողին և թե՛ նրա գրչի արտադրանքին տեր կանգնելու է, թիկունք դառնալու է: Գրողները պատրաստ են իշխանությունների հետ համագործակցելու, մնում է իշխանություններն էլ դրա անհրաժեշտությունը զգան և համապատասխան քայլ կատարեն:
Ժամանակը մտավ իր նոր հոլովույթի ու հունի մեջ, կատարեց իր հերթական թռիչքը, այն է՝ տարվա հնին եկավ փոխարինելու նորը: Իսկ ինչո՞ւ մենք մնանք նույնը, նույն հինը: Թող որ նորանանք, զորանանք, վեր կենանք մեր նստած տեղից, քաջալերվենք, առաջանանք, մեկմեկու ձեռք բռնելով ու ձեռք մեկնելով, թիկունք կանգնելով, մեկմեկու ներելով, մեկմեկու սիրելով առաջանանք: Հայոց ստեղծագործ միտքը մնա հայոց հողում: Տնից տանող ճամփաները վերածվեն տունդարձի ճամփաների: Երեխաներ ծնվեն ավելի ու ավելի… Իսկ բանաստեղծն էլ ուրախ լուր տա Արցախից. «Բարձունքը մերն է, տղերքն էլ կան»:


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ