ԻՄԱՍՏՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ես կգովեմ քո եռանդը, որ կձգտես դեպի առաջադիմություն և քաղաքակրթություն: Մի մոռացեք այս երեք պայմանները, լուսով հաց գտեք, դաստիարակությամբ բարի ընտանիք կազմեցեք, իսկ իմաստուն տնտեսությամբ հոգացեք ձեր ներկան և ապագան»
Խրիմյան ՀԱՅՐԻԿ
Այսօր մենք ականատես ենք դարձել տնտեսական ճգնաժամի: Ինչո՞ւ մեր օրերում, երբ ամեն ինչ կարծես թե արվում է ավելի կիրթ ձևով, և երբ համակարգիչը հնարավորություն է տալիս իմանալու, թե ինչ փոփոխություններ են կատարվում երկրագնդի տարբեր աշխարհամասերում, և ինչպիսի տնտեսական առավել նպատակահարմար հարաբերություններ կարելի է մշակել ու ձևավորել տարբեր երկրների միջև, փոխանակ մարդկանց կեցությունը ավելի լավ դառնա, հակառակը, վատթարանում է: Կան երկրներ, ուր աղքատության մակարդակը այնպիսի սպառնալի չափերի է հասել, որ մարդիկ մահանում են անգամ ջրի սակավությունից և սննդամթերքի անբավարարությունից:
Այս ամենը տնտեսական խնդիրներով զբաղվող մասնագետներին պետք է որ ցավ պատճառեր, մտահոգեր, բայց ավա՜ղ... Տնտեսության զարգացումը կարծես աշխարհին անհրաժեշտ է միայն նրա համար, որ մարդկանց որոշակի խավ ավելի մեծ բարեկեցության հասնի ընդամենը: «Երբ աշխատանքը գերի է ընկնում միայն շահույթի տրամաբանությանը, և մարդկային կյանքն արհամարհվում է, հոգու թունավորումը վարակում է ամեն ինչ՝ նույնիսկ օդը, ջուրը, խոտը, սնունդը... հասարակական կյանքն այլասերվում է և մարդկության տունը փլվում է: Իսկ հետևանքները կրում են աղքատ ընտանիքները» (ՖՐԱՆՑԻՍԿՈՍ պապ):
Ի՞նչ կապ ունի մարդկանց միջև տնտեսության արդյունքի ճիշտ տեղաբաշխումը քրիստոնեության հետ: Որտեղի՞ց ծագեց այս չարիքը, ինչո՞ւ Աստված կրկին չի միջամտում, չի ուզում օգնել, անտարբեր է մարդկային թշվառության նկատմամբ: Միգուցե փորձո՞ւմ է մեր ազատ կամքի վրա չբռնանալ, որպեսզի ինքներս ուշքի գանք, շտկենք մեր ընթացքը, գնահատենք ճշմարիտ երջանկությունը, իմա՝ ժառանգել հավիտենական կյանքը և ոչ թե ժամանակավոր երկրային բարիքները, որոնք ձեռք կբերվեն մեզ նմանին հանապազօրյա հացից զրկելու միջոցով: Մի՞թե այսպիսի կարգ սահմանեց Աստված իր ժողովրդի համար: Բոլորովին. «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից և ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերը իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար հասարակաց էր» (Գործք 4.32):
Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր. քրիստոնեական ոտնահարված արժեքներ: Ահա համաշխարհային տնտեսական համակարգի հետզհետե փլուզման հիմնական պատճառը: Մենք ոչ միայն չդարձանք այդ արժեքները փոխանցողներ, ինչպես ի սկզբանե պատվիրված էր մեզ, այլ նույնիսկ քաջություն չունեցանք այն գոնե մեր ընտանիքի սահմաններում պահպանելու մեր սեփական բարեկեցության համար:
ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կարճամիտ և թերահավատ մարդիկ կմեղադրեն Աստծուն, թե ինչո՞ւ մարդիկ հավասար կյանք ու բախտ չունեն աշխարհի վրա, չխորհելով անգիտաբար, թե աշխարհի վրա մարդկային ընկերության ամրապնդող հզորագույն կապը անհավասարությունն է, որը կկապե և կվարե մեր ընկերական կյանքը»։
Խրիմյան ՀԱՅՐԻԿ
Սիրելիներ, եթե քննենք մեր կյանքը, կտեսնենք, որ մենք նույնպես մտածել ենք, թե Աստված է «մեղավոր» աշխարհում տիրող անհավասարության համար, և մեղադրել ենք Նրան, որ Նա ի սկզբանե սխալ է թույլ տվել իր ստեղծագործության մեջ: Չենք ուզում հետ նայել, վերադառնալ ակունքներ և քննել կյանքը Ադամից ու Եվայից սկսած, առավել ևս, որ նույնիսկ այսօր շատերը կասկածում և որպես առասպել են ընդունում Աստվածաշնչի իրական պատումները: Աստված թերևս չէր ստեղծել մարդուն, որպեսզի նա իշխեր իր նմանի վրա, և Աստծո խոսքի մեջ այդպիսի տարաբնույթ և Իր սկզբունքներին հակառակ օրենք չէր կարող լինել: Մարդուն իշխանություն էր տրված ամեն ինչի վրա, բացի մարդուն իշխելուց, և մեղքն է, որ խախտեց այդ օրինաչափությունը, և այդպիսով մարդը կախման մեջ ընկավ իր նմանից աշխարհում տիրող անհավասարության պատճառով, որը միշտ էլ եղել է և ավելի ակնհայտ է դարձել մեր օրերում:
Ամեն ինչ խախտվեց մեր՝ մարդկանց իշխանատենչության պատճառով, և տուժեցինք մենք ինքներս: Ագահություն՝ ահա մի կիրք, որն անհագ է դարձնում մարդուն և մթագնելով ուղեղը չի թողնում տեսնել այդ կրքից բխող չարիքը՝ թշվառությունը, աղքատությունը, հեծությունը: Բայց Աստված այնքան բարի գտնվեց, որ եթե մեր անհնազանդության պատճառով փորձեցինք փոխել Նրա ծրագրերը, խախտել ամբողջ արարչության սկզբունքը, որ Նա դրել էր Իր արարչության հիմքում, Նա ամեն անգամ փորձում է հանուն մեր նկատմամբ տածած սիրո, ինչպես կվարվեր ծնողը, մեզ նորից ու նորից հնարավորություն տալ գիտակցելով մեր սխալները՝ ուղղվելու։ ՈՒ եթե մենք պետք է ուղղվենք միայն մեզ նմանին հնազանդվելով, դրա մեջ մենք պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ: Գուցե այդպիսով մենք կանդրադառնա՞նք այն օրենքներին, որոնք Աստված սահմանեց մարդկության համար: Դրանք համակեցության օրենքներն են, որոնք տրվեցին մեզ Մովսեսի միջոցով և առայսօր շատ երկրների օրենսդրության հիմքն են, և իհարկե մարդ-մարդ հարաբերությունը ամենակատարյալ բարձունքին հասցվեց Հիսուս Քրիստոսի միջոցով. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես» արտահայտությամբ:
Թերևս հնարավոր է հետզհետե ավելի վատթարացող վիճակից ելք գտնել` հաշվի նստելով Աստծո մեզ տված պատվիրանի հետ և գթասիրտ վերաբերմունք ցուցաբերել մեր ընկերային հարաբերություններում: Ավաղ, այսօր, սիրելիներս, ոչ Մովսես մարգարեի գրի առած օրենքները, ոչ էլ Հիսուս Քրիստոսի ամրագրած ու ավետարանիչների, առաքյալների միջոցով մեզ փոխանցված ճշմարտությունները երբեմն չենք ընդունում արժանավայել լրջությամբ: Մենք շատ դեպքերում առաջնորդվում ենք հեթանոս, աշխարհիկ փիլիսոփաների սկզբունքներից բխող ուսմունքներով և մեր սեփական տկար, ոչ կատարյալ մտքի հասկացությամբ:
Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ