Նրանց մենք չենք հասկանում, չենք գնահատում նրանց երկրափրկիչ ջանքերը, ավելին՝ հենց նրանց ենք համարում երկիրը ճարակած համաճարակի հարուցիչը։ Այսպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց պետք է ասել, չէ՞ որ խոսքը գերադասելի է լռությունից։ Համընդհանուր լռությունն այսօր բնավ ոսկի չէ, այլ հանրային համաձայնության ժանգոտ նշան։ Իսկ երբ երկրում համաճարակ է, հանրային համաձայնությունը վերաճում է եզաբարո համակերպության։
ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՆԱԴԱՍՈ՞ՒՄ, ԱՅՈ՞, ԹԵ՞ ՈՉ
(զավեշտալի մարդակենտրոնացում)
Իշխանադասում կարծես թե հեղաշրջման տրամադրություններ կան։ ՓՄՁ-ների վերջնագրային ոչնչացումը հարուցում է տագնապ անգամ բոլշևիկյան ընդվզումից հեռու կանգնած մարդկանց մտքերում։ Խռովությունը խռովք է, այն իր հերթին մի բախտորոշ խաղադրույք է՝ ո՞վ կշահի, մե՞նք, երկի՞րը, թե՞ այլ մեկը։ Այսօր, կարծես թե, ուրվագծվում է մի նոր չեղարկային շարժում, Բաղրամյան պողոտայի, նաև Հանրապետության հրապարակի մի նոր շրջափակում։ Նախորդ ուրբաթ մի խելահաս վերլուծաբան (անունն անհայտ չէ՝ Արամ Վ. Սարգսյան) վերջնագրեց սույնը. «Ինչպես հայտնի է, շախմատում կա մի հասկացություն՝ ցուգցվանգ։ Դա մի իրավիճակ է, որում ցանկացած կատարվող քայլ ավելի է բարդացնում դիրքը պարտիայում»։ Այսպես է Երկիր մոլորակում, բայց ոչ ՀՀ-ում, ուր ամենուր տնտեսաքաղաքական ցուգցվանգ է, սակայն ցուգցվանգի հեղինակներն ու համահեղինակները շարունակ շահում են, անզուսպ շահարկում են մեր համբերությունը։ (Համբերանքի չիբուխը ե՞րբ է դառնալու անհանդուրժողականության մահակ-դագանակ)։
Հեղաշրջում՝ առանց արյան, ոչ մի հարված՝ գոտկատեղից վար։ Ցուգցվանգային տենդի մեջ երեկ, այսօր, վստահ եղեք, նաև վաղը խրախճացող վերնադասին պետք է, իհարկե, ապտակել, նախ՝ աջ թշին, հետո՝ ձախին, իսկ վերջում էլ բամփել գլխին։ Սա հեքիա՞թ է, թե՞ առասպել։ Առանց արյան և հարվածի հնարավո՞ր է դարձի բերել վերնադասին։ Ինչպե՞ս: Խաղաղ դիմակայմամբ, համաժողովրդական ընդդիմությամբ, ազգային համախմբմամբ, ուրիշ ոչինչ։ Սրանք հրովարտակնե՞ր են։ Անկասկած։ Հրե հրովարտակներ են, որոնք կայծակում և ջինջ անձրևների ճամփան են բացում։ Առայժմ երկիրն է ձեռքից գնում։
Փոքր ու միջին բիզնես դասը իշխանական վերնադասի համար վստահաբար և՛ վահան է, և՛ սուր։ (Եթե միայն վերնադասը կամենում է ցուգցվանգից դուրս գալ և որպես ելք ու փրկօղակ նախ պատային դրություն ստեղծել)։ Առայժմ ՓՄՁ-ները վերնադասի խաղաղ կյանքի պատուհասն են։ Որովհետև նրանք, ուզենք, թե չուզենք, ազգային-պետական տնտեսության ապավենն են, արդյունք են ստեղծում։ Մի խոսքով, պետականակերտ են։ Այնինչ ներկա քաղաքատնտեսական խառնիխուռն խառնարանը վաղուց ժայթաթքել է իր երազած Հայաստանի պատկերին ու ոգուն՝ ապավինելով ներքոհիշյալ խառնամբոխին։
. Իշխանական ցուգցվանգադաս։
. Օլիգարխիկ գիշատչադաս։
. ԼԳՏԲ-ական սոդոմագոմորադաս։
. Մտավորական քծնասպետադաս։
. Աղանդավորական լրբադաս։
. Հոգևորական մեղանչադաս։
. Այս դասերին հոգով-մտքով համադասվող ուզվորադաս։
Այս ամենը զառանցա՞նք է, հողմաղացը կա՞նգ է առել։ Ցավոք, զառանցանք չէ, ասպարեզում մեծ զանցանքն է, հրեշավոր մի հանցանք է։ Մեզ մնում է մի բան անել՝ զանազանել աղն ու աղբը, և կլինի ընդունելի նոր օրհասի այս օրերի սուրբ մատաղը։
ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՂԸ
(աղբահավաքների գործադուլը)
Երվանդ Պետրոսյանի «Երանի՜...» բանաստեղծության այս եռատողն է մեջբերելի այս կանաչ-հուրհրան նախապատմական ուրբաթ օրը.
Եվ երանի՜ տամ,
Հազար երանի այն հայրենիքին,
Որ ներծծված է զավակների մեջ...
Մենք ենք աղը մեր երկրի։
Մենք ենք աղը, մեր մատաղն էլ թող որ լինի ընդունելի, հանուն ազգի և պետության։ Երանի՜, բայց դանակը ոսկորին հասել-անցել է, և դանակն այդ վաղո՜ւց դաշույն է։ «Դաշույնից» խուսափելով՝ իր խոսքն ասաց Գուրգենը Արսենյան, մեծահարուստը, ով, կարծես, ՓՄՁ-ի գործունեության հետ կապ չունի, սակայն հայ է, քաղաքացի և փորձում է ապրել կյանքով հայեցի։ Ի՞նչ ասաց նա, շատ պարզ մի բան՝ բավ է դավեք, բավական է հունից հանեք, բա՛վ է, բա՛վ է, բա՛վ է... «Թողնենք գնա՞նք սաղս, որ պրծնենք, գերի՞ ենք ընկել ձեր ձեռքը»։ Տիար-ընդվզող Գուրգեն Արսենյան, թույլ տուր նկատել, որ մեր իշխանադասն է գերի ու ճորտ։ Նախ՝ գերի է վարկատուների կրնկի տակ։ Այնուհետև սեփական, հաճախ անբանական կրքերի ճորտն է։ Վարկ է մուրում-երջանկանում է, հանք է ծախում, այսինքն, հանձնվում է օտարին ի խորոց սրտի, նվիրաբերելով նրան հայոց երկինքն ու երկիրը, նաև երկրի ընդերքը, համարելով, որ այս ծախու եղանակով շենացնում է այն։ Այսպիսով, ՓՄՁ զորագունդը, որն իրականում մի բյուր բանակ է, այս անգա՞մ էլ չարյաց փոքրագույնը կշփոթի չարիքի մեծի հետ։ Այսինքն, խաղաղ և զանգվածային դիմակայության փոխարեն կնստի բանակցական պտտահողմային սեղանի շուրջը և, ձեռնունայն մնալով բանակցային շուրջկալներում, կլքի հայրենիքը։
Գուրգեն Արսենյան-քաղգործիչն անցել է արմատական ճանապարհ, աջակցել է «Անկախության բանակ» աննկուն գնդին (այստեղ հրամանատարներ էին Գորգիսյան Մովսեսը, Ազգալդյան Լեոնիդը և Նավասարդյան Աշոտը՝ փառահեղ անուններ երկրի դիմակայության ճամփաբաժանում), Միացյալ աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն է, արդյո՞ք իր փորձն ու միջոցները կներդնի համահայկական մեծ դիմակայության մեջ, այսինքն, կգլխավորի հասունացող ՓՄՁ-ի աշխատավորական շարժումը՝ ընդդեմ նոր հարկային-օրենքային ավարառության։
Մենք ենք աղը մեր երկրի, զի մեր արյան մեջ հայրենիքը, պետությունն ու երկիրը ներծծված են որպես մայրական կաթ և հայրական ապտակ։ Եվ հենց մենք ենք, որ պետք է զբաղվենք աղբահավաքությամբ, երկրից քշելով (միայն և միայն ցախավելով և բամփերով) վերոնշյալ տխրահռչակ յոթ դասերը։ Այնինչ, մենք ավանդական դարձած գործադուլի մեջ ենք, վերադասն էլ, այս յոթ դասին ապավինած, նենգադուլ է հայտարարել։ Վերնադասը չի սթափվում։ Այնինչ ճիշտ 90 օր հետո հանրապետությունը կնշի յուր անկախության 25 տարին։
Իշխանադասում, նրան կցորդված, նրանից զորապես սնուցվող և էապես սնափուչ ընդդիմության մեջ կա՞ն ազնիվ հայորդիք։ Անկասկած։ Սակայն կապանքված են ինչ-ինչ կաղապարներում։ Սթափվեք, տիարք, ուշքի եկեք, տիկնայք, դարձեք աղբահավաք, հանդիսացեք երկրի աղը։ Թե չէ մասնակցելով հակահայկական այս աննախադեպ խաղին, տեսանելի ապագայում կհայտնվեք վերոհիշյալ խառնիխուռն խառնարանի, ասել կուզեմ՝ ամոթալի քավարանի ընդերքում։ (Տիարք և տիկնայք իշխանադաս, ուշի ուշով եկեք հիշենք, թե ինչու կործանվեց Մոզ քաղաքը)։
Իշխանադասի, նրանց կցորդված (նրանից զորապես սնուցվող և էապես սնափուչ) ընդդիմության սրտալից-անկեղծ վերաբերմունքը, հանդեպ երկիրն ու երկրի մարդիկ, բնորոշելի է սոսկ մեկ բառով՝ լկտիություն։ Մի՞թե կեսգիշերից մինչև լուսաբաց երկիր ու երկինք դժոխահարող հրավառությունները լկտիության ապացույցը չեն։
ԴԱՏԱՎՃԻՌ
Արդեն այսօր Հռոմի երևելի պապը ժամանել է Հայոց երկիր՝ որպես մի վայր, որն առաջինն ընդունեց Քրիստոսի ավետարանը։ Սա կոչնակ է և ահազանգ իշխանադասին, նաև մեզ՝ այսուհետև ապրել ավետարանական ճշմարտություններով։ Հակառակ դեպքում երկինքը «քինդեր մատ» կանի շախմատային իմաստուն խաղը մոլեխաղի վերածած ցուգցվանգականներին։ Նաև մեզ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ