Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Անհանգիստ ու խառնակ ժամանակներ

Անհանգիստ ու խառնակ  ժամանակներ
09.10.2015 | 00:46

Մեզ պե՞տք է վերափոխված նույթուրդանամհաս։

Վստահ եմ` վերջին բառը ընթերցողի մեջ տարօրինակից մինչև զայրույթի զգացում կառաջացնի: Հանգստացեք ու բարի գտնվեք մտաբերել, թե մինչ այդ իրոք խեղաթյուրված բառն ընթերցելը ձեր ապրած օրերն ու տարիներն արդյո՞ք առանց այդ տարօրինակից մինչև զայրալիցն են եղել: ՀՀ շարքային քաղաքացին, որն արդեն 20 և ավելի տարիներ փորձում է համեստ աշխատանքով ու կենցաղով իր տեղը գտնել նորօրյա պայմաններում, հիմնականում հուսահատվում է, գլուխն օրորում, ձեռքը թափ տալիս: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նման տրամադրություն նորանկախ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիներ ունենում են Աստծո յուրաքանչյուր օր աշխատավայր հասնելիս, բակում հարևանի հետ զրուցելիս, տրանսպորտում ու առևտրի օբյեկտում երբեմնի համակուրսեցուն տեսնելիս, էլ չխոսեմ համատիրություն ու բուժհաստատություն, պետհիմնարկ այցելելու կամ պետավտոտեսուչի հետ առնչվելու մասին: Ամենուր շարքային հայաստանցուն մտահոգողն ու մտատանջողը մեկ հիմնական հարց է. այս ի՞նչ է կատարվում երկրում, ինչո՞ւ մարդ-արարածի մեր տեսակին անհարիր տարօրինակությունների ու անհանգիստ օրերի վերջն այսպես էլ չի երևում: Չէ՞ որ բարձրագույն իշխանությունը խոստանում էր մի փոքր համբերություն ու հավատ, և ամեն ինչ լավ է լինելու: Տարիներ առաջ էլ ասպարեզ նետվեց ապահով Հայաստանում ապրելու խոստումը, իսկ որևէ նախանշան շարքային քաղաքացին այդպես էլ չի նկատում. համենայն դեպս, պաշտոնական վիճակագրությամբ աղքատ ու գերաղքատ կարգավիճակում գտնվող մեկ միլիոն և ավելի հայաստանցիների համար: Այս օրերին էլ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկի տեսահոլովակը պատմում է երիտասարդ արտագաղթողին օդանավակայանի ճանապարհից հետ դարձնելու մասին, նկատելով, որ ամեն ինչ լավ է լինելու: Թե ինչ լավատեսության հիմք ունի սույն պատումի հեղինակն ու հովանավորը, ցույց կտա ժամանակը:
«Ի՞նչ է կատարվում» հարցին որևէ պատասխան չկա, քանզի գաղջ միջավայրի մասին հայտարարությանը գործնական ոչինչ չհետևեց, ՀՀ տնտեսությունում, եթե Հայաստանի պարագայում այն կարելի է այդ բառով կոչել, զարգացման առումով ոչինչ չի նշմարվում: Չենք ասում, թե ինչ եղան խոստացված նավթավերամշակման գործարանը կամ ինքնաթիռներ հավաքելու միավորումը, նոր ատոմակայանը կամ «ԵրԱԶի» վերակառուցման պարտավորությունը, զբոսաշրջային ու բանկային երկիր դառնալու ծրագրերը: Ընդամենը հարցնենք, թե ինչու չհաջողվեց վերագործարկել, ասենք, պարզ ու հասարակ էլեկտրալամպերի գործարանը, որը 2000-ականների սկզբին մի քանի ամիս աշխատեց: Արդյոք ծրագի՞րը չէր լիարժեք կազմվել, թե՞ հարկերն էին նախնական շրջանի արտոնյալությունը խեղդող, իսկ գուցե գործեց արտերկրներից էլլամպեր ներմուծողների շահերը սպասարկելու պարտավորությունը կամ մի այլ չբարձրաձայնվող մեխանիզմ: Պարզ ու հասարակ էլեկտրական լամպը մեզանում իրոք մատչելի 120 դրամով է վաճառվում, ուր ներմուծողներն անշուշտ որոշակի շահութաբաժին ունեն: Ինչո՞ւ ենք խոսում կոնկրետ այս մասին. նշելու, որ այն արտադրող երկրներում գործարարն ու գործարարությունը իրականում խրախուսվում ու խթանվում են, նկատի ունենալով ներմուծման պարագայում գինը, ինչը չես զգա հայաստանյան գործարար միջավայրում: Մեզանում, թերևս, հնարավոր չէ 100 դրամով էլլամպ արտադրել և վաճառել, քանզի կգործի արտադրողին ու վաճառողին հարկերով ճզմելու մեխանիզմը:
Ի՞նչ վիճակում է հայերիս առաջնահերթ մտահոգություն համարվող էլեկտրաէներգետիկայի ոլորտը: Պաշտոնյաներն ու մասնագիտական համարվող միտքը երկու տասնամյակից ավելի հանրությանը հրամցնում են ՀՀ-ի այս առումով ինքնաբավ լինելու փաստը, խոսում անգամ 1 մլրդ կՎտժամ արտահանման հնարավորությունից: Որպես փաստարկ հիշեցվում է շուրջ 3500 ՄՎտ դրվածքային հզորությունների մասին, երբ գիտենք, որ ատոմակայանի 1-ին 407 ՄՎտ բլոկը չի գործում, Հրազդանի ՊՇԷԿ-ում սարքավորումները գերմաշված են, քարուքանդ է Վանաձորի 99 ՄՎտ հզորություն ունեցող ջերմակայանը, Սևանից ջրի թողքի սահմանափակման պատճառով լիարժեք չի գործում կասկադի 556 ՄՎտ-ն: Իսկ ահա ձմռան որոշակի շրջանում երկրի առանց այն էլ նվազագույն էլպահանջը բավարարվում է Իրանից ներկրումների արդյունքում: ՀՀ էլեկտրաէներգիայի մեծ ծավալներ սպառող գործարաններն ու միավորումները իրենց հերթին երկրորդ կյանք չեն ստանում, քանզի հնարավոր չէ դրանց պահանջները բավարարել:
Վիճակն առավել սթափ ներկայացնելու նպատակով մի երկու թիվ հիշատակեմ: Հարևան Իրանում ու Թուրքիայում 2000 թ. սկզբներին էլեկտրաէներգիայի արտադրությունը համապատասխանաբար կազմել է տարեկան 100 և 110 միլիարդ կՎտժ, 2010-ականներին՝ 225 և 230 մլրդ կՎտժ: Արձանագրվել է կրկնակի աճ: Իսկ ահա ՀՀ-ում պատկերի փոփոխություն չկա, նշված ժամկետի թե սկզբում, թե հիմա էլարտադրությունը 6-6,5 մլրդ կՎտժամ է: Ոչնչով հիմնավորված չէ նոր գերհզոր ատոմակայան կառուցելու պարագայում վիճակը բարելավված տեսնելու ակնկալիքը: Եթե այն երբևէ իրականություն դառնա, մինչև 4 մլրդ կՎտժամ էլեկտրաարտադրանք գումարվի եղածին, որն այդ ընթացքում անշուշտ ռեսուրսը կնվազեցնի, 2025-2030 թվականներին ՀՀ-ում առավելագույնը կարտադրվի 9-10 մլրդ կՎտժամ, 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 3000 կՎտժամ: Հիշատակված Իրանն ու Թուրքիան այսօր արդեն ունեն այս ցուցանիշը, ջէկեր, հէկեր ու աէկներ են կառուցում, քանզի գիտեն, որ առանց էլեկտրաշարժիչներ աշխատեցնելու երկրի տնտեսությունը բարելավել հնարավոր չէ: Մեկ բնակչի հաշվով էլարտադրությունը Եվրոպայում տարեկան մոտ 10000 կՎտժամ է, Ֆինլանդիայում ու Կանադայում` 14-18-հազարական կՎտժամ, Նորվեգիայում` 30000 կՎտժամ, հիմնականում հիդրոհզորությունների հաշվին: Իսկ մերոնց չի հաջողվում անգամ 75 ՄՎտ հզորությամբ Մեղրիհէկ-ը կառուցել, երբ հարկ էր ՀՀ բյուջեից տարին մի 8-10 մլն դոլար հատկացնելով այն ավարտին հասցնել: Այս գործընթացը փոխարինվում է հէկի կառուցումը Իրանին զիջելով, որն այն 15 տարի շահագործելուց հետո մեզ է տրամադրելու. նման գործարքի գնահատականն ինքներդ տվեք:
Մեծապատիվ այրերի ելույթներից անպակաս են արևային էներգիայի մասին հիշատակումները, ՀՀ-ն տարածաշրջանային տեխնիկական կենտրոն դարձնելու շուրջ խոստումները, համանման այլ գրավիչ դրսևորումներ, որոնք ցանկությունների ոլորտից այն կողմ չեն անցնում: Տողերիս հեղինակի հարյուրավոր ծանոթ-բարեկամներն ու հարևան-ընկերները մշտապես են փաստում, որ իշխանությունների թողտվություններն ու խոստումները մոռացության տալը հուսալքում է մարդկանց, ինչի արդյունքում էլ հող-հայրենին «էս երկիր» է դառնում: Ասենք, ի՞նչ հիմնավորումով քարուքանդ արվեց ողջ աշխարհում այսօր էլ զարգացող էլեկտրատրանսպորտի մի ոլորտ, ինչպիսին տրամվայն է: Լիոնի մերձակայքում բնակվող բարեկամս պատմում է, որ վերջին 5 տարում իրենց մոտ նոր երթուղիներ են բացվել, հները երկարացվել, շարժակազմերը նորացվել են: Դե պարզ է, Ֆրանսիան 1 բնակչի հաշվով տարեկան 9 հազար կՎտժամ էլարտադրություն ունի, նման քայլեր կարող է ձեռնարկել: Գրելով այս մասին` չենք պահանջում Երևանում էլ նոր գծեր ու կանգառներ կառուցել, այլ ընդամենը ժառանգություն ստացած, թե մնացած ունեցվածքը առայժմ նվազագույն տնտեսավարումով շահագործել: Հայաստանյան հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց, թե ինչ նպատակի ծառայեցվեցին ապամոնտաժված տասնյակ հազարավոր տոննաների հասնող ռելսերն ու պղնձե հաղորդալարերը, ի՞նչ ճակատագիր է սպասում տրոլեյբուսային ոլորտին, քանզի հաճախ է հիշատակվում մեր օրերում այստեղ արձանագրվող վնասների մասին: Նույնն էր ասվում երթուղայինների շուրջ դեռ 2012-ին, երբ ուղևորափոխադրումների կրախ էր ակնկալվում, գծատերերի սնանկացում սպասվում: Բայց տեսնում ենք, չէ՞, որ «մարշրուտկաների» տերերը ոչ թե կանանց ու հարսների ոսկեղեններն են գրավ դնում, այլ նրանց անուններով նոր ավտոմեքենաներ ու առանձնատներ են գնում:
Այսուհանդերձ, վերադառնանք խառնաշփոթ ստեղծող նույթուրդանամհաս-ին: ՀՀ թիվ 1 սահմանադրագետը, ըստ մամուլի հիշատակումների, ասել է, որ երկրում գործող շուրջ 2000 օրենքներ ու օրենսդրական ակտեր ՀՀ ներկա Սահմանադրությանը չեն համապատասխանում, որը շարքային քաղաքացին գնահատում է որպես Սահմանադրությունը գլխիվայր շրջելու մեր կողմից նշված նույթուրդանամհաս, ասել է թե, խառնաշփոթությունը պարզ ու հասարակ, թե բարդ ու կանխանտածված դրսևորում դարձնելու փորձ: Ահա ինչու նաև հերթական իշխանության կողմից հերթական անգամ առաջարկվում է վերանայել այն, հարմարեցնել չգիտես ինչ և որ պայմաններին, ում շահերին: Արդյոք Սահմանադրության անկատարությո՞ւնն է պատճառը, որ մեզանում ապօրինությունները չեն նվազում, մայթերին ու պուրակներում առևտրի ու սպասարկման նորակառույցներ են տեղադրվում, ամենաաննպաստ տարածքներում էլիտար շենքերի հիմքեր գցվում, հետիոտներին խանգարող աստիճաններ հայտնվում, քանզի ահազանգողներ չկան, իրենք չեն կարող ամենուր համապատասխան աշխատակիցներ կանգնեցնել: Բայց գիտենք, չէ՞, որ յուրաքանչյուր բակում ու թաղամասում տասնյակ պաշտոնյաներ ու իրավապահներ են բնակվում, որոնց իրավունքն ու պարտականությունն է կանխել դրանք, երկրի թիվ 1 օրենքը նույթուրդանամհաս չսարքել: Սպասել, թե մարդիկ անգամ իրենց «անանիմկաներով» կօգնեն ձեզ, անշնորհակալ զբաղմունք է, մեր տեսակին անհասկանալի ու անպատվաբեր: Հայաստանցին այդ նպատակի համար ձեզ «ագենտուրա» պահելու միջոցներ է տալիս` հարկերի, տուրքերի, այլևայլ վճարումների տեսքով: Անգամ սիրողական մակարդակով արված հաշվարկներից է պարզվում, որ 35-40 հազար դրամ կենսաթոշակ ստացողը ավելացված հարկի, ակցիզի, այլ պարտադիր վճարումների արդյունքում կենսաթոշակը գերազանցող գումար է հատկացնում: Շատ դեպքերում այն ստացվում է մեր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրներում ծերեր խնամող ընտանիքի անդամ երբեմնի մանկավարժների, բուժաշխատողների, ճարտարագետների ուղարկած միջոցներից: Ահա այսպիսի միջազգային հետևանքներ մեր նույթուրդանամհաս-ից:
Խոսեցինք էլեկտրալամպից, տեխնիկական հրաշք միջոցից, նաև պարզ ու հասարակ սարքից, որն ընդամենը մի քանի նյութից է պատրաստվում: Երբ անզոր ենք այս նվազագույն հարցը լուծելու, չխոսելով երբեմնի ունեցած հեծանվի ու ավտոմեքենայի արտադրությունների վերագործարկման մասին, հայաստանցուն նվազագույնս է հետաքրքրում, թե պե՞տք է մեզ վերափոխված Սահմանադրություն: Հարցն առավել քան տեղին է, քանզի այն սպասվածից շատ առավել հնչում է իրավունքի մասնագետների կողմից, որոնց հանպատրաստից ընդդիմադիրների շարքին չես դասի, նրանց ինչ-ինչ ուղղակի պահանջ չպարունակող ցանկությունների ոլորտից բխող ակնարկներով չես շփոթեցնի: Բարի եղեք գործողն իրականացնել` ահա նրանց համեստ ու մասնագիտական մոտեցումը, որն առավել մոտ է ՀՀ շարքային քաղաքացուն, քան իշխանավորի նոր Սահմանադրություն ունենալու ցանկությունը:
Մտորումներս ավարտեմ զավեշտալի մի փաստով: Երբ շրջապատիս հայտնում եմ, որ Հայաստան նաև Իսրայելից է ստեպղին ներմուծվում, չեն հավատում, կտրուկ «չի կարող պատահել» են ասում: Շատ հաճախ նույն կերպ են վարվում, երբ տեղեկանում են, որ Իսրայելը Սահմանադրություն չունի, հետևաբար այն նույթուրդանամհաս չի կարող դարձնել:
Ահա այսպիսի բաներ մեր անհանգիստ ու խառնակ ժամանակներում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ.Գ.- Գրադարանիս ամենամատչելի տեղում ՀՀ 1995 թ. և 2005 թ. սահմանադրություններն են: Բայց ՀՀ քաղաքացիս դրանք շատ ավելի հազվադեպ է բացում, քան չօգտագործվող մառանի դուռը:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ