Սկսեմ անցյալի՞ց, թե՞ ներկայից: Ասեմ` բութ ենք և անկազմակերպ, նշանակում է դավեմ ինքս ինձ, նշանակում է վիրավորեմ իմ ծնողներին, ինձ տված իրենց դաստիարակությունը: Իմ կարծիքով, յուրաքանչյուր հայ այդ հարցում համամիտ կլինի ինձ հետ, քանզի յուրաքանչյուր հայ իր մեջ գտնում է պոտենցիալ մեծ կարողություն անհատապես իր համար հարցադրված ցանկացած հարց լուծելու համար: Կասեմ անգամ, չափից դուրս հայի անհատականությունը խանգարում է նրան ազգային գլոբալ հարցերը լուծելու համար: Կարծես մեր մեջ բացակայում է մեկը մյուսին լսելու կարողությունը, անգամ խելացի ասված մտքին, կգտնվի մեկը, կջանա, ուղեղը կտրաքացնի հակառակն ապացուցելու համար: Բայց տեսել եմ նաև ահավոր արագ կազմակերպվելու մեր կարողությունը: 1965-ի ապրիլի 24: 1988-ի ղարաբաղյան շարժում: Ղարաբաղյան փառավոր հաղթանակ, և այսօրվա այն իրականությունը, որ կա երկրում: Մինչ այդ իրականության վերլուծությունը ցանկանում եմ նշել մեր ազգի անհատների վառ դրսևորումները օտար երկրներում` ազգային հերոսներ, գեներալներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օտար բանակում փառավոր կռված հայկական լեգեոն, որի մասին հիացմունքով էին արտահայտվում ֆրանսիացի զինվորականները: Այդ փոքրիկ ներածականից հետո ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումը. ինչո՞ւ այսօր հայ մարդը չի հավատում իր իշխանավորներին, ինչո՞ւ է աշխատավոր հայ մարդը անիծում, հայհոյում իր հողը, իր երկիրը, ինչո՞ւ է անընդհատ ընկնում սթրեսի մեջ, ինչո՞ւ չի հավատում իր երկրի վաղվա օրվան: Հեռուստատեսությամբ, պետական մամուլով պրոպագանդվող այդ շոուները հեռու են իրականությունից, ինչպես և հեռու են իրականությունից ընդդիմադիր դաշտում, մամուլում հնչեցվող ծայրահեղ հակապետական դրսևորումները:
Կարճ ասած, և պետական «էլիտան», ավելի ստույգ` կառավարման շատ ոլորտներում ճնշող մեծամասնություն կազմող աղբը (կներեք, այլ հարմար անուն չկարողացա ընտրել) և կույսի դեր խաղացող ընդդիմություն կոչված քաղաքական աղբը (անկախության 24 տարիներին ես այդպես էլ չտեսա որևէ լուրջ ընդդիմություն, որևէ լուրջ, ընդգծված քաղաքական անհատ, որ վերջին հաշվով չի ծախվել, երբ իշխանական լափից նրան մի փոքր մասնաբաժին են հանել) շուտասելուկի պես տուն-տուն խաղալով գործում են համատեղ ընդդեմ ժողովրդի: Եթե սխալ եմ իմ դատողություններում, թող որևէ մեկը ապացուցի հակառակը, և ես ծնրադիր ներողություն կխնդրեմ ասվածի համար: Ասելիքս այն է, որ և իշխանությունը, և ընդդիմությունը, գիտակցաբար, թե անգիտակցաբար, տոտալ ձևով քանդում են պետության հիմքը:
Անկախության 24 տարիները պիտի որ պետականորեն մեր մեջ սերմանեին միայն և միայն սեփական ուժերին ապավինելու վեհ գաղափարը, ինչը չի արվել ու չի արվում: Ասվածը կհիմնավորեմ փոքր-ինչ հետո: Իսկ ընդդիմադիր ուժերը, մամուլը մեր այսօրվա ողջ դժբախտությունը տեսնում են ռուսի մեջ:
Այսօր Բաշար Ասադին` այդ հայրենասեր մարդուն, ոմանք բռնակալ են անվանում: Ի՞նչ անուն տաս այդ կարգի հիվանդներին: Եթե նույնիսկ Ասադը ոչ թե բռնակալ է, այլ հրեշ (թող Ասադը ների ինձ այդ որակման համար, որովհետև ես պաշտում և հարգում եմ այդ պետական, քաղաքական հայրենասեր խոշոր գործչին, որ չի փախչում երկրից, իր և ընտանիքի մասին չի մտածում, այլ մնացել և պայքարում է իր երկրի վերջնական հաղթանակի համար), պետք է պաշտել նրան: Եթե չլիներ Բաշար Ասադը, արդեն Լիբանանի հայությունն էլ բռնած կլիներ գաղթի ճանապարհը: Բաշար Ասադը ոչ միայն մեր թշնամու թշնամին է, այլև մեր ազգի իսկական բարեկամը: Ես հավատացել և հավատում եմ նրա վերջնական հաղթանակին, որովհետև այն համարում եմ մեր ազգի հաղթանակը, թեկուզ հենց ընդդեմ Էրդողանի (իսկ թե ով է 21-րդ դարի այդ «մարդ» ճիվաղը մեր ազգի համար, բացատրելու կարիք չկա): Մամուլից տեղեկանում ենք, որ Ռուսաստանը սկսել է ինտենսիվ ռազմական օգնություն ցույց տալ Սիրիային, ողջունելու փոխարեն որոշ (չեմ ցանկանում կոպիտ բառ ասել այդպիսիների հասցեին) «քաղաքական» գործիչներ, լրագրողներ դատապարտում են Պուտինին, մեղադրելով նրան Ղրիմի օկուպացիայի, Աբխազիայի, Օսիայի «բռնազավթման» մեջ:
Որքան էլ ռուսական ազգը լինի վտանգավոր, մեր սահմանների մոտ նրա ներկայությունն ավելի ցանկալի է, քան որևէ եվրոպական զինվորի, որի ներկայությունը մեր սահմանների մոտ մենք այդպես էլ երբևէ չենք տեսել: Մի՞թե Վրաստանի, ՈՒկրաինայի ավանտյուրիստական, հակառուսական քաղաքականությունը մեր շատ տափակագլուխների համար օրինակ չի ծառայել: Մենք սովոր չենք ցանկացած հարց գլոբալ մեկնաբանելու: Ռուսաստանը զենք է ծախում մեր թշնամուն: Եթե Ռուսաստանը չծախի, Ադրբեջանը այլ տեղից չի՞ գնի այն: Չեմ ժխտում, Ռուսաստանը դարերով ստոր քաղաքականություն է վարել հայերիս նկատմամբ, բայց այսօր մենք պետություն ենք: Այսօր Պուտինը նույն սխալ քաղաքականությունն է տանում Անդրկովկասում, ինչ ժամանակին թույլ են տվել բոլշևիկները, որոնց սխալ քաղաքականության արդյունքում այսօր կա հակառուսական Ադրբեջան պետությունը: Ես չեմ կարծում, թե ռուս ներկայիս քաղաքական գործիչներն այնքան տհաս են Անդրկովկասի հարցերում, որ նորից թույլ են տալիս բոլշևիկների սխալը, բայց նրանք այսօր այլ ելք չունեն, ինչպես բոլշևիկները անցած դարի 20-ական թվականներին: Այն ժամանակ Աթաթուրքը բառացիորեն ասել է. «Մեզ չի հետաքրքրում բոլշևիկների վարդապետությունը, մեզ հետաքրքրում է մեր պետության, ժողովրդի այսօրվա շահը, հանուն որի համագործակցում ենք նրանց հետ»: Իսկ ինչով էր զբաղված այդ ժամանակ դաշնակցական հայոց կառավարությունը, բացի Եվրոպայի հանդեպ կույր, ապուշ նվիրվածությունից: Հա մեկ էլ հիշեցնեմ, որ հայտնի կինոյում ասված խոսքերը, թե իշխանավորներն առել են հանրապետության փողերն «ու փախել են հայդա Փարիզ», ամենևին էլ պրոպագանդայի ոլորտից չեն, այլ ռեալ իրականություն: Տեղին է նշել, ավելի ճիշտ, ինչպես պատմաբան Էդ. Զոհրաբյանն է նշում իր ուսումնասիրություններում, հայ զինվորի պարտությունը ոչ թե թուրքի քաղաքական առավելության մեջ էր, այլ մեր զինվորի բարոյահոգեբանական ընկճվածության: Այլապես ինչպե՞ս բացատրել Սարդարապատում հայի տարած փառավոր հաղթանակը և ընդամենը երկու տարի հետո զինվորի բարոյալքված էությունը: Այսինքն, հայ մարդը երես էր թեքել իր կառավարողներից: Եվ արդյունքում` գերի ընկած գեներալներ, սպաներ, հազարավոր զինվորներ: Հիշենք մեր հայ բանաստեղծի խոսքերը` մենք հիմնովին ավերել ենք մեր երկիրը: Մենք և ոչ թե ուրիշները: Այստեղ մեղքը որևէ մեկի վրա գցել, անգամ բոլշևիկների, մահացու ինքնարդարացում է:
Հիմա հետ դառնամ մեր կառավարողներին: Չանդրադառնամ արդեն հազար անգամ ասված թալանին, այլ խոսենք առկա խնդրի մասին (չասացի խնդիրներ, որովհետև դրանք շատ են)։ Այս տարի Սերգո Կարապետյանի «աղոթքներով» (այդ թեմայով ավելի կոնկրետ` մեկ ուրիշ անգամ) հիանալի բերք է ստացվել: Եվ ի՞նչ, այդ բերքը ժողովրդի համար դարձել է դժբախտություն: Ինքս էլ ուզում եմ հավատալ վարչապետին (իրոք ՋՕԸ-ի պետերի կողմից մեկ անգամ չէ, որ լսել եմ նրանց ուղղված վարչապետի խոսքը. «Չնեղացնեք գյուղացուն»), բայց արի ու տես, թե ինչ է կատարվում խաղողի մթերման հետ կապված: Այդ հարցը իրոք արտակարգ վիճակ է ստեղծել երկրում: Ովքեր են մթերող կազմակերպությունների տերերը: Հիմնականում նրանք, որոնք շան մսի գնով սեփականացրին պետական գործարանները և մթերում են այնքան, որքան ցանկանում են: Կա անգամ սեփականատեր, որի գործարանը սեփականաշնորհման առաջին օրից մի գրամ խաղող չի մթերել, և իր արտադրած տասնյակ տոննաներով խաղողը մթերում է ուրիշ գործարանում: Բանակում ծառայող զինվորը լավ գիտի գյուղում հողի հետ կռիվ տվող և հողից բերք քամող իր ծնողների մասին, և երբ գիտի` ինչ վիճակ է նրանց հետ, պարզ է, թե ինչպես պիտի ազդի հարցը նրա հոգեբանության վրա: Այսօր չկա մի գյուղացի, որ վարկ վերցրած չլինի և այն էլ բարձր տոկոսներով: Ամեն օր լսում եմ գյուղացու արդարացի բողոքը, բայց օգնել անկարող ես: Այդ գյուղացուց ինչպե՞ս պետք է հավաքել հողի հարկը: Կառավարությունը, մթերողն ով էլ ուզում է լինի, պիտի իր ուշադրության կենտրոնում պահի մթերման հարցը: Ճիշտ է, այս տարի մթերման գործով կարծես ստեղծվել է աննախադեպ արտակարգ վիճակ, և ամենուրեք զգացվում է ճկուն գործելու մեխանիզմի բացակայությունը: Այդպիսի արտակարգ վիճակ էր ստեղծվել անցած դարի 20-ական թվականներին, և կառավարությունը (արտակարգ վիճակը նույնն է, թե ինչ հարցի հետ է այն կապված ) ծախեց երկիրը, և ոչ ոք չի կարող ասել, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում, այսինքն` արտակարգ իրավիճակում բանակը, ժողովուրդը ինչպե՞ս կդրսևորեն իրենց: Իսկ իրեն կայուն և հստակ դրսևորելու համար պետությունը պետք է ամենօրյա գործունեությամբ ապացուցի իր նվիրվածությունը ժողովրդին: Ժողովուրդը պետք է զգա, որ իր դարդուցավով ապրող իշխանություն կա, ինչը չի տեսնում այսօր:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ