«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Բազմակետերը երբեմն չափից դուրս խոսուն են

Բազմակետերը երբեմն չափից դուրս խոսուն են
29.11.2016 | 08:47

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Շուտով երեք ամիսը կլրանա, ինչ գործադիր իշխանության ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը, սակայն այսօր էլ նույնքան օրախնդիր է հանրությանն անչափ հուզող նույն հարցը՝ արդյոք ինչ-որ բան կարելի՞ է ակնկալել այս փոփոխությունից։ Ո՞ր դեպքում։ Եվ ի՞նչ։ Ինչպիսի՞ նպատակներ կարող է դնել կառավարության առջև նորանշանակ վարչապետը, ինչպիսիք՝ ոչ։


Եթե վարչապետի համար գործողությունների ազատության սահմանափակ տարածք է գծված, ապա, մեր համոզմամբ, այս կառավարությունը կդառնա ոչ թե հնարավորությունների, այլ «աչքին թոզ փչելու» կառավարություն։ Պայմանավորվածությունները կարող են լինել տարբեր՝ ղեկավարել կառավարությունը մինչև ընտրություններ, փորձել տրված լիազորությունների շրջանակում «ինչ-որ բան անել», որը թույլ կտա իշխանություններին նախընտրական քարոզարշավում ներկայանալ որպես փոփոխություններ ձեռնարկած, դեպի ապահով, բարեկեցիկ և այլ հայաստաններ տանող իշխանություն։ Բնական է, որ վարչապետն այս ամենին կարող է մոտենալ ամենայն լրջությամբ և ներկայանալ ծրագրերով, որոնց սկիզբը կերևա, բայց վերջն այդպես էլ չենք տեսնի։ Չենք տեսնի, որովհետև իշխանությունների կողմից դա ձեռնարկված է որպես ֆարս, իմիտացիա։ Եվ ընտրություններում հաղթելուց հետո էլ վարչապետին կառաջարկեն պաշտոնավարել, բայց արդեն բոլորովին այլ պայմաններով և բովանդակությամբ։ Եվ ինչպես քաղաքապետի պարագայում, այս անգամ էլ նա կթողնի ու կհեռանա։


Ինչո՞ւ չի կարելի սպասել իրական արդյունք։
Որովհետև իշխանությունները երբեք ինքնալուծարման չեն գնա. դա հավասարազոր է մահվան, որին նրանք պատրաստ չեն։ Նրանք ծանր հիվանդության նման տեղավորվել են այս երկրի մարմնում և խժռում են այն։ Ի՞նչ է նշանակում նրանց համար մի վարչապետ, որը կարող է բուժել մարմինը։ Կամ որևէ մեկը կարո՞ղ է բուժել մարմինը, առանց դիպչելու հիվանդությանը։ Այսինքն, բուժող վարչապետն ու հիվանդ իշխանությունները անհամատեղելի են։
Նախորդ վարչապետի ժամանակ էլ հաճախ էինք լսում, այժմ էլ արդեն այս վարչապետի մասին են ասում՝ կփորձի ինչ-որ բան անել, բարելավել տնտեսական դաշտը, աշխատատեղեր ստեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել, արտագաղթը կրճատել և այլն։ Եվ սա ասվում է անգամ փորձագետի և վերլուծաբանի բերանով։
Պետք է հասկանալ, որ այսօրվա իրավիճակում «ինչ-որ բան անելու» հնարավորություն չկա։ Ինչ-որ բան անել հնարավոր չէ, եթե չես ձեռնարկում ամբողջը։ Եթե կառավարությունը ցանկանա անել այն, ինչ սպասում է նրանից ժողովուրդը, ապա ամենաառաջին խնդիրը պետք է լինի երկրի վերականգնման համապարփակ ծրագիրը։ Պետք չէ վախենալ «համապարփակ» բառից, այն մի քանի կարևոր խնդիրների ձևակերպումն է և դրանց լուծման ճանապարհների ներկայացումը, որոնց հաջողության դեպքում մնացած խնդիրները կլուծվեն ավելի քիչ ջանքերով։ Դրանք այն խնդիրներն են, որոնք կանգնած են մեր երկրի քաղաքական ու տնտեսական խաչմերուկում՝ արտաքին քաղաքականություն, գործազրկություն, մենաշնորհներ, գներ, անօրենություն։ Իսկ ամբողջը ձեռնարկելու համար պիտի ունենալ լիազորությունների բոլորովին այլ շրջանակ։
ՈՒրեմն, եթե իշխանություններն իսկապես մտադիր են լուծելու այս երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները և փրկելու երկիրը կործանումից, պիտի ընտրեն այդ պահանջները բավարարող վարչապետ (ենթադրենք, թե այդպես էլ կա) և նրան տան գործողությունների լիակատար ազատություն։
Այդպիսի հնարավորություն նորանշանակ վարչապետը կարող է ունենալ միայն նախագահի հրաժարականի դեպքում։ Այսինքն, վարչապետի նշանակմանը պետք է հետևի նախագահի հրաժարականը։


Սա հարցի էական կողմն է։ Մյուս, ոչ պակաս կարևոր խնդիրն այն է, թե անգամ այդ բոլոր պահանջների բավարարման դեպքում նոր վարչապետը կկարողանա՞ իրականացնել իր ծրագրային աշխատանքը, կունենա՞ անհրաժեշտ հաստատակամություն։ Էական բացը, որ կարող է բարդացնել նրա աշխատանքը, այն է, որ նրա նշանակմանը ժողովուրդը չի մասնակցել:
Այն, ինչ կոչվում է վարչապետի փոփոխություն, այս կատարմամբ ոչ մի կապ չունի այն ակնկալիքների հետ, որ ունի ժողովուրդը՝ աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի կրճատում, կոռուպցիայի նվազում, գործարար մթնոլորտի լավացում, պայքար մենաշնորհների դեմ և այլն, և այլն, և այլն:
Այս «օպերացիան» մտածված է ոսկերչական ճշգրտությամբ, նախանձելի վարպետությամբ ու հեռահարությամբ: Չի բացառվում, որ օպերացիայի կազմակերպչի իրական ծրագրերից տեղյակ չլինեն անգամ դրանց իրականացմանը կոչված գլխավոր գործող անձինք: Ես կարծիք հայտնել էի, որ հեռու չեն այն ժամանակները, երբ կսկսվի ներիշխանական պայքարը: Նվազող նյութաշրջանառության պայմաններում հնարավոր առավելագույնը տնօրինելու մղումով վերիշխանական շրջանակը գնալու է սեփական զինվորներին, սեփականի պես իրենց համար աշխատող և աշխատածի մի (երբեմն կես, այժմ էլ արդեն ավելի քիչ) մասով յոլա գնացող օլիգարխներին հերթով զոհաբերելուն: Սա ծանր գործ է, անգամ մեր իշխանության համար: Սեփական օլիգարխին, հասկանում եք: Այդքան տարիներ «միասին աշխատելուց» և «հաց կիսելուց» հետո: Ծանր գործ է: Բայց գործ է, որ պիտի արվի: Այլ հարց է, թե ինչպես:
Խնդիրն այն է, որ արդեն որևէ հարաբերությամբ աշխատելը որոշ օլիգարխների հետ վերիշխանությանը ձեռք չի տալիս: Պարզապես պետք է վերցնել եղածը, ցանկալի է ամբողջությամբ: Առանց սրտաճմլիկ տեսարանների:


Պետք է բեմից դուրս մղել նախկին կատարողներին, որոնք այդ խաղի հաստատված կանոններով վերցնում էին այն, ինչ պիտի վերցնեին, և տալիս՝ ում պիտի տային, չմոռանալով վերցնել նաև իրենց բաժինը: Այս դրվածքն այժմ բանի պետք չէ: Վերցրածն ամբողջությամբ արդեն անբավարար է, իսկ հանդուրժել նաև նրանց, ովքեր դրանից իրենց բաժինն են ուզում՝ անխոհեմություն:
Միաժամանակ պիտի փոխել մոտեցումը: Այն պետք է լինի նախընտրական: Ինչպիսի բովանդակություն պետք է դնել այս արտահայտության մեջ, տակ, վրա, շուրջ: Այն, այսինքն այդ մոտեցումը, պիտի բխի ընտրողների շահերից, նրանց մեջ պիտի արթնացնի արդարության վերականգնմանը, երկրի համար կենսական այլ խնդիրների լուծմանն ուղղված մի գործընթացի տպավորություն, որի սկիզբը դրել են ներկայիս իշխանությունները, որի հնարավոր հաջողության միակ երաշխավորն էլ են նրանք, իրականացման գործիքներին տիրապետողներն էլ:
Ոչ մի ընդդիմություն, ոչ մի քաղաքական ուժ, կառույց չկա և չի կարող լինել, որը ոտք մեկնի նրանց հետ: ՈՒրեմն ո՞ւմ ընտրել:
Իշխանությունները նախընտրական սեղանին կզոհաբերեն մեկ-երկու օլիգարխի: Մեկ-երկուսը չի նշանակում, թե հետընտրական շրջանում նրանց հաղթանակի (այն է՝ վերարտադրության) պարագայում այդ զոհաբերությունները դադարելու են: Ընդհակառակը՝ դրանք դառնալու են օրինաչափ:


Նախընտրական մեկ գործողությամբ ներկայացում բեմադրելու լավագույն միջոցը վարչապետի փոփոխությունն է:
Նախկին վարչապետը, իր բազմաթիվ բացասական և մի քանի դրական հատկանիշների պատճառով, այդ նպատակի համար հարմար մարդ չէր (ինքը ևս հայաստանյան օլիգարխիայի ներկայացուցիչ էր, բավականին մոտ էր կանգնած վերիշխանական շրջանակներին, ամբիցիաների առումով նպատակների բազմազանություն չուներ, այն մանիպուլյացիաները, որ պիտի արվեին, դրանց մեխանիզմներին ինքը ծանոթ չէր, և տիրապետել էլ չէր կարող): Իշխանություններն իրենք էլ դրանց այնքան լավ չեն տիրապետում: Նրանք տիրապետում են գլխավոր ինտրիգին: Դրա համար ընտրել են իրենց ճանաչած մենեջերներից լավագույնին, ում, առանց հասու դարձնելու անելիքի իրական նպատակին, լծում են նախընտրական կարճ ժամանակահատվածում ժողովրդին հուսադրող մթնոլորտ ձևավորելու գործին, միաժամանակ նրան թողնելով այդ ծառայությունների համար վաստակելիք բարեփոխիչի անունը: Առայժմ:
Ոչ մեծ դժվարությամբ կառավարվում է նաև լրատվական դաշտը, որը մինչ այդ էլ կառավարվում էր, և այժմ էլ, կարծես նույն կենտրոնի հանձնարարությամբ, փորձում է ծեփել նորանշանակ վարչապետի մի կերպար, որը, սակայն չի տեղավորվում կառավարության շենքում:


Ինչ պետք է սպասել վարչապետից: Այո: Ախոռները մաքրել է պետք: Որքա՜ն ձրիակերներ են պահվել մինչ այսօր կառավարական հաստատություններում: Դրանք փողեր են, որ անհաշվենկատորեն քամուն են տրվել: Դրանք մեր փողերն են: Բայց ինչպես մինչ այդ էր, խնայված փողերը նույնպես ծառայելու են նրանց, ում ծառայում էին մնացած փողերը: Այսինքն, այդ գործընթացը ոչ մի աղերս չունի իր հետ կապվող հասարակական բովանդակության հետ: Մենք դրանից ոչինչ չենք տեսնի: Հեռացված նախարարները նրանք էին, որոնք արդեն բեռ էին իշխանությունների համար:
Սա հարց է, որ հընթացս լուծեցին նոր կառավարության ձևավորումով: Մնացած հարցերի պատասխանները, թե ինչ կարելի է սպասել այս կառավարությունից, հիմնականում արդեն հասկանալի են վարչապետի՝ այդ ոլորտներին ներկայացված թռուցիկ պահանջների բնույթից, կամ դրանց բացակայությունից, ոլորտ ղեկավարելու կոչված պաշտոնյայի ծրագրային մի քանի նախադասություններից, եթե նոր են, իսկ հների դեպքում՝ ոչինչ առավել:
Դա ցույց է տալիս այն հորիզոնը, որ կարող է տեսնել նոր վարչապետը, և դա հորիզոն էլ չէ՝ ձեռքով կդիպչես: Եվ այդ տարածքում ոչինչ նոր չկա ու չի էլ նախատեսվում: Պարզապես այն, ինչ տեսնում ենք ևս մեկ անգամ, մեզ ներկայացնում են որպես ապագայի ուղերձ: Պայծա՛ռ ապագայի:


Այն, որ նոր վարչապետին առանձնակի լիազորություններ չեն ընձեռված, փաստ է: Անգամ ամենապոպուլյար քայլերն անելու հնարավորություն չի տրված՝ ասենք, կարմիր գծերը վերացնելու, արագաչափերը հանելու և այլն։ Անգամ դրանց չլիազորված վարչապետը իրական գործի կոչվել չի կարող: Իրական գործի սկիզբը կերևար, եթե յուրաքանչյուր ոլորտի (կամ թեկուզ սկզբի համար՝ ամենակարևոր մի քանի ոլորտների) համար ներկայանար օրենսդրական փոփոխությունների իր տեսլականով և դրանց իրականացման պահանջով:
Փոխարենը մենք լսում ենք խոսքեր, որ ասել են նաև նախորդ վարչապետները՝ պակաս կամ ավելի էքսպրեսիայով: Միակ ճշմարիտ տպավորությունը՝ Կարեն Կարապետյանին իշխանությունների առաջարկում գրավել է վարչապետական դրայվը:
Խնդիրների լուծման ճանապարհների մասին պատկերացումները իրականության հետ կապ չունեն:


Ամեն ինչի հնարավորությունը կախված է բարեխիղճ, բանիմաց, հայրենասեր, օրինապաշտ չինովնիկի ազգանվեր գործունեությունից: Ի՞նչ կանի նա այդ նվիրումով, ի՞նչ կունենանք մենք դրա արդյունքում՝ դրա մասին ոչ մի պատկերացում: Միայն կանխատեսումներ, որ ո՛չ չինովնիկի հետ կապ ունեն, ո՛չ կառավարության, ո՛չ ժողովրդի: Եվ կապ չեն էլ ունեցել՝ մինչ այդ արված կանխատեսումների նման, որոնց չիրականացման համար ոչ ոք մինչ այսօր պատասխան չի տվել և այսպես շարունակվելու դեպքում էլ պատասխան չի տալու այսօրվա կանխատեսումների համար:
Այդ «պրոգնոզները», անելիքների մասին թմբկահարումները մեկ նպատակ ունեն՝ հիմարացնել ժողովրդին մինչև ընտրություններ, եթե ոչ սնել նրա ուղեղը կենսունակ գաղափարներով, ապա գոնե դրանց համար այնտեղ տեղ չթողնել, եթե հանկարծ կողքից կհնչեն այդ գաղափարները:
Փաստը, որ իշխանություններն ուզում են ժողովրդի վզին «Վիկտոր Դալլաքյան» պրոյեկտ փաթաթել, կասկածի տեղ չի թողնում, որ վարչապետափոխության հետ կապված բարեփոխումների մասին մեր ակնկալիքները սին են:
Այս պրոյեկտը ամբողջացնում է իշխանությունների գործունեության բարոյական չափանիշների վերջնական անկման իրողությունը:
Իշխանական ծրագրերի բոլոր շարժառիթները նույնն են՝ չզիջել իշխանությունը, պահպանել այն ինչ գնով էլ լինի:
Եվ դա՝ ո՛չ հանուն ժողովրդի բարեկեցության, ո՛չ հանուն երկրի կայացման:
Վկան՝ կառավարության ծրագիրը։


Ինչպես և սպասվում էր, կառավարության ծրագիրը նման էր բարի ցանկությունների ծրագրի, և որքան էլ պատկերավոր ներկայացնեն իրենց ծրագրի ծանրությունը, այն՝ վարչապետին տրված լիազորությունների շրջանակով պայմանավորված, մնալու է որպես PR ակցիա:
Հորիզոն, որպես այդպիսին, չկա: Օրենսդրական փոփոխությունների ոչ մի պահանջ, հարկային, մաքսային, գնային, սակագնային փոփոխությունների ոչ մի ծրագիր: Ակնկալվող դրական տեղաշարժերն ամբողջությամբ կախված են ոլորտը ղեկավարող չինովնիկի բարի կամքից: Ծրագրի հիմքում քաղաքական կամք և ուղղվածություն չկան:
Կարեն Կարապետյանը վարչապետական պաշտոնավարման դրայվը կվայելի որպես պետական բարձրագույն մենեջերական պրակտիկա: Իսկ երբ կտեսնի, որ էլ դրայվ չի զգում, մեկ օր ավելի չի մնա: Նրան հրավիրել է նախագահը, բայց նա պաշտոնից կախված մարդ չէ:
Սա ինչպե՞ս հասկանալ: Սա նշանակում է, որ պաշտոնավարման առաջարկություն անողը նրա առաջ բարձրագույն, համազգային, համապետական նշանակության նպատակներ չի դրել, որոնց հասնելու համար նա արյուն-քրտինք թափելով պիտի աշխատեր ու աշխատեցներ իր ղեկավարած կառավարությունը: Իսկ եթե ինչ-որ բան էլ չհաջողեր, պատվախնդրորեն բազմապատկեր ջանքերը դրանց լուծմանը հասնելու համար և իսկապես վայելեր իր գործի հաջողությունը՝ ժողովրդի հետ համատեղ: Բայց... Ցավոք, բազմակետերը երբեմն չափից դուրս խոսուն են։

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ