Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման տարբերակ

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման տարբերակ
30.09.2016 | 00:21

Շուրջ 23 տարի է, ինչ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության գործընթացը կարգավորելու առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, սակայն մինչ օրս որևէ լուրջ և շոշափելի արդյունք ղարաբաղյան թնջուկում չի արձանագրվել: Խմբի գործունեությունն այսօր մշուշոտ և հեռանկար չունեցող, անպտուղ բանակցությունների է վերածվել, ինչը բնավ էլ զարմանալի չէ, քանզի գործընթացը կարգավորող երեք մեծ տերությունները շահագրգիռ չեն լուծելու այդ խնդիրը: Նման իրավիճակը պայմանավորված է հակամարտություն ծնած իրական պատճառների (իմա՝ Ադրբեջանում տարիներ շարունակ իրագործված հայերի խոշտանգումներ և ցեղասպանություն) մասին բարձրաձայնելու արգելքով (որոշակի ուժերի կողմից), ինչի հետևանքն էլ Մինսկի խմբի համանախագահների լրիվ անիմաստ ու ձևական բանակցություններն են: Ավելին, իրենց անարդյունավետ, երբեմն սադրիչ գործունեությամբ նրանք առավել են սրում առանց այդ էլ հեղհեղուկ իրավիճակը, նորանոր կրքեր բորբոքելով հակամարտող կողմերի միջև, ինչն էլ հանգեցրեց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային:


Այժմ փորձենք հստակեցնել, թե երեք երկրներից որն ինչքանով է խոչընդոտել և խոչընդոտում ղարաբաղյան հարցի արագ և արդարացի լուծմանը: Թերևս, միայն Ռուսաստանին է ձեռնտու ղարաբաղյան հիմնահարցում Մադրիդյան սկզբունքների կիրարկման այսօրվա «պատային» վիճակը: Այնպիսի տպավորություն է, թե այդ փաստաթուղթը մշակվել և կազմվել է Ռուսաստանի շահերից ելնելով կամ առնվազն նրա ճնշման տակ: Զարմանալի է, որ նման իրավիճակը (ստատուս քվոն) դեռևս ձեռնտու է մեր իշխանություններին։


Մադրիդյան երկու հիմնարար սկզբունքները բանակցություններում ավելի շատ հակասում են մեկը մյուսին, քան լրացնում միմյանց, ինչի պատճառով, որպես հարցի լուծման առանցքային գործիք, ստեղծման իսկ պահից մեռելածին էին: Եվ զարմանալի չէ, որ նման խաղի կանոններով ղեկավարվելը բանակցությունները տարան փակուղի:


Արդյո՞ք Ադրբեջանը մեր կորցրած ժամանակը չօգտագործեց (իր ագրեսիվ և խեղված լրատվամիջոցներով)՝ ընդլայնելու այն երկրների և միջազգային կազմակերպությունների շրջանակը, որոնք Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարը որակում են որպես ագրեսիա: Ցավոք, մենք չկարողացանք ժամանակին ու հավուր պատշաճի հակազդել դրան:
ՀՀ իշխանությունները մշտապես, ցանկացած առիթով և իրավիճակում, պետք է պատասխանեին, նախահարձակ լինեին, նախաձեռնությունը պահելով իրենց ձեռքում, ոչ թե միջազգային բարձր ատյաններում, ինչպես նաև մեծ երկրների դռներին անգամ հանդես գային մեղավորի դիրքերից, առավել ևս, հանդուրժեին «ագրեսորի» պիտակը, ինչը պատիվ չի բերում արժանավայել հաղթանակած հայ ժողովրդին:


ՀՀ իշխանությունները, անկասկած, կարող էին բանակցությունները դուրս բերել փակուղուց։ Ի՞նչ կերպ։
Մի տարբերակ առաջարկել ենք, օրինակ, «Իրատես de facto»-ի թիվ 56-ում (24.09.2013 թ., www.irates.am)։


Բա՛վ է ղարաբաղյան հարցին նվիրված բանակցություններում հանդես գանք մեղավորի բարդույթով...


Ցավալի է, որ արցախյան պատերազմից հետո, շատ թե քիչ բարենպաստ դադարի ժամանակաշրջանում (ելցինյան), մեր իշխանությունները չփորձեցին դիմել Ռուսաստանին՝ վերանայելու 1921-ի Կովբյուրոյի որոշումը, հայկական տարածքներն Ադրբեջանին նվիրելու հարցը: Չէ՞ որ Խորհրդային Միության փլուզումից հետո այս երեք պետություններն այլևս միևնույն «զամբյուղում» չէին, ինչը մեծ առավելություն և լրացուցիչ դրական գործոն էր՝ հարցը մեր օգտին լուծելու առումով: Գուցե դիվանագիտական նման քայլի բացթողումն էր պատճառը, որ այսօր կանգնած ենք ասես անլուծելի թնջուկի առաջ։
Հուսանք, որ ղարաբաղյան հարցի լուծման նշված մեր տարբերակի հնարավոր իրագործումը կօգնի և կնպաստի կանգնեցնելու մեր երկրի հետագա հայաթափումը:


Այդ քայլերն են.
ա) Առանց վարանելու դիմել մարդու իրավունքների միջազգային դատական ատյաններ, լուծելու Մադրիդյան երկու սկզբունքներից («երկրների տարածքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշում») մեկի անհերքելի և աներկբա գերակայությունը (առանձին վերցրած՝ Ղարաբաղի համար), հաշվի առնելով և հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտությունն իրականում ծնած հիմնական և ծանրակշիռ պատմական իրադարձությունները, դրանց բուն պատճառներն ու հետևանքները Արևմտյան Հայաստանում և Ադրբեջանում, շուրջ 100 տարի (1894-1994 թթ.) շարունակ հայերի նկատմամբ իրագործված խոշտանգումներ, տեղահանումներ ու ցեղասպանություն:
բ) Միաժամանակ դիմել Ռուսաստանին՝ չեղյալ համարել 1921-ի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշումը, Հայաստանին պատկանող Ղարաբաղի և Նախիջևանի տարածքների անօրեն հանձնումը Ադրբեջանին, ինչպես նաև նույն թվի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով՝ Կարսի, Արդահանի և Սուրմալուի նահանգների հանձնումը Թուրքիային՝ ոտնահարելով միջազգային իրավունքի և բարոյականության բոլոր տարրական չափանիշները:
Առանձնահատուկ պետք է նշել, որ Ռուսաստանի կողմից մեր պատմական տարածքների նվիրաբերումը վերը նշված «երրորդ» պետություններին և ներկայումս նրանց գերության մեջ գտնվելու իրական փաստի առկայությունը ղարաբաղյան բանակցություններում, ինչն իր «սակարկման» չափազանց մեծ «գնով» ու «կշռով» (ոչ միայն տարածքների չափերի առումով) արդեն իսկ անհամաչափելի մեծ փոխզիջում է մեր կողմից ազատագրված 5 շրջանի հանձնման համեմատ: Գերության մեջ գտնվող հայկական այդ տարածքների վերադարձման պահանջարկի հույժ կարևոր և ծանրակշիռ գործոնի հնարավոր ներգրավումը մեր կողմից միջազգային իրավական դաշտում, հիրավի շատ մեծ և հզոր դիվանագիտական լծակ է մեզ համար, ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում, որը երբեք չի կարելի անտեսել, մոռացության տալ, առավել ևս՝ կորցնել:


Չէ՞ որ այդ պահանջարկը մշտապես «հետապնդել» է հայ ժողովրդին, և այսօր պատմական այն պատեհ պահն է, որի բացթողումը կլինի ճակատագրական մեծ սխալ: Այդ լծակի «գինը» էլ ավելի կարժեքավորվի, եթե վերոհիշյալ տարածքների վերադարձման պահանջը լինի հաստատակամ, անզիջում՝ այն մինչև վերջ հասցնելու պատրաստակամությամբ: Դա կլինի մեր «փոխզիջումն» ու միաժամանակ «դեղին քարտը» Մոսկվային, որ Կրեմլը այլևս չփորձի հայկական նոր տարածքների նվիրաբերման հաշվին տիրանալ կասպյան նավթի մեծ պաշարներին:


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ
Ռոբերտ ՇԱՄԻՐՅԱՆ

Դիտվել է՝ 3230

Մեկնաբանություններ