38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
30.09.2016 | 00:20

(սկիզբը՝ այստեղ)

«ՍՏՎԵՐԻՑ»՝ «ԱՏԿԱՏԱՅԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱ


«Ա» խմբի ձեռնարկություններում ցածր պլանների հաստատումը հեշտությամբ էր ստացվում նոր կազմակերպվող արտադրություններում, որտեղ դեռևս բացակայում էին վերջնականապես հաստատված պլանային առաջադրանքները: Գործող արտադրությունների պարագայում, երբ արտադրական պլաններն արդեն առկա էին և որոնք կարող էին փոփոխվել միայն աճի ուղղությամբ, արտապլանային արտադրանք տալու խնդիրը կարող էր լուծվել միայն արտադրական հզորությունների ավելացման, ռացիոնալիզատորական առաջարկությունների, նոր տեխնիկայի, նոր տեխնոլոգիաների ու գյուտերի ներդրման միջոցով, ինչը սովորաբար կողմնակի աչքերից հեռու էր պահվում: Գործող գործարաններում և ֆաբրիկաներում «ստվերային» արտադրություն կազմակերպելը շատ լավ խթան էր արտադրությունների մոդեռնացման ու տեխնոլոգիական հնարավորությունների ավելացման համար:
Կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Դ. Մ.-ն մանրամասում է.


-Կարվող հագուստի բոլոր մոդելները լավագույնն էին Խորհրդային Միությունում, դրանք ձեռք էինք բերում Մոսկվայի «Մոդելների տնից»՝ էքսկլյուզիվ կարգով ու միայն կանխիկ դրամով։ Նոր արտադրատեսակների յուրացման գործում ընդգրկել էինք Հայաստանի լավագույն գործիքագործներին ու գյուտարարներին, որոնց առջև կոնկրետ խնդիրներ էինք դրել. բարձրացնել կարի արտադրամասերի աշխատանքի արտադրողականությունը՝ մշտապես բարձր մակարդակի վրա պահելով թողարկվող արտադրանքի որակը: Այստեղ լուրջ պրոբլեմներ կային՝ կապված կտորեղենի ձևման նոր տեխնոլոգիաների կիրառման հետ: Եթե նախկինում մեկ բանվորը կարող էր օրական հարյուր նախապատրաստվածք ձևել, ապա իմ առաջարկած ու ներդրած տեխնիկան թույլ էր տալիս նույն հարյուր նախապատրաստվածքի վրա ծախսել ընդամենը 4 րոպե, ամեն ինչ ավտոմատացված ու մեխանիզացված էր: Տարին մեկ անգամ նախարարության մասնագետները գալիս էին ֆաբրիկա՝ ստուգումներ ու ժամանակաչափման (խրոնոմետրաժ) պարտադիր գործողություններ կատարելու, որից հետո գնահատվում էին մեր արտադրական հնարավորությունները, կազմվում ու նախարարության հաստատմանը ներկայացվում ֆաբրիկայի թարմացված արտադրական նորմերը, ճշգրտվում տարեկան պլանային առաջադրանքները: Այդպիսի դեպքերում ես բանվորներին հանձնարարում էի թաքցնել մեր ստեղծած տեխնիկան ու հարմարանքները՝ նախարարության հանձնաժողովին հիմնականում ներկայացնելով միայն ձեռքի աշխատանքի վրա հիմնված տեխնոլոգիական պրոցեսները: Նախարարության մասնագետներին, իհարկե, ինչպես հարկն է հյուրասիրում ու նվերներով ճանապարհում էինք, որից հետո դուրս էինք հանում թաքցրած տեխնիկան ու վերականգնում մեքենայացված արտադրությունն իր նախկին տեսքով։

Անցնում էինք մեր սովորական աշխատանքային ռիթմին: Եթե պլանով նախատեսված էր արտադրել 1000 միավոր արտադրանք, ապա մենք կարող էինք առանց մեծ ճիգեր գործադրելու արտադրել 10000 միավոր։ Տարեկան պլանները մշտապես կատարել ու գերակատարել ենք 30 տոկոսով, ֆաբրիկան պարբերաբար ստանում էր միութենական մրցանակներ, «Կոմունիստական աշխատանքի հարվածայինի» փոխանցիկ դրոշներ, պետական պարգևներ և այլն: Պլանից դուրս արտադրած արտադրանքը իրացրել ենք Երևանի կենտրոնական ունիվերմագներից մեկում, փողերը ստացել ենք կանխիկ դրամով ու այդպես շարունակ՝ մինչև Գորբաչովի ձեռամբ մեր հիասքանչ երկրի կործանումը:
Նախկին տնօրենի եզրակացությունը շատ տրամաբանական է և ընդհանուր գծեր ունի հայկական հայտնի ասացվածքի տրամաբանության հետ՝ գործը կանի Կարապետը, ջառմեն կքաշի Գորբաչովը:


Կարի արտադրության մեկ ուրիշ տնօրեն պատմում է, որ իրենց արտապլանային արտադրանքը հիմնականում իրացնում էին գյուղերում՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա, որոնք օգտագործվում էին մի քանի անգամ՝ մինչև դրանց մաշվելը: Խորհրդային գործարաններում ու ֆաբրիկաներում աշխատանքի կազմակերպման կամ տնտեսավարման այս ձևին կարելի է տալ «ստվերային արտադրություն», «ստվերային արդյունաբերություն» կամ «ստվերային տնտեսություն» ընդհանուր տնտեսագիտական անվանումները։ Դրանք Խորհրդային Միությունում լավ էին զարգացած, դրված էին կայուն հիմքերի վրա ու իրենց գագաթնակետին հասան Բրեժնևի վերջին տարիներին, հատկապես Գորբաչովի իշխանավարման ժամանակ, երբ նա, փաստորեն, պետական մակարդակով ընդունեց ԽՍՀՄ-ում «ստվերային տնտեսության» գոյության փաստը՝ դրանց նմանակներին մկրտելով որպես սեփական նախաձեռնությամբ կազմակերպված արտադրություններ կամ կոոպերատիվներ:

Կոոպերատիվ շարժման սկիզբը Գորբաչովը դրեց 1985-ին՝ իր պաշտոնավարման առաջին իսկ տարում ու դրանով ծանր հարված հասցրեց ԽՍՀՄ ընդհանուր տնտեսությանը՝ թույլ տալով պետության բյուջետային մուտքերը շատ, թե քիչ ապահովող պետական ձեռնարկություններին իրենց արտադրությունների մեծ մասը տանել դեպի «ստվեր» ու այնտեղ գործել մինչ ԽՍՀՄ փլուզումը: Հետագայում դրանց բազայի վրա զարգացավ Մարքսի, Էնգելսի, Լենինի ու Ստալինի պատկերացումների մեջ չտեղավորվող ու անհայտ տնտեսավարման մի նոր ձև, որ ավելի ուշ ստացավ «ատկատային էկոնոմիկա» անվանումը:


Գորբաչովի կոոպերատիվային շարժումը խորհրդային գործարանների ու ֆաբրիկաների տնօրեններին հնարավորություն ընձեռեց մտածելու իրենց անձնական ֆինանսական կարողությունները բազմապատկելու մասին՝ արդեն առանց կուսակցական, պետական, իրավապահ մարմինների ու այլ պարազիտային պոչերի մասնակցության, ինքնուրույն ձևով կազմակերպելու իրենց սեփական «ստվերային արտադրությունները»՝ հակասությունների մեջ չմտնելով խորհրդային գործող օրենքների հետ, աշխատել իրավական դաշտի սահմաններում: Այսպես Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ին կից գործող երեք հատուկ կոնստրուկտորական բյուրոները, որոնք ստեղծված էին միկրոէլեկտրոնային նոր սարքերի նախագծման ու դրանց զանգվածային արտադրությունները կազմակերպելու նպատակով, անցան գորբաչովյան կոոպերատիվային աշխատանքային ռեժիմի ու, մինչև Խորհրդային Միության շունչը փչելը, այդպես էլ ոչինչ չտվեցին արտադրական միավորմանը՝ ոչնչացնելով էլեկտրոնային արդյունաբերությունը Աբովյան քաղաքում ու ողջ Հայաստանում՝ փչացնելով, գողանալով, թալանելով ու յուրացնելով հազարավոր մարդկանց տասնյակ տարիների ստեղծածը: Գորբաչովի կոոպերատիվային շարժումը նույն ձևով ոչնչացրեց էլեկտրոնպրոմի, ռադիոպրոմի ու ՌԱՀ-ի մյուս ոլորտների աշխատող ու պետական բյուջեի մուտքերը ապահովող գործարանները: Արդյունքում կոոպերատիվ շարժումը թույլ տվեց ԽՍՀՄ պետական բյուջեն դատարկել այն աստիճանի, որ այլևս, առանց դրսի օգնության, հնարավոր չէր երկիրը սովից փրկել:

Մինչև Գորբաչովը խորհրդային «ստվերային» տնտեսությունն արդեն հասցրել էր կատարել իր չար գործը՝ արդյունաբերության մեջ ստեղծված շահույթի առյուծի բաժինը պետական բյուջեի փոխարեն ուղղորդելով դեպի խորհրդային մանր ու մեծ ղեկավար այրերի գրպանները:
1975-80 թվականներին երկրի բյուջեն դատարկվել էր այն աստիճանի, որ լուրջ դժվարություններ էին առաջացել ՌԱՀ-ում կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար: Եթե մինչ այդ գիտահետազոտական ու կոնստրուկտորական ցանկացած աշխատանք ֆինանսավորելու համար բավական էր համապատասխան հայտեր ներկայացնել՝ ունենալով ընդամենը ձեռնարկության տեխնիկական կամ գիտական խորհրդի որոշումները, ապա 70-ական թվականների վերջերում էլեկտրոնպրոմում ֆինանսական խիստ սահմանափակումներ մտցվեցին. 100000 ռուբլուց բարձր գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման համար պարտադիր կարգով պահանջվում էր ստանալ նախարարության գիտխորհրդի համաձայնությունը, իսկ 500000-ից ավելիի դեպքում՝ նախարարի տեղակալների ու վարչությունների պետերի համաձայնությունը, մեկ միլիոնից ավելի աշխատանքները կարող էին ֆինանսավորվել միայն մինիստրի անձնական համաձայնությունը ստանալուց հետո: Այս ամենը բերեց նրան, որ էլեկտրոնպրոմի բոլոր մասշտաբային ու հեռանկարային աշխատանքները մղվեցին հետին պլան՝ սահմանափակվելով հիմնականում երկրորդային նշանակության աշխատանքներով, որոնք չէին կարող նպաստել էլեկտրոնային արդյունաբերության տեմպային տեխնոլոգիական զարգացմանը, որի անհրաժեշտությունը զգացվում էր հատկապես ոլորտի այն խելակորույս զարգացման ֆոնին, որը տեղի էր ունենում աշխարհում:


Ողջ աշխարհում սկսվել էր տեխնոլոգիական այնպիսի մի եռուզեռ, որին խորհրդային տնտեսությունը պատրաստ չէր՝ ֆինանսական նվազ հնարավորություններ ունենալու պատճառով: Դա ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության, արդյունաբերական մյուս ճյուղերի ու, ընդհանրապես, ռազմարդյունաբերության վերջի սկիզբն էր միայն, որի իրական պատճառը կապված էր «Բ» խմբի ձեռնարկություններում ծավալված «ստվերային» համամիութենական շարժման հետ:


Գորբաչովի կոոպերատիվները նպաստեցին, որ այդ շարժումը թափ հավաքի ու, ի վերջո, երկիրը կանգնեցնի կոտրած տաշտակի առաջ՝ թշվառ, սնանկ ու միջազգային ասպարեզում իր շահերը պաշտպանել չկարողացող երկրորդական երկրի կարգավիճակով: Եթե մեզանում կան մարդիկ, որոնց բավարարում է Գորբաչովի դավաճան լինելու վերսիան, ապա նրանց խորհուրդ կտամ ուսումնասիրել ու գնահատել ԽՍՀՄ տնտեսական վիճակը 1980-90 թվականներին: Խորհրդային Միությունը այլևս այն Խորհրդային Միությունը չէր, որի լիդեր Խրուշչովը կարող էր իրեն թույլ տալ ՄԱԿ-ի գագաթնաժողովում կոշիկը սեղանին խփել՝ բոլորի վրա մատ թափ տալով ու «Кузькину мать»-ով հոխորտալով: Դա արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված, վերջնականապես քայքայված երկիր էր, որն իրեն սպառել էր: Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ն ու Գերմանիան իրենց սպիտակ ձիերով մտան «մեջլիս», ու տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ. երբեմնի հզոր Խորհրդային Միությունը տրոհվեց և ասպարեզից հեռացավ:


Շատ շատերն են ցանկանում աշխարհի ամենամեծ երկրի կործանումը ներկայացնել որպես մեկ մարդու՝ Գորբաչովի դավաճանական գործունեության հետևանք, բայց այդպես չէ։
Ամեն ինչ իրականում սկսվեց ԽՍՀՄ-ում «ստվերային արտադրությունների» ձևավորումից ու զանգվածային տարածումից, որոնք գորբաչովյան տարիներին օրինականացվեցին, ձևափոխվեցին ու զարգացան արդեն կոոպերատիվ շարժման տեսքով: Այս ամենը ավարտվեց արդեն մեր օրերում, երբ երկրի հանրային սոցիալիստական տնտեսությունն իր տեղը զիջեց հանցավոր «ստվերային տնտեսությանը», հանցավոր «ատկատային տնտեսությանը» և ավելի հանցավոր՝ մերօրյա «ստվերային տնտեսությանը»: Հիշենք ու հիշեցնենք բոլորին, որ այդ ամենը տեղի ունեցավ ԽՍՀՄ բոլոր քաղաքացիների գործուն մասնակցության կամ բացարձակ անտարբերության պարագայում:


«Ստվերային» տնտեսությունները Գորբաչովի օրոք ճանաչվեցին որպես տնտեսավարման ուսանելի օրինակներ, որպես նախատիպ՝ ապագա արտադրությունները կազմակերպելու և Խորհրդային Միության արդյունաբերությունը նոր ռելսերի վրա դնելու համար: Որ Գորբաչովը դավաճան է, անձամբ ես չեմ կասկածում։ Նա դավաճանեց, երբ երկրի տնտեսությունը դրեց պսևդոդեմոկրատական ու պսևդոկապիտալիստական ռելսերի վրա, որոնցից պետք է հրաժարվել և որքան շուտ, այնքան լավ, այլապես մեր երկրների քաղաքական ու տնտեսական ճգնաժամերը միայն խորանալու են, որոնցից դուրս գալու առայժմ միայն մեկ ճանապարհ է նշմարվում. այն, ինչ տեղի ունեցավ 1917-ի նոյեմբերի 7-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 25-ին):
Եթե վերադառնանք մերօրյա իրականությանը, ապա կտեսնենք, որ այդ ճանապարհը տեսել է նաև Վլադիմիր Պուտինը, տեսել ու լրջորեն մտահոգվել է: Սրանով կարելի է բացատրել այն հապճեպությունը, որը նա ցուցադրեց Հայաստանում իշխանափոխություն կատարելու հարցում: Սկզբում, որպես փրկության փրփուր, նա մեզ «նվեր» ուղարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին, հետո գալու են Ռուսաստանում ու սփյուռքում ավելի հայտնի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը և այլք: Մինչդեռ նման իրողությունը ոչ թե դրությունը, այլ սեփական օլիգարխիկ կաշին փրկելու միջոց է։ Սպառնացող վտանգը Պուտինը, ամենայն հավանականությամբ, իր քաղաքական սուր հոտառությամբ զգացել է «Սասնա ծռերից» հետո:


«Ստվերային» տնտեսությունների կազմակերպման գործը առավելապես զարգացած է եղել Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Ղազախստանում և ՈՒզբեկստանում: Այս հարցերում ևս Հայաստանը, կարելի է ասել, մշտապես զբաղեցրել է հետնապահի իր համեստ տեղը: Օրինակ, կանացի մորթե մուշտակների ստվերային արտադրության ծավալներով ու արտադրանքի բարձր որակով գերազանց արդյունքների էին հասել Լենինգրադի բնական մորթե մուշտակների ֆաբրիկայում, որի մասին մանրամասն պատմվել է «Կրիմինալ հետաքննությունները Լեոնիդ Կանևսկու հետ» հայտնի հաղորդաշարում: Չնայած խորհրդային ստվերային տնտեսության հակաօրինական բնույթին, այն պարունակում էր որոշակի դրական էլեմենտներ ու տնտեսությունը ճիշտ ձևով կազմակերպելու առաջադեմ գաղափարներ, որոնք իրենց բնույթով երբևիցե ոչնչով չեն զիջել արտադրական պրոցեսների կազմակերպման կապիտալիստական ձևերին, խիստ ուսանելի են նաև մեր օրերում ու շատ պետք կգան ՀՀ 14-րդ վարչապետին, եթե նա իսկապես խնդիր է դրել Հայաստանը դնել նոր ինդուստրալացման ռելսերի վրա: Խորհրդային «ստվերային» արտադրությունների կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ արտադրանքի որակի ցուցանիշներով այն մի գլուխ բարձր էր խորհրդային այն արտադրություններից, որոնք շարունակում էին աշխատել գործող քարացած օրենքների դաշտում՝ պաշտոնապես հավատարիմ մնալով կոմունիստական գաղափարախոսությանը: Անհավանական է, սակայն և փաստ, որ խորհրդային «ստվերային» արդյունաբերության արտադրանքն իր սպառողական հատկանիշներով ոչնչով չէր զիջում համաշխարհային գործող բրենդներին ու զգալի մրցակցային առավելություններ էր ստացել միջազգային շուկայում: Այստեղ կարելի է դարձյալ հիշատակել հայկական կոշկեղենի ֆենոմենալ բարձր որակն ու այն հսկայական պահանջարկը, որ այդ արտադրանքն ուներ ԽՍՀՄ-ում ու ողջ աշխարհում:
Մի դեպք եմ հիշում։ Մոսկվայում Բաումանի մետրոյի մոտ մեծ հերթի հանդիպեցի։ Կայարանի մուտքը գրեթե փակվել էր, մետրոյից դուրս եկողներն անմիջապես հերթի էին կանգնում։ Ի՞նչ էր պատահել: Տեղի էր ունեցել Մոսկվայի կյանքում քիչ պատահող, անհավանական մի դեպք. Մոսկվայի կենտրոնում վաճառում էին Երևանի «Մասիս» ֆաբրիկայի ֆիրմային կոշիկները։ Փաստը մոսկվացիների և քաղաքի հյուրերի համար եզակի հաջողություն ու երջանիկ իրադարձություն էր։ Մեկ օր ու գիշեր հերթի կանգնելուց հետո, այ քեզ հրաշք, գնում ես «Մասիս» ֆիրմայի կոշիկները։ Աշխատավայրում բոլորն են նախանձելու:


Անցնելով երջանիկ մոսկվացիների հերթի կողքով՝ ես երջանիկ էի ու նաև հպարտ, որ հայերը կարողանում են այդքան բարձր որակի արտադրանք տալ: Հիշելով այս դեպքը՝ մեծ ցավ եմ ապրում և ատելությամբ լցվում մեր այն թալանչիների նկատմամբ, որոնք այդքան անողոք ու բարբարոս գտնվեցին Հայաստանի արդյունաբերության, և ընդհանրապես, մեր տնտեսության նկատմամբ։ Տաղանդաշատ հայ ժողովրդին զրկեցին հայրենիքում աշխատելու-արարելու հնարավորությունից, հասցրին այնպիսի թշվառ վիճակի, որ խաղողի առատ բերքից անգամ մարդիկ չեն կարողանում օգտվել: Պատկերացրեք, հինգ հազար տարի շարունակ Հայաստանում մարդիկ խաղող են աճեցրել ու դրանով կարողացել են ապրել, բայց հիմա չի ստացվում, ինչո՞ւ: Որովհետև Գորբաչովը խորհրդային երկիրը տարավ սխալ, դավաճանական ճանապարհով՝ երկրի ողջ հարստությունը բաժին հանելով նախկին գող-ավազակներին, որոնք միայն քանդելու և գողանալու են սովոր։ Նմաններից ի՞նչ սպասես։ Նմաններն ինչպե՞ս կարող են աշխատել գործող օրենքների, թեկուզ և կապիտալիստական օրենքների, սահմաններում, և չքանդել։ Ինչպե՞ս կարող են զբաղվել միայն ստեղծագործ աշխատանքով, կազմակերպել ժամանակակից գործարաններ, զարգացնել գիտությունը, տեխնիկան ու ժամանակակից տեխնոլոգիաները: Եթե Գորբաչովի մտքին լիներ խորհրդային երկիրը փրկելու խնդիրը, ապա նա, առաջին հերթին, պետք է փորձեր հասկանալ հանրային սոցիալիստական տնտեսությունը «ստվերայինի» վերածվելու երևույթի էությունը, այն ծնող իրական պատճառներն ու մեխանիզմները, որից հետո միայն հնարավոր կլիներ սինթեզել երկրի տնտեսության կազմակերպման ճիշտ մոդելն ու ձեռնամուխ լինել իրական բարեփոխումներին, վերջապես, բազմազգ երկիրը տանել ճիշտ ճանապարհով՝ տնտեսությունը զարգացնելով կապիտալիստական ամերիկյան, չինական կամ մեկ այլ աշխատող տարբերակով:


Խորհրդային Հայաստանի տված արտադրանքի բարձր որակի թեմայով կարելի է հիշել մեկ այլ, գրեթե անեկդոտային պատմություն: Սիրելի կնոջ համար ամուսինն ամենալավ կոշիկն էր բերել Իտալիայից, կինը բացում է տուփը ու տեսնում, որ ամուսինը չար կատակ է արել՝ Իտալիայից Հայաստան է բերել հայկական արտադրության կոշիկ:


Նման պատմությունները կարող էին կատարվել թեթև արդյունաբերության Երևանի «Գարուն», «Տոսպ», Սպիտակի «Սպիտակ», Լենինականի Կլարա Ցետկինի անվան տրիկոտաժի ֆաբրիկաների, Կիրովականի «Գուգարք» կարի արտադրական միավորման, Կապանի «Սոնա» ու մյուսների արտադրանքի հետ: Դատելով հայկական ֆաբրիկաների արտադրանքի որակական բարձր ցուցանիշներից, կարելի է ասել, որ ՀԽՍՀ-ում «ստվերային» արտադրությունը հասել էր զարգացման չափազանց բարձր, կապիտալիստականին մոտ մակարդակի ու զգալիորեն առաջ էր անցել թեթև արդյունաբերության խորհրդային մյուս գործարաններից և ֆաբրիկաներից: Մենք մինչ օրս հիշում ու հպարտանում ենք հայկական թեթև արդյունաբերության ձեռքբերումներով ու այն արժանի ճանաչումով, որ հայկական արտադրանքը հայտնի էր դարձել ԽՍՀՄ-ում, նրա սահմաններից դուրս:


Այսօր արդեն հպարտանալու որևէ առիթ չունենք, ամեն ինչ, սկսած օրենքի սահմաններում գործող խորհրդային «Ա» խմբի գործարաններից, վերջացրած մինչև կոկորդները «ստվերում» թաղված «Բ» խմբի գործարաններով ու ֆաբրիկաներով, վերացվեց, քանդվեց ու հողին հավասարեցվեց, սա մեր երկրի ողբերգական էջերից մեկն է: Անհավանական կարող է թվալ այն փաստը, որ Խորհրդային Հայաստանի թեթև արդյունաբերության աննախադեպ հաջողությունները հիմնականում կապված էին աշխատանքի կազմակերպման «ստվերային» բնույթի հետ, որ մեր գործարանների ու ֆաբրիկաների ներսում ձևավորված արտադրական հարաբերությունները, ըստ էության, կրկնում էին կապիտալիստական երկրներում արմատավորված աշխատանքի կազմակերպման ձևերն ու մեթոդները: Ես կոնկրետ թվեր ու փաստեր չունեմ, որ կարողանամ տնտեսագիտական ճշգրիտ վերլուծություններ կատարել ու գնահատել խորհրդային տարիներին Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի իրական վիճակը, բայց արտադրության կազմակերպման վերաբերյալ կարող եմ որոշակի, զուտ ինժեներական գնահատականներ տալ ու համապատասխան եզրահանգումներ կատարել:

Սկսենք նրանից, որ Խորհրդային Միությունում «ստվերային» տնտեսություն ունենալը համարվում էր հակաօրինական, քրեորեն պատժելի հանցագործություն, որը կարող էր մեկնաբանվել որպես պետական հանցագործություն, սոցիալիստական սեփականության դեմ ուղղված հանցագործություն, քաղաքացիների քաղաքական և աշխատանքային իրավունքների դեմ ուղղված հանցագործություն, տնտեսական հանցագործություն, պաշտոնական հանցագործություն ու, ամենակարևորը, հանցագործություն վարչակարգի դեմ: Այսպիսի պայմաններում ստվերային տնտեսությունը զարգացնելու համար պետք էր ունենալ շրջահայաց, շատ համառ, քաջարի ու նպատակասլաց ղեկավար-տնօրեն, ով, ամեն դեպքում, մինչև «ստվերային» ճանապարհի առաջին քայլը կատարելը ստիպված էր երկար մտածել, ծանրութեթև անել մինչև իր համար ճակատագրական որոշման կայացումը. սեփական կամքով գնալ մեծ ռիսկի՝ իր տնօրինմանը հանձնված գործող պետական ձեռնարկության արտադրության մի զգալի մասը տեղափոխելով դեպի «ստվեր»: Եթե մի կողմ թողնենք «ստվերային» արտադրության խնդրի բարոյահոգեբանական ու գաղափարական գործոնների վերլուծության թեման ու անցնենք խորհրդային երկրի պայմաններում «ստվերային» արտադրություններ կազմակերպելու զուտ տեխնիկական խնդիրներին, ապա մեր դեմ կբացվի մեկ այլ անծանոթ իրականություն: Զուտ իրավական տեսակետից «ստվերային» տնտեսությունը միջոց էր, որ թույլ էր տալիս մասշտաբային գողություն իրականացնել, որը, ինչպես ցանկացած կազմակերպված գողություն, պետք էր կատարել շատ արագ ու աննկատ: Կապիտալիստական հասարակարգում այդպիսի խնդիրներ երբեք չեն ծագում, որովհետև նրանց համար ակնհայտ է, որ բիզնեսում հաջողության հասնելու ամենաանվտանգ ու շահավետ ճանապարհը հարգանքն է գործող օրենքների նկատմամբ, որոնք պետք է մշտապես ու սրբորեն պահպանել:

Դրանից հետո գործարարը որևիցե անլուծելի խնդիր չի ունենա պետական իշխանությունների հետ ու չի հայտնվի ֆորսմաժորային իրավիճակներում։ Սա կապիտալիստական երկրներում աշխատող արդյունաբերողների համար ձևավորված կարևոր աքսիոմներից մեկն է: Անվերապահորեն այն ընդունելուց հետո մնում է մտածել միայն զուտ արտադրական խնդիրները լուծելու մասին. սեփական արտադրանքը ստեղծել, սեփական արտադրանքի համար շուկաներ գտնել, նոր շուկաներ ստեղծել, ստեղծված շուկաների համար նոր արտադրատեսակներ մշակել, մշտապես մտածել դրանց որակի ու հուսալիության բարձրացման մասին, հոգ տանել մրցակցային առավելություններ ստանալու, մտածել նոր գաղափարների ու նոր գյուտերի ներդրման, կադրերի վերապատրաստման, արտադրության վերազինման ու վերապրոֆիլավորման մասին: Սրանք բոլորը զուտ տեխնիկական բնույթի խնդիրներ են, որոնք հընթացս լուծել են նաև «ստվերում» աշխատող խորհրդային արդյունաբերողները: Բայց խորհրդային արդյունաբերողների համար աքսիոմը հակառակն էր պնդում. սա էլ չես ունենա, եթե օրենքով աշխատես՝ մնալով խորհրդային օրենքների հույսին: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող ցանկացած արտադրության, խորհրդային երկրում էլ պետք էր կարողանալ կազմակերպել արտադրությունների փակ ցիկլը, որի կարևոր բաղադրիչներից էին հումքի ձեռքբերումը (պլանային արտադրության համար նախատեսված պլանային-ֆոնդային մատակարարումից զատ կաշառքով լրացուցիչ ֆոնդեր ստանալու կամ կանխիկ գումարով տարբեր գործարաններից հումք գնելու համար), արտապլանային արտադրանքի արտադրական պրոցեսի կազմակերպում (բանվորների ու ինժեներների կատարած աշխատանքների վարձատրում՝ միայն կանխիկ դրամով), պատրաստի «ձախ» արտադրանքի առաքում ու իրացում՝ մանրածախ առևտրային ցանցի վստահելի ու կարգավորված կետերի միջոցով կամ ապրանքափոխանակությամբ, հասույթի ստացումը կանխիկ դրամով, հասույթից մասնաբաժիններ հանելը՝ բարձրաստիճան կուսակցական ղեկավարությանը, դատախազությանը, միլիցիային և մյուս խորհրդային պետական-պաշտոնական պարազիտության պայմանավորված վճարումները կատարելու համար (ֆունկցիոնալ առումով այս պայմանավորված վճարումների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կաշառքների ընդհանուր ծավալները իրենց թվային արտահայտություններով համադրելի էին օրենքով սահմանված պետական հարկերի ու տուրքերի հետ, որոնք հաստատագրված չափեր ունեին օրենքների շրջանակներում գործող սովորական, ոչ «ստվերային» պետական ձեռնարկությունների համար:

Արտադրությունների ստվերային վճարման ծավալները կարող էին զգալիորեն շեղվել նախօրոք պայմանավորված չափերից՝ հիմնականում անկանխատեսելի, կամայական ու անկառավարելի ձևերով, եթե, օրինակ, փոխվել է շրջանի դատախազը, եթե փոխվել է շրջկոմի առաջին քարտուղարը կամ ի հայտ են եկել ֆորսմաժորային այլ հանգամանքներ): Պետական պաշտոնյաների վճարումները կատարելուց հետո «ձախ» հասույթի մյուս մասը մնում էր ձեռնարկության տնօրենի տրամադրության տակ, որի միայն մի մասին էր վիճակված դառնալու կապիտալ և օգտագործվելու արտադրության ընդլայնման ու զարգացման համար (արտադրության վերազինման, նոր սարքերի ու սարքավորումների ձեռքբերման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, արտադրատեսակների թարմացման, ստվերային ու պլանային արտադրության ծավալների ավելացման, ու արտադրական այլ նպատակների իրագործման համար): Եվ կազմակերպչական, և ֆինանսական, և տեխնիկական առումով խորհրդային «ստվերային» արտադրական ցիկլը կապիտալիստականի նման ապահովում էր արտադրության զարգացման կայուն դինամիկան ու աշխատավորների սոցիալական պայմանների բարելավման գործընթացը:

Դա շատ բնական էր, այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ԽՍՀՄ-ում արտադրվող արտադրատեսակները նման էին կապիտալիստական երկրներում արտադրվողներին. ունեին նույն ֆունկցիոնալ նշանակությունը, ունեին հումքային բաղադրությունը, պատրաստվում էին նմանատիպ հաստոցներով ու սարքավորումներով: Միակ տարբերությունը, որը գոյություն ուներ խորհրդային ու կապիտալիստական արտադրանքի մեջ, արտադրության կազմակերպման տարբեր ձևերի մեջ էր: «Ստվերում» աշխատող խորհրդային ձեռնարկություններում այդ տարբերությունը վերացված էր: Ավելին, կապիտալիստականի համար մեր «ստվերային» ձեռնարկությունները ունեին մի մեծ առավելություն. շահույթի առյուծի բաժինը նրանց մոտ գնում էր պետական հարկերը վճարելու համար, իսկ մեզ մոտ այդ առյուծի բաժինը մտնում էր ժամանակավոր բաժնետերեր-պետական չինովնիկության գրպանները՝ շրջանցելով ու հետզհետե թեթևացնելով պետական բյուջեն: Որքա՞ն կդիմանան երկրներն այդպիսի պայմաններում, հայտնի է բոլորիս, դա աղետ է, դա վերջն է, զարմանալ կամ, առավել ևս, միայն Գորբաչովին մեղադրել, պետք չէ:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ