38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքական ներքնակի նեխահոտը (Մռազ վիշապաորդի դրախտը)

Քաղաքական ներքնակի նեխահոտը (Մռազ վիշապաորդի դրախտը)
13.03.2015 | 01:59

Ձեզանից մեկը պիտի զարմանա,
Ձեզանից մեկը պիտի զարմացնի։
Ձեզանից մեկը պիտի կասկածի,
Ձեզանից մեկը պիտի հավատա։
Ձեզանից մեկը պիտի փող փչի,
Ձեզանից մեկը պիտի համրանա...
«Թվելյաց երգ», Արտաշես ԱՐԱՄ

ՄՈՒԽԻԿԱՆ ԵՎ ՆՐԱ «ՆԵՐՔՆԱԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

(նավակայանում իշուկն է նավապետը)

«Ես որոշ գարուններ եմ տեսել, որոնք ավարտվել են սարսափելի ձմեռներով»։

ՈՒրուգվայի նախագահ

Խոսե Պեպե Մուխիկա

(Խոսե Պեպեն աշխատավարձի 90 %-ը զոհաբերում էր հանրության կարիքների համար։ Նա պարտիզանական շարժման ակտիվ մասնակից էր և զինվորական կալանավայրերում տառապել-չի ընկճվել 14 տարի)։

«Ես ամենաաղքատ նախագահը չեմ։ Աղքատը նա է, ով շատ բանի կարիք ունի ապրելու համար։

Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է։ Ես իմ պատմության որդին եմ։ Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալու»։

Խոսե Պեպեն արժանացել է Պարագվայի և Պերուի բարձրագույն շքանշաններին։ ՈՒրիշ ոչինչ։

Նախորդ դարասկզբին, երբ ցեղի ոչնչացման օրհասի առջև էինք կանգնել, հրապարակ իջան երևելի այրեր, որոնք իրենց մտքի թափով և գործով հուժկու և՛ Գանդի էին, և՛ Քենեդի ու Մոսադեղ։ Ազգային էթնոիմաստասիրության ռահվիրա Նժդեհ Գարեգին, Հայոց և ՀՅԴ մեծն նավավար Արամ, երդվյալ բոլշևիկյան հածանավ Շահումյան Ստեփան, Հայաստանի ղեկապետ-հսկա Մյասնիկյան Ալեքսանդր։ Նրանց միաձուլում էր հայկազյան-պետականաշինության արյունը։ Մեկ դար անց երկրում ամայություն է, քաղաքական հացկատակների շքերթ է և հանրային փերեզակների շուրջպար։

«ՖԱՐՍ»-ՄԱԺՈՐ-1

(Օ՜ֆ, սպանեցիր- պատուհանս է կտցահարում գաղափարական երկվորյակս, դեռ Աբովյանի անդարձ հեռացումը տեսած ագռավ Սուսամբարը։ Նա վերջերս վստահեցրեց, որ մեր պետայրերն ու այրուհիք բնավ մեղավոր չեն, մեղավորը մի վիշապաորդ է, որը Անկախության հռչակագրի ընթերցման կեսին բնավորվեց նրանց կույր աղիքներում և թելադրում է վերջիններիս վարքը։ Որդահրեշի անունը Մռազ է, որը արյունարբու մի գազան է, ժամը մեկ պահանջում է թանկարժեք սնունդ, որից չհագենալով` պարտադրում է աղիքատիրոջը կողոպտել երկիրն ու մերկացնել ժողովրդին։ ՈՒ քանի դեռ նա հրապարակավ կախաղան չի բարձրացվել, երկիրը երկիր չի դառնա)։

Պեպեն պայքարում էր ՈՒրուգվայի իշխանակույտի դեմ։ Պարույրն ու այլք խորհրդային բռնապետությանն էին հակընդդեմ։ Պեպե Մուխիկան ապրում է համեստ մի տնակում, հայոց այլախոհ-տաժանակիրները` էլիտար առանձնատներում։ Խոսե Պեպեն ոչ մի բանի կարիք չունի և ունի սեփական ներքնակ։ Նա հենց կարիքավորներին է համարում աղքատներ։ Եվ քանի որ մեր իշխանիկները չեն բավարարվում ոչ մի կերպ, առաջարկում եմ նրանց համարել ծայրահեղ աղքատներ և կառավարության հատուկ որոշմամբ սահմանել ամսական պարենային նպաստ։ Այսպես, 13 կգ ամերիկյան կաթի փոշի, արտադրված 2-րդ աշխարհամարտի տարիներին, 12 կգ գոմեշի միս, որից խորշում են անգամ Հնդկաչինի սովյալները և բոլոր հայտնի-գործող կուսակցությունների նախընտրական բյուլետենները։ Նաև մեկական ծղոտե ներքնակ։

ԴԻԱԿԱՊՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

(նավաբեկություն աերացիայում)

Խոսե Պեպեն երկիրը դարձրեց էլեկտրաէներգիա արտահանող, նվազեցրեց պետական պարտքը և աղքատության մակարդակը։ Արամ Մանուկյանը իր բուժման համար խնայեց պետական 1 ոսկին և կիսաքաղց վախճանվեց անհեթեթ հիվանդությունից։ Գուցե (մտորում եմ) մեր իշխանական վերին դասին իսկապես հայտարարել օրենքից դուրս, սա վավերացնել սահմանադրությամբ և նրանց ժառանգական իրավունքով հանձնել ՀՀ մարզերից մեկը, ասենք, Սյունիքը։ Ըստ իս, վատ միտք չէ։ Եթե, դիցուք, Սյունիքի մարզում իրար գլխի հավաքվեն երկրիս բոլոր երկրակեր օլիգարխները, քաղաքական երդվյալ դուրսպրծուկներն ու չինովնիկական ժանտախտը, ապա վստահաբար կփրկվենք։ Պատկերացնենք, որ Սյունիքում գլուխ գլխի հավաքվել են հանրապետության բանկերը, շոգեբաղնիքները, խաղատները, սուպեր-հիպեր մարկետները և բարեգործական ճաշարանները։ Այստեղ են նաև քաղաքաքրեական մարմինները, աղանդավորական որջերն ու ԼԳՏԲ-ական ծառուղիները, բրազիլական սերիալները, հիգիենիկ պարագաների գովազդը և, իհարկե, Կարաբալայի արձանը։ Թող վերնակույտն օրն ի բուն թրև գա մարկետներում, հոգնածությունը թող որ թոթափի շոգեբաղնիքներում, թող որ անդամագրվի որևէ աղանդի և սեռահարումների ենթարկվի ԼԳՏԲ-ականների կողմից։ Ի վերջո, թող որ նրանք, հանուն ժողովրդավարության, շաբաթը մեկ օգտվեն բարեգործական ճաշարաններից։ Բնականաբար, Երևանը և երկրի մյուս 10 մարզերը կթոթափեն ճորտատիրական այս լուծը և վարդացոլք սոցիալիզմ կկառուցեն։

«ՖԱՐՍ»-ՄԱԺՈՐ-2

Պարզվել է վաղուց, որ Հայաստանը ԽՍՀՄ կազմում ուներ ամուսնացած կնոջ կարգավիճակ, այսինքն` ուներ տանիք գլխի վերևում, ժիր և ուսումնատենչ զավակներ, ուներ աշխատասեր ամուսին և լվացքի արտասահմանյան մեքենա։ ԽՍՀՄ-ի փլուզմամբ նա ամուսնալուծվածի կարգավիճակում է։ Եվ քանի որ տեսքով կին է Հայաստանը, զվարճախոս է և աշխատասեր, ով ասես չխցկվեց նրա մահիճը։ Խցկվեց, լլկեց և ներքնակի տակ պահված հոգեպահուստ դրամագլուխը կորզելով անհետ կորավ։

Բյուջեն քրոնիկական ճողվածք ունի և արյան ճնշման տատանումներ։ Բյուջեի միջոցները անվերապահորեն անբավարար են թեկուզ թոշակառու ամուսինների կենսագոյացման նվազագույնը ապահովելու։ Հետևաբար, վերջիններս պիտի հանդա՜րտ սովամահ լինեն։ Բայց միանգամայն բավարար են վերնակույտի շարժակազմերը համալրելու Բրունեյի սուլթանի ճաշակի մեքենաներով։ Սա համարվում է պետության առաջընթացի և զարգացման ցուցանիշ։ Բյուջեի միջոցները խիստ անբավարար են զարկ տալու ազգային մշակույթի համակարգված զարգացմանը։ Մեր մշակույթը բազմաբովանդակ և հարուստ է, բարձր հովանիները` հատուկենտ։ Մնում է մեկ բան` ենթարկվել մշակութային մաշկահանման։

Բայց և այնպես ահռելի գումարներ են մսխվում գործուղում-շրջագայությունների վրա։ Մարդը (կինը ևս), դիցուք, պետական բարձր պաշտոնյա է։ Բնականաբար, նա միլիոնատեր է, ինչը վկայագրվում է պաշտոնապես և կիսապաշտոնական քմծիծաղով ներկայացվում է հանրությանը։ Եվ, խնդրեմ, նշյալ անձը շքախմբով հանդերձ ճանապարհ է բռնում դեպի Մոսկով և Փարիզ, դեպի Մոնտեվիդեո և Պեկին։ Նրա այցի օգտակար գործողության գործակիցը երկրի համար, չէ, ոչ թե զրոյական է, խայտառակ ձևով բացասական է։ Հանրահայտ է, գործուղումները շատերի համար հետապնդում են երեք նպատակ.

ա) Անձը Պեկինում խորապես ինքնահաստատվում է, չէ՞ որ նա իր տեսակով սլաքավար է, բայց հայտնվել է կայարանապետերի միջավայրում։

բ) Անձը նյութից դյութված է, զի յուր ողջ տոհմի մեկ տարվա վաստակի չափ պետական միջոցները «խարջում է» երկու ժամում։

գ) Անձը հասարակաց տանը, հավանաբար զուտ մարդասիրական նպատակներով, մեկ կուրտիզանուհուն պարգևավճար է տալիս իր ողջ գործուղման ծախսը։

Մի խոսքով, Մռազ-վիշապաորդը հատկապես կատաղում է, երբ պետական, հանրային, ազգային, մշակութային ունեցվածք կամ դրամագլուխ է տեսնում, անմիջապես այն մարսում է, անգամ չկերած։ Մի խոսքով, երկրի պետական բյուջեն վերնակույտի թուջե շերեփն է։

Կես դար առաջ ամերիկյան քաղաքական մտքի տիրակալները զարմանալի գնահատական տվեցին սանահինցի հյուսնի որդուն. «Նա այնպիսի քաղաքագետ է, որ կարող է անգամ սառնարան վաճառել էսկիմոսներին»։ Ներկա իշխանակույտի քանի՜-քանի անդամներն են հայոց ավանդապաշտ գյուղերից, վստահաբար շատերը։ Միկոյանը կերտեց ԽՍՀՄ տնտեսությունը և խաղաղության աղավնի հանդիսացավ Քենեդի-Խրուշչով-Կաստրո-Չե Գևարա բազմաքայլ խաղերում։ Բայց ինչու են ներկա օրերի գյուղածին հայորդիները Երևան հասնելով և վերնակույտում տեղակայվելով տնապահ գամփռից փոխարկվում վայրագ բորենու (այլ հարց է, որ բորենին ցանկացած հարմար պահի կարող է դառնալ փափկամազ մի փիսո)։ Սրանք էսկիմոսներին սառնարան վաճառելու հմտություն, իհարկե, չունեն, սակայն մեծագործ են այլ ոլորտներում, կարող են էլիտար ցորենի փոխարեն կանեփի սերմ ներկրել, ունակ են քարից, հողից, օդից և ջրից փող քամելու, քամուն տալով մի ողջ երկրի լույսը, հույսը, ապավենն ու ապագան։

Մի քանի տարի առաջ խենթ մի ծրագիր հրապարակ իջավ` «Հաղթանակ» զբոսայգու լանջին կառուցել «Նոյան տապան» մշակութագործարարական համալիրը, որպես զբոսաշրջության լրջագույն գայթակղություն։ Նախագիծը տապալվեց, մտավորական-հայրենապաշտների լեգեոնը, գեղանկարիչ-անխոնջ ընդդիմադիր Շահումյան Հաղթանակի գլխավորությամբ, մագլցեց Արարատի գագաթն ու հողմացրիվ արեց նշյալ մտահղացումը, որպես ազգի-երկրի-պատմության և դարավանդի հանդեպ ազգացավ ոտնձգություն։ «Հաղթանակ ընդ քոմփնին» գերագույն հրճվանք էր զգում ՏԼ-ի ջրաղացը գաղտագողի ջրելուց։ Նախաձեռնությունը տապալվեց։ Դարավանդին Նոյան տապան զբոսաշրջային բրենդի փոխարեն կառուցվեց ՏԼ-ի (այսինքն` Սուրեն-Լիսկայի) առանձնատունը։ Կեցցե՛ք։

Մի խոսքով, ժամանակն է ոչ թե օլիգարխին քաղաքականությունից դուրս մղելով հրմշտելու դեպի եկեղեցաշինության և դուդուկի փառատոնի քավորության, այլ անարյուն ունեզրկելու նրանց, սկսած Ծառուկյանից, վերջացրած մնացած խաներով, փաշաներով, բեգերով և այլնով։ (Անկասկած, նրանց տնօրինմանը պիտի թողնել որոշ դրամագլուխ և հորդորել այսուհետ տրվել ազնիվ աշխատանքի։ Անձամբ մեծ հուզմունքով եմ սպասում այն օրվան, երբ տիար Լիմինդրովիչը կվերաբացի յուր թալիսման-հրաձգարանը և ինձ կհրավիրի կարմիր ժապավենը կտրելու)։ Ամեն։

ԳԱՐՈՒՆԸ ԵՐԿՈՒՆՔ Է, ԵՐԿՈՒՆՔՆ ԷԼ` ՄԻ ՂՈՉ ՏՂԵԿ

(կառամատույցում բարեկենդան է)

Արամ Արտաշես, պատվելի պոետ և սիրելի ընկեր, հավատա, յոթ սարի հետևում չէ այն օրը, երբ մենք պիտի փող փչենք, նրանք պիտի համրանան։ Մենք, այսինքն` հանրությունը։ Նրանք, այսինքն` վերնակույտը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Մռազ վիշապաորդը գիտական թեզ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Թեման` «ՀՀ-ում ահագնացող քրեական անպատժելիության և դատավորների շքեղ լիմուզինների դաշինքը որպես ժողովրդավարության բարձունք»։

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ