Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Բաբելո՞ն, թե՞ Էրեբունի

Բաբելո՞ն, թե՞ Էրեբունի
06.03.2015 | 12:16

Խորանարդ խորանարդի հետևից
շարեցինք ու բարձրացանք։
Աշտարակ՝ աշտարակի հետևից։
«Բաբելոն»,
Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ

(իսկ նավակայանում ժանգոտ կարկուտ է տեղում)

Կանցնի 100 տարի։ ՀՀ-ն ամերիկյան մանդատի նշած տարածքում կբարգավաճի օր օրի, զի երկրում քաղաքականությունը նույնքան ողորմելի գին կունենա, որքան աղանդավորությունը։ Եվ հայոց լուսամիտ տղեկներն ու աղջիկները շուշանաթուշ յուրաքանչյուր հունվարի 9-ին փշե և վարդե պսակներ կդնեն 3-րդ հանրապետության 1-ին նախագահի հուշա«պուլպուլակին»։ Ի դեպ, երբ ՀՀԿ-ն ուժգին դմբզահարեց «անառակ որդուն», ամերիկյան Business Insider բլոգը հրապարակեց Մերձավոր Արևելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի։

1919 թ.։ Տիար Վիլսոնը, մեծահարուստ Քրեյնը և աստվածաբան Քինգը քարագրում են մի քարտեզ և հեռակա կարգով վերացնում են Օսմանյան կայսրությունը։ (Աստված օգնական նրանց գործը շարունակողներին)։ Վրաստանն ու Ազերբայջանը այս քարտեզում չկան։ Հայաստանն ընդարձակվում է և, ներառելով Վանա լիճը, հանգրվանում է Սև ծովի հարավային ափին։ Հայաստանից հյուսիս Ռուսիան է, դեպի արևելք` Իրանը, դեպի արևմուտք Թուրքիան է, հարավում էլ «քինդեր-անակնկալ» Քրդստանը։ Ի դեպ, մենք, մեր «արյունարբու եղբայրներ» Քրդստանն ու Թուրքիայի մի հատվածը քարտեզում դառնում ենք «ամերիկյան մանդատային պետություններ»։ Տեր իմ ամենափրկիչ, 100 հազար քառակուսի կմ։ «Մանդատային Հայաստանում» որքան շաքարավազ, գազ, ալյուր և անմոռուկ կներկվեն յուրաքանչյուր ամիս։ Եվ քանի՜-քանի բարեգործական ճաշարաններ կբացվեն Ջավախքից մինչև Կարս և Վանից մինչև Սարդարապատ։

Մի խոսքով՝ տղեկներն ու աղջիկները վերոնշյալ հուշա«պուլպուլակի» առջև խոնարհ կանգնած կմտորեն, արդյոք ո՞վ էր Տեր-Պետրոսյանը Լևոն, որդին Հակոբի. Վասակ Սյունի՞, Յոզեֆ Ֆուշե՞, թե՞ օծյալ մի մոգ։ Զի նրան հաջողվեց ազգային զարթոնքը դարձնել հակազգային զարհուրանք, տնտեսությունն էլ վերափոխել օլիգարխի տնամերձի։ Այսպես, նա երկրաշինության հանգույցներում տեղակայեց հայ գործչի նոր տեսակին, որը սերտաճեց խաչագողերի և հացկատակների խաչասերումից։ Եվ հրապարակ իջավ 3-րդ հանրապետության խաչասերվածքը՝ քաղաքական գործիչը։ Մի խոսքով, նա հայոց նորանկախական սևահողը հերկեց 2 թիզ խորությամբ, և դեպի կապույտ երկնակամար սավառնեցին հակահայկական որոմները։ (Եվ տարիներ շարունակ հորդ անձրևները որդ ու մժեղով ողողեցին մեր արտն ու այգին, և արևը դաբաղում էր մեր գլուխն ու ոտքը, և ձյունն էր մոխրագույն)։

Նա (այսինքն՝ Լևոնը՝ որդին Հակոբի), այսուհանդերձ, այր է խոհեմ ու պատմագետ։ Եվ քաջ գիտե` մեղքերի նման բեռով իրեն ո՛չ դժոխքը կընդունի, ո՛չ էլ քավարանում տեղ կգտնի։ Եվ նա քայլ առ քայլ ոչնչացրեց-բարոյազրկեց յուր ծնած և սնած հիբրիդներին։ Կեցցե՛ս երիցս։ Եվ դա կատարվեց 2008-ին և 2015-ին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՕՂԱԿ

Կա՞ն գործիչներ հայոց տանջահարված հողում, որոնք կառաջնորդեն դաշինքները և կձևավորեն համապետական մի դաշնություն՝ վասն երկրի և ընդդեմ բոշայափաշայական ներկա դաշնության։ Հիշենք մի քանի անուն։ Շարակարգում եմ՝ Մանուչարյան Աշոտ, Խաչատրյան Վահագն, Կարապետյան Արամ, Արշակյանը Ազատ... Տեր իմ ողորմած, անգամ աջ ձեռքիս մատներից մեկը պարապ մնաց։ Նշանակում է, որ պիտի կայանա համապետական դաշնությունը հետևյալ կարգով. Ազատամարտի օլիգարխամերժ վետերանները, հատուկենտ խենթ մտավորականները և ապաքաղաքական ջահելությունը։ (Չեմ բացառում ՀՀԿ եզակի ազնվակերպ գործիչների մասնակցությունը մեր անվարան պետականաշինությանը, ահավասիկ, Արտակներ Դավթյան և Զաքարյան, նաև Վահրամ Մկրտչյան, ինչու ոչ, Գարեգին Նուշիկյան)։ Սակայն վերադառնանք մեր իրականությանը և պանծալի մի քանի փաստ հրապարակենք, որոնք հրապարակ իջան այն օրերին, երբ միս ու արյուն էր առնում եռյակը։

2013 թ.։ ՀՀ-ում մահացության ցուցանիշը գերազանցեց ծնելության թվանիշին։ (Նման սխրանք հայոց սրբազնական հողերում չի գործվել սկսած Արտաշես Աշխարհակալի ժամանակներից մինչև Անտոն Քոչինյանի օրերը)։

2014 թ.։ Համաշխարհային հաշվարկների համաձայն անառողջ սննդից օգտվող երկրների ցանկում ՀՀ-ն առաջին տեղում է։ (Սա միթե ներկա հակա՛-հակա՛-հակա՛-հայության զարթոնքի առհավատչյան չէ։ Հարկավ՝ այո՛)։

2015 թ.։ ՄԱԿ-ը հրապարակեց իշխանության համար անպատվաբեր թվեր։ Այսպես, արտագաղթող երկրների ցանկում մենք ընդամենը առաջին տասնյակում ենք։ Մեզ հետ հավասարը հավասարի պես մրցակցում են Մոլդովան՝ մեկ, Բոսնիան՝ երկու, Հերցեգովինան՝ երեք, Ալբանիան՝ չորս, մի երկու աֆրիկյան երկիր էլ՝ հինգ։

(Այս խնդրում, անկասկած, մեղավոր է ժողովուրդը։ Չէ՞ որ հայրենի իշխանություններն ու ընդդիմությունն անում են հնարավորը, որ արտագաղթը մեզ համար նույնքան սովորական մի բան լինի, որքան սեփական արտաքնոցին վաղ լուսաբացին հյուրընկալվելը։ Եվ եթե այսօր երեք հայից 1-ն է երդվյալ-արտագաղթյալ, մինչև տարեվերջ 5 հայից 3,5-ը կհանդիսանա արտագաղթի գավազանակիր)։

ՄԵՂԱՅԱԳԻՐ

(նավարկությունը կանգառ չունի)

Սույն մեղայագրով ի խորոց սրտի հայցում եմ հայոց տնտեսական-վարչաչինովնիկական և, անշուշտ, հանրային օլիգարխների ներողամտությունը (ներող եղեք, տիարք մեծանուն, և՛ Գագիկ, և՛ Լֆիկ, և՛ Շմայս, և՛ Բուռնաշ, և՛ Խոսրով, և՛ այլք այլազան...)։ Մեղքը բուն քաղաքական գործիչներինն է, զի նրանց քաղաքական սխրանքի արդյունքում երկրում գրանցվել է հետևյալը.

-Հանրային պետքարանների գերսուր պահանջարկի պայմաններում կառուցվեցին 2 բիոզուգարաններ, որոնք պիտի փակեին պետգանձարանի բոլոր ճեղքերն ու առաջ մղեին երկիրը։

-2,2 մլն բնակչության պարագայում կուսակցությունների անցկացրած մարդահամարի դեպքում գլուխ են բարձրացնում 2,7 մլն կուսանդամներ։

-Միևնույն եռանդով և նույն մարդկանց ձեռքերով են կառուցված եկեղեցիներն ու խաղատները։

-Երկու-երեք-չորս-տասնչորս կուսակցություն փոխելը վաղուց է համարվում քաղաքական հասունության և պետական նվիրվածության նշան։ Սակայն եթե չեմ սխալվում, այս երևույթը մի բավականին բուրումնավետ անուն էլ ունի` քաղաքական պոռնկություն։ Գուցե, ենթադրում եմ, շատերն իրենց անցած ճանապարհը ներկայացնեն սույն ձևաչափով.

«Ծնվել է, աշխատել է, սովորել է, ամուսնացել է, կողոպտել է, քաղաքական պոռնկությամբ զբաղվել է այսինչից մինչև այնինչ թվականները»։

Ի դեպ, բաց հայց եմ ներկայացնում ՍԴ-ին. քաղաքական պոռնկությունը համարել անդարձ պատվատիտղոս, ինչպես լինում է օլիմպիական չեմպիոնների պարագայում։ Լավ, բավ է, ձանձրացանք այս զառանցուն մտքերից, ավելի լավ է ունկնդրենք Չարենցին՝ Եղիշե, և տեսնենք, թե մեր երկրի ներկա օրերն ինչպես է տեսել նա, թվին 1937.

Որպես գորշ, դեղին տերևներ,-

Ցրում է հողմը, ցրում-

Անդադար, սերընդեսերունդ-

Նաիրյան երգի արևկեր,

Աներկիր հունդը անմահ,

Որ վաղո՜ւց, իր հողից հեռու՝

Ե՛վ դարեր առաջ, և՛ հիմա-

Քշվել է տաշեղի նման

Աշխարհի բոլոր բացերում...

Եվ կրկին որպես տերևներ,

Քշում է հողմը նրանց,

Որ չընկնեն, նրանք չամրանան

Հայրենի հողի վրա,-

Այլ իբրև դեղին տերևներ,

Թշնամու դաշտերում մեռնեն...

Թնդում է հոգիս, ինչպես նշանավոր քաղծնծղայի (կամ թմբուկի, նաղարայի և դափի) սիրտն է թպրտում Բաղրամյան-26-ի մատույցներում։ Պարզվում է, որ գործարարներն այլևս քաղաքականությամբ չեն զբաղվելու։ Լավ, եթե գործարարները վերադառնում են տնտեսական դաշտ, ապա, բնականաբար, այնտեղից պիտի քշվեն (ցախավելով և մի զույգ վարչապետական բամփերով) քաղգործիչները։ Սակայն ո՞ւր գնան նրանք։ Ճի՛շտ եք, դեպի 3-րդ հանրապետության պատմության թանգարան։ Որպես քաղաքական մեծագույն վիժեցման փորձանմուշներ։

Իսկ եթե մեր քաղգործիչներն անտեսեն առաջարկս, ինքս նրանց առաջարկում եմ յուրաքանչյուր օր, նախաճաշից առաջ, ճաշի ընթացքում և լոգարանում պարտադիր բերանացի բղավել պայծառ լոռեցու «Չարի վերջը» չքնաղ լեգենդի այս կանխարգելիչ հնգատողը.

Ինչքան էլ որ լինի զգույշ

Չարի համար թե՛ վաղ, թե՛ ուշ

Էդ է պահված, աղվե՛ս աղա...

Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜...

...Պատասխանեց ագռավն ու թռավ։ Իսկ հստակեցրե՞լ եք ձեր գերնպատակները, ժողովրդին բազմիցս փորձության տարած «անբասիր մեսսիր» Տեր-Պետրոսյան, «փոփքորնային վոժդ» Րաֆֆի և գըփ-գըփ-գըփ Ծառուկյան։ Մի խոսքով, հեռանկարում պետականակերտ գործիչների խիստ կարիք կլինի։ Նշեմ Մանուկյանին Վազգեն՝ հիշելով նրա 1992-93 թվականները։

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

(նավահանգստում վարդագույն է արևամուտը)

Խորանարդ խորանարդի հետևից կառուցեցինք այս մեղավոր հակաերկիրը։ Քանդելու ժամն է (Լևոնը կասեր՝ կազմաքանդելու)։ Ինչպե՞ս, շատ պարզ, հիմքից հեռացնում են օլիգարխիատի և քաղպոռնիկների խորանարդները։ Եվ կառուցում ենք մի նոր Էրեբունի ամրոց։ Թե չէ Բաբելոնի աշտարակաշինությունը սպառնում է արդեն յուրաքանչյուրիս տանն ու տնամերձին։ Այն բանից հետո, երբ բթամատից քթարմատ կոռուպցիայի մեջ թաթախված երկրում հանձնաժողով են կերտում և պատրաստվում են քերթելու կոռուպցիան։ Բնականաբար, 100 տարի անց տղեկները զվարճասեր և աղջիկները ծիծաղաշուրթ կփորձեն լուծել 3-րդ հանրապետության 1-ին, 2-րդ և 13-րդ վարչապետերի ռեբուսները։ Իհարկե, ջանգյուլում բռնելով վարչապետական ցայտաղբյուրների պաղպաջուն ջրերի շիթերի տակ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ