Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Րաֆֆու մարգարեությունը և ԱԺ-ի շողոքորթ հորթերը

Րաֆֆու մարգարեությունը և ԱԺ-ի շողոքորթ հորթերը
20.03.2015 | 01:00

Չէ՛, անհարմար չէ հարմար ապրելը,
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում։
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում։
«Սթափ կարոտ», Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

ՀԱՅՈՑ ՄԵՍԻԱՆ

(նավակայան Վանա ծովում)

«...Ինչ խոսքս երկարացնեմ` Դուք Մեսիա բանաստեղծներից եք...»։ Սա դրվագ է Ռափայել Պատկանյանի նամակից` ուղղված Րաֆֆուն։ Րաֆֆին հաջորդեց լուսավորիչ Աբովյանին, նախորդելով ասուպային Թումանյանին։ 2015-ին լրանում է նրա 180-ամյակը։ «Մեսիա բանաստեղծը» 30 տարով նախորդեց Զորավարին, 80 տարով Մեծ եղեռնին։ Թումանյանը նրան անվանեց «անհանգիստ հոգի»։

Վերջին անգամ Րաֆֆի եմ կարդացել 20 տարի առաջ, 1995-ի հունվարին, խոզաճարպից պատրաստված մոմի լույսի տակ, Թուրքիայից ՀՀ ներկրված կահույքի մնացորդներով լիցքավորված վառարանիս կողքին։ Կարդում էի ու հիանում. նա այդ օրերին ավելի արդիական էր, քան երբ լույս էր ընծայում իր դարակազմիկ գործերը։ Ես մոմի լույսի տակ կարդում ու հիանում էի, պատուհանիցս դուրս էլ կապիտալիզմն էր կայանում, ազգիս ղոչերը երկրիս սնվելիքն ու ուտելիքն էին ապահովում, հայրենանվեր մի նախաձեռնություն, ինչի արդյունքում էլ շուտով հրապարակ իջան առաջին ծիծեռնակ-օլիգարխները։ Կեցցե՛ Տեր-Պետրոսյան ընդ Բագրատյան ծածկագիրը, պետությունը չի՛ք, զի այն օտար և անգո մի մարմին էր, այնինչ ազգիս քաջակորով որձերը կենդանի և շոշափելի մարմին էին։ Եվ նրանք փոխարինեցին պետությանը` երեկ, հայրենիքին` այսօր։ Պետությունը խորհրդային մի անհույս «պառվաբոզ» էր, այնինչ ազգային որձերը ապավեն-փերիներ էին, մենք ապավինեցինք նրանց, և Երկիր Նաիրին ահա մասնատված է մի հարյուր սերուցքային ընտանիքների միջև։

Ե՞րբ կհանդարտվի Րաֆֆու հոգին, անկասկած այն օրը, երբ կիրականանա «Խենթի» Վարդանի երազը։ «Մեր գյուղում ինչ գործարան տեսնելու լինեք, առանձին մարդու սեփականությունը չէ, գործարանները այստեղ պատկանում են գյուղական համայնքին, ամեն գյուղացի մասն ունի նրանց մեջ»։ Վարդանը այս երազը տեսել էր 1880-ին, այն պիտի իրականանար 200 տարի անց, ասել է թե` 2080-ին։ Մնաց ընդամենը 65 տարի։ Իսկ մինչ ա՞յդ...

Իսկ մինչ պաշտելի Սալմաստեցու մարգարեության իրականացումը երկիրը հանդիսավոր պատրաստվում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Կա՛ Անմոռուկը, հնչե՛լ է Հռչակագիրը, Սփյուռքը ալեկոծվում է, Հայաստանն էլ, մի քիչ շփոթված, այնուամենայնիվ, նվագակցում է նրան։ Բայց ինչպիսի՜ թափով է նվագակցում, ինչպիսի՜ խանդավառությամբ։

«ՖԱՐՍ-ՄԱԺՈՐ»-1

Հասկանալի է, որ Մեծ եղեռնի տարելիցի գլխավոր ամբիոնը Ծիծեռնակաբերդի հուշաբլուրն է։ Մինչև վերջերս այն պետք էր վերանվանել անտերության կամ թեկուզ մոռացության բլրահուշ, ամենուր աղբ էր ու փոշի, հարդարուն-հմայիչ էր միայն բլրի գագաթը, ուր թանգարանն է և հուշակոթողը, նաև երկրի նշանավոր հյուրերի կերտած հուշապուրակը։ Մի խոսքով, գագաթին հուշն էր թագավորում, լանջերին էլ` հիշոցը։ Այժմ պատկերը կտրուկ փոխվել է, հուշաբլուրը հարդարվում է, «Երևանջուր» ընկերությունը Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ այստեղ կառուցում է սանհանգույցներ և ցայտաղբյուրներ։ Գլխավոր սանհանգույցը տեղակայված է Աթենքի փողոցի և դեպի հուշակոթող տանող ճեմուղու խաչմերուկում, պատրաստված է վառ վարդագույն բետոնաքարից և աչքդ է շոյում հեռու հեռվից, զորօրինակ, դեռևս Կիևյան կամրջից։ Հրաշալի նախաձեռնություն, հուշաբլրի վրա տեղակայված սանհանգույցները էապես կթեթևացնեն մայրաքաղաքի արտաքնոցային ճգնաժամը, ապրիլի 24-ից հետո հուշաբլուրը նոր բովանդակություն կստանա, Երևանն այսուհետ յուր կենսաբանական կարիքները կհոգա հենց այստեղ։ Ահա թե ինչպես կարելի է համակցել աշխարհիկն ու հոգևորը։ Կեցցե՛ք երիցս։

ԹՈՄԱՍ ԷՖԵՆԴՈՒ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ

(նավաբեկություն կուսակցական սրճի բաժակում)

Արծվիկ Մինասյանի արծվենի հայացքը խորասուզվում է խորքը դարերի, ապագայի տեսլականները տագնապել են նրա հեղափոխական ոգին և, խնդրեմ, ազգապետականափրկչական նախագիծը արդեն իրողություն է, 3-րդ հանրապետության 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները հավուր պատշաճի կենսաթոշակավորվել են, կահույքով ու գրասենյակով են զինվել, մի խոսքով, նրանք արդեն իսկ համազոր են Մատենադարանի գանձերին։ Այո՛, տիար Արծվիկը փայլուն ծանոթ է Վարդանի երազին և երազում է ՀՀ-ն տանել այն ուղիով, որը կիրականացնի այդ խենթ երազը. «Բայց մի բան, որ ավելի զարմացնում էր Վարդանին, այդ այն էր, որ բոլոր գյուղացի բանվորները, որտեղ և հանդիպում էին նրան, աչքի էին ընկնում իրենց համարձակությամբ, անձնավստահությամբ և այրական անվեհերությամբ։ Կարծես դրանք սնվել և մեծացել էին կատարյալ ազատության մեջ, կարծես դրանք երբեք չէին կերել թուրքի ապտակը, կամ քրդի նիզակը մի անգամ գոնե չէր վախեցրել նրանց»։ Բնականաբար, երազն այս պիտի իրականանա քայլ առ քայլ, ինչպես, օրինակ, զարգացավ երկրի օլիգոպոլիան, նախ մի խուժանսեղանիկ, հետո` կրպակ, ապա երկու «գյուլլա» թուրքի ճակտին և «Հանրապետություն» ապուխտից մի «ջիգյարով» կտոր։ «Իմ տեսակետը, թե նախագահներին պետք է նույն տարածքում բնակարաններ հատկացնել, ամենևին նպատակ չի հետապնդում որևէ մեկի արժանապատվությունը նսեմացնելու։ Ավելին, կա խոր հարգանք նախագահների անձերի նկատմամբ»։ Կեցցե՛ս, Արծվիկ, նախ նախագահներն են դրկիցվում, հետո ժողովուրդն է այս տեսարանից զմայլվում ու լքում է երկրի սահմանները` արար աշխարհի հետ իր զմայլանքը կիսելու հարկադրանքով (այլ ձևակերպմամբ` սրարշավ արտագաղթում է), վերջապես բարձրագույն օրհնությունն է թափառում ամենուր` Մռավից մինչև Կապուտան լեռ և Թարթառ գետից մինչև Գետառ։ Այո՜, սահմանադրական փոփոխություններն են բախել կուսակցական պատուհանները, բախել և կոչել են լինել կշռադատված, լինել առաքինի և համբերատար սպասել առատ վարձատրության։ Այսպես, Արծվիկի հովանի քաղմարմին Հո-Հի-Դա-ն ի շահ երկրի ահա 25 տարի ջախջախել է երեք նախագահների թե՛ քաղաքական ուղեգիծը, թե՛ տնտեսական բացթողումները և թե՛ ապագայի նկատմամբ հավատի կորուստը։ Սակայն «վասն հայրենյաց» Արծվիկն ու ընկերները խոր հարգանք ունեն նախագահների անձերի հանդեպ։ Սա ցնցող է, սա նաև ցնցուղ է, նախագահների գործն անիծել, սակայն նրանց անձը օրհնել։ ՈՒ մի՞թե այս ցնցուղն անուն չունի։ Այո, ինչպես միշտ, ճշմարիտ է ազնվասիրտ ընթերցողս, ցնցուղի անունն է «Շողոքորթ հորթ»։ Եվ այս հորթի անելիքն է` զվարթ տրտինգ տալ, հեզաճկուն պորտապար բռնել և գերագույն ուշիմությամբ հետևել Բաղրամյան-26-ից փչող մեղմիկ զեփյուռին, որոտացող կայծակներին և այլնին։ Այսինքն, ցնցուղից, ինչպես առատության եղջյուրից, բարձրագույն իշխանության վրա են թափվում շողոքորթության երկնագույն մարգարիտները։ Մի խոսքով, «ԼԼ»-ում մի առաջարկ է ասպարեզ իջել` 3 լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում անվանակոչել ՀՀ 3 նախագահների անուններով։ Մեկ բլուր էլ, մի՞թե պարզ չէ, ի պատիվ մեծն Արծվիկի։

Այսպիսով, խորհրդարանական երկրի խորհրդարանում լուծվելու են բոլոր կրակուպատիժ խնդիրները։ Եվ հայոց քաղաքական դաշտում տատասկի ու կանեփի փոխարեն մենք կհավաքենք վարունգ ու ոլոռ, նարինջ ու լոլիկ։ Սակայն այս դրախտին դեռ հասնել է պետք, ներկա քաղմարմինները Մասիսից առավել պաշտում են նախագահական նստավայրը, զի այնտեղ է կոփվում հայոց դրախտի բանալին։ Սակայն չէ՞ որ Րաֆֆին մարգարեացել է իր հակահերոսի նկարագրում տեսնելով անկախ Հայաստանի 1-ին քառորդ դարի քաղաքական-ընդհանրական գործչին։ Ահավասիկ մեկ դրվագ հակահերոս Թոմաս էֆենդու մենախոսությունից. «Մի՞թե դու չես հավատում հոգեփոխության վարդապետությանը։ Իմ թշվառ հոգին անցավ ամենաանմաքուր կենդանիների մարմնի միջից, մի քանի տասնյակ տարի գայլի մարմնի մեջ կեղեքում էի, հափշտակում էի, ապրում էի որսերով... Մի քանի տասնյակ տարի հաչում էի, քծնվում էի, պտույտ էի գալիս այն մարդիկների շուրջը, որոնք ինձ հաց էին տալիս... Մի քանի տասնյակ տարի օձի մարմնի մեջ ոլորվում էի, սողում էի գետնի վրա և պատահած ժամանակ խայթում էի... Մի քանի տասնյակ տարի էշի նման զռռում էի, ականջներս այնքան քաշեցին, որ գլխումս խելք չմնաց... Վերջապես իմ թշվառ հոգին մտավ առյուծի մարմնի մեջ, այստեղ բավական մաքրվեցավ»։ Տեսա՞ք, թե ինչ հուժկու հոգի է բնավորվել մեր կուսայրերի և կուստիկնանց մարմնում, ու մի՞թե կասկած կա, որ նրանք` Թոմաս էֆենդու հոգեզավակները պատվով դուրս կգան ներկա քաղաքական փորձությունից։ Եթե պետք է, զույգ ձեռքերով զարկ կտան սահմանադրական փոփոխությունների այս տարբերակին, արմատապես մերժելով այն մեկը։ Սակայն եթե նախագահը քիչ ոլորի ձախ հոնքը, ուրեմն երկրում քաղաքական երկրաշարժի վտանգ կա, շտապ անհրաժեշտ է այրել նախկին կուստոմսերը, դրանց փոշին կուլ տալ առանց ջրի և դիմում գրել` անդամակցելու ՀՀԿ-ին։ Անբա՜խտ ՀՀԿ, դեռ որքա՜ն փորձություններ են քեզ սպասում։

«ՖԱՐՍ-ՄԱԺՈՐ»-2

Ակնհայտ է, որ ներկա Հայաստանում բարեկեցիկ ապրելու երեք ճանապարհ կա։ Կամ դու մտավորական-քծնասպետ ես, կամ Թոմաս էֆենդու հոգեզավակն ես կամ, ի վերջո, դու պարզապես անառակ ես։

ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

(նավակայանում տեղակայվել է Էֆենդու ցայտաղբյուրը)

Էհ, Սարուխան Հրաչյա, պոետ չքնաղատող, մենք կյանքից ենք փոքր-ինչ ամաչում, զի այդ կյանքը բնավ չենք ճանաչում։ Գուցե մտածում եմ, անդամագրվեմ որևէ կուսակցության և բարվոքեմ կյանքս ու կենցաղս։ Առայժմ քաղհնազանդության նախապատրաստական փուլում եմ, առավոտյան քծնաժպիտ հարդարում եմ տիկնոջս խոպոպները, կեսօրին ելնում եմ պատշգամբ ու թքում եմ քամուն հակառակ։ Քնից առաջ էլ աղոթում եմ իշխանավորների արևշատության համար։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ