(սկիզբը՝ այստեղ)
ԽՍՀՄ-Ն ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԿՈՐՑՐԵԼ
Կապիտալիստական երկրներում գործող բոլոր ձեռնարկությունները, որպես կանոն, բաժնետիրական ընկերություններ են, որոնց ունեցվածքը բաժնետերերի մասնավոր սեփականությունն է։ Դա շատ կարևոր հանգամանք է տնտեսությունը ճիշտ կազմակերպելու համար: Մասնավոր սեփականության տնօրինման իրավունքը կարող է ազատորեն վաճառվել բորսաներում կամ փոխանցվել բաժնետերերի ընտրած ժառանգներին: Սեփականատեր ունենալը շատ կարևոր հանգամանք է կյանքի բոլոր բնագավառներում, մանավանդ, եթե այն վերաբերում է արտադրություններին ու նրանց վրա հիմնված բիզնեսներին, ինչը և վերջնական հաջողության հասնելու գրավականն է: Սեփականատերը ձգտում է զարգացնել ու առաջ տանել իր բիզնեսը, նա պատրաստ է կարճաժամկետ ու երկարաժամկետ ներդրումներ կատարելու, հիմնավորված ու աննախադեպ ռիսկերի գնալու։
Պատրաստ է գործելու անձնական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ, անընդհատ մնալու աշխատանքային պրոցեսի մեջ, սովորելու, բարձրացնելու սեփական կրթական մակարդակը, բարձրացնելու նաև վարձու աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը, ուշադրությամբ հետևելու մրցակիցներին՝ հսկողության տակ պահելով նրանց բոլոր քայլերը, զարգացնելու և մոդեռնացնելու արտադրությունները, ներդնելու նորագույն տեխնոլոգիաներ, մտածում է նոր շուկաներ ստեղծելու և այնտեղ մշտապես իրենց մոնոպոլ դիրքերը պահելու մասին և այլն: Ասել է՝ կապիտալիստները ստիպված են անընդհատ շարժման մեջ գտնվել՝ ի շահ սեփական բիզնեսների՝ հոգով ու սրտով նվիրվելով այն գործին, որի մեջ արդեն թաթախվել են, պայքարել, որպեսզի իրենց ժառանգները ևս ընդգրկվեն սեփական (ընտանեկան) բիզնեսների մեջ, ընթանան ծնողների բռնած ճանապարհով: Կապիտալիստի մոտ բիզնեսը միաժամանակ և սկզբունք է, և համոզմունք, և հավատ, և հոբբի, և ավանդույթ, և «շկոլա»։ Կարճ ասած՝ ամեն ինչ, նույնիսկ կյանքը, նա կարող է զոհաբերել սեփական բիզնեսը պաշտպանելու և առաջ տանելու համար:
Կապիտալիստների բարոյահոգեբանական կերպարի լավագույն բնութագիրը տվել է Լենինը: «Կապիտալիստը,- գրել է Լենինը,- շատ հետաքրքիր կենդանի է, նա պատրաստ է վաճառելու իր արտադրած պարանը՝ վստահ լինելով սակայն, որը վաղը ևեթ իրեն կախելու են այդ նույն պարանով»: Դրանք այն կապիտալիստներն էին, որոնց հետ մեր առաջին շփումներն ու առերեսումը տեղի ունեցան 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, մինչ այդ, հատկապես մեզ՝ ՌԱՀ-ի համակարգում աշխատող խորհրդային քաղաքացիներիս, արգելված էր առհասարակ որևիցե կապ ունենալ Արևմուտքի քաղաքացիների հետ՝ խորհրդային պետական ու ռազմական գաղտնիքների արտահոսքը բացառելու պատճառաբանությամբ: Պարզվեց, որ կապիտալիստներն այնքան էլ վատ մարդիկ չեն, առանձնանում են մարդկանց նեղ օրերին հասնելու, հաշմանդամներին, ծերերին, երեխաներին նյութական օգնություն ցույց տալու իրենց ներքին պատրաստակամությամբ: Նկատելի էր, որ անգամ երկրաշարժի ծանր իրադրության պայմաններում նրանք մտածում էին... իրենց բիզնեսների մասին, ակտիվորեն ուսումնասիրում էին այն ամենը, ինչը իրենց համար նորություն էր՝ տեղական գործարաններում օգտագործվող տեխնոլոգիաներից մինչև կապիտալիստական այլ երկրներից ժամանած փրկարարների մոտ եղած տեխնիկական միջոցները, անընդհատ փնտրտուքի մեջ էին, սովորում էին, որովհետև դա է նրանց կյանքի հավատամքը, մշտական կրեդոն:
Լուրջ հաջողություններ արձանագրած խորհրդային գործարանների ու ֆաբրիկաների տնօրեններից շատերի մեջ, կարելի է համոզված ասել՝ կապիտալիստական մտածելակերպը վաղուց արդեն ձևավորվել էր, ինչը պայմանավորված էր և՛ սեփական անձի, և՛ իրենց վստահված արտադրությունների (որոնց մեջ, իհարկե, հիմնականում գերակշռում էր «ստվերային» բաղադրիչը, այլ կերպ լինել չէր կարող), և՛ աշխատակիցների նկատմամբ ունեցած վերաբերմունքով:
Այս տարվա սեպտեմբերի 8-ին «Հայֆիլհարմոնիայի» փոքր դահլիճում մեծ շուքով նշվեց Սպիտակի «Սպիտակ» կարի արտադրական միավորման հիմնադիր ու գլխավոր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, նաև իմ մանկության ընկեր Նորայր Մուրադյանի ծննդյան 75-ամյակը: Նրա անձը հատուկ ներկայացման կարիք չունի։ Հայաստանում, իսկ երկրաշարժից հետո նաև Խորհրդային Միությունում, նրան լավ էին ճանաչում։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին նախկին աշխատակիցները, ընկերները, նախկին ենթականերն ու նախկին ղեկավարները։ Բոլորի համար էլ նա ցանկալի ու սիրելի անձ էր։ Ինչո՞ւ: Հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է ուշադրություն դարձնել միավորումում Մուրադյան-տնօրենի իրականացրած ընդարձակ սոցիալական ծրագրերին: «Սպիտակ» կարի արտադրական միավորման աշխատողների թիվը 1988 թվականին արդեն անցել էր 10 հազարից (երանելի իրողություն ներկայիս Սպիտակում, որտեղ այսօր մարդիկ պատրաստ են ցանկացած աշխատանքի, որ իրենք ու իրենց զավակները հայրենիքը չլքեն, որևէ փորձության չգնան, օտար երկրներում փորձանքի չգան)։ Երանելի այդ ժամանակներում կառուցվել է 9 մանկապարտեզ, որտեղ բարձր մակարդակով լուծված էին անվճար սննդի, երեխաներին սովորական ու տոնական հագուստով ապահովելու, նախնական կրթություն տալու հարցերը: Ենթաշեֆ դպրոցների գերազանցիկ աշակերտների ծնողները ստանում էին հատուկ աշխատավարձեր, ուսուցիչները՝ ամենամսյա դրամական պարգևներ, երեխաների աշխատանքային պրակտիկաները անցկացվում էին միավորման ֆաբրիկաներում, ամառային հանգիստը՝ միավորման «Հեքիաթ» ճամբարում, սպորտսմենները ստանում էին իրենց առանձին աշխատավարձը և այլն: Դպրոցների շրջանավարտները մտածելու խնդիր չունեին, ուսումն ավարտելուն պես միանգամից կարող էին աշխատանքի անցնել կարի ֆաբրիկաներում՝ իրենց ծնողների կողքին (ծնողների կողքին աշխատելը լավագույն ձևն է բանվորների մասնագիտական ունակությունները սերնդից սերունդ փոխանցելու ու զարգացնելու համար) կամ ուսումը շարունակել բուհերում՝ զգալի ֆինանսական ու նյութական օգնություն ստանալով միավորումից: Բանվորների բուժման ծախսերը, դժբախտությունների դեպքում՝ թաղման ծախսերի մի մասը բանվորները ստանում էին միավորումից: Սպիտակում բարեկարգ ու լուսավոր էին հատկապես այն ճանապարհները, որոնք տանում էին դեպի միավորման արտադրական մասնաշենքերը: Բնակարանային շինարարության մասին խոսք չկար. այստեղ ևս ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մուրադյանի սոցիալական ծրագրերի մասին կարելի է անվերջ խոսել, բայց հարց՝ ինչո՞ւ էր նա այդպես կպել այդ սոցիալական ծրագրերի իրականացմանը, եթե խորհրդային մնացած գործարաններում ու ֆաբրիկաներում դրանք աննշան էին:
Պատասխանը շատ պարզ է. լավ արտադրություն կազմակերպելու և որակով արտադրանք տալու համար պետք է ունենալ գրագետ ու գործին նվիրյալ բանվորների, տեխնոլոգների ու ինժեներների այնպիսի թիմ, որը շահագրգիռ է աշխատանքի վերջնական դրական արդյունք ստանալու մեջ: Դա հնարավոր է, եթե մարդիկ օտարված չեն արտադրությունից, ունեն աշխատելու ներքին մղում, ցանկություն և տրամադրություն: Խորհրդային արտադրություններում այդ ներքին մղումներն ու լավ տրամադրությունները վաղուց արդեն վերացել էին, բացակայում էին, որովհետև մարդկանց մասին մտածող չկար, ավարտեցի՞ր աշխատանքդ, դուրս եկա՞ր գործարանից, գնա քո տուն, զբաղվիր քո անձնական պրոբլեմներով՝ առանց օգնողների, առանց թիկունքիդ կանգնողների, դժվարություննե՞ր ունես՝ քաշիր մինչև հոգիդ դուրս գա:
Բանվորի հոգեբանությունը հասկանալը շատ կարևոր է բոլոր տիպի արտադրությունների համար: Տոմիլինոյի «ՏՕՐ» միավորման իմ լաբորատորիայի ինժեներ Նատաշա Սադովնիկովան մի քանի օր գործի էր գալիս անտրամադիր, նստում էր իր աշխատավայրում ու ոչինչ չէր անում, դարձել էր անաշխատունակ, հանձնարարված գործը չէր կարողանում կատարել:
-Ի՞նչ է պատահել, էքսպերիմենտը չի՞ ստացվում,- հարցրի ես:
-Այդ էր պակաս, որ գործի համար էլ անհանգստանայի, երեխայիս առողջությունն է վտանգված:
Գործի մասին մտածող, գործով ապրող, ձեռնարկությունների ու, ընդհանրապես, երկրի ընդհանուր տնտեսական վիճակով մտահոգ բանվորների և ինժեներների թիվը ԽՍՀՄ-ում քիչ էր, անչափ քիչ էր ու շատ հեռու էր այն կրիտիկական սահմանից, որն անհրաժեշտ էր արտադրանքի պարզ վերարտադրության համար: Նման աշխատանքային մթնոլորտ ունեցող ցանկացած երկրում տնտեսությունը կարող էր կաթվածահար լինել ու կանգ առնել, ապա տեղում մի փոքր դոփելով հետաճ արձանագրել, որի ժամանակակիցն ու ականատեսը դարձանք 1980 թվականի հունվարի 1-ից մի քանի օր առաջ՝ չսպասելով կոմունիզմի վերջնական հաղթանակի վերաբերյալ Նիկիտա Խրուշչովի խոստացած հայտարարությանը:
Խրուշչովի կատարած նախնական հաշվարկները, խորհրդային իշխանական վերնախավի բոլոր հաշվարկների նման, սխալ դուրս եկան, այլ կերպ լինել չէր էլ կարող: Սխալ հաշվարկներ կատարելու և այդ ճանապարհով ժողովրդին խաբելու, սեփական իշխանությունը ժամանակավորապես անսասան պահելու պրակտիկան հատկապես արդիական է դարձել մեր օրերում: Խաբելը խաբում են, վստահ լինելով, սակայն, որ իրենց խոսքին ոչ թե չեն հավատում, այլ չեն էլ ցանկանում լսել: Դժբախտությունն այն չէ, որ մարդկանց անընդհատ խաբում են՝ կանխավ անիրականանալի խոստումներ տալով, դժբախտությունն այն է, որ իշխանավորները չեն կարողանում գտնել միակ ճիշտ ճանապարհը, որով հնարավոր լինի երկիրն ու ժողովրդին անփորձանք առաջ տանել:
«Սպիտակի» կարի արտադրական միավորումում, կարծես թե, գտել էին սոցիալ-տնտեսական զարգացման ճիշտ ճանապարհը ու գործնականում կարողացել էին ապացուցել, որ Խորհրդային Միությունում ևս կարելի էր նորմալ արդյունաբերություն կազմակերպել և ծաղկուն տնտեսություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը ստեղծել բարոյահոգեբանական այնպիսի առողջ միջավայր, որ մեծ ու փոքր, ղեկավար, թե ենթակա պատրաստ լինեն կատարելու իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ մտածելով վերջնական արդյունքի և ընդհանուր գործի հաջողության մասին: Գործի մասին մտածող, գործով ապրող բանվորների թիվը Սպիտակում շատ էր, այդ երևույթը, կարելի է ասել համատարած էր, որովհետև, դատելով իրականացված սոցիալական ծրագրերի մասշտաբային բնույթից, այդ միավորումում մշտապես մտածել էին բանվորների ու ինժեներատեխնիկական աշխատողների մասին ու, որպես պատասխան, ստացել են որակյալ աշխատանք. каков привет, таков и ответ: Ահա թե ինչի համար էին «Սպիտակ» կարի արտադրական միավորումում իրականացվում սոցիալական ծրագրերը: Խնդիրը պարզ է, նման գործելակերպի հիմքում դրված է եղել գործի նկատմամբ հոգատար, զուտ կապիտալիստական մոտեցումը. որակյալ արտադրանք տալու, բարձր արտադրողականությամբ մարդկանց աշխատեցնելու և շուկայում կայուն դիրքերը մշտապես պահելու համար գույություն ունի մի հասարակ միջոց՝ շարքային բանվորներին, շարքային տեխնիկներին, ինժեներներին ու արտադրության ոլորտում ընդգրկված ցանկացած մարդու չի կարելի խաբել, շահագործել ու նրանց հաշվին հարստանալ, պետք է անել ամեն ինչ, որ նրանց մեջ պահպանվեն աշխատանքային բարձր տրամադրությունն ու վերջնական արդյունքի նկատմամբ ունեցած մոտիվացիան, դա պետք է արվի առաջին հերթին: Ցանկացած մարդ ունակ է «արիշ-վերիշներ» անելու, զանազանելու իր լավն ու վատը։
Մարդուն ստիպելով չես աշխատեցնի, ու դրանից օգուտ չի լինի։ Մարդ պետք է աշխատելու տրամադրություն ունենա, իր գործողություններում ուշադիր ու նպատակադրված լինի։ Իսկ դա հնարավոր է այն ժամանակ, երբ նրա մասին մտածում են, երբ ընդհանուր գործում նրա դրած լուման էլ են նկատում ու կատարած ներդրումը գնահատում, լիովին վճարում կատարած որակյալ աշխատանքի դիմաց՝ զուգահեռաբար թեթևացնելով նաև անձնական հոգսերի բեռը: Աշխատավոր մարդու հոգում գործում է նաև երախտապարտ լինելու և պարտքի տակ չմնալու քրիստոնեական սկզբունքը:
Աշխատակիցների հոգեբանությունը հասկանալը, անհրաժեշտության դեպքում նրանց սատար կանգնելը եղել են նաև աշխատանքային գործունեության ընթացքում մտահոգությանս մշտական առարկան, դա արդեն սկսած գործի կեսն է, եթե ցանկանում ես գիտության մեջ էլ նշանակալի արդյունքների հասնել: Բանվորների հետ աշխատելը, նրանց սոցիալական կարևոր խնդիրների բեռը իրենց վրա վերցնելը եղել են Մուրադյանի նման հաջողակ խորհրդային տնօրենների աշխատանքային հաջողությունների մշտական մարտական նժույգը: Խորհրդային տնօրեններից շատերը, ենթարկվելով շրջկոմների քարտուղարների ճնշումներին, խուսափում էին սոցիալական ոլորտներում խոշոր ներդրումներ կատարելուց, ինչն ուներ պարզ բացատրություն՝ սոցիալական ներդրումների համար նախատեսված գումարները հեշտ յուրացվող ու անմիջապես գրպանվողներից էին, որոնցից հրաժարվելը շատերի համար ուղղակի անմտություն էր, նաև հանդուգն դեմարշ էր կուսակցական ու նախարարական չինովնիկության նկատմամբ, որովհետև սոցիալական ծրագրերի համար նախատեսված փողերը վերջիններիս սնող հիմնական առվակներից ամենահորդառատն ու ամենաանվտանգն էին, չէր կարելի դրանցից զրկվել՝ հանուն բանվորների բարձր տրամադրության: Խորհրդային սոցիալիզմի պայմաններում դա հակացուցված էր:
«Էլեկտրոնստանդարտ» ԳՀ ինստիտուտի տնօրեն աշխատածս տարիներից ես դաժան կռիվներ եմ տվել Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղարի և կենտկոմի ղեկավարության հետ՝ պաշտպանելով երիտասարդ մասնագետների սոցիալական շահերը։ Իմ պայքարը սովորաբար հաջողությամբ էր պսակվում, որովհետև մշտապես գործել եմ խորհրդային օրենքների ոգուն ու տառին համապատասխան, չինովնիկների ու կուսակցական խաժամուժի համար կառչելու տեղեր չեմ թողել (ես այդ մասին արդեն գրել եմ): Մյուս կողմից` մշտապես ստացել եմ Մոսկվայի ու Լենինգրադի մեր կուսկազմակերպությունների մշտական անվերապահ աջակցությունը, որոնք հիմնականում մտահոգված էին երկրի գործերով և իմ մեջ էին տեսել այդ մտահոգությունը:
ՌԱՀ-ի հիմնարկների նկատմամբ Հայաստանի կոմունիստ ղեկավարների կատարած հակապետական, հակաօրինական քայլերը նրանց շատ էին մտահոգում։ Նրանց մտահոգում էին նաև Գորբաչովի կատարած դավաճանական քայլերը, որոնց մասին նրանք բացեիբաց խոսում ու առանց վախենալու քննարկում էին ինձ հետ զրույցներում: Չնայած նրան, որ մենք բոլորս էլ ԽՄԿԿ իրավահավասար անդամներ էինք, այնուամենայնիվ, Հայաստանի ու Մոսկվա-Լենինգրադի կուսկոմիտեների միջև մի հետաքրքիր տարբերություն կար. ՌԱՀ-ի Մոսկվայի կամ Լենինգրադի ձեռնարկությունների կուսկոմների քարտուղարները կարող էին իրենց մոտ հրավիրել ցանկացած պաշտոնյայի՝ գլխավոր տնօրեններից սկսած: Հայաստանում՝ բացառվում էր։ Կուսկոմի քարտուղարը Հայաստանում վազելով պետք է գնար գլխավոր տնօրենի մոտ՝ լսելով ընդամենը քարտուղարուհու հեռախոսազանգը, թեկուզ Հայաստանի շրջկոմների քարտուղարները դեռևս պահպանում էին իրենց պաշտոնական դիրքային առավելությունները տնօրենների նկատմամբ: Շրջկոմների քարտուղարները օր ու արև չէին տալիս այն տնօրեններին, ովքեր վայելում էին ժողովրդի հարգանքն ու վստահությունը: Ասածս վերաբերում էր նաև Նորայր Մուրադյանին: Ցանկացած քայլ, որը բխում էր միավորման շահերից, բայց ամրագրված չէր խորհրդային օրենքներով կամ ճյուղային ստանդարտներով, կարող էր դառնալ կուսակցական քննարկման առարկա ու ավարտվել կուսակցական տույժերով, աշխատանքից հեռացումով կամ գործերը դատախազություններին հանձնելով: Նման առիթները շրջկոմների քարտուղարները ձեռքից երբեք բաց չէին թողնի, աչքաթող չէին անի։ Նրանց աշխատանքի բնույթն էր այդպիսին։ Նրանք ընկալվում էին որպես պատժիչ մեքենա, որից երբեք լավ բան սպասել չէր կարելի: Կոմունիստական կուսակցության տեղական մարմինների պատճառով էր, որ խորհրդային տնտեսության մեջ նոր, առաջադեմ գաղափարների մուտքը հիմնովին արգելափակվում էր։ Դրանք ստանձնել էին սոցիալիստական տնտեսությանը ոչ մի օգուտ չտվող սայլի հինգերորդ անվի դերը:
Եթե տնօրեն Մուրադյանը միավորումը առաջ տանող անիվն ու թափանիվն էր, ապա 80-ական թվականների Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Հենրիկ Մկրտչյանին կարելի է համարել նույն միավորման հինգերորդ անիվը, որին սպիտակցիները այսպիսի բնորոշում էին տվել. «Դիփից վեր ա ունում, թրաշի փող էլ տաս, վեր ա ունում»:
«Սպիտակ» կարի արտադրական միավորման աշխատակիցների համար կատարվող բնակարանաշինությանն առնչող այսպիսի սկանդալային պատմություն կա: Ադմինիստրացիայի ու արհմիության համաձայնությամբ, միավորումում ներքին կարգ էր հաստատվել. բնակելի շենքերը պետք էր կառուցել ու, ըստ գոյություն ունեցող բնակարանների հերթի, բանվորներին տրամադրել կիսատ վիճակում՝ առանց ներքին հարդարման աշխատանքների: Ներքին հարդարման աշխատանքների համար նախատեսված նախահաշվարկային գումարը անմիջապես տրվում էր բանվորներին, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր վերանորոգման աշխատանքները կատարել իր ուզած ձևով: Շատ հետաքրքիր մոտեցում էր, ինչը նաև տնտեսապես շահավետ էր և շինարարների, և նորաբնակների համար: Ներքին հարդարման վրա շինարարները ժամանակ չէին կորցնում ու անցնում էին հաջորդ շենքերին, իսկ բնակիչները իրենց ուզած ձևով ներքին հարդարումն էին իրականացնում՝ հրաժարվելով բնակարանի վերապլանավորման, անորակ սվաղներից, անորակ մանրահատակներից ազատվելու սովորական դարձած պրակտիկայից: Սպիտակում ու ողջ Հայաստանում դժվար էր գտնել մի նոր բնակարան, որի բնակիչները հիմնահատակ չքանդեին շինարարների կատարած անորակ գործերն ու նոր վերանորոգում չիրականացնեին՝ օգտագործելով իրենց սեփական միջոցները: Օգուտը, ինչպես ասում են, երկու կողմից էր ստացվում, ու դրանում ոչ մի վատ բան չկար պետության և կուսակցության համար՝ չհաշված պետական օրենքներով սահմանված կարգի ու բնակարանաշինության մեջ կիրառվող ստանդարտների խախտումը: Նոր բնակարանները քաղաքացիներին պետք էր տրամադրել ապրելու համար պատրաստի վիճակում և, ամենակրիմինալ բացթողումը. նորաբնակները կարող էին սահմանափակվել ավելի համեստ վերանորոգումով՝ խնայելով միավորման տրամադրած գումարները: Օրենքի նման խախտումները համարվում էին տնօրենների լուրջ բացթողումը, ինչի համար նրանք անմիջապես կարող էին ազատվել զբաղեցրած պաշտոնից ու հրաժեշտ տալ հարազատ կոմունիստական կուսակցության կարմիր տոմսին։ Գործը քրեական հետապնդման չէր կարող ենթարկվել՝ հաշվի առնելով կայացված որոշումների կոլեգիալ բնույթն ու ժողովրդի հնարավոր ընդվզման հնարավորությունը։ Արձագանքները կարող էին դուրս գալ հանրապետության սահմաններից՝ հասնելով մինչև Մոսկվա, Կրեմլ, դա արդեն լի էր անկանխատեսելի հետևանքներով ու հանրապետության առաջին դեմքի նկատմամբ Կրեմլի հնարավոր կազմակերպական եզրակացություններով: Ստացվում էր ծիծաղաշարժ իրավիճակ:
Շրջկոմի առաջին քարտուղարի համար լավ առիթը արդեն ներկայացել էր, կարելի էր խստորեն պատժել միավորման կամակոր, միշտ սեփական նախաձեռնություններով հանդես եկող, ինքնուրույն գործող, առաջին քարտուղարի hետ հաշվի չնստող ու նրա «քթի ջրով» չշարժվող տնօրենին։ Բայց զգուշանալու մի քանի պատճառներ կային։ Շրջկոմի քարտուղարը կարող էր վերջնականապես կորցնել իր խամրած հեղինակությունը շրջանում, Կարեն Դեմիրճյանը այդ հարցում անպայման կպաշտպաներ միավորման տնօրենին, որովհետև նրա արածը մարդկային էր, տնտեսապես հիմնավորված էր ու բխում էր պետության շահերից։ Հետո՞ ինչ, որ ԽՍՀՄ-ում շարունակում էին շրջանառվել հիմար ու քարացած շինարարական նորմերը (Դեմիրճյանը լավ ինժեներ էր ու նման իրադարձություններում կարող էր արագ կողմնորոշվել և ամեն ինչ հավուր պատշաճի գնահատել):
Այդ նույն հարցում Դեմիրճյանն էլ ուներ զգուշանալու իր պատճառները: Հայտնի է, որ Հայաստանում կատարվող բնակարանաշինության մեջ կար մի չգրված օրենք. բնակելի շենքերը մասսայաբար շահագործման էին հանձնվում կիսատ՝ առանց ներքին հարդարման աշխատանքները կատարելու, որոնց համար նախատեսված ծախսերը կազմում էին շենքերի նախահաշիվների մոտ 40 տոկոսը: Շենքերը կարող էին շահագործման հանձնվել միայն պետական բարձր հանձնաժողովի ընդունելուց հետո՝ ստորագրված ակտի հիման վրա, որում պետք է տրվեր կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը: Ինչպե՞ս էր դա արվում, եթե բնակելի շենքը շահագործման համար դեռևս ամբողջությամբ պատրաստ չէր: Շատ հասարակ. գործում էր տասնյակ տարիներով մշակված հետաքրքիր աճպարարություն. շենքի բնակարաններից մեկում, ընդունենք 12-հարկանի շենքի 5-րդ հարկի թիվ 19-ում, առաջնահերթության կարգով, կատարվում էին իդեալական ներքին հարդարման աշխատանքներ: Հաճախ այդ աշխատանքները վստահվում էին բնակարանի ապագա տիրոջը, որն արդեն տվել էր բնակարանը ստանալու համար պահանջվող կաշառքը։ Այստեղ էլ կաշառք տալը կամավոր-պարտադիր վնասակար սովորույթ էր։ Սպիտակում բնակարանները բաժանվում էին հերթով, բայց առանց կաշառքի:
-Նայենք բնակարանները,- առաջարկում է շենքը ընդունող պետական հանձնաժողովի նախագահը։- Ո՞ր բնակարանից սկսենք,- հարցն ուղղում է շինարարներին:
-Որից կամենաք, միևնույն է:
-Այդ դեպքում առաջարկում եմ սկսենք պատահական հարկի մի պատահական բնակարանից, օրինակ, 5-րդ հարկի թիվ 19-ից, առարկություններ կա՞ն, ո՞չ:
Խմբով բարձրանում ու նայում են 19 բնակարանը:
-Հրաշք գործ ես արել,- հանձնաժողովի նախագահը դիմում է շինարարության պետին,- ես լսել էի, որ Դուք հմուտ շինարար եք, բայց ա՜յս աստիճանի, հրաշալի է, չտեսնեի՝ լսածիս չէի հավատա:
-Անցնենք մյուս բնակարաններին,- առաջարկում է շինարարը։
-Իմաստ չունի, հավատում եմ, որ ամեն տեղ էլ լավ կլինի, իզուր ժամանակ չկորցնենք:
Նման աշխատաոճը խորհրդային տարիներին ուներ իր հստակ կուսակցական ձևակերպումը՝ աչքակապություն: Աչքակապությունը շինարարական գործում պետության ու ժողովրդի թալանը կազմակերպված ձևով անցկացնելու կարևոր էլեմենտներից մեկն էր: Հեշտությամբ կարող ենք հաշվել նաև շինարարության ոլորտում կատարված թալանի մոտավոր չափը, որը կարող էր կազմել շինարարության ոլորտի մեջ կատարված ընդհանուր ներդրումների 0,4 մասը՝ հսկայական գումարներ, որոնք մտան պետական պաշտոնյաների գրպանները և որոնք հետագայում օգտագործվեցին ՀՀՇ կառավարիչներից շան մսի գնով գործարաններն ու ֆաբրիկաները գնելու ու սեփականաշնորհելու համար:
Խորհրդային տարիներին շինարարության ոլորտը մշտապես հանդիսացել է մասսայական թալանի դարբնոց ու կայացած հանցավոր «շկոլաներից» մեկը: Այստեղ իրենց մկրտությունն են ստացել նորանկախ Հայաստանի օլիգարխներից շատերը, այդ թվում՝ հասարակական հիմունքներով ՀՀ 14-րդ վարչապետի նորանշանակ խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Երևանի նախկին քաղաքապետ ու էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը և պետական ու մասնավոր բազում այրեր:
Ընթերցողներին առաջարկում եմ մտովի լրացնել նախկին շինարար-ներկա օլիգարխների ցուցակը, կտեսնենք ու կհամոզվենք, որ նրանք շա՜տ ազդեցիկ են՝ նկատի առնելով նրանց ունեցած կարողությունները և երկրի ներքին քաղաքականության վրա ազդելու իրենց լծակները:
Իսկ փորձառու գլխավոր տնօրեն Նորայր Մուրադյանը միամտաբար, ֆինանսների արդյունավետ կառավարման նկատառումներից ելնելով, փորձում էր ռացիոնալ հատիկ մտցնել հայկական բնակարանաշինության մեջ ու այդպիսով մեծ վնաս հասցնել տասնամյակների փորձությունն անցած կոռուպցիոն սխեմային՝ ապագա բնակարանների ներքին հարդարման աշխատանքների համար նախատեսված գումարներն ուղղորդելով ապագա բնակիչների գրպանները՝ շինարարության բոսերին կանգնեցնելով միայն ռոճիկով ապրելու վտանգի առաջ։ Խելքի՜ աշեցեք: Իհարկե, նման իրավիճում շրջկոմի առաջին քարտուղարը պարտավոր էր Մուրադյանի դեմն առնել ու թույլ չտալ, որ ՀՀ շինարարական ոլորտի չինովնիկների ու իր նմանների համար նախատեսված կոռուպցիոն փողերի կարևոր աղբյուրներից մեկը չորանա։ Դրա համար նրան չէին ների: Պաշտոնական ձևակերպումների հետևից քարտուղարին պետք չէր հեռուն գնալ, դրանք հստակորեն, ամենայն մանրամասնությամբ ձևակերպված ու ներկայացված էին ԽՍՀՄ «Գոսստրոյի» մշակած փաստաթղթերում ու շինարարական ստանդարտներում: Ամեն ինչ գալիս էր Մոսկվայից, ամեն ինչ սկսվում էր Մոսկվայից, չեմ կարծում, թե «Գոսստրոյում» նստած էին միամիտ մարդիկ ու չգիտեին, թե հանրապետություններում ինչեր են կատարվում, ինչ փողեր են «ֆռռում» ու որքան է մոսկովյան չինովնիկների հասանելիք մասնաբաժինը:
Զարհուրելի մի բան էր կատարվում Խորհրդային Միությունում. ամեն ինչի տակից բարձր չինովնիկները կարողանում էին փողեր հանել, լավ փող աշխատելու համար ամեն ինչ ժամանակին նորմավորվում ու դրվում էր պետական-չինովնիկական հսկողության տակ: Նույնիսկ Գորբաչովն էր հասկացել, որ այդպես շարունակել չի կարելի:
«Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ նորմավորել են, թե շինարարը քանի անգամ պետք է խփի մեխի գլխին ու ինչ խորության վրա այն պետք է թաղի»։ Սա հատված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստի ժամանակ Գորբաչովի ելույթից: Իր ելույթում, բնականաբար, Գորբաչովը պետք է մեծահոգաբար շրջանցեր ԽՍՀՄ սեյսմիկ շրջանների համար Մոսկվայի հաստատած շինարարական նորմերի թեման: Համաձայն համամիութենական այդ նորմերի, Հայաստանի սեյսմիկ շրջաններում կառուցվող բազմաբնակարանային շենքերը պետք է համապատասխանեին յոթբալանոց կայունությանը: ՈՒղղակի նախօրոք ծրագրված կոմունիստական մարդասպանություն... հանուն միջոցների խնայողության (экономика должна быть экономной. սա Բրեժնևի «փայլուն» դրույթներից ամենակատարյալն էր):
Խորհրդային խնայողության արդյունքները մենք տեսանք 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.43-ին։ 25 հազար անմեղ մարդիկ մնացին խորհրդային սոցիալիստական բնակարանների ու նույնքան էլ խորհրդային սոցիալիստական դպրոցների փլատակների տակ։ Այդ անմեղների արյունը կոմունիստական մեղավոր հասարակարգի խղճին է: Եթե մոսկովյան յոթ բալերից հանենք նաև Երվանդ Քոչինյանի երկու բալը՝ այն տալով մասնավոր բնակշինարարությանն ու այդ ձեռնտու դիրքից, ժողովրդի կյանքի գնով հսկայական գումարների շորթման ավանդական դարձած գործին, ապա կտեսնենք, որ այդ կոմունիստական շենքերը երերուն էին ճիշտ այնքան, որքան երերուն էր դրանք ստեղծող խորհրդային երկիրը՝ իր պարզունակ կոմունիստական գաղափարախոսությամբ: Այդ երկիրն ապրելու իր իրավունքը վաղուց էր կորցրել, ու Գորբաչովը այստեղ ասելիք չուներ:
Նշենք, որ սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած տնօրենները վայելում էին շարքային քաղաքացիների հարգանքը։ Մարդիկ տեսնում, գնահատում էին նրանց արագ։ Այդ պատճառով էլ Նորայր Մուրադյանի հոբելյանական միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հիշենք Թումանյանի հանրահայտ տողերը.
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար,
Չարն էլ է միշտ ապրում անմեռ
Անեծք նրա չար գործին...
Լիրիկական այս շեղումն անհրաժեշտ էր՝ հասկանալու մեր իրական վիճակը, հասկանալու, թե մեր գործունյա մարդկանցից շատերն ինչպես և ինչու լքեցին հայրենիքը այն օրերին, երբ նրանք ամենից շատ էին պետք մեր երկրին:
Ինչ վերաբերում է մեր Մուրադյանին, ապա նա հեռացավ իր հայրենիքից ու դարձավ Ռուսաստանի քաղաքացի՝ այնտեղ կազմակերպելով իր բիզնեսն ու դառնալով ժամանակի հայ մեծահարուստներից մեկը:
Ի միջի այլոց, մեր օլիգարխներին մենք քննադատում ենք ոչ թե որ նրանք հարստացել ու օլիգարխ են դարձել, այլ որ նրանք հարստացել ու օլիգարխ են դարձել մեր երկրի տնտեսությունը քայքայելու հաշվին: Մենք կարող ենք միայն հպարտանալ այն հայ օլիգարխներով, ովքեր կարողացել են հարստանալ ու օլիգարխ դառնալ՝ աշխատելով Հայաստանից դուրս՝ մի մազաչափ վնաս անգամ չպատճառելով մեր երկրին: Այդպիսի օլիգարխներից են Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, ինքը՝ Նորայր Մուրադյանը, Ռուբեն Վարդանյանը, այլք, որոնց վերադարձն ու գործուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության վերականգնման գործին կարելի է միայն ողջունել: Իսկ թե ինչո՞ւ Նորայր Մուրադյանը 1991-ին հեռացավ Հայաստանից, ճիշտ կլինի հարցնել ՀՀ առաջին նախագահին: Նորայր Մուրադյանի լայն ժողովրդականությունն ու ճանաչումը Սպիտակում, Հայաստանում, ԽՍՀՄ-ում ու աշխարհում՝ հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, շատ էին անհանգստացրել Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Նորիկին պետք է Հայաստանից քշել,- ՀՀՇ-ականների առաջ այդպիսի հստակ խնդիր էր դրել ԼՏՊ-ն: Նրան տեղյակ են պահում, թե նա չի ուզում գնալ։
-Տղաներից մեկին փախցրեք, կգնա։
Տղաներից մեկին փախցնելու-գողանալու գործը հանձնարարվում է կիրովականցի մի «ավտարիտետի», որին Նորայր Մուրադյանը ժամանակին ինչ-որ հարցում օգնել էր:
-Ես քեզ վատություն անել չեմ կարող, բայց հարցն այդպես է դրված,- տեղյակ է պահում նա:
«Ի՞նչ անել,- քառորդ դար անց պատմում է Նորայր Գրիգորևիչը,- մեծ տղաս՝ Գրիգորը, մի քանի օր դպրոց էր գնում՝ ատրճանակը պայուսակի մեջ դրած, հետո ընտանիքով մտածեցինք, որ այդպես չի լինի, պետք է Հայաստանից ու ՀՀՇ-ից հեռանալ, սրանցից ամեն ստորություն սպասելի է։ 1991-ին ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա»:
Հիշենք հայկական ասացվածքը՝ տաշած քարը գետնին չի մնա։ 1991-ին Մուրադյանը նշանակվեց ու երկար տարիներ աշխատեց Ռուսաստանի արտաքին առևտրի առաջին տեղակալի բարձր պաշտոնում: Այս պատմությունը կարելի էր նաև չանել, եթե ՀՀ անկախության առաջին տարիներին նման դեպքերը մասսայական բնույթ չկրեին: Այդպիսի ու բազմաթիվ այլ ստոր ճանապարհներով ՀՀՇ-ն հաշվեհարդար էր տեսնում տնտեսության բնագավառում աշխատող ու մարդկանց մեջ մեծ հեղինակություն վայելող տնտեսական ու քաղաքական կարևոր դեմքերի հետ, հեռացնում պաշտոններից՝ փոխարենը նշանակելով իրենց «զինակիցներին», որոնց գիտելիքներն ու բարոյականությունը կարող էին բավականացնել միայն 70 տարիների ստեղծածը գողանալու, թալանելու ու դրանց հաշվին հարստանալու համար:
Ես հակված չեմ այս ամենը բնութագրելու որպես կադրային սխալ քաղաքականության հետևանք, դա անթաքույց ձևով կազմակերպված, ցուցադրական կադրային ջարդ էր, որը կարևոր պայման էր երկրի տնտեսությունը ոչնչացնելու համար: Թե ով էր կանգնած երկրի տնտեսությունը ոչնչացնելու նման ծրագրերի հետևում, մեզ հանելուկ մնաց մինչ օրս, առանց այդ դժվարին հանելուկի մեկնության հնարավոր չէ առաջ շարժվել՝ նույնիսկ ՀՀ 14-րդ վարչապետի խոստումնալից քայլերի պարագայում: Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր կարող էին շահագրգռված լինել Հայաստանի տնտեսության ոչնչացմամբ: Դրանց մեջ կարող էին լինել Ռուսաստանը, Ամերիկան, բայց ավելի շուտ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, բայց ինչի՞ համար: Խոստովանենք, որ մենք չափից ավելի ենք այդ միամիտ հարցը տալիս։ Իհարկե, ճիշտ եք կռահել՝ փողի և իշխանության, իշխանության ու փողի համար, որոնք մեր պարագայում, մաթեմատիկական լեզվով ասած, նույնություն են: Մեր բոլոր դժվարամարս խնդիրներն այստեղից են գալիս, շան գլուխը այստեղ է թաղված, այն պետք է հասկանալ, վերլուծել, բացահայտել դրանք ծնող բոլոր պատճառները, որից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ է պետք անել, ինչ նոր ճանապարհ է պետք բռնել, որ կարողանանք մեր հոյակապ երկիրը դուրս բերել այս քառորդդարյա մղձավանջից: Քանի դեռ այդ քայլը չի արվել, ոչինչ չի ստացվի, կգան նոր լևոններ, նոր նախագահներ ու նոր վարչապետեր և այդպես շարունակ կքանդեն մեր երկիրն ու մարդկանց ցաքուցրիվ կանեն աշխարհով մեկ, դա չի կարելի թույլ տալ, մենք եղեռնը տեսած ժողովուրդ ենք, սպիտակ, կարմիր կամ այլ գույների եղեռններ մեզ բացարձակ պետք չեն:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ