Սկզբից ևեթ ասեմ, իմ հոգին Բաղրամյան պողոտայում է: Հիացած եմ երիտասարդության վճռականությամբ։ Իրոք, նրանք մտահոգված են իրենց վաղվա օրով, երկրի բախտով: Ասեմ, որ մտովի նրանց հետ է նաև ժողովրդի ճնշող մեծամասնությունը, որը տոկոսային արտահայտությամբ կկազմի մոտ 90 %: Մնացած 10 % -ի մասին հետո: Այդ դեպքում տեղին հարց է հնչում. ինչո՞ւ միայն հոգով և ոչ ֆիզիկապես, չէ՞ որ մեզ նմանների ֆիզիկական գոյությամբ պիտի լցնենք այն դատարկությունը, որը պիտի բերի տարիներ շարունակ երկրի խաթարված տնտեսության, ժողովրդի ծանր նյութական վիճակի գոնե փոքր-ինչ բարելավմանը:
Ցուցարարների կարգախոսը` «Ո՛չ թալանին», բոլորի սրտով է, անգամ այն տասը տոկոս թալանողների մեջ ևս կան այնպիսիները, ովքեր դժգոհ են կառավարողներից, որովհետև ըստ իրենց` սեփական թալանի բաժինը մյուս թալանչիների հետ համեմատած քիչ է:
Այս կրիտիկական վիճակով հանդերձ ես չեմ գնում Բաղրամյան, որովհետև…
Ինչպե՞ս սկսվեց ՀՀՇ-ի գործունեությունը Հայաստանում: Նրա քաղաքական լիդերները հրապարակում չէին գոչում` կորչի խորհրդային պետությունը, կորչի ԽՄԿԿ-ն, կորչի ռուս օկուպանտը: Ավելին, հարյուր հազարները Երևան քաղաքի փողոցներում ամիսներ շարունակ ծով քրտինք կտրած իշխանամետ պաստառներ էին տանում և վանկարկում` «Լենին, պարտիա, Գորբաչով, Ստալին, Բերիա, Լիգաչով»:
Այսինքն, Լենինը, պարտիան, Գորբաչովը սրբեր էին, իսկ Ստալինը, Բերիան, Լիգաչովը` սատանաներ, և ղարաբաղյան թնջուկի ողջ մեղավորը վերջիններն էին: Իսկ տեղական մամուլը լցված էր հոդվածներով, որոնք վեր էին հանում Կավբյուրոյի ընդունած ապօրինի որոշումը Ստալինի անմիջական միջամտությամբ:
Ցուցարարներին թվում էր, թե բոլոր մեղքերի կրողը Ստալինն էր, իսկ Գորբաչովը լույս աշխարհ էր եկել ստալինիզմը ջախջախելու, երկրում ազգային արդարություն հաստատելու համար:
ՀՀՇ-ի լիդերները առաջին տարիներին հրապարակավ չէին խոսում իշխանության հասնելու մասին: Եվ քանի որ մայդանները հետխորհրդային երևույթ են և խորհրդային տարիներին անհնար էր Արևմուտքի կողմից (հատկապես ԱՄՆ-ի) նման մայդանների կազմակերպումը բուն ԽՍՀՄ -ում, թեպետ սոցճամբարում եղել են ¥վկա Հունգարայի, Չեխիայի, Լեհաստանի անհաջող կազմակերպված դեպքերը¤, հասկանալի պատճառներով անհնար էր ԽՍՀՄ-ի տապալումը դրսից, այն հաջող կարելի էր կազմակերպել ներսից` նրա ծախված վերնախավի ձեռամբ: Եվ ԽՍՀՄ-ի հոգեվարքի ողջ տարիներին ոչ մի տեղ չհնչեցին հակախորհրդային կոչեր, իսկ որտեղ որ հնչեց (Թբիլիսի, Վիլնյուս և այլն)` դաժանորեն ճնշվեց: Այսինքն` ԽՍՀՄ-ը քանդող ճարտարապետներն առերևույթ ԽՍՀՄ-ի պահպանման ջատագովներ էին: Հայաստանում ՀՀՇ-ի լույս աշխարհ գալու առաջին երկու տարիներին շարժիչ քաղաքական ուժը շատ նուրբ ձևով կազմակերպում էր հակաժողովրդական պրովոկացիաներ, և նրանց իսկ թափած արյունը (1990 թվականի մայիսի 27, Էրեբունի թաղամասի արյունոտ դեպքեր, «Մասիսի», մետաքսի կոմբինատի թունավորումներ և այլն¤ ժողովրդին հրամցվում էր որպես կոմունիստների, ռուսների կողմից կազմակերպված արյունոտ արարքներ: Արդեն 1990 թվականի աշնանը Հայաստանում պատերին գրվում էր` շեկլիկ, վերադարձիր տուն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս պատգամավոր էր, երբ Գերագույն խորհրդի նստաշրջանում ելույթ ունենալիս ձեռքը խփում էր ամբիոնին` ասելով` ես ձեզ հավատացնում եմ, որ ռուսները վաղ թե ուշ հեռանալու են Անդրկովկասից, ինչը ժողովուրդն անորոշ հայացքով էր ընդունում։ Սատանան (նկատի ունեմ սատանայի վերածված ամբոխը) դուրս էր կանչվել դժոխքից, և նրան արդեն դժվար էր կառավարել:
Այսօր Երևանում կատարված դեպքերը աշխարհում (սկզբում ռուսները բոլորովին այլ ձևով էին ներկայացնում) ներկայացնում են որպես սոցիալական հենքի վրա առաջացած ժողովրդական պոռթկում: Կողքից նայող ցանկացած ոք այն այդպես էլ ընդունում է: Մի բան է բուն պրոցեսը, և բոլորովին այլ բան են նրա ենթաշերտերում թաքնված խութերը: Եթե Բաղրամյանում բորբոքվեն հակառուսական կրքեր (թեպետ դրա համար բոլոր հիմքերն առկա են: Հենց միայն Պերմյակովի արարքը բավական է, որ ժողովուրդը հիշի իր ազգային արժանապատվությունը վայրագորեն ճնշած դեպքը: Կարևոր չէ, թե որ ուժի կողմից)` այնքան էլ տարօրինակ չի հնչի:
Թույնը մարդու մեջ կուտակվում է տարբեր առիթներով և չի վերանում երբեք, անգամ դարերն անկարող են մաքրելու այդ թույնը: Լեհերը երբեք չեն մոռանում իրենց հանդեպ արած ռուսների վատությունները, հայերս երբեք չենք մոռանա եղեռնը, դա ազգերի հաշվով, իսկ անհատի մեջ անարդարացի վիրավորանքը չի մոռացվում երբեք: 2004, 2008 թվականների դեպքեր, Պերմյակով և էլի դաժանորեն ճնշված արդարացի պոռթկումները ժողովրդի մեջ թողել են թույնի իրենց չափաբաժինը և հանկարծ էլեկտրաէներգիայի թանկացում, այլապես համակարգը կփլուզվի, ինչպիսի՜ ծաղր, Ազգային ժողովում այդ հարցի անիմաստ քննարկում, ՀԷՑ-ի կառավարչի Ազգային ժողով, ինչպես նաև Նազարյանի հանձնաժողով չներկայանալը, նրա ամբարտավան կեցվածքը նոր բացասական լիցք հաղորդեցին ժողովրդական զանգվածներին: Բիբինը ո՞վ է: Չի հարցնում ժողովուրդը: Ես էլ չեմ հարցնում, թե ով է նա (կենսագրություն, ունեցվածք, կրթություն, սոցիալական վիճակ և այլն), միայն հիշում եմ Սենկևիչի հայտնի հերոսի հայտնի խոսքերը. «Ահա 100 տարի է` Մոսկվան մեզ մոտ միայն գողեր և սրիկաներ է ուղարկում»: Չգիտեմ` ինչպիսին են եղել Սենկևիչի Ժամանակ լեհ պաները, բայց կասեմ, որ Մոսկվայից եկած գողն ու սրիկան անզոր են, եթե նրանց չօգնեն տեղական ավազակները: Էնպես որ, Բիբինը տեղական ավազակների հետ մերված, Մոսկվայից եկած գող է: Եվ ինտերնացիոնալ կրիմինալ խումբը ոչ ազգային և ոչ էլ ինտերնացիոնալ շահի մասին է մտածում:
Ես չգիտեմ, ով հրաման տվեց վայրենի ձևով զսպաշապիկ հագցնել ժողովրդական արդարացի պոռթկմանը, միայն գիտեմ, որ զսպաշապիկ հագցնելը երբեք հարցի արդարացի լուծում չէ: Աճող պոռթկումը միշտ չէ, որ կարող ես ճնշել, և այդ պոռթկումից էլ կարող է օգտվել այն ուժը, որը վարպետորեն մայդան է կազմակերպում:
Խոր հարգանք տածելով ՀՀ նախագահի հանդեպ, անկարող եմ ողջունել` ասելով թե՝ ՏՊՏոՐÿþ:
Միջազգային աուդիտը ոչինչ չի տալու: Աուդիտ անցկացնողը չի կարող տալ հարցի պատասխանը, որովհետև թանկարժեք մեքենաներ, տներ վարձել, բարձր աշխատավարձ և այլն դրանք հարցի մի կողմն են, ինչպես նաև աուդիտը չի կարող պատասխանել, որ այն 10 % -ը, որին բաժին է ընկնում ազգային եկամտի առյուծի բաժինը, որքան էներգիա Է ծախսում առանց վճարման: Ես մի պաշտոնյայի գիտեմ ¥իսկ ինչու միայն մեկ¤, որ 1992 թվականից առայսօր եռաֆազ հոսանք է օգտագործում (չունի գազ) բնակարանում, իսկ թե որքա՞ն է վճարում... չար լեզուները ասում են` համարյա ոչինչ:
Աուդիտը ավելորդ ժամանակի և պետական միջոցների անիմաստ վատնում է:
Խորհուրդ կտայի նախագահին` պահանջել ժողովրդի վզին նստած այդ 10 % կրիմինալի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները տպագրել թերթերում, ըստ վճարման օրերի և ամսաթվերի, և այդ ժամանակ պարզ կլինի, թե ով է գողը, որ գողանում է ժողովրդից:
Մի ժամանակ (ԽՍՀՄ-ի օրոք) գողն արդարանում էր, թե պետությունից եմ գողանում, քո ի՞նչ գործն է, այսօր պարզվում է, որ թե՛ պետությունից, թե՛ մասնավորից, միևնույն է, բոլոր դեպքերում տուժողը ժողովուրդն է: Եթե ցեմենտը կարող են գողանալ ցիստեռնով (պարզ է` գողանալն այստեղ այլ իմաստ ունի), ցիստեռնով հանել և ծախել, բա էլ ուր մնաց մասնավորի հասկացությունը: Եթե աուդիտով փորձում են սառեցնել շիկացած մթնոլորտը, դա բոլորովին այլ հարց է, բայց ոչ հարցի լուծում:
Ահա թե ինչու չեմ գնում Բաղրամյան, որովհետև վախենում եմ, որ այնտեղ կավելանա մարդկանց թիվը, և այդ թվի ավելացումը կարող է բերել երևանյան մայդանը, որից ես վախենում եմ, անգամ եթե անշապիկ մնամ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ