38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
02.12.2016 | 00:07

(սկիզբը՝ այստեղ)

Ահա և պատմություն դարձավ ՀՀԿ 16-րդ համագումարը, որը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցից ուղիղ 10 օր առաջ: Կառավարող կուսակցության 1-ին դեմքի ելույթը սառը ցնցուղի էֆեկտ գործեց աղետից տուժած քաղաքացիների վրա: Ոչ մի խոսք Սպիտակի երկրաշարժի գոտու, երկրաշարժի հետևանքների վերացման մասին: Ի՞նչ խնդիրներ են մնացել աղետի գոտում, որոնք հրատապ լուծում են պահանջում, ի՞նչ ապագա է սպասում երկրաշարժից տուժածներին, նրանց հաջորդ սերնդին ու արդեն հաջորդ սերնդի հաջորդին: Ինչպե՞ս է պետք օգնել մեր ժողովրդի մոռացված հատվածին, որն այդպես էլ չի կարողանում դուրս գալ գործազրկության ճիրաններից (վերջին հաշվով նրանք ևս մեր քաղաքացիներն են): Առաջիկա տարիներին քանի՞ գործարան է բացվելու, քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու, ի՞նչ ներդրումներ են կատարվելու, ինչպե՞ս մոբիլիզացնել Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի ողջ ներուժը, որ վերականգնվի աղետի գոտին:


Հիշե՞ց արդյոք հանրապետական կուսակցության 160-հազարանոց բանակի առաջին դեմքը, որ նախ և առաջ պետք է մտածել Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու, մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու, գործազրկության խնդիրը լուծելու կամ նման այլ կարևոր բաների մասին: Իհարկե՝ ոչ: Ամենակարևորը, որը կարմիր թելի պես անցավ համագումարի ողջ օրակարգով, գալիք ընտրությունների թեման էր, ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն ավելի բարձր մակարդակով, քան եղել են մինչ օրս (Աստված մեզ է՛լ բեթարից ազատի), հավատում ենք, որ դրանք ևս, սովորականի նման, կանցնեն ավելի «բարձր» մակարդակով ու կուսակցության համար ընդունելի փքապերճությամբ՝ հաճելի ելքով ու առանց անակնկալների:


Դժվար է պատկերացնել, որ երկիրը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրած կուսակցությունը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ ձեռքից բաց թողնել իշխանական ղեկն ու ասպարեզից ինքնակամ հեռանալ: Ամեն ինչ ընթացավ կազմակերպված ԽՄԿԿ համագումարային մշակույթի լավագույն ավանդույթներով: Վստահաբար կարելի է ասել՝ դահլիճում իրական ժողովրդավարություն էր տիրում: Ելույթի իրավունքը տրված էր բոլորին. հանրապետական կուսակցության շրջանային կազմակերպությունների ու հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, խախտված չէր անգամ հանրահայտ գենդերային սկզբունքը՝ մեկ տղամարդու հետևից ելույթ էր ունենում մեկ կին, հետո մեկ տղամարդ ու այդպես շարունակ: Ամենատպավորիչը, իհարկե, Արարատի մարզից եկած գործազուրկ-հանրապետականի ելույթն էր՝ որպես Հայաստանի գործազուրկների բազմահազարանոց բանակի ներկայացուցչի: Դրանով, հավանաբար, համագումարի կազմակերպիչները հայ հասարակությանը փորձում են ցույց տալ, որ գործազրկությունը մեր ժողովրդավարության կարևոր դրսևորումներից մեկն է, որ գործազրկությունից երաշխավորված չեն անգամ հանրապետական կուսակցության անդամները, որ գործազրկությունը Հայաստանում խոր արմատներ է գցել, որ գործազրկությունը ևս, որպես ժամանակակից հասարակության կարևոր ցուցանիշ, ունի գոյության, զարգանալու և ավելի խորանալու իրավունք: Այնպես որ՝ դեմոկրատիայի հարցերում համագումարի նկատմամբ կասկածանքներ չպետք է առաջանան, համենայն դեպս իմ մեջ այդ կարծիքն է ձևավորվել, թաքցնելու բան չկա:


Կարելի է վստահաբար պնդել, որ ՀՀԿ 16-րդ համագումարը միայն ձևով էր նման մեր գլխով անցած-գնացած ԽՄԿԿ համագումարներին, բովանդակային առումով անհասկանալի էր, թե հանրապետականները ինչ են ուզում ասել մեր տանջված հասարակությանն ու աշխարհին: Համագումարը մեր օրվա հրատապ խնդիրներից կտրված (որոնց մեջ մենք մշտապես թվարկում ենք ծայրաստիճան աղքատության, սոցիալական լարվածության, գործազրկության, արտագաղթի, Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման խնդիրները), վերացական, մարդկանց ոչինչ չտվող, վստահություն չներշնչող ելույթների հերթական ֆարս էր: Տպավորությունն այնպիսին էր, որ հայ ժողովրդին ու համաշխարհային հանրությանը կարևոր պատմական մեսիջ-ողջույն է հղվում, թե մենք կանք, դեռ կլինենք ու մշտապես մենք կլինենք, ոչ ոք թող մի գրամ չկասկածի: Չենք էլ կասկածում, ՀՀԿ-ն շարունակում է հաջողությամբ օգտագործել Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու այդ պայմաններում պահպանել իր իշխանական դիրքերը՝ երկրի համար ոչ մի օգտակար բան չանելով ու միայն ժամանակ գլորելով, մարդկանց կերակրելով դատարկ ու սին խոստումներով՝ իր բուն նպատակներն ու անիմաստ գործողությունները մշտապես քողարկելով ղարաբաղյան պատերազմի քողի տակ: Այս ամենը հասկանալի է, հասկանալի չէ, թերևս, այն համառությունը, որը ցուցաբերում են ՀՀԿ ղեկավար կազմը, նրա լիդերն ու շարքային անդամները՝ հրաժարվելով տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար մշակված բազմաթիվ իրատեսական ծրագրերից: Չէ՞ որ սեփական քաղաքական դիրքերը կարելի է առավել հեշտությամբ պահել ու պահպանել՝ գործ անելով, պարզ ու լուսավոր ճանապարհով երկիրը առաջ տանելով դեպի կայուն զարգացում: Ղարաբաղի ու մնացած կարևոր հայկական հարցերում մենք մշտապես մնալու ենք մազից կախվածի վիճակում, եթե այսպես շարունակենք: Փոխարենը իշխանություններն ընտրել են մի քարքարոտ ու փշոտ ճանապարհ, որի արդյունքում էլ, իրավամբ, վաստակել են այն անտարբերությունը, որը ինձ նման շարքային ու անկուսակցական քաղաքացիներն ունեն իշխանությունների ու նրա՝ քաղաքական հենարանի՝ ՀԿԿ-ի հանդեպ:


Այս առիթով արժե հիշել, թե նման ճգնաժամային տարիներին ինչ բովանդակային ու կոնկրետ հարցեր են քննարկվել 1930 թվականին՝ ԽՄԿԿ 16-րդ համագումարում. ա) սկսել սոցիալիզմի հարձակումը բոլոր ճակատներով, բ) արդյունաբերության զարգացման հնգամյա պլանի մեջ փոփոխություն մտցնել՝ հնգամյակը կատարել չորս տարում, գ) երկրի արևելքում ստեղծել ածխամետալուրգիական երկրորդ բազան, դ) գյուղատնտեսության մեջ հիմնականում ավարտել կոլեկտիվացումը, ե) իրականացնել համընդհանուր նախնական կրթությունն ու երկրով մեկ վերացնել անգրագիտությունը: Սրանք այն կոնկրետ խնդիրների միայն մի մասն էին, որոնք Ստալինի օրոք քննարկվում էին համագումարների ժամանակ, ընդունվում ու հետագայում հաջողությամբ լուծվում էին: Նման ձևերով, նաև ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով էր, որ Խորհրդային Միությունում գործը առաջ շարժվեց, հսկայազանգված երկիրը դուրս եկավ տնտեսական ծայրաստիճան ծանր վիճակից ու սովից, հաղթեց պատերազմում ու 1950-60-ականներին կարողացավ նույնիսկ տեխնոլոգիապես գերազանցել Ամերիկային՝ գիտության ու արդյունաբերության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք էին տիեզերագնացությունը, ատոմային էներգետիկան, հրթիռաշինությունը: Ասվածը կարելի է հաստատել բազմաթիվ կոնկրետ փաստերով:


Եթե ՀՀԿ 16-րդ համագումարի նման կարևոր միջոցառումների ժամանակ, կոնկրետ խնդիրներ դնելու փոխարեն, արվում են վերացական կոչեր ու հիմնականում արտահայտվում են միայն բարի ցանկություններ, ապա, տասնամյակներ անց, այդ ամենը վերադառնում ու հարվածում է երկրի կենսական շահերին ու անվտանգությանը. երկիրը ստանում է ընդամենը արտասանած վերացական կոչերի ու բարի ցանկությունների արձագանքը, որն առանձնակի հնչողության է հասնում մեր սարերում: Ռուսներն այստեղ ասում են «как аукнется, так и отликнется!»: Հայերս ավելի դիպուկ արտահայտություն ունենք՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Ի վերջո մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք՝ սեփական ժողովրդով ու բազում դժվարին խնդիրներով: Ո՞վ պետք է զբաղվի երկրի հարցերով: Մի՞թե մեր միակ խնդիրը ընտրություններում հաղթելն է, 25 տարի միայն այդ երկրորդական գործի վրա ենք բևեռված ու սևեռված:


Ինքնահավանության, ինքնագովաբանության ու ինքնափառաբանության թեման դարձավ համագումարի կարևոր լեյտմոտիվն այն աստիճանի, որ, եղած տրամադրությունները լրացնելու և ամբողջացնելու համար, մնում էր միայն մի բովանդակալից ձոն հղել ՀՀԿ-ին ու նրա վերընտրված նախագահին: Մինչ հանրապետականները համապատասխան ձոն կձևակերպեն, ես կվկայակոչեմ Նաիրի Զարյանի բանաստեղծությունը՝ նվիրված Ստալինին.


Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,
Հազար կայծակ փայլատակեց մրրիկներում արնաներկ,
ՈՒ շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:
Բայց տառապած մարդու համար չէր ճառագել մի արև,
Մարքսի նման ճաճանչափայլ, Էնգելսի պես հանճարեղ,
Լենինի պես բոցակորով, Լենինի պես լուսահորդ,
Եվ քեզ նման հստակ ու մեծ, ո՜վ պողպատե Առաջնորդ:
Չի՛ խավարի ծիրանավառ հորիզոնում պատմության
Ձեր հանճարի արեգնային չորրորդությունը տիտան:
Կծավալվի նա անսահման, հավերժաբար կարևի,
Եվ կպատռի մշուշն անցյալ և ապագա դարերի՛:
Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գրիչ ու քնար,
ՈՒ երգելով չեն սպառի Ձեր մեծությունն անհնար:
Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու՝ ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:
Կանգնած էր նա, իմ ժողովուրդը, խոր վիհի եզերքին՝
Իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին,
Կանգնած էր նա անդունդի մոտ, անօգնական ու հյուծված,
Արյունակից և այլազգի ոսոխներից հալածված,
Մահվան մթին մրրիկների ամենակուլ բերանում՝
Նա, հոշոտված բազուկներով, մի ելք էր նոր որոնում:
Ազատարար Հոկտեմբերի քայլերն այնժամ թնդացին,
Հնչեց քո ձայնը լենինյան, Լենինի հետ միասին.
Դուք օգնության լույս նետեցիք ժողովրդին իմ չոքած,
Դուրս կոչեցիք մահվան վիհից դեպի կյանքի դուռը բաց:
Նա վեր կացավ գոտեպնդված, ոստնեց թափով ահագին
ՈՒ միացավ կոմունիզմի աշխարհաերթ բանակին:
Մեռավ Լենինն ու պատմության սիրտը մի պահ դադարեց
ՈՒ շողացիր հորիզոնում դու արևի նման մեծ,
Նախորդներիդ հզոր լույսով և քո լույսով սեփական
Տանում ես դու երկիրն ահա դեպի պայծառ ապագան:
Անունդ խոր երգի նման մարդկանց հոգին ողողում,
Թևեր տալիս ու հիասքանչ հերոսության է մղում:
Եվ իմ չքնաղ Հայաստանի ծաղկածիծաղ լեռներում
Իր նոր աշխարհն է կառուցում քեզնով լեցուն մի սերունդ:
Եվ ես, նրա ծոցից ելած մի խանդավառ բանաստեղծ,
Բերում եմ քեզ իմ երջանիկ ժողովրդի սերը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու մարդկային երջանկության ճարտարապետ ու դարբին:


Պարզից էլ պարզ է, որ Ստալինին իսկական Ստալին դարձրին Նաիրի Զարյանի նման հազարավոր խորհրդային գրողներն ու հրապարակախոսները, հարյուր հազարավոր նոմենկլատուրային գործիչներն ու նրանց ջրերը միամտաբար ընկած, բանից անտեղյակ միլիոնավոր խորհրդային քաղաքացիները՝ ժամանակից շուտ գովելով ու գովերգելով առաջնորդին: Ստալինը մարդկանց ուրիշ հնարավորություններ էլ չէր թողել՝ ճնշելով, սպանելով, աքսորելով մարդկանց ու երկաթե վարագույրներով փակելով փախուստի ճանապարհը: Հիմա ժամանակները փոխվել են, երկրի սահմանները բաց են, եթե իշխանության ղեկին նստածի հետ համաձայն չեք, կարող եք հրաժեշտ տալ ու հեռանալ երկրից: Ստալինի ժամանակ, նման դեպքերում, մարդիկ հեռանում էին միայն կյանքից: Չի բացառվում, որ մեզ մոտ էլ այդպիսի դեպքեր կլինեն, ինչպես տեղի ունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ին:


Ընթերցողի մեջ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ես բոլոր հարցերում դեմ եմ մեր երկրի, նաև իմ, նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա վարած քաղաքականությանը: Այստեղ կա երկու հանգամանք, որոնք միավորում են մեր դիրքերը. արտաքին քաղաքականության հարցում ես դրական եմ համարում նախագահի վարած արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի, Ամերիկայի ու եվրոպական երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ հաստատելու և տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման հարցերում: Բացի այդ, հայրենիքի ու հայրենասիրության հարցերում մենք, իրարից անկախ, շատ դասեր ենք քաղել միևնույն ուսուցչից՝ Հայաստանի Հանրապետության նշանավոր քաղաքական ու տնտեսական գործիչ Ալեքսան Մատվեյի Կիրակոսյանից: Արևային թեմայով մեր համատեղ քննարկումները ավարտվում էին Ալեքսան Մատվեյիչի հետևյալ ստանդարտ առաջարկով.
-Զանգեմ, գնա Սերժի մոտ, նա ազգօգուտ հարցում քեզ շատ կօգնի:


Ամեն անգամ հրաժարվել եմ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց՝ ունենալով հետևյալ ներքին համոզմունքը. արևային գործերը հաջողությամբ կատարում է իմ գիտական խումբը, Սերժ Սարգսյանին անհանգստացնելու կարիք չկա, եթե, Աստծո կամքով, նրա հետ աշխատանքային հանդիպման անհրաժեշտություն առաջանա, ապա նա անձամբ կայցելի մեզ:
Պապս՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Երեմ Ասլանյանը (նրա մասին արդեն գրել եմ՝ որպես ռուս-թուրքական պատերազի ժամանակ Սարիղամիշի մարտերին մասնակից զինվորի) սիրում էր կրկնել՝ հաջողությունն այն չէ, որ եղանով վազես լորի հետևից ու գցես, հաջողությունն այն է, որ եղանը ցցես գետնին՝ լորն ինքը գա խփի ու ընկնի: Մեր դեպքում այդպես էլ ստացվեց: 2008-ի հունվարի 19-ին իմ ծննդավայր Սառնաղբյուր գյուղում (ում մտքով կանցներ, որ այդ հանդիպումը տեղի կունենա իմ ծննդավայրում) կայացավ Սերժ Սարգսյանի առայժմ միակ հանդիպումը իմ գիտական խմբի հետ: Մենք ներկայացրինք երկրների հելիոֆիկացիայի մեր ծրագիրը, որն իր բնույթով ու մասշտաբներով կարող է հանդիսանալ հակաճգնաժամային ավարտուն ծրագիր՝ Հայաստանի համար՝ ընդհանրապես, ու Սպիտակի երկրաշարժի գոտու համար՝ մասնավորապես: Ծրագիր, որը կարող է իրականացվել հատկապես աղետի գոտում՝ սփյուռքի լայն մասնակցությամբ ու աջակցությամբ:


ՀՀԿ առաջնորդը լսեց մեր խոսքը, շատ գոհ մնաց, թվում էր՝ ամեն ինչ կարգին է, ու նրա աջակցությամբ մենք անմիջապես գործի կանցնենք, կսկսենք կառուցել Սպիտակի հելիոտեխնիկական սարքերի գործարանը, կկազմակերպենք Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի գործընթացը, գյուղատնտեսության մեջ կներդնենք արևային հայկական տեխնոլոգիաներն ու էկոլոգիապես մաքուր սննդատեսակներով կմտնենք ու կգրավենք ԵԱՏՄ, եվրոպական ու ամերիկյան շուկաների թանկագին էլիտային հատվածը և այն, և այլն: Միայն ազգօգուտ ու դրական բաներ, ու այդ ամենը մեր երկիրը կստանա որպես նվեր՝ մեր գիտական խմբի կողմից՝ ի նպաստ հայ ժողովրդի բարգավաճման, երկրի տնտեսական ու ռազմական հզորացման: Բայց, որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, փաստ է, որ առայսօր ոչինչ չի ստացվել, այդպես չստացվելով էլ վերջնականապես տապալվեց ակադեմիկոս Պարիս Հերունու երկրաստեղծ «Արև» ծրագիրը: Ակադեմիկոսը չկա, նրա սկսած գործը շարունակվում է այդ տաղանդաշատ դինաստիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Վահագն Հերունու մասնակցությամբ, բայց արդեն Ամերիկայում: Դե ինչ, հաջողություն մաղթենք Վահագնին ու նրա բազմանդամ ընտանիքին ու մխիթարվենք՝ «չուտողի մալը ուտողին հալալ ա» հանճարեղ խոսքով:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ