Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

100 տարի էլ անցնի, այսկերպ Հայաստանը տնտեսապես չի կայանա

100 տարի էլ անցնի, այսկերպ Հայաստանը տնտեսապես չի կայանա
13.05.2016 | 09:30

Ովքեր ենք մենք՝ մարդ-արարածի հայ տեսակը: Եթե չափորոշիչ համարենք տարածված այն մոտեցումը, թե յուրաքանչյուր առավոտ Հայաստանում 3 մլն Նապոլեոն է արթնանում, ուրեմն գերմարդկանց հանրություն ենք: Բայց եթե հիշյալ տղային, ով ցամաքային Ֆրանսիայից դուրս գտնվող Կորսիկա կղզու ոչ հարուստ ազնվականի ընտանիքում էր ծնվել, հաջողվեց դարեդար հիշվող պատմական անձ դառնալ, հայերիս պարագայում դարերից եկող պատմական անցյալով հանդերձ չի հաջողվում գոհություն ներշնչող իրական հանրություն դառնալ: Նման պարագայում հիշում ենք վաղնջական ժամանակներից պետականության կորուստը, իշխանական տների պառակտումները, կուսակցությունների անհաշտությունները, համայնավարության շրջանը, թուրքական մերօրյա շրջափակումները, այլևայլ դրսևորումներ, չնկատելով, որ այդօրինակ գործընթացներ արձանագրվել են Երկիր մոլորակի չորս կողմերում, հին ու նոր շատ ժողովուրդների մեջ:

Այս իրավիճակում էլ մեզանում գործում են յուրօրինակ նապոլեոնականության այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են Հայաստան երկիրը փոքր համարելը, ընդերքում նավթ ու գազ չունենալը, ծովերից հեռու գտնվելը, անգամ տարերային աղետները: Եվ չենք էլ նկատում, որ իրենց գործը համեստից մինչև գերազանց կատարող, ասենք, երաժշտական ժանրի ներկայացուցիչները ինչպես են հուսակտրված դիմում Արարչին, խնդրում օգնել մեզ՝ հայերիս, կայանալ, զորանալ, հզոր ազգ դառնալ: Որ Արարիչն ամեն անհրաժեշտը տվել է, այդ մասին հիշատակել իր բազում պատվիրաններում, որոնք առաջիններից մեկն ընդունած լինելով, անկատար ենք իրագործում, դա ոչինչ… Աստված մեծ է:


Կարծես չենք էլ նկատում, թե նկատելով չտեսնելու ենք տալիս, որ ժամանակ առ ժամանակ յուրօրինակ «ոսկե հորթ» ենք ստեղծում, հանձինս մի քանի տասնյակ ժողովուրդների ու նրանց ստեղծած պետությունների, ուր և երկրպագելով հաստատվում ենք. դարեր առաջ՝ անհատներով, հիմա՝ զանգվածաբար, բանակներով: Ինչ-որ մեկն ասպարեզ նետեց հայերիս համաշխարհային ազգ լինելու մասին տարօրինակությունը, որն այնքան հարազատ ու սրտամոտ ընդունվեց մեր փոքր ու մեծ հատվածների կողմից, որ երբեմնի դրախտավայր հռչակված Հայաստան աշխարհի բնակիչներիս երեք քառորդը գերադասեց այդ նորօրյա «ոսկե հորթին» իր խոնարհումը բերել՝ գերմանահայ ու ֆրանսահայ, լեհահայ ու չեխահայ դառնալ, անգամ կրոնական ու սեռական պատկանելությունը փոխելով: Թե երբ կսթափվենք, ուշքի կգանք, կզգաստանանք, քանզի այս կերպ շարժվելու արդյունքում ենք այսօրվա այս անորոշ վիճակում հայտնվել, անհասկանալի է: Օրեր առաջ հեռուստահրավիրյալ մեկին էի լսում, ով ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե հայերիս հիմնախնդիրը դեպի համաշխարհային ջրեր ելք ունենալն է, կոնկրետանալով, որ այն հարկ է լուծել երբեմնի Կիլիկիայի տարածքը մերը դարձնելով, հայկականացնելով: Կոստյում ու փողկապ կրող սույն այրը շատ հանգիստ էր խոսում, թեև ասածը իրականացնելու որևէ միջոցի մասին մինչև հաղորդման ավարտը ոչինչ չասաց: Երբ այս մասին զրուցեցի շրջապատիս որոշ մարդկանց հետ, ոմանց պատասխաններն առավել քան տարօրինակ էին. դե, մարդ է, իր ցանկությունն է արտահայտել, ինչին, վստահ եմ, դու էլ դեմ չես: Համանման մոտեցումները անգամ ակնթարթ հիմնախնդիր համարելը մեզ անորոշ ժամանակով հեռացնում է մեր ազգային նպատակներից, որոնց առանցքում հայահավաքն է՝ առկա և հարակից տարածքներում կենտրոնանալը, որպես գործոն տարածաշրջանում ներկայանալիությունը, օրինակելի տնտեսությամբ յուրաքանչյուրիս լավագույն առօրյայի երաշխավորումը: Առաջին հայացքից բարդ, թե բարդագույն այս գործընթացը շատ ազգեր ու պետություններ անցել են պարզ ու հասարակ միջոցներով, իրենց կենցաղի առաջնահերթություն կենդանական ծագման սննդակարգը կարգավորելով: Տեսեք, ինչ է վկայում Հին կտակարանի «Ելից» ԺԳ գլուխը. «Հանեմ Իսրայելի ժողովրդին Եգիպտոսի չարչարանքից դեպի կաթ ու մեղր բղխող երկիրը: Գլուխ ԺԶ. «Իսրայելի ժողովրդի տրտունջը լսեցի, իրիկվա դեմ միս պիտի ուտեք և առավոտը հացով կշտանաք»: Մեկ այլ փաստ նշեմ:

Ներկայիս ԱՄՆ-ի երբեմնի անմարդաբնակ տարածքներում հայտնված առաջին եվրոպացիներն իրենց առօրյայի կազմակերպումն սկսել են ընտանի կենդանիներ ձեռք բերելով, այդ կերպ իրենց ամենօրյա սնունդ ձուն, միսն ու կաթը ապահովելով, հաջորդիվ հողի մշակության անցնելով, որը բնության բարեհաճության պարագայում բերքի հասունացում կարող է երաշխավորել ամիսներ ու տարիներ անց: Վստահ եմ՝ նկատեցիք, որ երկու դեպքում էլ խոսքը կենդանական ծագման սննդատեսակների մասին է, որոնք անհիշելի ժամանակներից մարդ-արարածի սննդակարգի հիմնական մասն են: Վերցրեք ցանկացած երկրի վիճակագրություն և կարձանագրեք, որ անկախ բոլոր առումներով նպաստավոր թե աննպաստ հանգամանքներից, կայացած տնտեսություններ ունեցող երկրներում առաջնահերթը լուծվում է խոշոր կաթնամսատու և թռչնամսի հնարավորինս բավարար քանակների, որակի ու մատչելիության խնդիրը: Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ: Միջին հաշվով 1 քառակուսի կիլոմետր տարածքում 8000 և 400 բնակիչ ունեցող Սինգապուրում և Իսրայելում, ուր գնողունակության խնդիր չունեն, շա՜տ են հարուստ. 1 բնակչի հաշվով միայն հավի մսի տարեկան արտադրությունը կազմում է 20 և 80 կգ, ՀՀ-ի 100 բնակիչ և 2 կգ ցուցանիշների պարագայում: ՀՀ տարածքն ունեցող 10,5 մլն բնակչությամբ Բելգիայում հիմնական մսատեսակների տարեկան արտադրությունը մոտ 2 մլն տոննա է, որից խոզինը՝ 1,2 մլն տոննա, հավինը՝ 500 հազար տոննա, խոշոր եղջերավորինը՝ 300 հազար տոննա: ՀՀ-ում մսարտադրության ցուցանիշներն այնքան աննշան են, 100 հազար տոննայի սահմաններում, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դրանք մասամբ իսկ նպաստավոր ներկայացնելու մղումով օգտագործում է կենդանի քաշ արտահայտությունը, որի մեջ նաև կենդանիների աղիների պարունակությունն է նկատի առնվում:


Ինչո՞վ են ներկայացված մոտեցումն ու վիճակագրությունը առնչվում «մենք»-ին: Թեև հետագա ասելիքը կարծես լրագրային քննարկման նյութ չէ, համենայն դեպս, այդպես է կարծում հեղինակը, այսուհանդերձ թեման շարունակելու պահանջ կա: ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները, ովքեր պարտադիր չէ, որ տեղեկացված լինեն նշված թվերին, սննդակարգի հիմնական բաղադրիչին առնչվում են առևտրակետերի մսակաթնամթերքների ցուցափեղկերին մոտենալու ընթացքում: Հանրահայտ իրողություն է, որ «մենք»-ի հիմնական հատվածն իր առօրյա վաստակով ու աշխատավարձով չի կարող ընտանիքի բավարար սննդակարգ ապահովել, գներն անմատչելի են: Իսկ սնվելու, հատկապես ժառանգներին ու մեծերին կենդանական ծագման որակյալ սննդատեսակներով ուրախացնելու ցանկություն ու պահանջ կա: Այն, անշուշտ, կարելի է լուծել, ասենք, աշխատանքային պարտականությունները փոքր-ինչ այլափոխելով, որի շրջանակում կարելի է տեղավորել այն ամենը, ինչ կատարվում է մեր առօրյայում: Դա թե՛ համատիրության նախագահի զանցանքն է, թե՛ փողոցային առևտուրը կանխելու կոչված ոստիկանի անտարբերությունը, հավելեք բուժաշխատողի անհասկանալի պահվածքն ու պաշտոնյայի համեստ մերժումը, վերահսկող մարմնի ներկայացուցչի էլ՝ հարցին ընթացք տալու համար դժգոհողի գրավոր դիմումի առկայությունը, սննդի անվտանգության աշխատակցի անզորությունը, տրանսպորտային վերահսկողությունն անտեսելը, մի խոսքով, հետևանքների մի անվերջանալի միջավայր, որը ՀՀ նախագահը գաղջ բառով որակեց: Թեև 3-րդ տասնամյակն է՝ ապրում ենք այս պայմաններում, 3-րդ տասնամյակն է՝ 100 հազարավոր հայաստանաբնակներ հեռացել են նորանկախ երկրից, երբ Հայաստանի Հանրապետության բնակչությունն այսօր արդեն կարող էր 7-8 մլն լինել, միմյանց հաջորդող իշխանությունները գերադասում են կարևորություն չտալ «մենք»-ի կայացմանը, նրան պարտադրել համակերպվել այս վիճակին, սպասել ինչ-ինչ ժամանակների, երբ պայմաններ կստեղծվեն, վիճակը կշտկվի, ամեն ինչ իր տեղը կընկնի և նման բաներ: Բայց երկրի քաղաքացին մեկ կյանք ունի, երեխաների ապագայի հանդեպ էլ պատասխանատվության զգացում և նոր միայն երկրի նկատմամբ պարտականություն, որը որոշակի հանգամանքներում ներկայացվում է որպես հայրենիքի նկատմամբ պարտք: Այնպես որ, իրողություն է, որ անգամ 2016-ի ապրիլին «մենք»-ի մի քանի հազար մասնակիցներ լռելյայն նախընտրեցին «Ամեն օր ՌԴ» կարգախոսին նախապատվություն տալ:

Աշխատելու են, շահելու, դրա որոշ մասը հարազատներին փոխանցելու, վերջիններս էլ արտերկրներից բերված մսից ու կաթի փոշուց պատրաստված արտադրանքն են գնելու, ներմուծողներն էլ շահածը արտերկրներ են ուղարկելու: Կարծես վաղուց է հասունացել բարձրագույն այրերի կողմից բռունցքը գոնե սեղանին խփելու ու համազգային պահանջների իրականացումը օրահարց համարելու ժամանակը, որն ընդամենը փոխարինվում է «ճ» կարգի պաշտոնյաների կողմից «մի փոքր էլ համբերություն և ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսով. միայն պարզ չէ, ում համար: Միանշանակ կարող ենք ասել, առայժմ մանկական հաստատությունների երեխաների համար, որոնց տեղական արտադրության որոշ սննդատեսակներով կերակրելու արգելք է սահմանել ՀՀ առողջապահության նախարարությունը: Եթե խնդիրը դրանց բաղադրությունն է, ինչո՞ւ են դրանք վաճառքի թույլատրվում, ասենք, երշիկեղենը, որը շատ ավելի մատչելի գնով է վաճառվում, քան միսը: Արդյո՞ք անհնար է պարզել, թե ինչն ինչոց է:


Մինչև ե՞րբ է հանրությունը նման հարցեր հնչեցնելու, պարոնայք իշխանավորներ ու իշխանություններ: Շրջապատիս շատ մարդիկ, իսկ նրանք տարիքային ու կրթական ամենատարբեր հատվածներից են, սույն հարցին մեկ պատասխան են տալիս. «Մինչև հիմնավորապես կշտանան»: Բայց չէ՞ որ ՀՀ նախորդ վարչապետներից որևէ մեկի մասին, ինչքան էլ ցանկանաս, չես կարող պնդել, որ խժռել են, մեծահարուստներ են, քանզի բոլորն էլ աղքատ երկրի գործադիր են ղեկավարել: Չեմ ասում, թե «ատկատներ» չեն իրականացրել, պետական գնումները չեն խեղաթյուրել, վարկային միջոցները չեն շռայլել, պաշտոններ չեն վաճառել, այլևայլ օրինազանցություններից հեռու են մնացել: Վստահեցնում եմ՝ նրանց պաշտպանության փորձ չէ, այլ այն իրողության արձանագրում, որ հազիվ 1-2 մլրդ դոլար կազմող բյուջեից իրոք հնարավոր չէ 70 տոկոսի հասնող հափշտակում կատարել, ինչի մասին խոսեց Վերահսկիչ պալատի նախագահը: Այլ բան է, եթե Կիպրոսի կամ Էստոնիայի 10 մլրդ դոլարներ կազմող բյուջեն ունենայինք: Էլ չեմ խոսում հազիվ 3 մլն բնակչությամբ Լիտվայի 17 մլրդ դոլար կամ հազիվ մեր տարածքն ունեցող Բելգիայի 280 մլրդ դոլար կազմող բյուջեների մասին: Զգում եմ ոմանց նախատինքը, որ հանրության միջոցները ոչ միայն գողանալ, այլև վատնել չի կարելի: Բայց ի՞նչ կարող ենք անել, երբ մշտապես ենք լսում, թե մենթալիտետի խնդիր ունենք, այլ կերպ ապրել չենք կարող: Իրոք, այն վերջին 2-3 տարիներին ապացուցվում է, ասենք, հանրապետությունով մեկ տեղադրված արագաչափերի օգնությամբ, որոնք աննախադեպ գերշահույթներ են ապահովել բիզնեսն իրականացնողներին: Ինչպե՞ս չհամաձայնես այն կառավարողի հետ, ով հեռուստահարցազրույցի ընթացքում խնդրում էր Երևանում չգերազանցել սահմանված 60 կմ/ժամ արագությունը, բավարարվել տուգանք չնախատեսող մինչև 70 կմ/ժամ արագությամբ, խախտումներ չանելով էլ իրենցից 50-հազարական դրամ պարգևատրում ստանալ: Կամ ինչի՞ է նման այն պահվածքը, երբ ապօրինաշինությունը սկսվում է կանխավ այն վստահությամբ, որ կգան, ուզածները կստանան, կգնան:

Չենք սթափվում, չէ՞, խախտում ենք հազարներով, հարյուր հազարներով, որտեղ պատահի՝ հաց թխելիս, թե երթուղային սպասարկում կազմակերպելիս, երշիկեղեն ու կաթնամթերք արտադրելիս, կանաչապատում, թե ասֆալտապատում իրականացնելիս, գազ ու բենզին վաճառելիս, ընտրություններում մեր ձայնը գումարի վերածելիս: Եվ ամեն անգամ նայում ենք իշխանության կողմը՝ ինչու չեն միջոցներ ձեռնարկում, քանզի կոչված են այդ նպատակին, պահվում են մեր համեստ միջոցներից մուծվող, հարկերից ու տուրքերից գոյացող ֆինանսներով: Եվ տեղին ենք նայում, որովհետև վստահ, ոչ, համոզված ենք, որ ինչ ներելի է զանցառուին, աններելի է վստահությունը չարդարացնողին ու չարաշահողին, որպիսին հայաստանյան պաշտոնյան է, ՀՀ գաղջ միջավայրի հիմնական պատասխանատուն: Երկրի թիվ 1 պաշտոնյայի այսօրինակ որակումը մեղմ համարելով՝ իր գնահատականը հնչեցրեց երկրի թիվ 1 գիտնականը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, երբեմնի դրախտավայր հռչակված երկիրը, մեղա Աստծո, քոսոտ հռչակելով: Բարձրագույն այրերի, ազգային համարվող գործիչների կողմից սրանք իրավիճակի անկեղծ փաստարկումներ են, որոնք տարօրինակորեն շարունակվում են: Կարծես այսկերպ ապրելը հայաստանաբնակներիս բնական վիճակն է, անքննելի իրողություն: Իսկ ո՞ւր մնացին մեր պայքարը, զոհողությունները, հող հայրենին պահողների նվիրվածությունը: Անհատն իր գլխի ճարը գտնում է, պատրաստվում, հեռանում է: Իսկ ի՞նչ անեն հանրությունը, հարյուր հազարները, երդվյալները... Յոթ տասնամյակը բոլորած նրանցից մեկս ընդամենը պարույրսևակյան իմաստություններից այս մեկը կարող եմ հիշեցնել.
Ի՜նչ անենք, թե առուն բարակել է,
Բայց չէ՞ որ նա մի օր ոռոգել է,
Բայց չէ՞ որ ավերված այս դաշտերը
Նա մի օր՝ մեռնելով նորոգել է:


Որևէ բան ավելացնելու փորձն անիմաստ է: Այնպես որ, գերակա-գերակա հայտարարություններով չէ, որ երկիրը կայանում է, այլ մարդկանց ապրելու առօրյա բարերար միջավայրի ստեղծմամբ, որտեղ առաջնայինը, ընդունենք թե ոչ, մարդ-արարածի սննդակարգն է, շարքային քաղաքացու առաջնահերթությունը, որը մեզանում պարզապես պարզ է ու հասարակ:


Բնականաբար, հարցը, թե ինչու ենք մեր նորօրյա սպասումներն այսչափ վարկաբեկում, մարդ-արարածի հայ տեսակը գնալով նվաստացնում, ընդհուպ մեզ պաշտպանելն ու անկախ գոյատևելը կասկածի ենթարկում, հնչում է ինքնաբերաբար: Իրար հաջորդող կառավարություններն ինչ ծրագրեր ասես կազմեցին, ցանկությունների ու մտահղացումների պակաս չունեցան, գերակա հայտարարվեցին գրեթե բոլոր ոլորտներն ու ճյուղերը, իսկ տեսանելի, առավել ևս ցանկալի արդյունք չկա: 100 տարի էլ անցնի, այս կերպ ՀՀ-ն տնտեսապես չի կայանա. սա է հաստատում երբեմնի մերձբալթյան խորհրդային հանրապետություններից մինչև հյուսիսային ցրտաշունչ սկանդինավյան երկրների փորձը, չխոսելով հողաջրաջերմային լավագույն կարողունակություններ ունեցող այլ գերբարեկեցիկ պետությունների մասին: Մնում է տարակուսել, թե ինչու դրանց թվում չէ հիշյալ հնարավորություններն ունեցող մեր երկիր Հայաստանը:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ