Օրերս «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպությունը տարածեց մի հայտարարություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Չգիտես երբ և ում հնարած ու տարածած անհիմն կարծիքով` Երևան-Էջմիածին խճուղու Զվարթնոցի ուղենիշ արծիվը ներկայացվում է որպես Երվանդ Քոչարի հեղինակային աշխատանք: Օրինակներից մեկն էլ լրագրող Կարեն Միքայելյանի հոդվածն է «Новое время» թերթում (թ. 95, 12.09.2015):
Եվ, իհարկե, շատ տարօրինակ է տեսնել այդ արծվաքանդակ կոմպոզիցիայի խոշորաֆորմատ լուսանկարները Երվանդ Քոչարի թանգարանում, որոնք, իբր թե, պետք է վկայեն մաեստրո Քոչարի հեղինակ լինելը, չնայած թանգարանի աշխատակիցները, գոնե ի պաշտոնե, պարտավոր էին իմանալ, որ այդ գլուխգործոցը ստեղծվել է առանց նրա որևէ մասնակցության և միայն նախագծի իրականացման փուլում Քոչարն ունեցել է բացառապես տեխնիկական բնույթի մասնակցություն: Եվ պետք է շնորհակալ լինենք նրան Ռաֆոյի մտահղացումը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Երվանդ Քոչարի ստեղծագործությանը քաջածանոթ ցանկացած մարդ, հայ կերպարվեստի յուրաքանչյուր մասնագետ անվարան կարող է պնդել, որ այդ արծիվը ոչ մի ընդհանուր բան, շփման ոչ մի կետ չունի Քոչարի ստեղծագործական ձեռագրի և ոճի հետ: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ այդ կոմպոզիցիայի իրական, միակ և լիիրավ հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:
Անժխտելի փաստ է, որ Ռաֆոն` Ռաֆայել Իսրայելյանը, իր բոլոր նախագծերն ու մտահղացումները ներկայացնում էր բացարձակապես ավարտուն տեսքով, քանի որ նա նաև հիանալի նկարիչ էր և զբաղվում էր նաև կիրառական քանդակագործությամբ: Իսկ արծվի թեման միշտ հարազատ է եղել նրան և ուղղակի անբաժան է նրա ստեղծագործություններից: Դա երևում է վարպետի գրեթե բոլոր աշխատանքներում` սկսած Մայր Աթոռի բակում տեղադրված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոնումենտալ խաչքարից, Մուսալեռի հուշակոթողից, վերջացրած Սարդարապատի հուշահամալիրով և Ապարանի «Վերածնունդ» զարմանահրաշ հուշարձանով:
Ամբողջ ասվածի ճշմարտացիությունը կհաստատեն Ռաֆոյի բոլոր կոլեգաները, այդ մասին են վկայում իրենց հիշողություններում նրա ժամանակակիցները` Մարկ Գրիգորյան, Յուրի Յարալով, Սոս Մանուկյան, Սվյատոսլավ Ագաֆոնով, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լևոն Հախվերդյան և ուրիշներ:
Սահմանափակվենք միայն հայ ճարտարապետության խոշորագույն մասնագետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հուշագրություններից հետևյալ քաղվածքով: Նա գրում է. «…հարկ եմ համարում մի շեղում կատարել ու պատմել այն մասին, թե Ռաֆոն ինչպես էր համագործակցում քանդակագործների հետ: Նա այն ճարտարապետներից չէր, որոնք բավարարվում են նախագծի վրա քանդակի տեղը նշելով: Նա նախագծում էր ոչ միայն ճարտարապետական օբյեկտը, այլև քանդակը, իսկ համագործակցող քանդակագործին մնում էր մարմնացում տալ նրա էսքիզներին: Այդպես են ստեղծվել Զվարթնոցի ճամփաբաժանի արծիվը (քանդակագործ` Ե. Քոչար), Գեղարդավանքի ճանապարհի հովազը (քանդակագործ` Ա. Հարությունյան), Արարատի գինեգործարանի մուտքի վերնամասի, Երևանի հյուսիսային և արևմտյան դարպասների, Քանաքեռում կանգնեցված «Բարեկամություն» հուշակոթողի (բոլորն էլ` Ա. Հարությունյանի հետ) և ուրիշ շատ քանդակներ: Այս նույն սկզբունքով են ստեղծված նաև Սարդարապատի քանդակային հորինվածքները` զույգ ցուլերը, պահապան արծիվները, կիսաշրջան հուշապատի ներսի կողմի քանդակները: Համեմատեք նրա արխիվում պահպանված էսքիզները տեղում իրականացված քանդակների հետ և տարակուսանքները կփարատվեն» (Վ. Հարությունյան «Իմ պայծառ ժամանակակիցը»: «Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում», էջ 81):
Արժի, թերևս, ավելացնել Ս. Ագաֆոնովի խոսքերն այն մասին, որ այդ Արծիվ-ուղենիշը Ռաֆոյի ամենասիրած գործն էր իր բոլոր ստեղծագործություններից:
Ռաֆո Իսրայելյանի մտահղացմամբ տեղադրվող արծվաքանդակը պետք է լիներ բրոնզաձույլ, և այն իրականացնելու համար նա կարող էր իր պատրաստի էսքիզները տրամադրել ցանկացած պրոֆեսիոնալ քանդակագործի, բայց նա ընտրել է Երվանդ Քոչարին, քանի որ ուզել է ֆինանսապես աջակցել մաեստրոյին (այդ աշխատանքը բավականին լավ էր վարձատրվում):
Եթե ղեկավարվենք այս պրովոկացիոն, տգեղ և անշնորհակալ արարքը նախաձեռնողների սկզբունքներով և տրամաբանությամբ, ապա Սարդարապատի հուշահամալիրի թևավոր ցուլերի և պահապան արծիվների, որմնաքանդակների, Հաղթանակի մոնումենտի շքամուտքի աննկարագրելի գեղեցկությամբ զարդաքանդակների, Ռաֆայել Իսրայելյանի նախագծած կառույցների բոլոր արծիվների և դեկորատիվ-քանդակային պատկերների հեղինակներ պետք է ճանաչվեն մեր փայլուն քարագործ վարպետները. չէ՞ որ նրանք արել են բացարձակապես նույն բանը, ինչ Երվանդ Քոչարը տվյալ դեպքում:
Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Ճշմարտությունը վեր է ամեն ինչից: Մեզնից ոչ ոք մտադիր չէ ստվեր գցելու մեր նշանավոր արվեստագետ Երվանդ Քոչարի վրա, մանավանդ որ մեզ հայտնի չէ որևէ դեպք, որ երբևիցե նա իրեն վերագրի այդ արծվաքանդակի հեղինակային իրավունքը: Քոչարի անունը հավիտենապես գրված է մեր մշակույթի պատմության էջերում: «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Մելամաղձություն» և շատ ուրիշ քանդակներ, հիանալի գեղանկարչությունն ու գրաֆիկան, տարածական գեղանկարչությունը մեր մշակույթի ոսկե ֆոնդում են և անանց արժեքների դասին են պատկանում:
Երվանդ Քոչարը բնավ կարիք չունի կասկածելի և «պլագիատային» ձեռքբերումների ու նվիրատվությունների և նրա ստեղծագործական կենսագրության մեջ չպետք է լինեն նրան պախարակող և նրա հիշատակն անարգող էջեր: Իսկ այդ արծվաքանդակի խոշորաֆորմատ լուսանկարների ցուցադրումը Երվանդ Քոչարի թանգարանում, նրա անհատական ցուցահանդեսներում և համացանցային կայքերում ապաշնորհ, պրովոկացիոն և անբարո փորձեր են «ապացուցելու» անապացուցելին և «գող-ջեբկիրի» հոգեբանության ու վարքագծի ամոթալի դրսևորումներ:
Վատ չէր լինի, եթե այս տգեղ պատմության հեղինակներն ու մասնակիցները յուրացնեին և մեկընդմիշտ հիշեին մի պարզ ու տարրական ճշմարտություն` երգի կամ դաշնամուրային սոնատի հեղինակը ոչ թե առաջին կատարող երգիչն է կամ դաշնակահարը, թեկուզև շատ հռչակավոր, այլ կ ո մ պ ո զ ի տ ո ր ը:
Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական և ստեղծագործական ողջ ժառանգությունը մեր ազգային հարստությունն է, իր ապագայի, իր հավերժության նկատմամբ մեր ժողովրդի անսասան հավատի խորհրդանիշը: Մեր սրբազան պարտքն է պահել, պահպանել և պաշտպանել այդ ժառանգությունը բոլոր չարամիտ ոտնձգություններից և անբարո նկրտումներից:
Եվ դա մենք անելու ենք: