ՈՒշ աշնանը Մոսկվայից ինքնաթիռով Երևան մեկնելը բավականին տխուր խոհերի ու տպավորությունների տեղիք է տալիս: Այս անգամ էլ օդանավի ուղևորների գերակշիռ մասը արտագնա աշխատանքից «ձմեռելու» վերադարձող հայաստանցիներն էին՝ առավելապես ֆիզիկապես պինդ երիտասարդներ: Ի՞նչն է առաջին հերթին բնորոշ այս խավին: Դատարկ մեծամտությունը, որ, այ, իրենք տարվա մեծ մասն ապրում են ոչ թե հետամնաց Հայաստանում, այլ համեմատաբար թե անհամեմատ բարեկեցիկ, իրենց աշխատանքով, թեկուզև ցածրակարգ, ապահովող երկրում՝ ռուս կանանց հարևանությամբ:
Ինքնաթիռում հարմարվելով բազկաթոռին, այս մարդիկ անմիջապես հանում են… կոշիկները, պարզ է, սալոնը լցնելով գարշահոտությամբ: Ընդ որում, նրանց համար բացարձակապես նշանակություն չունի, որ կարող է կողքին նստած լինել օտարերկրացի մեկը, որը գալիս է ծանոթանալու հնամյա մի երկրի՝ հնաբույր մշակույթով: Խոսում են այս անթրաշ այրերը բարձր տոնով, առանց ցենզուրայի, անհամ-անալ կատակներով, ինքնասիրահարվածության անդուր դրսևորումներով՝ դե, արդեն նվաճել են Ռուսաստանը և, ինչպես ասվեց, հետամնաց ու անհրապույր հայրենիքի համար մեծ պատիվ է իրենց ընդունելը: Ամբողջ ուղևորությունն ուղեկցվում է հայոց անկրկնելի ռաբիսի ազերածին կլկլոցներով՝ անպատասխան սիրո հոգեմաշ աղաղակումներով ու կարոտակեզ «մամաջաններով»: Հայաստանի վաստակավոր արտիստ Արմենչիկը սրանց համար «դասական» երգիչ է, ոչ պիտանի իրենց երաժշտական վայելքին: Եվ փորձիր նրանց դիտողություն անել… Չնայած ինքնաթիռում արգելված է ոգելից խմիչքների օգտագործումը, այս ուղևորների մի մասը Երևան է հասնում օղեկոչված:
Ռուս ուղեկցորդուհիները «ի պաշտոնե» ձգտում են սիրալիր լինել այս «կլիենտների» հանդեպ, սակայն երբեմն նրանք էլ չեն կարողանում թաքցնել իրենց արհամարհանքը։ Այս անգամ աժդահա մի տղամարդ իրեն վատ զգաց: ՈՒղեկցորդուհիները շրջապատեցին նրան մեծ հոգատարությամբ, նույնիսկ ուղևորների մեջ բժիշկ գտան, թթվածին տվեցին տառապյալին, ինչ-որ դեղամիջոցներ հայթայթեցին և այլն: Հետո հայորդուն առաջարկեցին տեղափոխվել ավելի հարմարավետ տեղ՝ բիզնես կարգի: Եվ պետք էր միայն տեսնել ուղեկցորդուհու դեմքի արտահայտությունը, երբ նա ծնկաչոք փորձում էր հագցնել հսկայի կոշիկները:
Ինչո՞ւ է անկախության տարիներին այսքան ընկել մեր ժողովրդի ընդհանուր մակարդակը: Առարկողները կարող են ասել, թե այդ խավը մեծ տոկոս չի կազմում և դրա հիման վրա չի կարելի ընդհանրացումներ անել: Ավելի՞ բարձր մակարդակի վրա է հինգ հազար դրամով իր ընտրական իրավունքը ծախող անձը: Անարդարությո՞ւն է խոսել մեր ժողովրդի, մեղմ ասած, որոշակի ռաբիսացման մասին: Հայաստանի լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, զարմանալի համառությամբ փորձում են սևացնել մեր պատմության խորհրդային շրջանը, շեշտադրելով բռնությունները, ներփակ կյանքը և այլն: Բայց և, միևնույն ժամանակ, արդարացվա՞ծ է չտեսնելու տալ այն իրողությունը, որ Խորհրդային Հայաստանը սոցիալական բարեկեցիկ պետություն էր զարգացած իրական էկոնոմիկայով, մշակույթով, գիտությամբ, արվեստով: Կարելի՞ է այն տարիների լայն առումով քաղաքակրթական մակարդակը (այդ թվում նաև… ինքնաթիռում) համեմատել ներկայիս Հայաստանում ստեղծված ողբալի վիճակի հետ, երբ մարդկանց մեջ գերիշխում են արտագաղթի, հիասթափության, հուսահատության, անհեռանկարայնության տրամադրությունները:
Հայաստանում ներկայումս քննարկվում է նոր սահմանադրության նախագիծը: Կառավարող վերնախավը պնդում է, որ առաջարկվող նորույթը լայն հնարավորություններ կբացի ընդդիմադիր ուժերի առջև լուսավոր Հայաստանի կառուցմանն ու կառավարմանն ակտիվորեն մասնակցելու համար: Ակնհայտ է պարադոքսը. Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը պարզապես անթերի է գործում իշխանապահության ասպարեզում, անողոքաբար տապալելով դրան հավակնող թե ընդդիմադիր ուժերին, թե անհատներին, անսպասելիորեն շանս է տալիս (իրենց ասելով) նրանց իրապես պայքարելու իշխանության համար: Հրա՞շք է սա, որտեղի՞ց այսքան անակնկալ ու շռայլ համակրանք-նախաձեռնություն: Ո՞Ւր չքվեց «ինքնավերարտադրման» անխափան գործող ուղեցույց աստղը:
Մոսկվայի հայերի բազում վարկածների մեջ առանձնացնենք մեկը: Հայտնի է, որ անկախ Հայաստանի բոլոր երեք նախագահները ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան պատերազմի ծնունդն են ու հերոսները: Բայց ինչ տեղի ունեցավ այնուհետև: Երեքն էլ իշխանության գլուխ գալով Հայաստանում, երկիրը հասցրին այն «անփառունակ» վիճակին, ինչի ականատեսն ենք բոլորս: Երբ նույնիսկ 2 միլիոն բնակչության առկայությունն է կասկածի տակ առնվում: Ընդ որում, ավելի շատ քննության են առնվում նման իրավիճակի առաջացման «օբյեկտիվ», բայց ոչ «սուբյեկտիվ» պատճառները: Երեք նախագահներից և ոչ մեկը այդպես էլ «սուբյեկտիվորեն» չարժանացավ իր ժողովրդի հարգանքին, եթե չասենք հակառակը: Արդ, հնարավո՞ր է, ենթադրում են մոսկվահայերը, որ նախագահ Սերժ Սարգսյանը, թևակոխելով իր կառավարման, ամերիկյան հայտնի բնորոշմամբ, «ւՐՏՎՈÿ ցՑՍՈ»-ի (այս արտահայտությունը հայերեն շատ անճոռնի է հնչում) շրջանը, խղճի խայթ է զգում սերնդակիցների անարդյունավետության համար և փորձում է հնարավորություն տալ քաղաքագետների նոր սերնդին՝ բանիմաց, արդարամիտ ու ազգասեր, որ գոնե նրանք երկիրը դուրս բերեն աղետալի իրավիճակից:
ՈՒզում ես հավատալ այս վարկածին:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա